Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (07.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
02.11.2018
Подписан
Պայմանավորվող կողմեր
Дата подписания
02.11.2018
Дата вступления в силу
07.10.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետությունը

և

Լիբանանի Հանրապետությունը,

այսուհետ` Կողմեր,

հիմք ընդունելով երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները,

հաստատելով իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը,

ղեկավարվելով 1997 թվականի հոկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներով,

ցանկանալով զարգացնել ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված ռազմական բնագավառում համագործակցությունը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռազմական բնագավառում համագործակցությունն իրականացվում է Կողմերի ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 2

ԿՈՂՄԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթների ուղղակի իրագործման համար Կողմերը նշանակում են Լիազորված մարմիններ`

Հայկական կողմի համար` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,

Լիբանանյան կողմի համար` Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴ

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ միմյանց տարածքներում կարող են հիմնել ռազմական կցորդի գրասենյակներ և ներկայացուցչություններ` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

1. Իրականացումը

1) Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերի Լիազորված մարմինները կարող են մշակել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը, ինչպես նաև գործողությունների իրականացման ձևերը:

2) Հաջորդ տարվա համար համագործակցության տարեկան ծրագրի մշակման անհրաժեշտության դեպքում այն պետք է համաձայնեցվի և ստորագրվի Կողմերի Լիազորված մարմինների կողմից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

3) Կողմերի Լիազորված մարմինների միջև հնարավոր խորհրդակցությունները կանցկացվեն հերթականության սկզբունքով, համապատասխանաբար՝ Երևանում և Բեյրութում՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար հնարավոր առանձին կարգավորումները, ինչպես նաև հնարավոր ռազմական համագործակցության ծրագրերը կազմելու և համաձայնեցնելու նպատակով:

2. Ոլորտները

Կողմերի միջև համագործակցությունը կարող է ներառել, բայց չի սահմանափակվի ներքոնշյալ ոլորտներով.

1) անվտանգություն և պաշտպանական քաղաքականություն,

2) ռազմական արդյունաբերություն,

3) ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ,

4) նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների ձեռքբերում և մատակարարում,

5) ռազմական կրթություն և վարժանք,

6) ռազմական բժշկություն և առողջապահություն,

7) ռազմաիրավական պատրաստություն,

8) խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,

9) զինված ուժերի կազմակերպում և կառավարում,

10) կազմզորահավաքային պատրաստություն,

11) ռազմական գործողությունների հետևանքով առաջացած շրջակա միջավայրի խնդիրներ և աղտոտում,

12) ռազմական պատմություն,

13) ռազմական սպորտ,

14) Կողմերի համաձայնությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

3. Ձևերը

Կողմերի միջև ռազմական համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ռազմական և քաղաքացիական հաստատություններ,

2) Կողմերի փորձագետների միջև փորձի փոխանակում,

3) Կողմերի Լիազորված մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ,

4) ռազմաուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում և վերապատրաստում,

5) դասախոսական և ուսուցանող անձնակազմի, ինչպես նաև ռազմական հաստատությունների ուսանողների փոխանակում,

6) Կողմերի Լիազորված մարմինների ընդհանուր համաձայնությամբ պաշտպանական նշանակության զինվորական և քաղաքացիական հաստատություններում առաջարկվող տեսական և գործնական ուսումնական դասընթացներին, կողմնորոշման փուլերին, սեմինարներին, խորհրդաժողովներին, կլոր սեղանի շուրջ քննարկումներին և գիտաժողովներին մասնակցություն,

7) մասնակցություն խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններին և զորավարժություններին,

8) այցելություններ ռազմական օդանավակայաններ և այլ կառույցներ,

9) մշակութային և մարզական միջոցառումների համատեղ իրականացում,

10) ռազմական նշանակության արտադրանքին և պաշտպանության հարցերին առնչվող ծառայությունների հետ կապված կոմերցիոն նախաձեռնություններին աջակցություն,

11) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ ռազմական ուղղություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Կողմերը փոխադարձության սկզբունքով հոգում են համագործակցության տարեկան պլանով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը:

2. Ուղարկող Կողմը հոգում է ճանապարհածախսը, աշխատավարձերը, առողջության և պատահարների ապահովագրությունը և իր անձնակազմի գործուղման հետ կապված ցանկացած այլ ծախս` իր ազգային օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված ծախսերի:

3. Ընդունող Կողմը հոգում է ուղարկող Կողմի պատվիրակության անդամների ներքին տրանսպորտային փոխադրումների, կեցության և սննդի հետ կապված ծախսերը:

4. Ընդունող Կողմը ուղարկող Կողմի անձնակազմին անվճար հիմունքներով կցուցաբերի անհետաձգելի բժշկական օգնություն իր ռազմաբժշկական հաստատություններում: Անհետաձգելի բժշկական օգնությունը ընդունող Կողմի ռազմաբժշկական հաստատություններից դուրս ցուցաբերվելու դեպքում նման ծախսերը կհատուցի ուղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 6

ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդունող Կողմի տարածքում ուղարկող Կողմի զինվորական և քաղաքացիական անձնակազմի կողմից իրավախախտում կատարվելու դեպքում ուղարկող Կողմի ռազմական իշխանություններն իրավունք ունեն ընդունող Կողմի տարածքում իրականացնելու քրեական, վարչական և կարգապահական իրավազորություն՝ ուղարկող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:

2. Կողմերը պայմանավորվում են բարեկամաբար դիտարկել սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված անձանց հանձնման կամ փոխանցման հնարավորությունը Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված առաքելության/վարժանքի ընթացքում ուղարկող Կողմի անձնակազմի անդամի կողմից ընդունող Կողմին հասցված ցանկացած վնաս կփոխհատուցվի ուղարկող Կողմի կողմից՝ փոխադարձ համաձայնության հիման վրա: Եթե ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հասցված վնասը անփութության կամ ուղղակի դիտավորության հետևանք չէ, պետք է դրա համար հատուցի ընդունող Կողմը:

2. Եթե սույն Համաձայնագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում կամ դրանց առնչությամբ առաջացած ցանկացած կորստի կամ վնասի համար Կողմերը կրում են համատեղ պատասխանատվություն, ապա նրանք փոխհատուցում են այդ վնասի կամ կորուստի համար փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 

1. Աջակցություն կոմերցիոն նախաձեռնություններին

Կողմերը, նպատակ հետապնդելով դյուրացնելու ռազմական նշանակության արտադրանքի և դրա հետ կապված գործողությունների ընթացակարգերի նկատմամբ հսկողությունը, համաձայնում են աջակցել նշված ոլորտին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոմերցիոն նախաձեռնություններին:

2. Համագործակցության ձևերը

1) Պաշտպանական արդյունաբերության և գնումների քաղաքականության ոլորտներում ռազմական նշանակության արտադրանքի և սարքավորումների հետազոտման և զարգացման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել հետևյալ ձևերով.

a) գիտական հետազոտություններ, փորձարկում և նախագծում,

b) տեխնիկական ոլորտում փորձի փոխանակում,

c) Կողմերի կողմից որոշված ոլորտներում համատեղ արտադրություն, արդիականացում և փոխադարձ տեխնիկական ծառայություններ,

d) ընդհանուր ծրագրերի շրջանակներում կամ Կողմերից մեկի պատվերի հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի և արտադրանքի գնումներ՝ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգավորող իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան,

e) ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտում համագործակցելու նպատակով ռազմական արդյունաբերությանն աջակցություն:

2) Կողմերը պարտավորվում են գործի դնել այնպիսի ընթացակարգեր, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրին համապատասխան իրականացված նախաձեռնություններից առաջացած մտավոր գործունեության արդյունքների պաշտպանությունը երաշխավորելու համար` իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

3. Պարտավորությունները

Կողմերը փոխադարձ օժանդակություն և համագործակցություն կառաջարկեն միմյանց` սույն Համաձայնագրի և դրա դրույթների ներքո ստորագրված պայմանագրերի շրջանակներում արտադրողների և/կամ կազմակերպությունների գործունեությանը նպաստելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Գաղտնի տեղեկատվություն» - ցանկացած տեղեկատվություն, գործողություն, գործունեություն, փաստաթուղթ, նյութական միջոց կամ առարկա, որոնք Կողմերից մեկը սահմանել է որպես գաղտնի տեղեկատվություն:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակված կամ առաջացած ցանկացած գաղտնի տեղեկատվություն կօգտագործվի, կփոխանցվի և կպահպանվի Կողմերի` կիրառելի ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Գաղտնի տեղեկատվությունը Կողմերի Լիազորված մարմինների միջև կփոխանակվի միայն պաշտոնական ուղիներով:

4. Համապատասխան գաղտնիության դասակարգումներն են.

 

Հայաստանի Հանրապետության համար

Լիբանանի Հանրապետության համար

Համապատասխանաբար /անգլերեն/

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ

سري للغاية

TOP SECRET

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

سري

SECRET

ԳԱՂՏՆԻ

مكتوم

CONFIDENTIAL

5. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի անձնակազմերի միջև փոխանակված գաղտնի տեղեկատվության մատչելիությունը կերաշխավորվի անհրաժեշտ իմացությունը հիմնավորելուց և համապատասխան գաղտնիության թույլտվությունը տրամադրելուց հետո՝ Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան։

6. Կողմերը երաշխավորում են, որ փոխանակված ցանկացած գաղտնի տեղեկատվություն կօգտագործվի բացառապես սույն Համաձայնագրի շրջանակներում և դրա նպատակներին համապատասխան:

7. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում առաջացած գաղտնի տեղեկատվության` երրորդ կողմերին/միջազգային կազմակերպություններին փոխանցումը պահանջում է նշված գաղտնի տեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող Կողմի նախնական գրավոր համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 10

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ կլուծվի բացառապես Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն լրացուցիչ արձանագրություններով՝ կազմելով սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 12

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Նման ձևով դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդի այն դադարեցնելու օրվա դրությամբ դրա շրջանակներում նախաձեռնված և դեռևս չավարտված ընթացիկ ծրագրերի կամ գործողությունների իրականացման վրա, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:

4. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է 2001 թվականի օգոստոսի 28-ի` «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի գործողությունը:

 

Կատարված է Բեյրութում 2018 թվականի նոյեմբերի 2-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին: