ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-1-Ո-2
2011 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՐԻԲԵԿ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Ս. Արամյանի |
քարտուղարությամբ` |
Ն. Գաբրիելյանի |
2011 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սարիբեկ Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2010 թվականի թիվ N-Կ-2-15/2010 որոշմամբ Դատարանի դատավոր Ս. Արամյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության՝
Նախաքննական մարմինն Արման Գառնիկի Պողոսյանին 27.11.2010 թվականին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա 22.11.2010 թվականին` ժամը 09:30-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 47/1 շենքի՝ Ծ. Գևորգյանին պատկանող թիվ 17 բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել երկու հատ կանացի վզնոց (բիժուտերիա), երկու հատ կանացի ապարանջան և «Մեդիոն» ֆիրմայի մեկ հատ թվային ֆոտոխցիկ՝ Ծ. Գևորգյանին պատճառելով զգալի չափի՝ 146 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Միաժամանակ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալ Ա. Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանը (նախագահող դատավոր` Ս. Արամյան), թիվ ԵԱՔԴ/0248/06/10 քրեական վարույթի շրջանակներում քննության առնելով քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 27.11.2010 թվականի որոշմամբ այն բավարարել է: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 (երկու) ամիս ժամկետով: Որոշվել է կալանքի սկիզբը հաշվել 24.11.2010 թվականից:
Դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննարկելու մասին 27.11.2010 թվականի որոշման մեջ մասնավորապես նշել է. «Ուսումնասիրելով քննիչի կողմից ներկայացված քրեական գործի նյութերը և միջնորդությունը, հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, Ա. Պողոսյանի անձը բնութագրող հատկանիշները և նկատի ունենալով, որ Արման Գառնիկի Պողոսյանը, նախկինում դատապարտված լինելով ծանր հանցագործություն կատարելու համար, դատվածությունը չմարված, կրկին անգամ կատարել է ծանր հանցագործություն , որոնք բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ Ա. Պողոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենսգրքով արգելված նոր դիտավորյալ արարք, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը, խուսափել քրեական պատասխանատվությունից, ներազդեցություն ունենալ վկաների վրա, ուստի դատարանը, ելնելով արդարադատության սկզբունքներից և հանցագործությունն ամբողջական բացահայտելու հանգամանքից, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա բավարարման»:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ Դատարանի դատավոր Ս. Արամյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես.
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ նույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ 5-րդ մասի համաձայն` կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Մինչդեռ, Դատարանը վերոնշյալ` 27.11.2010 թվականի որոշմամբ ընդունել է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու հանգամանքը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դրույթներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում անձի մեղավորության հարցերի քննարկման հիմնախնդրին, արտահայտել է իր մտահոգությունը և արձանագրել, որ «դա սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի խախտում է:
42. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը քննարկման առարկա դարձնելով` խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:
Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից:
Այլ կերպ՝ կալանավորման նպատակն է նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությանը մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը, ոչ թե նրան պատժելը կատարած հանցանքի, քննության ընթացքում դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:
43. Խափանման միջոցի մասին որոշումն ընդունվում է, եթե գոյություն ունեն այդ որոշումը պարտադրող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), և եթե այդ հանգամանքները վերանում են, ապա քննիչը (դատարանը) մինչև գործն ըստ էության լուծելը պարտավոր է այդ որոշումը վերացնել: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա (տե´ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշման 20-րդ կետը):
Հակառակ դրան` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` անձի հանցագործությունը հիմնավորված ճանաչելը հիմք է պատիժ կիրառելու համար: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա՝ հանցագործության մեջ անձի մեղավորությունը պետք է հաստատվի «ողջամիտ ենթադրություններից» շատ ավելի բարձր ապացուցողական չափանիշով` վերաբերելի փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
44. Այսպիսով, Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար, Տ. Վահրադյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է» (տե´ս ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ԼԴ/0197/06/08 որոշումը):
Դիտարկվող հարցի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև Արդարադատության խորհուրդը 05.11.2010 թվականի թիվ ԱԽ-19-Ո-20 որոշմամբ, որով դատավարական օրենքի նորմի համանման խախտում թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանը, և որտեղ մասնավորապես արձանագրվել է, որ «...անմեղության կանխավարկածի բովանդակությունը հանգում է հետևյալին.
- մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն անմեղ է, և նրա մեղավորության վերաբերյալ ոչ մի հետևություն իրավաբանական նշանակություն չունի.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն անմեղ է` չնայած նրա կողմից հանցագործություն կատարելու կասկածների կամ նրան առաջադրված մեղադրանքի առկայությանը.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձին անմեղ համարելու և որպես անմեղ ներկայացնելու պարտականությունը կախված չէ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորության վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կարծիքից կամ ներքին համոզմունքից.
- արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է ելնի այն համոզմունքից, որ մեղադրյալը կատարել է հանցագործություն.
- հանցագործության համար մեղադրվելու կապակցությամբ անձի իրավունքների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին: Նման սահմանափակումները չեն կարող պարունակել պատժի տարրեր կամ համարժեք լինել քրեական պատժին»:
Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի կատարել վերը նշված դատավարական նորմերից բխող և դատարանի կողմից կատարման ենթակա պահանջները, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդար դատաքննության իրավունքը և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ս. Արամյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է, որ 27.11.2010 թվականին Արաբկիրի քննչական բաժնի քննիչի կողմից (այսուհետ` նախաքննության մարմին) ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել Արման Գառնիկի Պողոսյանին, այն բանի համար, որ նա 22.11.2010 թվականին` ժամը 09:30-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևանի Մամիկոնյանց փողոցի 47/1 շենքի` Ծովինար Գևորգյանին պատկանող թիվ 17 բնակարանի մուտքի դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել երկու հատ կանացի վզնոց (բիժուտերիա), երկու հատ կանացի ապարանջան և «Մեդիոն» ֆիրմայի մեկ հատ թվային խցիկ` Ծ. Գևորգյանին պատճառելով զգալի չափի` 146000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նույն օրը նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Ա. Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը Դատարանի 27.11.2010 թվականի թիվ ԵԱՔԴ /0248/06/10 որոշմամբ բավարարվել է:
Անմեղության կանխավարկածից ելնելով` Դատարանը նախաքննության մարմնի վերը նշված միտքը, որն իր մեջ ներառում է Ա. Պողոսյանի կողմից հանցագործություն կատարելու փաստը, իր որոշման մեջ նշել է «ըստ ներկայացված նյութերի» արտահայտությունը:
Սակայն դատարանի 27.11.2010 թվականի հիշյալ որոշման պատճառաբանական մասում թույլ է տրվել վրիպակ, նշվել է` «…կրկին կատարել է ծանր հանցագործություն...» բառակապակցությունը, որն իրոք, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթին (անմեղության կանխավարկած):
Այն, որ իր անուշադրության պատճառով հիշյալ` անմեղության կանխավարկածի տարրերի խախտում պարունակող բառակապակցությունը վրիպակ է, հիմնավորվում է միջնորդության քննարկման վերաբերյալ ձայնագրությամբ, որի համաձայն` իր կողմից քննիչին, մեղադրյալին և նրա պաշտպանին մանրամասն պարզաբանվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը (տե´ս ձայնագրման կրիչը):
Դատարանի վերը նշված 27.11.2010 թվականի որոշումը մեղադրյալի պաշտպանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 09.12.2010 թվականի որոշմամբ մերժել է պաշտպանի կողմից ներկայացված բողոքը` ուժի մեջ թողնելով Դատարանի հիշյալ որոշումը:
Գործն առ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի ստացվել, որի պատճառով այլ մանրամասներ չեն նշվում:
Հանձնաժողովի արձանագրումը, որ դատարանի որոշմամբ խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այն, որ որոշումը պատժի տարրեր է պարունակում, իր կողմից անընդունելի է, քանի որ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-136 հոդվածների հիմքով մեղադրյալ Ա. Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու միջանկյալ որոշում է:
Հանձնաժողովը հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0197/06/08 որոշմանը` ըստ էության նշելով, որ Դատարանի կողմից չի պահպանվել այդ որոշման պահանջը և չի կիրառվել:
Այդ կապակցությամբ դատավորը հայտնել է, որ ինքը քաղաքացիական գործեր քննող դատավոր է և նշված որոշումը չի ստացել, ոչ ոք այդ որոշումն իրեն չի հանձնել:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Նախաքննական մարմինն Արման Գառնիկի Պողոսյանին 27.11.2010 թվականին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2. Դատարանը (նախագահող դատավոր` Ս. Արամյան) 27.11.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0248/06/10 որոշմամբ բավարարել է Ա. Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը` նշելով հետևյալը.. «(...) Ուսումնասիրելով քննիչի կողմից ներկայացված քրեական գործի նյութերը և միջնորդությունը, հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, Ա. Պողոսյանի անձը բնութագրող հատկանիշները և նկատի ունենալով, որ Արման Գառնիկի Պողոսյանը, նախկինում դատապարտված լինելով ծանր հանցագործություն կատարելու համար, դատվածությունը չմարված, կրկին անգամ կատարել է ծանր հանցագործություն, որոնք բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ Ա. Պողոսյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենսգրքով արգելված նոր դիտավորյալ արարք, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը, խուսափել քրեական պատասխանատվությունից, ներազդեցություն ունենալ վկաների վրա, ուստի դատարանը, ելնելով արդարադատության սկզբունքներից և հանցագործությունն ամբողջական բացահայտելու հանգամանքից, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա բավարարման (…)»:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ նույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
Վերոնշյալ իրավական նորմերով ամրագրված է արդարադատության իրականացման կարևորագույն սկզբունքներից մեկը` անմեղության կանխավարկածը, որի առաջնահերթ նպատակներն են կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրական հնարավորությունն ապահովելը, արդար դատաքննությունը երաշխավորելը և անձին անհիմն մեղադրանքներից պաշտպանելը:
Անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման հիմնախնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Դակտարասն ընդդեմ Լիտվայի 2000թ. հոկտեմբերի 10-ի վճռում արձանագրել է. «Ոչ միայն դատարանները, այլև մյուս պետական մարմինները պարտավոր են հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»:
Անմեղության կանխավարկածի կապակցությամբ դիրքորոշում է արտահայտել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի վերաբերյալ թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ: Դրանում մասնավորապես նշվել է, որ ոչ ոք չի կարող մեղավոր համարվել, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ խելամիտ բնույթի կասկածներից վեր: Բացի այդ, անմեղության կանխավարկածը ենթադրում է անձի իրավունքը, որպեսզի իր նկատմամբ դատաքննությունն իրականացվի այդ սկզբունքին համապատասխան: Ուստի պետական իշխանության բոլոր մարմինները պարտավոր են զերծ մնալ դատաքննության ելքը կանխորոշելուց:
Անմեղության կանխավարկածի երաշխավորման վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը: Տ. Վահրադյանի վերաբերյալ որոշման մեջ անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում անձի մեղավորության հարցերի քննարկմանը և այդ կապակցությամբ անմեղության կանխավարկածի խախտմանը` արձանագրվել է հետևյալը.
«41. Վճռաբեկ դատարանն իր մտահոգությունն է արտահայտում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում, մասնավորապես Տ.Վահրադյանին կալանավորելու որոշման մեջ անձի մեղավորության հարցերի քննարկման կապակցությամբ (տե´ս նույն որոշման 9-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի խախտում է:
42. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը քննարկման առարկա դարձնելով` խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:
Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից:
Այլ կերպ՝ կալանավորման նպատակն է նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությանը մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը, ոչ թե նրան պատժելը կատարած հանցանքի, քննության ընթացքում դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:
43. Խափանման միջոցի մասին որոշումն ընդունվում է, եթե գոյություն ունեն այդ որոշումը պարտադրող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), և եթե այդ հանգամանքները վերանում են, ապա քննիչը (դատարանը) մինչև գործն ըստ էության լուծելը պարտավոր է այդ որոշումը վերացնել: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա (տե´ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշման 20-րդ կետը):
Հակառակ դրան` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` անձի հանցագործությունը հիմնավորված ճանաչելը հիմք է պատիժ կիրառելու համար: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա՝ հանցագործության մեջ անձի մեղավորությունը պետք է հաստատվի «ողջամիտ ենթադրություններից» շատ ավելի բարձր ապացուցողական չափանիշով` վերաբերելի փոխկապակցված հավաստի բավարար ամբողջությամբ:
44. Այսպիսով, Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար, Տ. Վահրադյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է» (տե´ս ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ԼԴ/0197/06/08 որոշումը):
Դիտարկվող հարցի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև Խորհուրդը 05.11.2010 թվականի թիվ ԱԽ-19-Ո-20 որոշմամբ, որով դատավարական օրենքի նորմի համանման խախտում թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանը, և որտեղ մասնավորապես արձանագրվել է, որ «...անմեղության կանխավարկածի բովանդակությունը հանգում է հետևյալին.
- մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն անմեղ է, և նրա մեղավորության վերաբերյալ ոչ մի հետևություն իրավաբանական նշանակություն չունի.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձն անմեղ է` չնայած նրա կողմից հանցագործություն կատարելու կասկածների կամ նրան առաջադրված մեղադրանքի առկայությանը.
- մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձին անմեղ համարելու և որպես անմեղ ներկայացնելու պարտականությունը կախված չէ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորության վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կարծիքից կամ ներքին համոզմունքից.
- արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է ելնի այն համոզմունքից, որ մեղադրյալը կատարել է հանցագործություն.
- հանցագործության համար մեղադրվելու կապակցությամբ անձի իրավունքների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին: Նման սահմանափակումները չեն կարող պարունակել պատժի տարրեր կամ համարժեք լինել քրեական պատժին»:
Տվյալ կարգապահական գործով Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը (դատավոր` Ս. Արամյան) իր 27.11.2010 թվականի որոշմամբ մեղադրյալ Ա. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը դիտարկելիս քննարկման առարկա է դարձրել առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը: Այսինքն` տվյալ պարագայում դատավորի կողմից ոչ միայն չի պահպանվել մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձին անմեղ համարելու հիմնարար սկզբունքը, այլև դատավորը, Ա. Պողոսյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքն ընդունելով, խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, որով և խախտել է մեղադրյալի անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքը:
Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ նշված դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներն ինքնաբերաբար հանգեցրել են դատավոր Ս. Արամյանի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնների» (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 16-րդ կանոնի «է» կետի համաձայն` «մինչև գործի քննության ավարտը դատավորը պարտավոր է (...) խուսափել ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ կարծիք հայտնելուց»:
Այս կանոնը վերաբերում է ինչպես գործի ըստ էության քննությանը, այնպես էլ դատական վերահսկողությանը և մասնավորապես` կալանավորման միջնորդությունների քննությանը և լուծմանը: Ամբաստանյալի մեղավորության մասին կարծիք հայտնելու դրսևորում է նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտում անձին մեղսագրվող արարքը հաստատված ճանաչելը:
27.11.2010 թվականի որոշման մեջ դատավոր Ս. Արամյանն օգտագործել է «...Արման Գառնիկի Պողոսյանը ... կրկին անգամ կատարել է ծանր հանցագործություն…» ձևակերպումը` այդպիսով ըստ էության դիրքորոշում հայտնելով ամբաստանյալ Ա. Պողոսյանի մեղավորության մասին, ինչը «Վարքագծի կանոնների» 16-րդ կանոնի «է» կետով ամրագրված արգելքի խախտում է: Խորհուրդը փաստում է, որ խախտումն իր բնույթով կոպիտ է, քանի որ հանգեցրել է հիմնարար սահմանադրական արժեքի (անմեղության կանխավարկածի) ոտնահարման:
Խորհուրդը միաժամանակ հարկ է համարում նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»: Մինչդեռ, վերոնշյալ փաստերը վկայում են, որ դատավոր Ս. Արամյանը խափանման միջոցի հարցը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն` չի ապահովել անմեղության կանխավարկածի վերաբերյալ միջազգային-իրավական և ներպետական կանոնակարգումների պատշաճ իմացություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Գ. Բադիրյան Տ. Բարսեղյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան Ա. Խաչատրյան Մ. Մակյան Մ. Մարտիրոսյան Ս. Օհանյան |