«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 339-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 318-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. դեկտեմբերի 24 |
Հավելված
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) բանկը լուծարելու մասին բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված որոշումը,
2) բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ` բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,
3) բանկի լուծարման հիմնավորումները,
4) բանկի ակտիվների վաճառքի ու պարտավորությունների մարման (փոխհատուցման) հնարավոր տարբերակների նկարագրությունը, նվազագույն ծախսերի տեսանկյունից նախընտրելի տարբերակը (least cօst/ լիսթ քոսթ վերլուծություն),
5) բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գույքագրման և գնահատման արդյունքները,
6) բանկի կողմից խոշոր (բանկի ակտիվների 10%-ը գերազանցող) ակտիվների գնահատված փոխհատուցվող գումարները` դրամական միջոցների զուտ հոսքերի կանխատեսումների, զեղչման դրույքների, ընթացիկ տնտեսական իրավիճակի և գործիքին հատուկ ռիսկերի վերաբերյալ պատճառաբանված դատողությունների հիմնավորմամբ,
7) ընթացիկ և սպասվող դատական գործերի վերաբերյալ տեղեկանք, բանկի վրա դրանց ազդեցության գնահատումը (օրինակ` հնարավոր ծախսեր, բանկի ակտիվների կալանք և այլն),
8) բանկում կամ բանկի ստանձնած պարտավորությունների դիմաց գրավադրված առարկաների ցանկը, նկարագիրը, գնահատված գինը, տրամադրված բանկային երաշխիքները, ինչպես նաև այլ պատճառներով սառեցված ակտիվների ցանկը,
9) այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ (օրինակ` արդյոք բանկի դուստր կազմակերպությունը պետք է լուծարվի բանկի հետ միասին և այլն),
10) բանկի մասնակիցների (բաժնետերերի) կողմից տրվող երաշխիքներ (եթե այդպիսիք կան)` բանկի պարտավորությունները մարելու համար միջոցների անբավարարության դեպքում իրենց սեփական միջոցների հաշվին այդ պարտավորությունները մարելու համար,
11) անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված բանկի վերջին միջանկյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) լուծարման թույլտվություն ստանալու հայտ` բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,
2) բանկի լուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված որոշումը և ժողովի արձանագրությունը, այդ թվում` քվեարկության արդյունքները,
3) բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունված բանկի լուծարման նախագիծը, որը մասնավորապես պետք է ներառի.
ա. լուծարման նվազագույն և առավելագույն ժամկետները,
բ. իրականացվելիք միջոցառումները և գործողությունները, դրանց իրականացման ժամանակացույցը,
գ. պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո (նախնական համաձայնություն ստանալուց հետո մինչև լուծարման թույլտվություն ստանալու փուլը) մնացած միջոցները բանկի մասնակիցների միջև բաշխելու կարգը,
դ. լուծարային հանձնաժողովի կազմը,
ե. լուծարային հանձնաժողովի լիազորությունները և պարտականությունները,
զ. լուծարային հանձնաժողովի ամսական վարձատրության չափը և ծախսերի ամսական սահմանաչափերը,
է. լուծարային հանձնաժողովի աշխատակարգը և նիստերի անցկացման, որոշումների ընդունման կարգը,
ը. լուծարման ընթացքում բանկի կառավարման կարգը, բանկի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիոնալ պարտականությունները,
թ. լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցման կարգը,
4) 1-ին կետի 3-9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե բանկի ղեկավարության կարծիքով դրանցում տեղի է ունեցել նշանակալի փոփոխություն,
5) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկանք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2018, թիվ 11-Ն | 17.03.2018, թիվ 339-Ն | |
25.10.2011, թիվ 289-Ն | 29.12.2011, թիվ 339-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|