ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ |
ԵԿԴ/0345/01/09 |
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան | |
Դատավորներ՝ Ա. Դանիելյան |
Մ. Պետրոսյան |
նախագահությամբ |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
|
2010 թվականի օգոստոսի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդան Վահրիչի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում 2009 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է թիվ 15106009 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Վարդան Վահրիչի Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
2. 2009 թվականի դեկտեմբերի 29-ին Վ.Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Վ.Աղաջանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է՝ բեկանել է Վ.Աղաջանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճիռը, Վ.Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտել տուգանքի 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Աղաջանյանը:
2010 թվականի հունիսի 4-ին Վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Վ.Աղաջանյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի օգոստոսի 31-ին ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ:
6. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Վ.Աղաջանյանը 2009 թվականի օգոստոսի 30-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի 15/2 տաղավարից վերավաճառելու նպատակով ձեռք է բերել առանց սահմանափակման վաճառքի ներկայացված քաղաքացիական շեղբավոր սառը զենքի շարքին դասվող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ինչը հաջորդ օրը Երևան քաղաքի Բայրոն-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, ձեռքին պահած ցուցադրելով, ցանկացել է վաճառել անցորդներին, սակայն չի կարողացել, քանի որ ոստիկանության աշխատակցի կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին:
Առաջին ատյանի դատարանը նաև գտել է, որ Վ.Աղաջանյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի հանցակազմը, և վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում Վ.Աղաջանյանի դիտավորությունն ուղղված չի եղել սառը զենք կրելուն: Նա չի գիտակցել իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, չի նախատեսել հանրության համար դրա վտանգավոր հետևաքները և չի ցանկացել դրանց վրա հասնելը (տե´ս քրեական գործ, էջ 108):
7. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ ամբաստանյալ Վ.Աղաջանյանը, թեկուզև վաճառելու նպատակով ձեռքին պահելով որսորդական դանակը, ապօրինի կրել է այն, բացի այդ, ամբաստանյալը գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքները և ցանկացել դրանց վրա հասնելը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ այն հանգամանքը, որ ամբաստանյալը չի իմացել, որ վաճառակետում ազատ վաճառվող դանակները կարող են սառը զենք հանդիսանալ, վերջինիս չի ազատում պատասխանատվությունից, քանի որ օրենքի չիմացությունն անձին չի ազատում պատասխանատվությունից (տե´ս քրեական գործ, էջեր 154-155):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշում է, որ իր դիտավորությունն ուղղված չի եղել սառը զենք կրելու: Ինքը դանակը ձեռք է բերել հասարակական վայրում առանց սահմանափակումների ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի վաճառակետից և, վերավաճառելու նպատակով ձեռքին պահելով, չի գիտակցել և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը: Այսինքն` իրեն մեղսագրված արարքը կատարել է առանց մեղքի, և հետևաբար, իր արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմը:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու հանցակազմը
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. մեղքի ի՞նչ ձևով է կատարվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը) արգելված արարքը և որակման առումով որևէ նշանակություն ունի՞ արդյոք գազային, սառը կամ նետողական զենքի ձեռքբերման աղբյուրը:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որպես հանցանք նախատեսված է ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն`
«1. Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
2. Անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով»:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի` «Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի` հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա»:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավանորմի վերլուծությունից երևում է, որ մեղքի դիտավորյալ ձևի առկայության համար (inter alia) անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների համաժամանակյա առկայությունը.
ա) անձը պետք է գիտակցի իր կողմից գազային, սառը կամ նետողական զենք կրելու փաստը, ինչպես նաև դրա հանրային վտանգավորությունը,
բ) գազային, սառը կամ նետողական զենքը կրի իր ցանկությամբ (կամքով), այլ ոչ թե անկախ իր ցանկությունից կամ հակառակ իր ցանկության:
Ընդ որում, դիտավորության առկայության համար անհրաժեշտ չէ, որ անձը գիտակցի իր արարքի հակաօրինականությունը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված լինելու փաստը:
13. Սույն որոշման նախորդ կետում առկա վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածով արգելված արարքի համար քրեական պատասխանատվությունը չի կապվում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, և հանցանքը համարվում է ավարտված ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենքը կրելու պահից: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնը: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով արգելված՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու արարքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ:
14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով արգելված արարքը, այն է՝ ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը ենթադրում է մեղքի դիտավորյալ ձևի առկայություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու առումով որևէ նշանակություն չունի, թե անձն այդ զենքը գնել է հանրային առևտրի վայրից, գտել է, նվեր է ստացել կամ ձեռք է բերել ցանկացած այլ եղանակով: Այլ կերպ ասած, արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար զենքի ձեռքբերման աղբյուրը որևէ նշանակություն չունի:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Վ.Աղաջանյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնից վերավաճառելու նպատակով ձեռք է բերել սառը զենք համարվող որսորդական դանակ, ինչը հաջորդ օրը, ձեռքին պահած ցուցադրելով, ցանկացել է վաճառել անցորդներին:
Վ.Աղաջանյանի արարքի որակման կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նրա գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի հանցակազմը, քանի որ նրա դիտավորությունն ուղղված չի եղել սառը զենք կրելուն (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):
Բեկանելով առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վ.Աղաջանյանը, թեկուզև վաճառելու նպատակով ձեռքին պահելով որսորդական դանակը, ապօրինի կրել է այն, բացի այդ, նա գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքները և ցանկացել դրանց վրա հասնելը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
16. Վճռաբեկ դատարանը, սույն գործով հաստատված փաստերի հիման վրա, գտնում է, որ Վ.Աղաջանյանը գիտակցել է իր կողմից սառը զենք կրելու փաստը, ինչպես նաև դրա հանրային վտանգավորությունը, և սառը զենքը կրել է իր ցանկությամբ (կամքով), այլ ոչ թե անկախ իր ցանկությունից կամ հակառակ իր ցանկության: Իսկ այն հանգամանքը, որ Վ.Աղաջանյանը վերոնշյալ սառը զենքը ձեռք է բերել «Սուրմալու» առևտրի կենտրոնից, որևէ նշանակություն չունի նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար:
II. Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով ձեռք բերված ապացույցների գնահատումը
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատե՞լ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով նախատեսված՝ ապացույցների գնահատման կանոնների պահպանմամբ:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով oրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ oբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում հայտնել այն մասին, որ «Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: (…)» (տե´ս Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ ամբաստանյալ Վ.Աղաջանյանը, թեկուզև վաճառելու նպատակով ձեռքին պահելով որսորդական դանակը, ապօրինի կրել է այն, բացի այդ, ամբաստանյալը գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքները և ցանկացել դրանց վրա հասնելը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ այն հանգամանքը, որ ամբաստանյալը չի իմացել, որ վաճառակետում ազատ վաճառվող դանակները կարող են սառը զենք հանդիսանալ, վերջինին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ օրենքի չիմացությունն անձին չի ազատում պատասխանատվությունից (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ հետևությունը վերջինիս կողմից սույն գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունք է: Դատարանի կողմից ապացույցների գնահատումը, ինչպես նշվել է սույն որոշման 18-րդ կետում և համապատասխանաբար նաև Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ, կատարվում է մտավոր, տրամաբանական գործունեության արդյունքում ձևավորված ներքին համոզման հիման վրա:
20. Հետևաբար, հիմք ընդունելով սույն որոշման 18-19-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով նախատեսված՝ ապացույցների գնահատման կանոնների պահպանմամբ, ինչի արդյունքում ամբաստանյալ Վ.Աղաջանյանի արարքն իրավամբ որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերով նյութական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
21. Սույն գործով բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելու նպատակը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառում ապահովելու սահմանադրական գործառույթի իրացումն է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վարդան Վահրիչի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի ապրիլի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |