Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Ինկորպորացիա (22.12.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Дата принятия
27.01.2005
Дата вступления в силу
22.12.2005

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Իտալիայի Հանրապետության Կառավարության միջեվ փոքր եվ միջին ձեռնարկությունների համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկանալով հետագայում ամրապնդել և զարգացնել տնտեսական համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու և դրանք զարգացնելու միջոցով,

հիմք ընդունելով հավասարության և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքները,

վստահ լինելով, որ այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի ինչպես արդյունաբերության զարգացման, այնպես էլ Հայաստանի և Իտալիայի միջև կապերի ակտիվացման համար,

կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների սոցիալ-տնտեսական դերը երկու երկրների տնտեսության մեջ,

ընդունելով երկու երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը՝ հիմնված ձեռնարկություններ ստեղծելու և նրանց աջակցելու հարցերում լավագույն փորձի վրա,

նպատակ ունենալով ընդլայնել երկու երկրների միջև արդյունաբերության ոլորտում համագործակցության շրջանակները և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման և նրանցում նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել մասնավոր հատվածը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Փոխըմբռնման հուշագրի սկզբունքները

 

Կողմերն առաջնորդվում են հետևյալ հիմնարար սկզբունքներով.

- անվերապահորեն ղեկավարվել երկու Կողմերի երկրների օրենքներով և այլ իրավական ակտերով.

- փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի աջակցմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում յուրաքանչյուր Կողմի լիարժեք անկախություն.

- հասնել երկկողմ համագործակցության տարբեր ձևերի արդյունաբերության, առևտրի և տնտեսության, գիտության, ներդրումների և այլ ոլորտներում՝ իրավահավասարության, գործընկերության և փոխշահավետության հիման վրա:

 

Հոդված 2

 

Փոխըմբռնման հուշագրի նպատակները

 

Կողմերը համաձայնեցին հետևյալ նպատակների վերաբերյալ.

1. Կողմերի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդում «նոու-հաու»-ի փոխանակման համար՝ փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի քաղաքականությունը զարգացնելու նպատակով.

2. փոքր և միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդում.

3. ծրագրերի, մեխանիզմների և մեթոդների մշակում նոր ձեռնարկությունների ստեղծման և արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների զարգացման/ամրապնդման համար.

4. ձեռնարկությունների տեխնոլոգիական և կառուցվածքային բարելավման նպատակով միջազգային չափանիշներին համապատասխանող հնարավոր գործողությունների և մեխանիզմների մշակում.

5. առանձին աշխարհագրական տարածքներում և/կամ գործունեության ոլորտներում ներդնելու նպատակով հատուկ ծրագրերի մշակում.

6. մարդկային ռեսուրսների և նրանց մասնագիտական հնարավորությունների և հմտությունների բացահայտում և զարգացում.

7. փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը և հնարավորությունների կատարելագործմանը ուղղված ֆինանսական հնարավոր աջակցության բացահայտում.

8. Եվրամիության համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունների բացահայտում՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացմանը:

 

Հոդված 3

 

Կողմերի իրավասու մարմինները

 

Կողմերի իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են սույն Հուշագրի իրականացման համար, հետևյալն են.

հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն,

իտալական կողմից՝ արտադրական գործունեության նախարարություն:

 

Հոդված 4

 

Միջկառավարական հանձնաժողով

 

Փոքր և միջին ձեռնարկությունների հետ համագործակցության ոլորտում համագործակցության նպատակով Կողմերը կստեղծեն իտալա-հայկական միջկառավարական հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով), որը կգործի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու մարմինների ստանձնած պարտավորությունների ներքո:

Հանձնաժողովի համանախագահումը կկատարվի յուրաքանչյուր Կողմից մեկական ներկայացուցչի միջոցով, որը կնշանակվի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու յուրաքանչյուր մարմնի իրավասության ներքո:

Յուրաքանչյուր երկրից Հանձնաժողովում կընդգրկվեն պետական, մասնավոր կամ կիսապետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք կունենան սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելու փորձ: Հանձնաժողովում ընդգրկվող անդամների քանակը կսահմանվի երկու համանախագահողների կողմից՝ ընդունելի ձևով: Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պատասխանատու կլինեն առանձին աշխատանքների համար:

Հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնադրության համաձայն, իսկ նրա նիստերը կգումարվեն հաջորդաբար Իտալիայում և Հայաստանում` տարեկան մեկ անգամ կամ այլ պարբերականությամբ: Հանձնաժողովը հաշվետու կլինի սույն Հուշագրի իրականացման համար պատասխանատու մարմինների իրավասության շրջանակներում, ինչպես նաև կներկայացնի հետագա ժամանակահատվածի աշխատանքային ծրագիր:

Առաջին հաշվետվությունը կներկայացվի, Հանձնաժողովի ստեղծման պահից սկսած, վեց ամսվա ընթացքում:

 

Հոդված 5

 

Միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և գործառույթները

 

Հանձնաժողովը կիրականացնի հետևյալ գործունեությունը.

1. աշխատանքային ծրագրի մանրամասն մշակում.

2. տնտեսական և օրենսդրական փաստարկների, գոյություն ունեցող ծրագրերի վերլուծություն, որոշիչ գործոնների և զարգացման հեռանկարների բացահայտում երկու երկրների պետական և մասնավոր կառույցներում ընդգրկված կողմերի հետ հանդիպումների և սեմինարների միջոցով.

3. տարածաշրջանային և ոլորտային գերակայությունների բացահայտում՝ առանձին ծրագրերի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով.

4. երկու երկրներում տեղական մասնագետների ընտրություն և նրանց ներգրավում զարգացման ընդհանուր գործընթացի մեջ և վերապատրաստման ծրագրերի մշակում/իրականացում սեմինարների, գործնական աշխատանքների, փորձի փոխանակման, աշխատանքային այցելությունների և այլ միջոցառումների միջոցով.

5. զարգացման տեղական ծրագրերի համատեղ մշակման և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման/ամրապնդման նպատակով համապատասխան անձանցից բաղկացած խմբերի ստեղծում (նպատակային խմբեր).

6. փորձնական ծրագրերի իրականացում՝ նպատակաուղղված.

 գործող ձեռնարկությունների և պոտենցիալ գործարարների բացահայտմանը՝ առանձին գործողությունների և ոչ վարձու աշխատանքի հիմնավորման միջոցով,

 գործող ձեռնարկություններից և պոտենցիալ գործարարներից կազմված ընտրված խմբերի (cluster) համար անհատական աջակցության ծրագրերի մշակմանը և իրականացմանը,

 ընկերության հնարավորությունների ստուգմանը և ձեռնարկությունների գործունեության տեխնիկական ու կազմակերպական մակարդակի բարելավման համար դասընթացների կազմակերպմանը,

 երկու երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի համաձայնեցված զարգացմանն ուղղված՝ հայ-իտալական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:

Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ փուլերով՝

 ծրագրի համատեղ մշակում,

 ծրագրի գնահատում և դրա տեխնիկական, տնտեսական և ֆինանսական հիմնավորման մշակում (բիզնես պլանի կազմում),

 աջակցություն ծրագիրը սկսելու և ուսուցում իրականացնելու գործում,

 աջակցություն ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման գործում,

 ծրագրի իրականացման մոնիտորինգ:

7. Իրականացված գործողությունների ու դրանց արդյունքների գնահատում և հետագա հնարավոր գործողությունների սահմանում.

8. Արդյունքների ամփոփում:

 

Հոդված 6

 

Տարաձայնությունների կարգավորում

 

Կողմերի միջև սույն Հուշագրի մեկնաբանման կամ իրականացման հետ կապված որևէ տարաձայնություն կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 7

 

Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելը

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա երեք տարի ժամկետով:

Սույն Հուշագրի գործողությունը կդադարի Կողմերից մեկի` դադարեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս անց:

Սույն Հուշագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ կատարվել, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և կկազմեն սույն Հուշագրի անբաժանելի մասը:

Ի վկայություն վերոշարադրյալի՝ պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Հուշագիրը:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 2005 թ. հունվարի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իտալերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Մեկնաբանման ժամանակ առաջացած որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2005թ. դեկտեմբերի 22-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան