Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
29.10.2010
Дата вступления в силу
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1641/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1641/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

Գ. Մատինյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

  

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ «Կարեն-Z» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Գագիկ Ղազարյանի, երրորդ անձ Անահիտ Ավետիսյանի` պայմանագրերը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է վաղաժամկետ լուծել Ընկերության հետ կնքված 21.12.2007 թվականի թիվ DG07/00053, 21.12.2007 թվականի թիվ DG07/00052, 20.06.2008 թվականի թիվ CA08/00022, 29.09.2008 թվականի թիվ CA08/00043 վարկային պայմանագրերը և 29.09.2008 թվականի թիվ LA08/00027 վարկային գծի պայմանագիրը, բռնագանձել Ընկերությունից և Գագիկ Ղազարյանից համապարտության կարգով 23.447.700,50 ՀՀ դրամ և 323.270,36 ԱՄՆ դոլար, ինչպես նաև տրամադրված դրամային վարկի մնացորդի` 21.183.513,20 ՀՀ դրամի և դոլարային վարկի մնացորդի` 292.741,12 ԱՄՆ դոլարի վրա հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները և վճարված պետական տուրքը։

Բանկը հետագայում հայցի` Գագիկ Ղազարյանի մասից հրաժարվել է:

Բանկը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է վաղաժամկետ լուծել Ընկերության և Բանկի միջև կնքված 21.12.2007 թվականի թիվ DG07/00053, 21.12.2007 թվականի թիվ DG07/00052, 20.06.2008 թվականի թիվ CA08/00022, 29.09.2008 թվականի թիվ CA08/00043 վարկային պայմանագրերը և 29.09.2008 թվականի թիվ LA08/00027 վարկային գծի պայմանագիրը, բռնագանձել Ընկերությունից համապարտության կարգով 30.827.334,60 ՀՀ դրամ և 424.003,04 ԱՄՆ դոլար, վճարված 20.000 ՀՀ դրամ և 2.875.960,4 ՀՀ դրամ պետական տուրքը, տրամադրված դրամային վարկի մնացորդի` 21.183.513,20 ՀՀ դրամի և դոլարային վարկի մնացորդի` 292.741,12 ԱՄՆ դոլարի վրա 15.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև բռնագանձումը տարածել երրորդ անձ Անահիտ Ավետիսյանին պատկանող գրավադրված` Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի և պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է լուծել Ընկերության և Բանկի միջև կնքված 21.12.2007 թվականի թիվ DG07/00053, 21.12.2007 թվականի թիվ DG07/00052, 20.06.2008 թվականի թիվ CA08/00022, 29.09.2008 թվականի թիվ CA08/00043 և 29.09.2008 թվականի թիվ LA08/00027 վարկային պայմանագրերը, Ընկերությունից բռնագանձել 23.447.700,50 ՀՀ դրամ և 323.270,36 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 26.803 ԱՄՆ դոլար և 1.861.157 ՀՀ դրամ` որպես 14.08.2009 թվականից սկսած մինչև 20.02.2010 թվականը հաշվարկված պայմանագրային տոկոսներ, պայմանագրային տոկոսների հաշվարկը շարունակել մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, վարկի մնացորդի` 21.183.513,20 ՀՀ դրամի և 292.741,12 ԱՄՆ դոլարի նկատմամբ, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած` հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, նախապես վճարված 2.895.960,4 ՀՀ դրամ պետական տուրքը, ինչպես նաև բռնագանձումը տարածել գրավի առարկա Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի և Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա։ Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.06.2010 թվականի որոշմամբ Անահիտ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը Դատարանի 01.03.2010 թվականի վճռի` բռնագանձումը գրավի առարկա Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու մասը մերժվել է, և Դատարանի 01.03.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Ավետիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 42-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ, 35-րդ, 78-րդ, 79-րդ և 87-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Բանկը 20.11.2009 թվականի թիվ 3413 միջնորդությամբ լրացրել է հայցի հիմքը և առարկան ու սույն քաղաքացիական գործով պատասխանող չհամարվող երրորդ անձ Անահիտ Ավետիսյանի նկատմամբ ներկայացրել է պահանջ, որի վերաբերյալ Դատարանը երրորդ անձ Անահիտ Ավետիսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել, գործը քննել է նրա բացակայությամբ և վճիռ է կայացրել Անահիտ Ավետիսյանին պատկանող Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին, որոնց արդյունքում Անահիտ Ավետիսյանին զրկել է փոփոխված հայցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու դատավարական հնարավորությունից:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.06.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցի` բռնագանձումը գրավի առարկա Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի վրա տարածելու մասը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Բանկը 20.11.2009 թվականին հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին թիվ 3413 միջնորդությամբ պահանջել է վաղաժամկետ լուծել Ընկերության և Բանկի միջև կնքված 21.12.2007 թվականի թիվ DG07/00053, 21.12.2007 թվականի թիվ DG07/00052, 20.06.2008 թվականի թիվ CA08/00022, 29.09.2008 թվականի թիվ CA08/00043 վարկային պայմանագրերը և 29.09.2008 թվականի թիվ LA08/00027 վարկային գծի պայմանագիրը, բռնագանձել Ընկերությունից համապարտության կարգով 30.827.334,60 ՀՀ դրամ և 424.003,04 ԱՄՆ դոլար, վճարված 20.000 ՀՀ դրամ և 2.875.960,4 ՀՀ դրամ պետական տուրքը, տրամադրված դրամային վարկի մնացորդի` 21.183.513,20 ՀՀ դրամի և դոլարային վարկի մնացորդի` 292.741,12 ԱՄՆ դոլարի վրա 15.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև բռնագանձումը տարածել երրորդ անձ Անահիտ Ավետիսյանին պատկանող գրավադրված Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող անշարժ գույքի և պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ.96-97)։

2. Դատարանը Բանկի կողմից 20.11.2009 թվականին հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին թիվ 3413 միջնորդությունը ուղարկել է միայն Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ.102-104)։

3. 27.11.2009 թվականի դատական ծանուցագրով Անահիտ Ավետիսյանը տեղեկացվել է ըստ Բանկի հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Անահիտ Ավետիսյանի` պայմանագրերը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով 16.12.2009 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին (հատոր 1-ին, գ.թ. 111-113)։

4. 10.12.2009 թվականին Դատարանին հասցեագրված դիմումով Անահիտ Ավետիսյանը խնդրել է գործը քննել իր բացակայությամբ` որպես երրորդ անձ իր դեմ ուղղված հայացապահանջ առկա չլինելու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 114)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Անահիտ Ավետիսյանը և Գագիկ Ղազարյանն ամուսիններ են և Բանկի կողմից Դատարան ներկայացված` հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին միջնորդությունն ուղարկվել է նրանց բնակության վայրի հասցեով, որը ստացել են:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Բանկի կողմից 20.11.2009 թվականին ներկայացված հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին թիվ 3413 միջնորդությամբ պահանջ է ներկայացվել նաև երրորդ անձ Անահիտ Ավետիսյանի նկատմամբ, որին Դատարանը հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին նշված միջնորդությունը պատշաճ ձևով չի ուղարկել: Ավելին, երրորդ անձ Անահիտ Ավետիսյանին հասցեագրված դատական նիստի ծանուցագրերում ևս առկա չէ վերջինիս նկատմամբ Բանկի կողմից պահանջ ներկայացված լինելու մասին որևէ նշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը (տես` ըստ Հրիտա Հակոբյանի հայցի ընդդեմ Հենրիկ և Սյուզաննա Հարությունյանների, Կենտրոն նոտարական տարածքի նոտարի` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, ինչպես նաև ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ ԵԷԴ/0272/02/08 որոշումը):

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը երրորդ անձ Անահիտ Ավետիսյանի դեմ ներկայացված պահանջը բավարարել է` նրան չընդգրկելով որպես պատասխանող: Ավելին, Դատարանը հնարավորություն չի տվել Անահիտ Ավետիսյանին ծանոթանալու Բանկի կողմից 20.11.2009 թվականին ներկայացված հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին թիվ 3413 միջնորդությանը, և օգտվել երկշաբաթյա ժամկետում փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, և Դատարանը պարտավոր էր Անահիտ Ավետիսյանին ուղարկել Բանկի կողմից ներկայացված հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին միջնորդությունը և վերջինիս հնարավորություն ընձեռել օգտվելու երկշաբաթյա ժամկետում փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ