Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-932
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.18
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
11.01.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
11.01.2011
Дата вступления в силу
11.01.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 

11 հունվարի 2011 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զոհրաբյանի, Դ. Դանիելյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռոբերտ Սուքիասյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ռ. Սուքիասյանի` 14.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմի 2010 թվականի հուլիսի 1-ի ՍԴԴԿՈ/2 22 որոշմամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ քաղաքացի Ռ. Սուքիասյանի դիմումը քննության է ընդունվել մասնակի, և գործի քննության ընդունումը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասության մասով մերժվել է` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007թ. հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 10-ից: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից վերջինիս 107-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ուժը կորցրած է ճանաչվել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, վերաքննության կարգով, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: Մնացած դեպքերում դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2009թ. ապրիլի 6-ի վճռով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 17.06.2009թ.: Դատարանի` 17.06.2009թ. որոշմամբ նշանակվել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2009թ. օգոստոսի 6-ի որոշմամբ հաստատվել է պարտատերերի վերջնական ցուցակը: Այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների տեսչությունը, որը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2009թ. որոշումը մասնակի` նշված որոշմամբ հաստատված 530 պահանջներից 524-ի մասով, և «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, որը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2009թ. որոշումը` նշված որոշմամբ հաստատված մեկ պահանջի մասով:

Երկու վերաքննիչ բողոքների առկայության պայմաններում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2009թ. որոշումը չի վիճարկվել 5 պահանջների մասով և այդ մասով որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Սնանկության գործով կառավարիչը 02.10.2009թ. նշանակել է պարտատերերի առաջին ժողովը, որին իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցելու թույլտվություն չեն ստացել պարտատերեր Սարիբեկ, Ռոբերտ և Էդուարդ Սուքիասյանները, նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքի առկայության պայմաններում նրանց մասով առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել:

Սարիբեկ, Ռոբերտ և Էդուարդ Սուքիասյանները բողոք են ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ որոշմամբ համաձայնություն է տրվել սնանկության հատուկ հաշվում պարտապանի գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից գոյացած միջոցների նկատմամբ սնանկության գծով կառավարչին 4 տոկոս հավելյալ վարձատրություն սահմանելու մասին: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2009թ. թիվ ԿԴ 1/0001/04/09 որոշմամբ մերժվել է այդ բողոքը: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ երկու վերաքննիչ բողոքների արդյունքում «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2009թ. որոշումը չի վիճարկվել միայն 5 պահանջների մասով, և նշված որոշումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով 5 պահանջների մասով մտել է օրինական ուժի մեջ, իսկ մնացած 524 պահանջների մասով, որոնք ներառում են նաև Սարիբեկ, Ռոբերտ և Էդուարդ Սուքիասյանների պահանջները, որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ նշված որոշումը 524 պահանջների մասով վիճարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Հետևաբար` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի ուժով սնանկության գործով կառավարիչը պարտատերերի առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցել է 5 պարտատերերին և պարտապանին:

Սարիբեկ, Ռոբերտ և Էդուարդ Սուքիասյանները ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2009թ. թիվ ԿԴ 1/0001/04/09 որոշման դեմ բերել են վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2009թ. թիվ ԿԴ 1/0001/04/09 որոշմամբ վերադարձվել է: Դատարանը, հղում կատարելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին, գտել է, որ օրենսդիրը սնանկության գործով կայացված որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն է նախատեսել միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում, իսկ սնանկության գործով պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն չի նախատեսել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 17.02.2010թ. թիվ ԿԴ1/0001/04/09 որոշմամբ վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, վերադարձրել է նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ «...հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա»: Միաժամանակ վճռաբեկ դատարանը գտել է, որ «...վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձանց հիմնավորումը հերքվում է վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով»:

 

3. Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին` այնքանով, որքանով առանց արդար դատաքննություն ապահովելու վեճն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկում չի նախատեսում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ պարտատերերի ժողովի որոշումների բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտը հանդիսանում է վեճն ըստ էության լուծող դատական ակտ, որը, ըստ դիմողի, պետք է ենթակա լինի վերաքննության կարգով բողոքարկման: Այլապես, ըստ դիմողի, սահմանափակվում է դատարանի մատչելիության իրավունքը, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Դիմողը գտնում է, որ, մի կողմից, օրենսդիրը սահմանել է կառավարչի գործողությունների և ժողովի որոշումների բողոքարկման հնարավորություն, մյուս կողմից` չարդարացված տրամաբանությամբ սահմանափակել է սնանկության գործով դատարանի կողմից վեճի առարկա հարցի առթիվ կայացված որոշումների բողոքարկումը և դրանց նկատմամբ վերադաս դատարանի վերահսկողությունը:

Վկայակոչելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերը, դիմողը շեշտում է, որ դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող արդարացվել միայն այն պատճառաբանությամբ, որ այն կատարվում է օրենքի հիման վրա:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը դիմողը փաստարկում է նաև նրանով, որ «...մեկ ատյանի կարգով պարտատերերը (այդ թվում` Դիմողը) հնարավորություն չեն ունեցել նույնիսկ մասնակցելու դատական նիստին և ներկայացնելու իրենց փաստարկները, առարկելու հակառակորդ կողմի փաստարկների դեմ, այլ կերպ ասած չի ապահովված արդարացի լսումների իրավունքը...»:

Դիմողը նույնպես ընդունում է, որ «...սնանկության գործերով ոչ բոլոր դատական ակտերն են ենթակա բողոքարկման վերադասության կարգով»: Սակայն գտնում է, որ դա չի վերաբերում սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանների տվյալ կոնկրետ ժողովի հրավիրման հետ կապված վեճին:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը մեջբերում է որոշ օտարերկրյա պետությունների` սնանկության վերաբերյալ իրավական ակտերի համապատասխան դրույթները և նշում, որ սնանկության վարույթի ընթացքում ընդունվող որոշումների բողոքարկման այդպիսի համակարգի առկայությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև օտարերկրյա մի շարք պետությունների սնանկության ընթացակարգերին:

Հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006թ. և 14.04.2008թ. որոշումներին` պատասխանողը գտնում է, որ պարտատերերի ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը չի հանդիսանում վեճն ըստ էության լուծող դատական ակտ:

Հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007թ. ՍԴՈ-719, 28.09.2010թ. ՍԴՈ-918, 02.11.2010թ. ՍԴՈ-922 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին` պատասխանողը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործընթացը շարունակվում է «դատական խիստ հսկողության ներքո», գտնում է, որ այդ ընթացքում բացառվում է դատարանի կայացրած բոլոր որոշումների անմիջական բողոքարկումը, սակայն հնարավորություն է ընձեռվում դրանք բողոքարկել գործն ըստ էության լուծող դատական ակտերի շրջանակներում: Ըստ պատասխանողի` սնանկության վարույթի ընթացքում կայացված բոլոր ակտերի եռատյան բողոքարկման հնարավորության նախատեսումը կկազմալուծի սնանկության վարույթի ողջ ընթացքը, այն կդադարի լինել պարտապանի, առավել ևս` պարտատերերի իրավունքների իրավական պաշտպանության մեխանիզմ` դրանով իսկ վերջիններիս զրկելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման հնարավորությունից:

 

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը պայմանավորում է սնանկության գործով կայացվող դատական ակտերի բնույթի և տեսակների վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում առկա մեկնաբանությամբ, ինչպես նաև սնանկության գործով կայացվող դատական ակտերի բողոքարկման կարգով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, ինչպես նաև կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը: Միաժամանակ, սույն գործի քննության շրջանակներում կարևորվում է նաև այն հարցի պարզաբանումը, թե որ իրավական ակտով կամ ակտերով սահմանված կանոններն են ենթակա կիրառման սնանկության գործերով դատավարական կարգի նկատմամբ:

 

6. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործերի քննության կարգը» վերտառությամբ 1-ին հոդվածը սահմանում է.

«1. Սնանկության գործերի քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ի մասի երկրորդ պարբերության համաձայն. «Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

 

7. Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանմանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով, և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում, կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանքներին: Այլ կերպ` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը, որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում:

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում, մասնավորապես.

ա/ այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը նախատեսել է ոչ միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճռի կայացում, այլ նաև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացում (մասնավորապես` օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ, 59-րդ հոդվածի 1-ին մաս, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետ, 74-րդ հոդվածի 7-րդ մաս, 87-րդ հոդվածի 5-րդ մաս, 90-րդ հոդվածի 5-րդ մաս, 105-րդ հոդվածի 1-ին մաս): Ընդ որում, օրենսդիրը նախատեսել է սնանկության գործն ավարտելու տարբեր հիմքեր և, հետևաբար, սնանկության գործն ավարտելու մասին` իրենց բնույթով տարբեր վճիռներ: Մասնավորապես` ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ (օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս, 97-րդ հոդվածի 1-ին պարբերություն), ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճիռ (օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետ), լուծարման վարույթը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճիռ (օրենքի 74-րդ հոդվածի 7-րդ մաս), պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճիռ (օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մաս): Այսինքն` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարմամբ ավարտվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթը, այլ ոչ թե ողջ սնանկության գործը,

բ/ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Պարտապանին սնանկ ճանաչելու և դիմումը մերժելու հետևանքները» վերտառությամբ 19-րդ հոդվածով, որպես պարտապանին սնանկ ճանաչելու հետևանք, մասնավորապես, նախատեսվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը նշանակում է սնանկության գործով կառավարիչ, նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը, արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, կարճում է նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը, կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Այս իրողությունը հաշվի առնելով` օրենսդիրը չի բացառում, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են ծագել քաղաքացիաիրավական վեճեր` կապված սնանկության գործով կառավարչի գործողությունների, պարտատերերի ժողովի որոշումների հետ, կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց լիազորությունների կասեցման իրավական հետևանքների հետ: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված վեճերի լուծման վերաբերյալ վարույթները կարող են հարուցվել մինչև սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի կայացումը` օրենսդիրը նշված վարույթները դիտարկել է որպես միևնույն սնանկության գործում ներառվող առանձին վարույթներ, այլ ոչ թե առանձին գործեր:

Ընդ որում, հաշվի առնելով վերը նշված` սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող առանձին վարույթների բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` օրենսդիրը նշված վարույթներից առանձնացրել է երկուսը, և միայն այդ վարույթներով կայացված դատական ակտերն է դիտարկել որպես վեճն ըստ էության լուծող դատական ակտեր: Խոսքը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթին, որի ընթացքում դատարանը կայացնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ (օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետ), և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում այն դիրքորոշումը, համաձայն որի` ժողովի որոշումների բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտը հանդիսանում է վեճն ըստ էության լուծող դատական ակտ:

 

8. Ինչ վերաբերում է սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, ապա օրենսդիրը, դարձյալ ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն:

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմողի փաստարկներն առնչվում են ոչ միայն ժողովի որոշումների, այլ նաև սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված վարույթներով կայացված դատական ակտերը, համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` ենթակա չեն բողոքարկման, նշված դատական ակտերի վերջնական լինելու հանգամանքի գնահատման նպատակով սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում գնահատել, մասնավորապես, ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթի բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը:

Միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում: 2007թ. նոյեմբերի 28-ին «Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» կայացված ՍԴՈ-719 որոշման 4-րդ կետում դատարանը նշել է. «...օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, ...: Օրենսդրի կողմից առանձին դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացառումը բխում է դատավարությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, քանի որ դատարաններում քաղաքացիական դատավարության կարգով գործերի քննության համար օրենքը սահմանում է հստակ ժամկետներ: Փաստորեն, օրենսդիրը, յուրաքանչյուր կոնկրետ դատական ակտի կապակցությամբ, առաջնորդվելով արդարադատության շահերից բխող որոշակի նպատակներով և խնդիրներով, սահմանում է այս կամ այն դատական ակտի բողոքարկելիությունը»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման 4-րդ կետում ամրագրված` վերը նշված իրավական դիրքորոշումն ամբողջությամբ կիրառելի է սույն գործով վիճարկվող իրավանորմերի առնչությամբ:

 

9. Արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի տեսանկյունից հարկ է վեճի առարկա իրավունքների պաշտպանության երաշխիքները դիտարկել սնանկության վարույթին վերաբերող դատավարական այլ երաշխիքների համատեքստում, որոնք պետք է ուղղված լինեն սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը:

Այս առումով, սահմանադրական դատարանի 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման լույսի ներքո գնահատելով պարտատերերի ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթի բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` սահմանադրական դատարանը գտնում է, որ պարտատերերի ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման արդյունքում կայացվող որոշումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում սնանկության գործի քննության հնարավորությունը, չեն խոչընդոտում դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, հետևաբար, ապահովում են նաև սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությունը:

Ինքնանպատակ չէ այն, որ օրենսդիրը սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող մի շարք միջանկյալ դատական ակտեր, ի տարբերություն մյուսների, համարում է բողոքարկելի դատական ակտեր: Դրանք իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, այն է՝ դիմումի ընդունումը մերժելու (օրենքի 14-րդ հոդված), դիմումը վերադարձնելու (օրենքի 15-րդ հոդված), պարտապանի մոտ ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու (օրենքի 19-րդ հոդված), պահանջների վերջնական ցուցակը հաստատելու (օրենքի 20-րդ հոդված), պահանջի, պահանջի փոփոխության դեմ առարկությունները քննարկելու արդյունքում պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու (օրենքի 46-րդ հոդված), սնանկ ճանաչված անձի գույքն օտարելու թույլտվություն տալու (օրենքի 50-րդ հոդված), պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու մասին (օրենքի 85-րդ հոդված) որոշումները:

Այսպիսի իրավակարգավորման պարագայում սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավաչափ մոտեցում է ցուցաբերված օրենսդրի կողմից, երբ բողոքարկելի են համարվում սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միայն որոշակի խումբ միջանկյալ դատական ակտերը, քանի որ հակառակ մոտեցումը, երբ սկզբունքորեն բողոքարկելի կարող են դիտարկվել սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող առանց բացառության բոլոր միջանկյալ դատական ակտերը, այդ թվում` նաև ժողովի որոշումները և կառավարչի գործողությունները վիճարկելու վարույթով կայացված որոշումները, կարող է վտանգել դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետ իրականացումը` զերծ պահելով այն անհարկի ձգձգումներից:

Այն հանգամանքը, որ քաղաքացիական վեճերի լուծման ժամանակ, երբ առկա է նաև ժամանակի գործոնի ազդեցությունը, միջանկյալ ակտերով վերաքննություն չնախատեսելն ինքնին չի նշանակում, որ հնարավոր չէ ապահովել արդյունավետ դատավարություն միայն դատական մեկ ատյանում գործի քննության պայմաններում: Տվյալ կոնկրետ դեպքում կողմի իրավունքների դատական պաշտպանության խնդիրը կարող է վերաքննության առարկա դառնալ նաև սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

11 հունվարի 2011 թ.
ՍԴՈ-932

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան