ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 161-Ն
«ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության փոփոխությունների անցումային շրջանում ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին, 15-րդ հոդվածի 9-րդ մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկերի տրամադրման կարգը և օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից վարկերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 300000000 դրամ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով, Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված վարկի միջոցներից:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին սույն որոշմամբ հաստատված կարգով բյուջետային վարկերը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում մրցույթով ընտրված բանկային գործառնություններ իրականացնող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացել արտաբյուջետային ցպահանջ բանկային հաշիվ՝ մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը սպասարկման ժամկետով` օվերդրաֆտի պայմանով, այդ հաշվին հաշվեգրել սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը և հաշվի սպասարկման մասին պայմանագրի շրջանակներում բանկին հրահանգել նախարարության անունից վարկառուների օգտին իրականացնել հաշվից համապատասխան վճարումները:
5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ազատվում են տրանսպորտային միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը գրանցելու համար սահմանված պետական տուրքի վճարումից՝ այդ գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքի գրանցման համար հաշվարկված պետական տուրքի գումարի մասին` այն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 28 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 161-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
այդ թվում` |
||||
գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
(300,000.0) |
2.6. Այլ |
300,000.0 |
300,000.0 |
300,000.0 |
300,000.0 |
այդ թվում` |
||||
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
300,000.0 |
300,000.0 |
300,000.0 |
300,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 161-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության փոփոխությունների անցումային շրջանում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ներմուծող) Հայաստանի Հանրապետություն ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկերի (այսուհետ` վարկ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Վարկը տրամադրվում է «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումների ժամանակ հաշվարկվող մաքսային վճարները (ավելացված արժեքի հարկ, մաքսատուրք, մաքսավճար, բնապահպանական վճար), դրանց ուշացման համար հաշվարկվող տույժերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը տվյալ անձի կողմից խախտվելու համար մաքսային մարմնի կողմից արձանագրվող տուգանքները Հայաստանի Հանրապետությանը վճարելու համար:
3. Վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան (այսուհետ` մաքսատուն) տարածքում տեղակայված բանկի մասնաճյուղում (այսուհետ` բանկ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) արտաբյուջետային բանկային հաշվից վարկառուի փոխարեն որպես երրորդ անձ գանձապետական համապատասխան հաշիվներին գումար վճարելու եղանակով: Վճարման հետ կապված բանկային ծառայությունների միջնորդավճարները գանձվում են նախարարության արտաբյուջետային բանկային հաշվի մնացորդից:
4. Վարկառու կարող է լինել 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն դրամից ցածր մաքսային արժեքով (մարզի բնակչի դեպքում` ըստ մարզպետարանի կողմից տրված մաքսային արժեքի, Երևան քաղաքի բնակչի դեպքում` ըստ մաքսատան կողմից տրված մաքսային արժեքի), մինչև 10-տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց (միջոցներ) Հայաստանի Հանրապետության տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով իր անունից հայտարարագրման համար ներմուծող Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող կամ մշտապես հաշվառված այն ցանկացած ներմուծողը (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ով մինչև 2011 թվականի մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ և փոխադրման ամփոփագրի լրացմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել է 2011 թվականի հունվարի 26-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանված` նախկինում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը:
5. Վարկ ստանալու իր իրավունքի առկայության էական չափանիշ հանդիսացող` սույն կարգի 4-րդ կետում նախատեսված մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով ներմուծողը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվյալները ներկայացնում է՝ մարզի բնակիչը` իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն: Մարզպետարանը տվյալ անձից ստացած տվյալները ներկայացնում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարան է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը: Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:
6. Վարկային պայմանագիր կնքելու նպատակով սույն կարգի 4-րդ կետի պահանջները բավարարող ներմուծողը մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ դիմում է մարզպետարան` ըստ իր բնակության վայրի, Երևան քաղաքում մշտապես բնակվողը` նախարարություն՝ ներկայացնելով իր անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի) պատճենները և`
1) 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման փոխադրման ամփոփագրի պատճենները.
2) տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին տեղեկանք՝ տրված՝ մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` մաքսատան կողմից:
7. Սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված չափանիշների ու պահանջների բավարարման դեպքում Հայաստանի Հանրապետության` ի դեմս մարզպետարանի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում` ի դեմս նախարարության աշխատակազմի, և վարկառուի միջև ավտոմեքենայի մաքսային վճարների վճարման ֆինանսավորման նպատակով կնքվում է վեց ամսում վերադարձման ժամկետով անտոկոս վարկի տրամադրման և տրանսպորտային միջոցի գրավադրման մասին պայմանագիր (այսուհետ` վարկային պայմանագիր)՝ 4 բնօրինակից (յուրաքանչյուր կողմին՝ 2 բնօրինակ), ըստ պայմանագրի օրինակելի ձևի, որում`
1) վարկի գումարի չափի մեջ ներառվում են «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրման դեպքում հաշվարկվող մաքսային վճարները, դրանց հնարավոր ուշացման համար մաքսային մարմնի կողմից հաշվարկվելիք տույժերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը վարկառուի կողմից խախտվելու համար մաքսային մարմնի կողմից արձանագրված կամ հնարավոր արձանագրելի չվճարված տուգանքները՝ առանց պայմանագրում նշելու կոնկրետ գումարային մեծություններ.
2) վարկի վերադարձման վարկառուի վճարային պարտավորությունն ապահովվում է ապագայում նրա սեփականության իրավունքով գրանցվող տրանսպորտային միջոցի գրավով՝ որպես գրավի առարկայի արժեք նախատեսելով «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առաջիկա հայտարարագրով որոշվող մաքսային արժեքի և մաքսային վճարումների հանրագումարը՝ առանց հնարավոր տույժերի ու տուգանքների.
3) վարկառուի անունից հանձնարարություն է տրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) գրանցող ստորաբաժանմանը` գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայականն առաջիկա գրանցումից հետո տրամադրելու ուղղակի գրավառուին:
8. Վարկային պայմանագրերը համարակալվում են հերթական քառանիշ համարներով, կոդավորվում յուրաքանչյուր մարզի անվանման առաջին երեք տառով, նախարարության կողմից կնքվածները` «ՖՆ» տառերով:
9. Վարկային պայմանագիր կնքած ներմուծողը մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսատուն:
10. Մաքսատունը մաքսային վճարների վճարման ուշացման փաստի, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի խախտման փաստի առկայության դեպքում՝ մաքսային հայտարարագրի (իսկ հետախուզման մեջ գտնվող, շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ տրանսպորտային միջոցների համար` ժամանակավոր մաքսային հայտարարագրի) ընդունման հետ միաժամանակ կազմում և տրամադրում է տվյալ օրվա դրությամբ ներմուծողի նկատմամբ հաշվարկելի տույժերի ու տուգանքի չափի մասին տեղեկանք` նշելով դրանց հաշվեգրման գանձապետական հաշվեհամարները: Այս փուլում ընդունված մաքսային հայտարարագրում որոշված մաքսային արժեքը սույն որոշման 4-րդ կետում որպես վարկի տրամադրման չափանիշ կիրառված նախնական մաքսային արժեքին գերազանցելը հիմք չէ վարկային պայմանագրի պայմաններին համապատասխան վարկի հատկացումը բանկի կողմից չկատարման համար:
11. Մաքսային հայտարարագիրը, իսկ հետախուզման մեջ գտնվող, շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ տրանսպորտային միջոցների համար` ժամանակավոր մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո ներմուծողը այն ներկայացնում է բանկ` հաշվարկված մաքսային վճարների վճարումները կատարելու համար՝ բանկ ներկայացնելով վարկային պայմանագրի մեկ բնօրինակը: Բանկն իրավունք ունի ներկայացված վարկային պայմանագիրը կնքած պետական մարմնին հեռախոսով հարցում կատարելու՝ տվյալ վարկային պայմանագրի կնքման փաստի իսկությունը պարզելու համար:
12. Բանկը ներմուծողի մաքսային հայտարարագրի (իսկ հետախուզման մեջ գտնվող, շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ տրանսպորտային միջոցների համար` ժամանակավոր մաքսային հայտարարագրի), սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքի (առկայության դեպքում) և ներմուծողից վերցվող վարկային պայմանագրի մեկ բնօրինակի հիման վրա իր մոտ սպասարկվող նախարարության արտաբյուջետային բանկային հաշվից գանձապետական համապատասխան հաշվեհամարներին կատարում է վարկառուի օգտին մաքսային վճարումներ՝ ներառյալ տույժը (տուգանքը), վճարման հանձնարարականներում`
1) վճարող նշելով նախարարությանը, որի անունից վճարման փաստաթուղթն ստորագրում է վարկառուն.
2) դեբետագրվող հաշիվ նշելով իր մոտ բացված նախարարության բանկային հաշվի համարը.
3) ստացող նշելով մաքսային մարմինը (կոդը).
4) կրեդիտագրվող հաշիվ նշելով տվյալ վճարման տեսակի համար նախատեսված գանձապետական հաշվեհամարը.
5) վճարման նպատակ նշելով տվյալ վճարման տեսակը, վարկային պայմանագրի կոդը, համարը և վարկառու-ներմուծողի անունը, ազգանունը, սոցիալական քարտի (քարտ չունենալու տեղեկանքի) համարը:
13. Կատարված վճարումը հավաստող փաստաթղթերը բանկը տրամադրում է ներմուծողին, որը դրանք ներկայացնում է մաքսատուն: Մաքսատանը զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրում կատարում է «Ապրանքի բացթողումը թույլատրվում է» նշումը, այն հաստատում անձնական կնիքով և բաց է թողնում տրանսպորտային միջոցը:
14. Բանկը յուրաքանչյուր օրացուցային շաբաթն ավարտվելուց հետո մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը վարկային պայմանագրով վարկատու հանդես եկած պետական մարմին է ներկայացնում կատարված փաստացի վճարումների մասին տեղեկատվություն՝ ըստ վարկային պայմանագրերի, կցելով ներմուծողին տրամադրված վճարման փաստաթղթի մեկ օրինակը, ինչպես նաև առանձին նախարարություն է ներկայացնում հաշվից քաղվածք նախորդ օրացուցային շաբաթվա ընթացքում վճարված գումարների մասին: Հաշվի մնացորդն սպառվելու դեպքում բանկը վարկերը հատկացնում է օվերդրաֆտի հաշվին, որը ենթակա է մարման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից լրացուցիչ վարկային ռեսուրսի հատկացման հաշվին:
15. Վարկի վճարման մասին բանկի կողմից տեղեկատվության ստացման դեպքում միայն վարկատու հանդես եկած պետական մարմինն իր կնքած վարկային պայմանագրերի մեկական բնօրինակը և տվյալ պայմանագրի հիմքով վարկի փաստացի վճարումները հավաստող փաստաթուղթը համապատասխան դիմումի հետ միասին ներկայացնում է վարկառուի բնակության վայրն սպասարկող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանմանը` տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը գրանցելու համար: Վարկային պայմանագրով նախատեսված վարկից չօգտվելու դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված:
16. Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումը գրավառու պետական մարմնից չի պահանջում գրավի իրավունքի գրանցման մասին դիմումին կից` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող սեփականության վկայականի պատճենը:
17. Ներմուծողի ներկայացմամբ տրանսպորտային միջոցի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցելուց հետո ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումը տվյալ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը, վարկային պայմանագրով սեփականատիրոջ կատարած հանձնարարության հիման վրա, ուղարկում է գրավառու տվյալ պետական մարմին` դիմումում նշված վարկի փաստացի վճարումների չափով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի վրա կատարելով արգելադրում: Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքի գրանցումը ճանապարհային ոստիկանությունը կատարում է առանց գրավառու պետական մարմնից պետական տուրք գանձելու:
18. Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի կնքած վարկային պայմանագրի կատարումից ծագած պարտատիրոջ ու գրավառուի իրավունքներն ու պարտավորություններն իրականացվում են մարզպետի կողմից:
19. Ներմուծողի կողմից մաքսային մարմնի գործողությունները հետագայում վիճարկելու, տույժերի կամ տուգանքների կիրառման հիմք հանդիսացած մաքսային իրավախախտման կազմը չհաստատվելու, ներմուծողին վարչական պատասխանատվությունից ազատելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերի առկայության հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ մաքսային մարմնի արտաբյուջետային գանձապետական հաշվից ներմուծողին վերադարձման ենթակա` ներմուծողից ավելի կամ անհիմն գանձված կամ վնասի գումարները վերադարձնելիս՝ նախարարությունը վերադարձվող գումարն առաջին հերթին ուղղում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ տվյալ ներմուծողի առկա վարկային պարտավորության մարմանը՝ դրա մասին ծանուցելով ներմուծողին:
20. Վարկի հաշվին վճարման կատարումը չի կարող մեկնաբանվել որպես մաքսային մարմնի գործողությունների վիճարկման իրավունքից ներմուծողի հրաժարում կամ այդ իրավունքի փոխանցում վարկատուին:
21. Հետախուզման մեջ գտնվող, շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ տրանսպորտային միջոցներ ներմուծողների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի հիմքով ստացած վարկի վերադարձման ժամկետը վարկառուի դիմումի հիմքով վարկային պայմանագրում փոփոխություն կատարելու միջոցով ենթակա է երկարաձգման՝ մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ ներմուծողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի վերաբերյալ դատարանի համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիսը լրանալը, եթե վերադարձման ժամկետի երկարաձգման մասին դիմում ներկայացնելու պահի դրությամբ քրեական գործի հարուցումը մերժված է, կամ հարուցված քրեական գործը կարճված է՝ հափշտակության հանցակազմի բացակայության հիմքով:
22. Մինչև տվյալ տրանսպորտային միջոցի մաքսազերծումը ծագած հիմքերով իրեն օրինական սեփականատեր հայտարարող երրորդ անձի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ վարկառու-ներմուծողի սեփականության իրավունքի վիճարկման հետ կապված բոլոր ռիսկերը կրում է վարկառու-ներմուծողը, և մաքսազերծման համար բյուջետային վարկի ստացման հանգամանքն ինքնին հիմք չէ վարկառու-ներմուծողի կողմից իր տիրապետության բարեխղճությունը վկայակոչելու կամ վեճի մեջ վարկատու կողմին ներգրավելու համար:
23. Սույն կարգի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես վարկային պայմանագիր կնքած անձի կողմից մաքսային վճարումների համար վարկային պայմանագրով նախատեսված ամբողջ գումարով վարկն օգտագործելու պարտավորություն: Անձն ազատ է ընդհանրապես չօգտվելու վարկային պայմանագրով նախատեսված վարկից և իր միջոցների հաշվին կատարելու վճարումները կամ մասնակիորեն օգտվելու վարկից, ըստ այդմ վարկից օգտվելու դեպքում վարկային պարտավորության դրամական չափ է վարկի փաստացի վճարված գումարը:
24. Սույն կարգի կիրառման հետ կապված պաշտոնական պարզաբանումները տրամադրում է նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 161-Ն որոշման |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ՖՆ XXXX
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Վարկատու-գրավառու |
Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի | ||
1 |
2 | ||
Պետական ռեգիստր, ՀՎՀՀ |
հաշվառման N 222.180.00024, վկայական՝ 01Բ 000111, ՀՎՀՀ՝ 02528265 | ||
Գտնվելու վայրը, կապը` |
քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1, 595-228, 595-229 | ||
Գանձապետական հաշիվ |
900005052015, բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր | ||
Ստորագրող պաշտոնյա |
աշխատակազմի ղեկավար | ||
Վարկառու-գրավատու |
___________________________________________________________________________________ | ||
Բնակության վայրը, կապը |
|||
Անձնագիրը |
սերիան__________, համարը __________, տրված՝ __________թ., __________ կողմից | ||
Պայմանագրի առարկան |
Վարկատու-գրավառուն պարտավորվում է տրամադրել բյուջետային վարկ՝ վարկառուի կողմից ներմուծված` սույն պայմանագրով նախատեսված տրանսպորտային միջոցի մաքսազերծման վճարումները կատարելու նպատակով` ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի N 161-Ն որոշմամբ հաստատված կարգի ընթացակարգերին համապատասխան, իսկ վարկառու-գրավատուն պարտավորվում է վերադարձնել ստացված վարկը և որի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օգտին գրավադրում է սույն պայմանագրով նախատեսված տրանսպորտային միջոցը: | ||
Վարկի չափը |
Հավասար է «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով վարկառուին տրվող մաքսային հայտարարագրով վճարման առաջադրվող մաքսային վճարումների չափին և առկայության դեպքում` դրանց հնարավոր ուշացման համար մաքսային մարմնի կողմից հաշվարկվելիք տույժերի, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի խախտման համար մաքսային մարմնի կողմից հնարավոր արձանագրելի տուգանքների գումարին՝ ըստ կարգով նախատեսված փաստացի վճարման: | ||
Վերադարձի ժամկետը |
վարկի փաստացի տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում | ||
Ներմուծվող և գրավադրվող տրանսպորտային միջոցը |
| ||
Ներմուծվող տրանսպորտային միջոցի նույնականացման փաստաթուղթը | Փոխադրման ամփոփագիր N-------------------------------, տրված՝ -------------------------- թ. | ||
Գրավի առարկայի համաձայնեցված արժեքը |
Հավասար է «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով գրավատուին | ||
Գրավի առարկայի բռնագանձման կարգը |
Արտադատական կարգով` բռնագանձման մասին ծանուցում ներկայացնելուց հետո երկու | ||
Հանձնարարական |
Սույնով վարկառու-գրավատուս հանձնարարում եմ իմ բնակության վայրն սպասարկող | ||
Այլ դրույթներ |
Սույնով չկարգավորված կողմերի հարաբերությունները կարգավորվում են կարգով և | ||
Կնքման ամսաթիվը, օրինակների թիվը |
Կնքված է -------------- 2011 թ., ՀՀ ---------------քաղաքում, 4 բնօրինակից, յուրաքանչյուր կողմին՝ | ||
Վարկատու-գրավառուի անունից Կ. Տ. |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.2011, N 228-Ն | 07.04.2011, N 161-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|