ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ԵՔԴ/0736/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե . ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) և ՀՀ ֆինանսների նախարարի (այսուհետ` Նախարար) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը, ինչպես նաև բռնագանձել Նախարարությունից 22.000.000 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Քաղաքապետը և Նախարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.1. Քաղաքապետի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը, որի կիրառման համար օրենսդիրը սահմանել է նախապայման, այն է` պետք է առկա լինի նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ: Մինչդեռ Դատարանը Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը չէր կարող որակել որպես «միջամտող», քանի որ նշված որոշման կայացման պահին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը դեռևս ընդունված չէր:
Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը: Այսինքն` Դատարանը, կիրառելով նշված հոդվածը, գտել է, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումն ինչ-որ ժամանակահատվածում ունեցել է իրավաբանական ուժ, որից հետո այն դադարել է: Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում նույն հոդվածում առկա «այլևս» բառի վերլուծությունը:
2) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը, 19-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը, 60-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, ոչ իրավաչափ ճանաչելով Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը և հաստատված է համարել, որ նշված որոշումն Ընկերությունն արդեն իսկ կիրառել է, այն է` սկսել է շինարարական աշխատանքները: Մինչդեռ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները և հաշվի չի առել, որ այդ որոշման կայացման պահին որևէ շինարարական աշխատանք դեռևս չի իրականացվել:
Դատարանն անտեսել է, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշմամբ Ընկերության որևէ իրավունք չի սահմանափակվել:
Դատարանն անտեսել է նաև, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ դրույթ այն մասին, որ անհատական իրավական ակտն իրավաբանական ուժ չունի այն դեպքում, երբ նշված ակտում նորմատիվ իրավական ակտին հղում կատարված չէ:
Դատարանը հաշվի չի առել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ Ընկերությունը Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման ընդունումից հետո չի շարունակել իրականացնել իր իրավունքները, որոնք սահմանված էին Քաղաքապետի 06.06.2003 թվականի թիվ 1252-Ա որոշմամբ:
Դատարանը, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, չի մեկնաբանել, թե վճիռ կայացնելիս նշված հոդվածի որ կետով է ղեկավարվել:
Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կիրառման մասով, մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականին թիվ 3-1648(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.12.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը, և այն փոփոխել` հայցը մերժել:
2.2. Նախարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ, 331-րդ, 332-րդ, 344-րդ հոդվածները, 345-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ գլուխը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ, 25-րդ հոդվածի 1-ին, 26-րդ հոդվածի 2-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Ընկերությունն ինքն է հայտնել իր պատրաստակամությունը և համաձայնել է ստանձնել պարտականություններ` «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածի ճանապարհային հանգույցների և կոմունիկացիոն ցանցերի կառուցման համար, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին իրացնել նույն հատվածում գտնվող կարգավիճակը չպարզված շինությունները: Հետևաբար Ընկերությունը գործել է իր սեփական նախաձեռնությամբ և հենց վերջինս էլ կրում է նշված գործունեության բացասական հետևանքները: Բացի այդ, վերոգրյալ շինարարական աշխատանքները կատարելու հիմնական պայմանը Քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՊՓԲԸ-ի մշակած ճարտարագիտական կոմունիկացիոն տեխնիկա-տնտեսական ցուցանիշներն էին, որոնց համապատասխան էլ պետք է իրականացվեին աշխատանքները, ինչից հետո էլ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տված հատակագծային սխեմայի հիման վրա պետք է իրացվեին կարգավիճակը չպարզված շինությունները:
Դատարանն անտեսել է նաև, որ Ընկերությունը հայցադիմումում ոչ մի հիմնավորում չի բերել, թե որ իրավական ակտին է հակասում Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը, և արդյոք առկա է պատճառահետևանքային կապը նշված որոշման և Ըներությանը ենթադրվող պատճառված վնասի միջև: Ավելին, այդ որոշմամբ լուծվել է Ընկերության հայցադիմումում որպես ենթադրվող վնաս ներկայացված Քաղաքապետի 06.06.2003 թվականի թիվ 1252-Ա որոշմանը համապատասխան կատարված աշխատանքների դիմաց փոխհատուցման խնդիրը: Հետևաբար հնարավոր չէ վնաս պատճառել մի ակտով, որն Ընկերության կատարած աշխատանքների` հենց այդ ենթադրվող վնասի փոխհատուցում է նախատեսում:
Ինչ վերաբերում է Ընկերության այն պնդմանը, որ վերջինս Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման մասին չի իրազեկվել, ապա այդ մասով Դատարանն անտեսել է, որ նշված պնդումը խիստ կասկած է առաջացնում: Ավելին, Ընկերությունն իր գործողություններով ապացուցում է հակառակը:
Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները Հայաստանի Հանրապետությունը հատուցում է այն դեպքում, երբ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի ակտը կամ գործողությունը (անգործությունը) չի համապատասխանում օրենքին կամ այլ իրավական ակտին: Այսինքն` նշված ակտը կամ գործողությունը պետք է ճանաչված լինի օրենքին կամ այլ իրավական ակտին հակասող: Բացի այդ, վերոգրյալ հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ պետական մարմնի ակտի կամ գործողության (անգործության) և պատճառված վնասի միջև պետք է առկա լինի պատճառահետևանքային կապ: Մինչդեռ Ընկերությունը նոր է ներկայացրել Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ: Հետևաբար հաշվի առնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածը` անհիմն է ոչ միայն նշված որոշումն օրենքին հակասող լինելու վերաբերյալ պնդումը, այլ նաև այդ որոշմամբ պատճառված վնասի հատուցում պահանջելը, քանի դեռ այն անվավեր չի ճանաչվել:
Դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերությունը հայցադիմումին կից չի ներկայացրել բավարար ապացույցներ, որոնք կհիմնավորեին 22.000.000 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վնասի առկայությունը և չափը: Հետևաբար նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործը քննվում է վարչական դատավարության կարգով, միևնույն է, վնասի առկայության և չափի ապացուցման պարտականությունը երբեք չի կարող դրվել պետական մարմնի վրա:
Բացի այդ, Ընկերության ներկայացրած պահանջները վերաբերում են պարտավորական հարաբերություններին, որոնց նկատմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն, կիրառելի են հայցային վաղեմության ժամկետները: Մինչդեռ Դատարանը, արձանագրելով, որ վարչարարությամբ պատճառված վնասը հատուցելու պահանջների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդհանրապես, այդ թվում` Նախարարության և Քաղաքապետարանի ներկայացուցիչների վկայակոչած հոդվածները` վաղեմության ժամկետի վերաբերյալ, կիրառելի չեն, և ամրագրելով, որ նշված հարաբերությունները կարգավորվում են բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որը մեղքի առկայության, վնաս պատճառած անձի գործողությունների և հասցված վնասի միջև պատճառական կապի, ինչպես նաև պարտավորական հարաբերությունների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում, ուղղակի սխալվել է ոչ միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մեկնաբանության իմաստով, այլ նաև հենց նույն օրենքի բովանդակային և տեքստային առումով: Մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ և 99-րդ հոդվածներն ուղղակի պարունակում են «մեղք» եզրույթը, իսկ այդ օրենքի 15-րդ գլուխն ամբողջությամբ իր ներքին իմաստով բաղկացած է «մեղք», «պարտավորություն» և որպես դրանց հետևանք առաջացող «վնաս» հասկացություններից: Հետևաբար տվյալ դեպքում պատճառական կապը որպես այդպիսին անպայման առկա է, քանի որ հակառակ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ողջ 15-րդ գլուխը պարզապես կիմաստազրկվեր: Նշվածից հետևում է, որ վնասի ինստիտուտն ընդհանուր է բոլոր տեսակի հարաբերությունների համար անկախ դրանց քաղաքացիական, քրեական, տնտեսական, թե վարչական բնույթից, քանի որ դրա հետևանքով վրա է հասնում իրավաբանական միևնույն հետևանքը` վնասը հատուցելու պարտականությունը:
Դատարանը սխալ է ըմբռնել սույն գործի հետ առնչվող Քաղաքապետի անհատական բնույթի վարչական ակտերի գործողության բնույթն ու հասցեականությունն ընդհանրապես, քանի որ նշված ակտերն ուղղակիորեն իրավունքներ և պարտականություններ չեն ստեղծում հանրային գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այլ միայն առաջացնում են դրանք ունենալու իրավաբանորեն ձևակերպված հնարավորություն: Այդ ակտերը հասցեագրված են Քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներին և նրա ենթակայության տակ գործող սուբյեկտներին, որոնց հանձնարարվել է որոշակի իրավական ակտի իրականացման համար քաղաքացիաիրավական բնույթի գործարքներ կնքել ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: Այդ պատճառով էլ ոչ միայն Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա, այլ նաև մյուս որոշումներն իրենց մեջ հղումներ չեն պարունակում ՀՀ օրենքներին կամ այլ իրավական ակտերին: Այսինքն` ոչ մի դեպքում չի կարելի Ընկերության մոտ Քաղաքապետի 06.06.2003 թվականի թիվ 1252-Ա որոշման իրավաչափության նկատմամբ վստահության պաշարը բավականաչափ համարել` «օրինական սպասելիքի» որակմանը վերաբերող Դատարանի արված եզրակացության իմաստով: Մինչդեռ Դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունն ունեցել է «օրինական սպասելիք» նշված որոշման վերաբերյալ, անուշադրության է մատնել «օրինական սպասելիքի» որակման իր իսկ մեկնաբանությունը, որի համաձայն` այդպիսի որակման համար բացակայում է «օրինական սպասելիքի» թերևս ամենակարևոր բաղկացուցիչը` սեփականության իրավունքի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 11.12.2009 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Քաղաքապետի 06.06.2003 թվականի ««Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ին` «Կասկադ» համալիրի ձախակողմյան թաղամասի ճանապարհային հանգույցների և կոմունիկացիոն ցանցերի կառուցապատող ճանաչելու մասին» թիվ 1252-Ա որոշմամբ «Կասկադ» համալիրի ձախակողմյան թաղամասի ճանապարհային հանգույցների և կոմունիկացիոն ցանցերի կառուցապատող է ճանաչվել Ընկերությունը (հատ. 3, գ.թ. 84):
2) Քաղաքապետի 06.06.2003 թվականի ««Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ի կողմից «Կասկադ» թաղամասի ձախակողմյան հատվածում կառուցապատման նպատակով իրացում իրականացնելու հնարավորության մասին» թիվ 1256-Ա որոշմամբ ընդունվել է ի գիտություն, որ Ընկերության կողմից «Կասկադ» թաղամասի ձախակողմյան հատվածում գտնվող, Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագծային սխեմայում ներառված, կարգավիճակը չպարզված շինությունների իրացումից հետո կառուցապատման նպատակով կտրամադրվի հատակագծային սխեմայում ներառված պետական գրանցում չստացած մնացած հողամասերը (հատ. 3, գ.թ. 131):
3) Քաղաքապետի 06.11.2003 թվականի ««Կասկադ» համալիրի ձախակողմյան թաղամասի ճանապարհային և կոմունիկացիոն ցանցերի կառուցման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2148-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Քաղաքապետի 06.06.2003 թվականի ««Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ին` «Կասկադ» համալիրի ձախակողմյան թաղամասի ճանապարհային հանգույցների և կոմունիկացիոն ցանցերի կառուցապատող ճանաչելու մասին» թիվ 1252-Ա որոշումը (հատ. 3, գ.թ. 60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
4.1. Քննելով Քաղաքապետի վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Նշված հոդվածից հետևում է, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, այսինքն` ճանաչման հայցով վիճարկվող միջամտող վարչական ակտը պետք է այլևս չունենա իրավաբանական ուժ, ինչը ենթադրում է, որ այն որևէ ժամանակահատվածում այդպիսին ունեցել է:
Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ որևէ օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտով կամ նույն որոշմամբ նախատեսված չէ: Հետևաբար նշված որոշումն ուժի մեջ պետք է մտներ Ընկերությանը հանձնելու հաջորդ օրվանից: Մինչդեռ այդ որոշումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Ընկերությանը չի հանձնվել: Այսինքն` այն չի կարող համարվել ուժի մեջ մտած, հետևաբար նաև իրավաբանական ուժ ունեցող:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման ուժի մեջ մտած չլինելու, հետևաբար նաև իրավաբանական ուժ չունենալու վերաբերյալ հանգելով միանգամայն ճիշտ եզրահանգման, այնուամենայնիվ անտեսել է այն հանգամանքը, որ նման պայմաններում Ընկերությունը չէր կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի շրջանակներում դիմել ՀՀ վարչական դատարան և ակնկալել իր պահանջի բավարարում, քանի որ ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել միայն այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը: Այսինքն` նշված վարչական ակտը որևէ ժամանակահատվածում պետք է ունեցած լիներ իրավաբանական ուժ, որից հետո ճանաչվեր ուժը կորցրած: Մինչդեռ սույն գործով Դատարանը հաստատված է համարել, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Ընկերությանը չի հանձնվել, հետևաբար նաև ուժի մեջ չի մտել: Այսինքն` Դատարանը հաստատված է համարել, որ այդ որոշումը երբևէ իրավաբանական ուժ չի ունեցել: Ուստի տվյալ դեպքում այն ոչ իրավաչափ ճանաչելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որևէ իրավական հիմք առկա չէ:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ Դատարանը Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը չէր կարող որակել որպես միջամտող, քանի որ դրա կայացման պահին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի գործել, ապա Վճռաբեկ դատարանը նշված պատճառաբանությունն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե նույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով:
Վերոնշյալից հետևում է, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դրա ուժը կորցրած ճանաչվելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 18.02.2004 թվականին, այսինքն` նշված որոշման ընդունումից հետո, և այն արդեն իսկ ավարտված վարչական վարույթի մասով հետադարձ ուժ ունենալու մասին որևէ դրույթ չի պարունակում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը ղեկավարվել է ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, այլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի դրույթներով, իսկ նշված նորմերի կիրառելիությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշումը վիճարկվում է գործի քննության պահին և այդ որոշումն ամբողջովին համապատասխանում է միջամտող վարչական ակտին տրվող բնութագրմանը, քանի որ այն պարունակում է Ընկերության իրավական վիճակը վատթարացնող դրույթ, այն է` զրկում է նախկինում տրամադրված կառուցապատման իրավունքից, այսինքն` միջամտում է Ընկերության իրավունքների իրականացմանը:
2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ Քաղաքապետի 06.11.2003 թվականի թիվ 2148-Ա որոշման ուժի մեջ մտած չլինելու, հետևաբար նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի շրջանակներում դրա վիճարկման հնարավորության բացակայության պայմաններում նշված հիմքում բերված փաստարկները սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:
4.2. Քննելով Նախարարի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` նույն բաժնի դրույթներին համապատասխան:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմնի իրականացրած վարչարարության հետևանքով անձին պատճառված վնասի հատուցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնի նորմերով:
Սույն գործով Դատարանը վնասը հատուցելու պահանջի մասով պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է վնասների հատուցման հարցերը քաղաքացիական իրավահարաբերություններում: Մինչդեռ տվյալ դեպքում առկա է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ, որը կարգավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով: Հետևաբար նաև վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառելի չեն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ սույն գործով Ընկերության ներկայացրած վնասի հատուցման պահանջը վերաբերում է բացառապես վարչարարության հետևանքով պատճառված վնասին, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնի ուժով չի կարող նույնացվել քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում առաջացող վնասին:
Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում: Բացի այդ, Դատարանի կողմից Ընկերության ներկայացրած վնասի հատուցման պահանջի մերժման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար նույնպես չունեն որևէ իրավական նշանակություն:
Այսպիսով, Քաղաքապետի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.12.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը, և այդ մասով այն փոփոխել. «Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ: ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքը մերժել:
2. «Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:
3. «Սիլվի Շաքար Կոնցեռն» ՓԲԸ-ից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
4. ՀՀ ֆինանսների նախարարի վճռաբեկ բողոքի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
|
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |