Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
20.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
20.12.2019
Дата вступления в силу
01.01.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով իրենց քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բնագավառում հարաբերությունները կարգավորելու ձգտումով,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Սահմանումները

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

բնակության պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում գտնվում է աշխատողի բնակության վայրը.

աշխատանքի տեղավորման պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում աշխատողի համար ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ.

իրավասու մարմին՝ անդամ պետության հաստատություն (կազմակերպություն), որի իրավասությանն են վերապահված կենսաթոշակային ապահովության բնագավառում այդ պետության օրենսդրության կիրարկմանն առնչվող հարցերը.

բնակության վայր՝ աշխատողի բնակության վայր, որը, որպես այդպիսին, սահմանվում կամ ճանաչվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

կուտակային կենսաթոշակներ՝ Հայաստանի Հանրապետությունում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակ, Ղազախստանի Հանրապետությունում՝ ձևավորված կենսաթոշակային վճարների հաշվին միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակային վճարումներ, Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի կուտակային մաս և կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ, Ռուսաստանի Դաշնությունում՝ կուտակային կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին այլ վճարումներ.

անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն (գործառնություն), որն իրականացվում է անձնական տվյալների հետ՝ ավտոմատացման միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման (ներառյալ անձնական տվյալների հավաքագրումը, գրառումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը (թարմացումը, փոփոխումը), դուրսբերումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը, տրամադրումը, հասանելիությունը), ապանձնավորումը, ուղեփակումը, վերացումը, ոչնչացումը), կամ այդ գործողությունների (գործառնությունների) ամբողջությունը.

կենսաթոշակներ՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դրամական վճարումներ` ներառյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի նկատմամբ սահմանված վճարումները (լրավճարները) և բարձրացումները.

կենսաթոշակային վճարներ՝

Հայաստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի իրավունք տվող հարկեր և (կամ) այլ վճարներ.

Բելառուսի Հանրապետությունում՝ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ապահովագրավճարներ.

Ղազախստանի Հանրապետությունում՝ միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդ փոխանցվող կենսաթոշակային վճարներ.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակային ֆոնդ և պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդ փոխանցվող ապահովագրավճարներ.

Ռուսաստանի Դաշնությունում՝ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ապահովագրավճարներ.

անձնական տվյալներ՝ էլեկտրոնային, թղթային և (կամ) նյութական այլ կրիչի վրա առկա տեղեկություններ, որոնք առնչվում են դրանց հիման վրա որոշված կամ որոշվող անձնական տվյալների սուբյեկտին, և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թույլ են տալիս նույնականացնել սուբյեկտի անձը.

աշխատանքային ստաժ՝ աշխատանքի և (կամ) այլ գործունեության ժամանակահատված (այդ թվում՝ կենսաթոշակային վճարների վճարմամբ), ինչպես նաև կենսաթոշակի իրավունքը որոշելիս և դրա չափը հաշվարկելիս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաշվի առնվող այլ ժամանակահատվածներ.

աշխատող՝ անդամ պետության քաղաքացի, որի համար մեկ այլ անդամ պետության տարածքում աշխատանքային կամ այլ գործունեություն իրականացնելու միջոցով ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ.

լիազորված մարմիններ՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմիններ, որոնք կարգավորումներ են իրականացնում կենսաթոշակային ապահովության ոլորտում և (կամ) կանոնակարգում են բժշկասոցիալական փորձաքննության (համալիր զննման) անցկացումն իրականացնող մարմինների (հաստատությունների) գործունեությունը.

ընտանիքի անդամ՝ աշխատողի հետ ամուսնացած անձ, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող երեխաները և այլ անձինք, որոնք, աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան, համարվում են ընտանիքի անդամներ։

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

Անձանց շրջանակը և կիրառման ոլորտը

 

1. Սույն համաձայնագիրը կիրառվում է աշխատողների և ընտանիքի անդամների նկատմամբ։

2. Սույն համաձայնագիրը տարածվում է հետևյալ կենսաթոշակների վրա.

2.1. Հայաստանի Հանրապետությունում՝

1) աշխատանքային կենսաթոշակ՝

տարիքային,

արտոնյալ պայմաններով,

երկարամյա ծառայության համար,

հաշմանդամության,

կերակրողին կորցնելու դեպքում,

մասնակի.

2) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝

անուիտետ,

ծրագրային վճար,

միանվագ վճար,

միանվագ վճարում ժառանգներին։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.2. Բելառուսի Հանրապետությունում՝

1) աշխատանքային կենսաթոշակ՝

տարիքային,

երկարամյա ծառայության համար (բացի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների և պետական ծառայողների կենսաթոշակներից),

հաշմանդամության,

կերակրողին կորցնելու դեպքում:

2.3. Ղազախստանի Հանրապետությունում՝

ձևավորված կենսաթոշակային վճարների հաշվին միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակային վճարումներ՝

կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո,

առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամություն սահմանելու դեպքում, եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ,

միանվագ վճարում ժառանգներին։

2.4. Ղրղզստանի Հանրապետությունում՝

1) պետական սոցիալական ապահովագրության կենսաթոշակներ՝

տարիքային,

հաշմանդամության,

կերակրողին կորցնելու դեպքում.

2) թոշակի կուտակային մասը՝ պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցներից.

3) կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ՝ պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցներից:

2.5. Ռուսաստանի Դաշնությունում՝

1) ապահովագրական կենսաթոշակ՝

ծերության,

հաշմանդամության,

կերակրողին կորցնելու դեպքում.

2) ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարում, ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարման բարձրացում և (կամ) ավելացում, ապահովագրական կենսաթոշակին արվող լրավճար, եթե սույն համաձայնագրով այլ բան նախատեսված չէ.

3) կուտակային կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին այլ վճարումներ։

3. Կենսաթոշակների (նպաստների) այլ տեսակներ նշանակվում և վճարվում են աշխատողի (նրա ընտանիքի անդամի) բնակության պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Սույն համաձայնագիրը կիրառվում է նաև այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կարգավորվում են կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությամբ, որով փոփոխվում և (կամ) լրացվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված դրույթները և այն չի հակասում սույն համաձայնագրի նորմերին:

 

Հոդված 3

Աշխատողների հավասար իրավունքները

 

1. Աշխատողների կենսաթոշակային իրավունքների ձևավորումն իրականացվում է կենսաթոշակային վճարների հաշվին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների ձևավորման միևնույն պայմաններով և միևնույն կարգով։

2. Աշխատողներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակի նշանակման և վճարման իրավունքն իրագործվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող միևնույն պայմաններով։

3. Աշխատողը (նրա ընտանիքի անդամը) իրավունք ունի դիմելու բնակության պետության իրավասու մարմին և (կամ) աշխատանքի տեղավորման պետության իրավասու մարմին՝ կենսաթոշակի նշանակման և վճարման համար։

Կենսաթոշակային ապահովության նպատակով դիմումը և մյուս փաստաթղթերը մեկ անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվը համարվում է դրանք մյուս անդամ պետության իրավասու մարմին ներկայացնելու ամսաթիվ։

Սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում իրավասու մարմինների միջև փաստաթղթերի առաքման ժամկետը չի ներառվում կենսաթոշակ սահմանելու մասին դիմումն ուսումնասիրելու և դրա մասին որոշում ընդունելու ժամկետի մեջ։

4. Աշխատողին (նրա ընտանիքի անդամին) կենսաթոշակի նշանակումը և վճարումը չեն կարող մերժվել մեկ այլ անդամ պետության տարածքում բնակության վայրի հիմքով, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։

 

Հոդված 4

Տարածքների հավասարությունը և կենսաթոշակի արտահանումը

 

1. Կենսաթոշակներն իրավասու մարմինների կողմից վճարվում են նաև աշխատողի (նրա ընտանիքի անդամի) մեկ այլ անդամ պետության տարածքում բնակվելու դեպքում։

Աշխատողը (նրա ընտանիքի անդամը) իրավունք ունի կենսաթոշակ ստանալու բնակության պետության կամ կենսաթոշակը նշանակած անդամ պետության տարածքում։

2. Կենսաթոշակների չափերը չեն կարող նվազեցվել, դրանց վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել՝ աշխատողի (նրա ընտանիքի անդամի) բնակության վայրի՝ մեկ այլ անդամ պետության տարածքում գտնվելու հիման վրա, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։

3. Սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության և 2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն վճարումների (լրավճարների) վրա, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են՝ հաշվի առնելով աշխատողի (նրա ընտանիքի անդամի) այդ անդամ պետության տարածքում բնակության վայրի գտնվելը:

4. Հետևյալ դրամական վճարումներն իրականացվում են միայն համապատասխան անդամ պետության տարածքում աշխատողի բնակվելու պայմանով՝

1) Հայաստանի Հանրապետությունում՝ հիմնական կենսաթոշակը՝ որպես աշխատանքային կենսաթոշակի և կենսաթոշակների հավելումների մաս.

2) Բելառուսի Հանրապետությունում՝ կենսաթոշակի մասը, որը հաշվարկվել է՝ ելնելով օրենսդրությանը համապատասխան հաշվառված այլ գործունեության ժամանակահատվածներից և (կամ) առանց կենսաթոշակային վճարների վճարման այլ ժամանակահատվածներից, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելումները, վճարումները (լրավճարները) և բարձրացումները.

3) Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի հիմնական մասը և Ղրղզստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարումները.

4) Ռուսաստանի Դաշնությունում՝ ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարը, ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարի բարձրացումը և (կամ) ավելացումը և ապահովագրական կենսաթոշակի լրավճարը, վերագնահատմամբ կենսաթոշակային իրավունքների բարձրացումը (վալորիզացիան)՝ դրամական արտահայտմամբ:

5. Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված լրավճարները և այլ վճարումներ սահմանելիս հաշվի են առնվում բոլոր անդամ պետություններում աշխատողին (նրա ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները։

6. Աշխատողին (նրա ընտանիքի անդամին) մեկ անդամ պետության տարածքից մեկ ալ անդամ պետության տարածք տեղափոխելիս, միայն այն դեպքում, երբ աշխատողի (նրա ընտանիքի անդամի) կողմից, նախքան տեղափոխումը, իրականացվել էր կենսաթոշակի իրավունքը, կատարվում է դրա վերանայում: Ընդ որում, սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

 

Հոդված 5

Ընտանիքի անդամի՝ կենսաթոշակի իրավունքը

 

1. Աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամն ունի կենսաթոշակի իրավունք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

2. Այն կենսաթոշակի իրավունքը սահմանելիս, որի չափը, կենսաթոշակը նշանակող անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պայմանավորված է ընտանիքի անդամների թվով, հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամները։

 

Հոդված 6

Կենսաթոշակի իրավունքի իրացումը

 

1. Մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը չեն ազդում մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն աշխատողի (նրա ընտանիքի անդամի)՝ միաժամանակ այդ և (կամ) այլ տեսակի կենսաթոշակ նշանակելու և վճարելու իրավունքի վրա։

2. Սույն համաձայնագրի դրույթները հաշվի առնելով՝ կենսաթոշակի նշանակումն իրականացվում է անդամ պետության իրավասու մարմնի կողմից այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան աշխատողի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման դեպքում՝ անկախ մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն այդ աշխատողի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման օրվանից։

 

Հոդված 7

Կենսաթոշակի իրավունքի սահմանումը

 

1. Յուրաքանչյուր անդամ պետություն կենսաթոշակի իրավունքը սահմանում է իր օրենսդրությանը համապատասխան՝ ելնելով իր տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժից՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։

2. Եթե մեկ անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի առաջացման համար, ապա հաշվի է առնվում մյուս անդամ պետությունների տարածքներում անդամ պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան ձեռք բերված աշխատանքային ստաժը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի աշխատանքային ստաժը ժամանակի առումով համընկնում է։

3. Ռուսաստանի Դաշնությունում՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կենսաթոշակի իրավունքը սահմանելիս անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը որոշվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի ժամանակահատվածների համար:

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան որոշված անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի առաջացման համար, հաշվի է առնվում անհատական կենսաթոշակային այն գործակցի մեծությունը, որն անդամ պետությունների տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի 1 տարվա համար հավասար է 1-ի: Ընդ որում, աշխատանքային ստաժի 1 ամիսը կազմում է լրիվ օրացուցային տարվա գործակցի 1/12 մասը, իսկ 1 օրը՝ լրիվ օրացուցային տարվա գործակցի 1/360 մասը։

4. Որոշակի մասնագիտությամբ որոշակի պաշտոնում կամ աշխատանքային որոշակի պայմաններով և կազմակերպություններում աշխատանքի առնչությամբ կենսաթոշակի իրավունքը մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանելիս մյուս անդամ պետության տարածքում ձեռք բերված համանման աշխատանքային ստաժն առաջին անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժին չի գումարվում, սակայն հաշվի է առնվում որպես ընդհանուր հիմունքներով աշխատանքային ստաժ։

5. Սույն համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակի իրավունքը, բացառությամբ կուտակային կենսաթոշակի, ինչպես նաև հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունքը, ծագում է այն անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի առնվազն 12 լրիվ ամիսների առկայության դեպքում, որի օրենսդրության համաձայն, աշխատողը (նրա ընտանիքի անդամը) հավակնում է դրա նշանակմանը։

Կուտակային կենսաթոշակի, ինչպես նաև հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունքը սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 8

Կենսաթոշակի չափի հաշվարկումը

 

Յուրաքանչյուր անդամ պետություն հաշվարկում է կենսաթոշակի չափը՝ ելնելով իր օրենսդրությանը համապատասխան ձեռք բերված կենսաթոշակային իրավունքներից, և այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։

 

Հոդված 9

Բժշկական զննումը և հաշմանդամություն սահմանելը

 

1. Հաշմանդամությունը սահմանելու նպատակով աշխատողի (նրա ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:

2. Հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) մասին որոշումներն ընդունվում են, այդ թվում՝ հեռակա կարգով այն անդամ պետության՝ բժշկա-սոցիալական փորձաքննություն (համալիր զննում) իրականացնող մարմնի (հաստատության) կողմից, որի օրենսդրությանը համաձայն, իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը։

Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները և բժշկական եզրակացությունները։

Տվյալ որոշումներն ընդունվում են անհատույց հիմունքներով:

 

Հոդված 10

Անդամ պետությունների համագործակցությունը

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետություններից պահանջելու սույն համաձայնագրի կարգավորման առարկային առնչվող տեղեկություններ, ինչպես նաև ընդունելու սույն համաձայնագրի կիրառման հարցերով առաջարկություններ։

2. Լիազորված մարմինները միմյանց տեղեկացնում են սույն համաձայնագրի կիրառման ոլորտին առնչվող՝ իրենց պետությունների օրենսդրության մեջ բոլոր փոփոխությունների մասին։

3. Լիազորված մարմինները և իրավասու մարմինները փոխգործակցում են միմյանց հետ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ)՝ սույն համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերով՝ անհատույց հիմունքներով։

Իրավասու մարմինները հարցմամբ կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց են ներկայացնում անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն համաձայնագրի կիրառման համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում այդ հանգամանքները սահմանելու համար։

4. Իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կենսաթոշակի չափի փոփոխմանը կամ դրա վճարման դադարեցմանը:

5. Հաշմանդամությունը, կենսաթոշակի իրավունքը սահմանելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթղթերը մյուս անդամ պետության կողմից ճանաչվում են՝ առանց այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդպիսի փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցկացնելու։

Իրավասու մարմիններն իրավունք ունեն աշխատողից (նրա ընտանիքի անդամից) պահանջելու փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը՝ կենսաթոշակ նշանակող (վճարող) անդամ պետության պետական լեզվով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթերի ստուգման նպատակով ներկայացնելու համապատասխան հարցումներ կամ օգտագործելու տվյալների տեղեկատվական բազաներից ստացված տվյալները:

6. Մեկ անդամ պետության իրավասու մարմնի կողմից աշխատողին (նրա ընտանիքի անդամին) ավելի վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակի վճարման դադարեցման հետ կապված ինքնուրույն պահման անհնարինության դեպքում այդ անդամ պետության օգտին կարող են պահվել սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված և մյուս անդամ պետության իրավասու մարմնի կողմից վճարվող կենսաթոշակից:

7. Սուն համաձայնագիրը կիրարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ լիազորված մարմինների, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև սույն համաձայնագրի նորմերի կիրառման մասով փոխգործակցության կարգին համապատասխան:

 

Հոդված 11

Անձնական տվյալները

 

Անձնական տվյալները փոխանցվում են սույն համաձայնագրի կիրարկման նպատակով և սահմանափակ տարածման (գաղտնի) տեղեկություններ են։

Լիազորված մարմինների և իրավասու մարմինների կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 12

Անցումային դրույթներ

 

Կենսաթոշակի նշանակումը և վճարումն իրականացվում են հետևյալ կարգով՝

սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է այն անդամ պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժը.

սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է անդամ պետությունների օրենսդրությանը և «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրին համապատասխան, իսկ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ «Սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության մասին» 2006 թվականի հունվարի 24-ի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև պայմանագրին համապատասխան:

 

Հոդված 13

Լիազորված մարմինները և իրավասու մարմինները

 

Լիազորված մարմինների և իրավասու մարմինների մասին տեղեկություններն անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացվում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումն ուղարկելիս։

Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մեկամսյա ժամկետում տեղեկացնում են իրենց լիազորված մարմինների կամ իրավասու մարմինների փոփոխության մասին։

 

Հոդված 14

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն hամաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: