Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Ինկորպորացիա (18.07.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Дата принятия
12.10.2005
Дата вступления в силу
18.07.2006

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ինդոնեզիայի Հանրապետության Կառավարության միջեվ երկկողմ խորհրդակցկան համաժողովի հիմնադրման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ինդոնեզիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակով և համապատասխան երկրների օրենքների և կանոնների համաձայն,

օգտակար համարելով երկկողմ փոխշահավետ համագործակցության օժանդակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների շուրջ տեսակետների կանոնավոր փոխանակման հաստատումը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված I

 

Կողմերը խորհրդակցությունների համար հիմնելու են երկկողմ համաժողով, այսուհետ` Երկկողմ խորհրդակցական համաժողով, որը գումարվելու է հաջորդաբար Ինդոնեզիայում և Հայաստանում` առնվազն երկու (2) տարին մեկ կամ երկու Կողմերին փոխադարձաբար հարմար որևէ ժամկետում` նրանց երկկողմ համագործակցության քննարկման և ընդհանուր շահագրգռվածություն ներկայացնող` տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ տեսակետներ փոխանակելու նպատակով:

 

Հոդված II

 

Կողմերը խրախուսելու են իրենց դիվանագիտական առաքելություններին և հյուպատոսական ծառայություններին, ներառյալ Միավորված ազգերի և այլ միջազգային կազմակերպություններում իրենց մշտական առաքելությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի համաժողովում և մյուս միջազգային համաժողովներում իրենց պատվիրակություններին՝ սերտ համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության և տեսակետների փոխանակումն ապահովելու նպատակով:

 

Հոդված III

 

1. Կողմերը Երկկողմ խորհրդակցական համաժողովի նիստերի շրջանակներում քննարկելու, գնահատելու և օժանդակելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` քաղաքական և անվտանգության, տնտեսական, առևտրի, ներդրումների, պաշտպանության, մշակութային, կրթական, գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական, հյուպատոսական և այլ բնագավառներում իրենց համագործակցության զարգացումը:

2. Կողմերը նաև իրականացնելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` միջազգային և տարածաշրջանային խնդիրների զարգացումների շուրջ տեսակետների փոխանակում և օժանդակելու են տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում իրենց երկկողմ համագործակցությունը:

 

Հոդված IV

 

1. Կողմերը, եթե անհրաժեշտ գտնեն, կարող են Երկկողմ խորհրդակցական համաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խմբեր:

2. Խորհրդակցությունների օրակարգը, ժամկետը և տեղը համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված V

 

1. Երկկողմ խորհրդակցական համաժողովի պատվիրակությունները ղեկավարվելու են համապատասխան Կառավարությունների ղեկավար պաշտոնյաների կողմից, որոնք գործելու են որպես համանախագահներ:

2. Երկու երկրների մյուս նախարարությունների, կառավարական մարմինների, հանրային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչները կարող են մասնակցել որպես պատվիրակության անդամներ:

 

Հոդված VI

 

Կողմերն օժանդակելու են համատեղ գործունեության և ծրագրերի կազմակերպումը և համապատասխան իրականացումը, ինչը կարող է փոխադարձաբար համաձայնեցվել Երկկողմ խորհրդակցական համաժողովի նիստերի ընթացքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև նրանց դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների միջոցով:

 

Հոդված VII

 

Սույն Փոխըմբռնման հուշագրում լրացումներ կամ փոփոխություններ կարող են կատարվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Կողմերի կողմից համաձայնեցված որևէ լրացում կամ փոփոխություն ուժի մեջ կմտնի Կողմերի կողմից որոշված պահից սկսած:

 

Հոդված VIII

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանության կամ իրականացման շուրջ Կողմերի միջև առկա վեճերը պետք է կարգավորվեն բարեկամաբար` խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

Հոդված IX

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթները չեն շոշափում այն միջազգային պայմանագրերը կամ համաձայնագրերը, որոնց Կողմ են Ինդոնեզիայի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետությունը:

 

Հոդված X

 

1. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր կծանուցեն, որ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են:

2. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մնում հինգ (5) տարի ժամկետով և կարող է ինքնաբերաբար երկարաձգվել հաջորդ հինգ (5) տարի ժամկետով, մինչև Կողմերից մեկը վեց (6) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով նախօրոք մյուս Կողմին գրավոր տեղեկացնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Ի վկայություն վերոհիշյալի` իրենց համապատասխան Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Փոխըմբռնման հուշագիրը:

 

Կատարված է Ջակարտայում 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, երկու օրինակով, հայերեն, ինդոնեզերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման շուրջ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. հուլիսի 18-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան