Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (24.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
22.11.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
22.11.2019
Дата вступления в силу
24.05.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

նպատակ ունենալով ստեղծել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման պայմաններ,

նպատակ ունենալով ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ՝ ուղղված Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնությունների իրականացման ոլորտում արդյունավետ միջոցառումների մշակման նպատակներով անդամ պետությունների համար մրցունակ առավելությունների ստեղծմանը և դրանց փոխգործակցությանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

տարրալուծում՝ այն մետաղի և դրա ձուլվածքի քիմիական կազմի որոշումը, որոնցից պատրաստված է արտադրատեսակը, այդ թվում՝ այդ արտադրատեսակի քայքայումը նախատեսող մեթոդների կիրառմամբ.

թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ)՝ խառնուրդներից և ուղեկցող քիմիական տարրերից կորզված թանկարժեք մետաղների մաքրման գործընթաց՝ թանկարժեք մետաղի պարունակությունը հասցնելով այնպիսի արժեքների, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին և (կամ) անդամ պետությունների պետական (ազգային) ստանդարտներին և (կամ) անդամ պետությունների տարածքում գործող տեխնիկական պայմաններին և (կամ) Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) և Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից ընդունված որակի միջազգային ստանդարտներին.

թանկարժեք քարերի արդյունահանում՝ արմատական, ցրոնային և տեխնածին հանքավայրերից թանկարժեք քարերի կորզումը, ինչպես նաև թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումը.

թանկարժեք մետաղների արդյունահանում՝ արմատական (հանքաքարային), ցրոնային և տեխնածին հանքավայրերից թանկարժեք մետաղների կորզումը՝ թանկարժեք մետաղներ պարունակող խտանյութերի և այլ կիսամթերքների ստացմամբ.

թանկարժեք քարեր՝ բնական ալմաստներ, զմրուխտներ, սուտակներ, շափյուղաներ և ալեքսանդրիտներ, ինչպես նաև բնական մարգարիտ՝ չմշակված (բնական) և մշակված տեսքով, սաթի հազվագյուտ գոյացություններ: Թանկարժեք քարերի բնութագրեր (առանձնահատկություններ) ունեցող արհեստական ծագմամբ նյութերը չեն կարող դասվել թանկարժեք քարերի շարքին.

թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում և օսմիում), որոնք կարող են լինել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորներով և զտարկված), ինչպես նաև հումքի մեջ, համաձուլվածքներում, կիսաֆաբրիկատներում, արդյունաբերական արտադրանքներում, քիմիական միացություններում, արտադրանքի (արտադրատեսակների) մեջ, ինչպես նաև ոսկերչական և այլ իրերում, մետաղադրամներում, ջարդոնի և թափոնների մեջ.

անվանանիշ՝ արտադրողի նշանը, որի դրոշմվածքը դրվում է արտադրված ոսկերչական և այլ իրերի վրա.

թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կիրառումն արտադրական, ֆինանսական, գիտական և սոցիալ-մշակութային նպատակներով.

հանքային հումք՝ արմատական հանքավայրերի խորքից արդյունահանված և թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարեր, ցրոնային հանքավայրերի ավազներ, տեխնածին հանքավայրերի հանքաքարեր և ավազներ, խտանյութեր, սղկվածքային (շլիխային) ոսկի և պլատին, «Դորե» համաձուլվածք, կաթոդային մետաղ և ցինկի նստվածքներ, ինչպես նաև արդյունաբերական եղանակով կորզվող՝ թանկարժեք մետաղներ պարունակող բազմամետաղային (համալիր) հանքաքարեր.

հարգադրոշմում՝ ոսկերչական և այլ իրերի վրա հարգադրոշմի դրոշմվածք դնելը.

թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ՝ ոչ պիտանի դարձած կամ իրենց սպառողական հատկությունները և (կամ) գործառական նշանակությունը կորցրած թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից, դրանց մասերից պատրաստված արտադրանք (արտադրատեսակներ), այդպիսի արտադրանք (արտադրատեսակ) արտադրելու ընթացքում առաջացած անուղղելի խոտան, ինչպես նաև թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) սպառման ընթացքում առաջացած և հիմնականում թանկարժեք մետաղների կորզման համար օգտագործվող՝ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների մնացորդներ.

թանկարժեք քարերի մշակում՝ մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ այլ ազդեցություն թանկարժեք մետաղների վրա՝ դրանց ֆիզիկական վիճակը (ձևը, գույնը, որակը) փոխելու նպատակով: Մշակումը ներառում է ինչպես տարբեր նպատակներով կիսաֆաբրիկատների և թանկարժեք քարերից պատրաստի արտադրատեսակների արտադրությունը, այնպես էլ դրանց ազնվացումը.

հարգորոշում՝ ոսկերչական և այլ իրերի մեջ թանկարժեք մետաղների համաձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում.

թանկարժեք քարերի թափոններ՝ թանկարժեք քարերի կոտրվածքների, բեկորների տեսքով մնացորդները, որոնք առաջացել են թանկարժեք քարերի մշակման, ոսկերչական և այլ արտադրատեսակների, տեխնիկական նշանակության արտադրատեսակների պատրաստման և օգտագործման ժամանակ ու չեն կարող օգտագործվել նշված արտադրատեսակների պատրաստման համար.

հարգ՝ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային մասի քանակական պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար զանգվածային մասում.

հարգադրոշմ՝ թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ իրերի վրա զետեղվող և այդպիսի իրի մեջ պարունակվող թանկարժեք մետաղի հարգը հավաստող՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան.

թանկարժեք մետաղների արտադրություն՝ թանկարժեք մետաղներ պարունակող՝ արդյունահանված համալիր հանքաքարերից, խտանյութերից և այլ կիսամթերքներից, թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնից և թափոններից թանկարժեք մետաղների կորզումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների զտարկումը.

ռեկուպերացված (վերաօգտագործված) թանկարժեք քարեր՝ բանեցված կամ այլ պատճառներով շահագործումից հանված գործիքներից և տեխնիկական նշանակության այլ արտադրատեսակներից կորզված թանկարժեք քարեր.

արդյունահանման սուբյեկտներ՝ թանկարժեք մետաղների արդյունահանում իրականացնող կազմակերպություններ այն անդամ պետության տարածքում, որի ռեզիդենտ են.

ոսկերչական և այլ իրեր՝ թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից պատրաստված և հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով սահմանված նվազագույն հարգերից ոչ ցածր հարգ ունեցող իրեր, այդ թվում՝ դեկորատիվ մշակման տարբեր տեսակների օգտագործմամբ պատրաստված, թանկարժեք քարերից, բնական կամ ոչ բնական ծագման այլ նյութերից ներդիրներով կամ առանց դրանց օգտագործման՝ բացառությամբ թողարկված (այդ թվում՝ շրջանառությունից հանված) մետաղադրամների և պետական պարգևների, կամ դեկորատիվ մշակման տարբեր տեսակների օգտագործմամբ բնական կամ ոչ բնական ծագման նյութերից պատրաստված, թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից ներդիրներով իրեր.

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունները և տարածվում են իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր)՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների վրա:

2. Սույն համաձայնագրի նպատակներով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ ասելով հասկացվում է՝

ա) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների փոխանցման հետ կապված գործողությունները (թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն), այդ թվում՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը որպես գրավի առարկա օգտագործելը.

բ) թանկարժեք մետաղների արդյունահանման, արտադրության, թանկարժեք քարերի արդյունահանման, հաջորդող մշակման (վերամշակման) և թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործման ժամանակ ցանկացած նյութի ու հումքի մեջ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխությունը.

գ) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով, ինչպես նաև Միության մաքսային տարածքով (այդ թվում՝ պահպանման վայրեր, ֆոնդեր և պահուստներ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի փոխադրումը) Միության ապրանքներ համարվող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տեղափոխումը, դրանց պահպանումը և ցուցադրումը.

դ) Միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ներմուծումն ու Միության մաքսային տարածքից դրանց արտահանումը՝ Միության իրավունքը կազմող ակտերով սահմանված կարգով:

3. Սույն համաձայնագիրը չի կիրառվում հետևյալ գործառնությունների նկատմամբ.

ա) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անձնական, ընտանեկան, տնային օգտագործման կամ ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող՝ այլ օգտագործման համար նախատեսված ոսկերչական և այլ իրերի իրացում: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.

բ) ֆիզիկական անձանց միջև ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող նպատակներով ոսկերչական և այլ իրերի, ինչպես նաև երեսակված թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.

գ) ոսկերչական և այլ իրերի պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ: Թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրերի պատրաստման համար ոչ պիտանիների շարքին դասելն իրականացվում է սույն համաձայնագրի թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով.

դ) իրենց կազմում թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր ունեցող սարքերի, գործիքների և սարքավորումների հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են.

ե) Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտահանման և դրանց՝ այդպիսի պետությունների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծման հետ կապված գործառնություններ.

զ) անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հանքային հումքի հետ կապված գործառնություններ: Այդպիսի գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք կատարվում են:

 

Հոդված 3

 

Անդամ պետություններում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արդյունահանումն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է համապատասխան արդյունահանումը:

 

Հոդված 4

 

1. Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստվող արտադրանքների (արտադրատեսակների) արտադրությունը, թանկարժեք քարերի մշակումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործումն ու շրջանառությունն իրականացվում է համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

ա) թանկարժեք մետաղներ արտադրող, թանկարժեք քարեր մշակող, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող, արտադրական նպատակներով, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում թանկարժեք մետաղներ օգտագործող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է հատուկ հաշվառման (հաշվառման) կանգնեն (պետք է գրանցված լինեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որի վարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից), և (կամ) ունենան թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունք տվող հատուկ թույլտվություն (լիցենզիա).

բ) թանկարժեք մետաղներ արդյունահանող, հանքային հումք իրացնող կամ հանքային հումքից, հանքային հումքի վերամշակման արգասիքներից և թափոններից (բացառությամբ զտարկման ոչ ենթակա բնակտորների և թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորների) թանկարժեք մետաղներ արտադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են անհրաժեշտ վերամշակումից հետո իրականացնել հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ինքնուրույն անցկացնել թանկարժեք մետաղների զտարկում այն դեպքում, երբ նրանք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.

պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա հանքային հումքը, հանքային հումքի վերամշակման արգասիքները և թափոններն ուղարկել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան զտարկման տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություն.

անդամ պետությունների տարածքներում մինչև զտարկումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կատարել գործառնություններ՝ մինչև զտարկումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարելու կարգին համապատասխան՝ սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն.

Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված կարգով Միության մաքսային տարածքից արտահանել հանքային հումքը, հանքային հումքի վերամշակման արգասիքները և թափոնները:

Թանկարժեք մետաղների բնակտորները զտարկման ոչ ենթակա բնակտորների ցանկին դասելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից.

գ) մինչև զտարկումը հանքային հումքի և (կամ) չմշակված թանկարժեք քարերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև դրանք որպես գրավի առարկա օգտագործելու հետ կապված գործարքները ենթակա են հաշվառման: Այդպիսի գործարքների հաշվառման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ:

2. Թանկարժեք մետաղների զտարկումը չի հանգեցնում թանկարժեք մետաղների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, եթե պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով սեփականության իրավունքի այդպիսի փոխանցում նախատեսված չէ, և եթե դա չի հակասում այն անդամ պետության օրենսդրությանը, որի տարածքում գրանցված են հանքային հումքը կամ դրա վերամշակման արգասիքները և թափոնները զտարկման համար հանձնած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել՝

ա) պետության և (կամ) կազմակերպության՝ թանկարժեք մետաղների զտարկման, ոսկեարժութային ակտիվների (պաշարների, պահուստների) և (կամ) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի այլ պետական ֆոնդերի համալրման նպատակներով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ձեռքբերման նախապատվության իրավունք.

բ) պահանջներ և պայմաններ, որոնք վերաբերում են թանկարժեք մետաղների արտադրությանը, այդ թվում՝ այդ անդամ պետության տարածքում արդյունահանված հանքային հումքից կորզված թանկարժեք մետաղների զտարկմանն այդ անդամ պետության այն կազմակերպություններում, որոնք իրենց օրենսդրությանը համապատասխան ունեն տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք.

գ) պետական կարիքների համար պետական պատվերով թանկարժեք մետաղների, այդ թվում՝ թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների ու թանկարժեք քարերի մատակարարում:

4. Անդամ պետության օրենսդրությամբ, որի կազմակերպություններում կատարվել է մյուս անդամ պետության տարածքում արդյունահանված հանքային հումքի վերամշակում կամ զտարկում, չեն կարող սահմանվել խտրական նորմեր և այնպիսի նորմեր, որոնք կսահմանափակեն վերամշակված կամ զտարկված թանկարժեք մետաղների վերադարձն այդ մյուս անդամ պետության տարածք։

 

Հոդված 5

 

1. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրականացնում են հետևյալ պարտադիր հաշվառումը.

ա) թանկարժեք մետաղների՝ ըստ անվանման, քաշի և թանկարժեք մետաղի պարունակության (հարգի).

բ) թանկարժեք քարերի՝ ըստ անվանման, քաշի, դասակարգման բնութագրերի՝ թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային բնութագրերը սահմանելու նպատակով՝ Միության շրջանակներում կիրառվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հաշվառման և հաշվետվություն վարելու, պահպանման և տրանսպորտային փոխադրման (փոխադրման) կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արդյունահանումը, արտադրությունը, օգտագործումը և շրջանառությունը:

 

Հոդված 6

 

1. Թանկարժեք մետաղներով, չմշակված թանկարժեք քարերով, հազվագյուտ բնակտորներով և զտարկման ոչ ենթակա բնակտորներով գործարքներ իրականացնելու դեպքում պայմանագրային (կոնտրակտային) գնի ձևավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. Հազվագյուտ բնակտորների կատեգորիային չդասվող թանկարժեք մետաղների բնակտորները և այդպիսի բնակտորների հանքաբանական կոլեկցիոն նմուշները դրանց արդյունահանման սուբյեկտների կողմից կարող են իրացվել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով, որի տարածքում դրանք իրացվում են՝ բացառությամբ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի:

 

Հոդված 7

 

Մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք չմշակված բնական ալմաստների տեղափոխումն իրականացվում է չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի պահանջներին համապատասխան: Չմշակված բնական ալմաստների միջազգային սխեմայի հավաստագրերի (Քիմբերլի գործընթացի հավաստագիր) ձևակերպման և տրամադրման կարգը, ինչպես նաև չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ:

 

Հոդված 8

 

1. Միության շրջանակներում չի թույլատրվում այն թանկարժեք քարերով գործարքների կատարումը, որոնց դասակարգման բնութագրերը սահմանված չեն:

2. Թանկարժեք քարերի դասակարգման և արժեքային բնութագրերի սահմանումն իրականացվում է Միության շրջանակներում կիրառվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա՝ թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումը (անդամ պետության տարածքում արդյունահանման դեպքում), նույնականացումը (Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծման դեպքում), ինչպես նաև դրանց մշակումն ավարտելուց հետո:

3. Անդամ պետության տարածքում արդյունահանված՝ չմշակված թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումն իրականացվում են դրանց արդյունահանման սուբյեկտների կողմից կամ այդպիսի գործառնություններ իրականացնելու համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում չմշակված թանկարժեք քարերն արդյունահանվել են:

 

Հոդված 9

 

1. Ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրականացվում է մանրածախ առուվաճառքի պայմանագրով՝ յուրաքանչյուր քարի կամ միասնական փաթեթվածքում զետեղված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի համար հավաստագրի (վկայագրի) առկայության դեպքում:

2. Հավաստագիրը (վկայագիրը) տրամադրվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված մարմնի (կազմակերպության) կողմից:

3. Երեսակված թանկարժեք քարերի հավաստագրումը (վկայագրումը) իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից չմշակված (բնական) տեսքով, զտարկման ոչ ենթակա բնակտորների, ինչպես նաև չմշակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) չի թույլատրվում:

5. Զտարկման ոչ ենթակա բնակտորները կարող են օգտագործվել որպես ոսկերչական և այլ իրերի ներդիրներ (մակադրակներ, կախազարդեր):

 

Հոդված 10

 

1. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ առաջանում է թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ, թանկարժեք քարերի թափոններ, իրականացնում են նշված ջարդոնի և թափոնների հավաքում և պարտադիր հաշվառում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ: Թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների ու թանկարժեք քարերի թափոնների հաշվառման և հաշվետվություն վարելու, պահպանման և տրանսպորտային փոխադրման (փոխադրման) կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում դրանք առաջացել են:

2. Սեփական արտադրությունում հավաքված թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները, թանկարժեք քարերի թափոնները՝

ա) մշակվում (վերամշակվում) են դրանք ինքնուրույն հավաքող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ սեփական արտադրությունում կրկնակի օգտագործման համար.

բ) ենթարկվում են զտարկման (միայն թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների մասով) այն դեպքում, երբ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա ուղարկվում են զտարկման այն կազմակերպություններ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.

գ) իրացվում են անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ իրացվում են այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.

դ) արտահանվում են Միության մաքսային տարածքից Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված կարգով:

3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել՝

ա) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից սեփական արտադրությունում հավաքված թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնների զտարկման պարտականություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող այդ անդամ պետության կազմակերպություններում:

բ) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնների՝ տվյալ անդամ պետության այն կազմակերպություններում զտարկմանն առնչվող պահանջներ և պայմաններ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, գործունեության տվյալ տեսակն իրականացնելու իրավունք ունեն:

4. Անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերում գտնվող թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք քարերի թափոնների շրջանառությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ ձեռք բերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ա) ինքնուրույն անցկացնել թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների զտարկում այն դեպքում, երբ նրանք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.

բ) պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոններն ուղարկել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան զտարկման տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություն.

գ) փոխանցել կամ իրացնել թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոններն այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝ հետագա զտարկման համար մշակելու (վերամշակելու) նպատակներով այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

դ) թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոններն իրացնել անդամ պետությունների՝ թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի պետական ֆոնդերին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

ե) թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնները Միության մաքսային տարածքից արտահանել Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերով սահմանված կարգով:

6. Ջարդոնից և թափոններից կորզված թանկարժեք մետաղների, ինչպես նաև ռեկուպերացված (վերաօգտագործված) թանկարժեք քարերի օգտագործումը և շրջանառությունը՝ դրանց տեսակով և վիճակով պայմանավորված, իրականացվում են սույն համաձայնագրին համապատասխան:

7. Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի կազմակերպություններում կատարվել է այլ անդամ պետության տարածքից տեղափոխված ջարդոնից և թափոններից թանկարժեք մետաղների կորզում, չեն կարող սահմանվել նորմեր, որոնք կսահմանափակեն այդ թանկարժեք մետաղների վերադարձն այն անդամ պետություն, որի տարածքից տեղափոխվել են նշված ջարդոնը և թափոնները:

 

Հոդված 11

 

1. Միության մաքսային տարածք ներմուծված և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնված ոսկերչական և մյուս իրերը պետք է համապատասխանեն ոսկերչական և մյուս իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով սահմանված հարգերին:

Ոսկերչական և այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ոսկերչական և մյուս իրերը ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածք դրանք ներմուծվել են նշված պահանջներին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

2. Միության մաքսային տարածք ներմուծված և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ անդամ պետության տարածքում բաց թողնված ոսկերչական և այլ իրեր, որոնց նկատմամբ գործում են անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմների փոխադարձ ճանաչում նախատեսող միջազգային պայմանագրերը, մյուս անդամ պետության տարածք վաճառելու (իրացնելու) համար տեղափոխելու ժամանակ ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածքից այդպիսի իրերը տեղափոխվել են:

3. Անդամ պետության տարածքում պատրաստված ոսկերչական և այլ իրեր պետք է համապատասխանեն սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված պահանջներով սահմանված հարգերին, ունենան անվանանիշի և այն անդամ պետության հարգադրոշմի դրոշմվածքները, որի տարածքում այդ ոսկերչական և այլ իրեր պատրաստվել են՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Պարտադիր հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման ենթակա չեն՝

ա) տարատեսակ ձևերով ներկայացված պետական պարգևները, մետաղադրամները, ոսկերչական և այլ կենցաղային իրերի մնացորդները.

բ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների՝ թանկարժեք մետաղներից գրչածայրերը.

գ) մակագրության համար նախատեսված՝ թանկարժեք մետաղներից թիթեղները կամ գրքերի, ալբոմների, թղթապանակների և նմանատիպ իրերի թանկարժեք մետաղներից կազմերը.

դ) պատմական և հնագիտական նշանակություն ունեցող ոսկերչական և այլ իրեր, հայրենական և արտասահմանյան արտադրության զտարկված թանկարժեք մետաղների ձուլակտորները, թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, պլատինից, ոսկուց, պալադիումից և (կամ) արծաթից իրերի վրա դրվագազարդման եղանակով կատարված մանր նախշադրվագները և մանր զարդարանքները, թանկարժեք մետաղներից պատրաստված գիտական, արտադրական, բժշկական նպատակներով օգտագործվող սարքերը, լաբորատոր սպասքները և այլ իրեր:

5. Միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանելու համար նախատեսված՝ անդամ պետության տարածքում արտադրված ոսկերչական և այլ իրեր ենթակա չեն հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման այն դեպքում, երբ դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում այդպիսի իրերը պատրաստվել են:

6. Մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով հարգադրոշմված ոսկերչական և այլ իրեր մյուս անդամ պետության տարածք տեղափոխելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման:

7. Ոսկերչական և այլ իրերի պատրաստման (արտադրության) գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան անվանանիշ, որի դրոշմվածքը զետեղվում է դրանց կողմից պատրաստվող բոլոր ոսկերչական և այլ իրերի վրա:

8. Համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ ունեցող ոսկերչական և այլ իրեր, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղների օգտագործմամբ պատրաստված իրերը ենթակա չեն հարգադրոշմման ու իրացման որպես ոսկերչական և այլ իրեր: Այդպիսի իրերը չպետք է ունենան այնպիսի դրոշմի դրոշմվածք, որոնք իրենց արտաքին տեսքով հիշեցնում են այնպիսի հարգադրոշմների դրոշմվածքներ կամ թանկարժեք մետաղների հարգերի նշաններ, որոնք չեն համապատասխանում այն թանկարժեք մետաղների համաձուլվածքին, որոնցից այդպիսի իրերը պատրաստված են: Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված ոսկերչական և այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով ոսկերչական և այլ իրեր պատրաստելիս կարող են նախատեսվել ոչ թանկարժեք մետաղների օգտագործման դեպքեր:

9. Մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով հարգադրոշմված ոսկերչական և այլ իրեր մյուս անդամ պետության տարածք տեղափոխելու դեպքում կարող են կամավոր ներկայացվել այն անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն), որի տարածք նշված իրերը տեղափոխվել են հարգորոշում, տարրալուծում և հարգադրոշմում իրականացնելու համար, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածք են տեղափոխվել ոսկերչական և այլ իրեր:

10. Ոսկերչական և այլ իրերի հարգորոշումը, տարրալուծումը և հարգադրոշմումը, ինչպես նաև անվանանիշերի հաշվառման (ռեեստրի) վարումն իրականացվում է անդամ պետության կողմից այդպիսի լիազորություններով օժտված մարմնի (կազմակերպության) կողմից: Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ոսկերչական և այլ իրերի հարգորոշում, տարրալուծում և հարգադրոշմում, ինչպես նաև անվանանիշերի հաշվառման (ռեեստրի) վարումն իրականացնելու համար լիազորված կարող է համարվել անդամ պետության մարմինը, որը լիազորված է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար (այսուհետ՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին):

Անվանանիշերի ծածկագրերը յուրաքանչյուր տարի սահմանվում են անդամ պետությունում՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից կամ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի կողմից, ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է այդ անդամ պետության ոսկերչական և այլ իրեր պատրաստողներին, ինչպես նաև եռամսյակը մեկ ներկայացվում է նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մյուս անդամ պետությունների մարմիններ և հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմիններ (կազմակերպություններ):

11. Սույն համաձայնագրին համապատասխան՝ հարգադրոշմով հարգադրոշմման ենթակա ոսկերչական և այլ իրերի վաճառքը (իրացումը), առանց այդպիսի դրոշմների դրոշմվածքների, արգելվում է:

12. Արծաթից ոսկերչական և այլ իրեր, որոնք պատրաստվել են անդամ պետության տարածքում, և որոնց նկատմամբ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հարգադրոշմումն իրականացվում է կամավոր, կարող են վաճառվել (իրացվել) տվյալ անդամ պետության տարածքում այդպիսի իրերի վրա անվանանիշի դրոշմվածքի առկայության դեպքում: Այդպիսի իրերը մյուս անդամ պետության տարածք վաճառքի (իրացման) համար տեղափոխելիս ենթակա են այն անդամ պետության հարգադրոշմով հարգադրոշմման, որի տարածքից այդպիսի իրերը տեղափոխվել են:

13. Այն անդամ պետության իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որի տարածք մյուս անդամ պետության տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, իր անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին են ներկայացնում այդպիսի իրերի տեղափոխման մասին տեղեկատվությունը:

14. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված այն անդամ պետության մարմինը, որի տարածք են տեղափոխվել ոսկերչական և այլ իրեր, ապահովում է նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված այն անդամ պետության մարմնին ոսկերչական և այլ իրեր ստանալու մասին տեղեկացնելը, որի տարածքից տեղափոխվել են այդպիսի իրերը: Տեղեկատվության կազմը և դրա փոխանակման կարգը համաձայնեցվում են այդ լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:

15. Անդամ պետություններից մեկի կողմից ոսկերչական և այլ իրերի ծագման իսկության հսկողության և շրջանառության բոլոր փուլերում դրանց շարժի հաշվառման ոլորտում տեղեկատվական համակարգ ներդնելու դեպքում ոսկերչական և այլ իրերի նույնականացման կարգը, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, այդպիսի տեղեկատվական համակարգ դրա փոխանցման կարգը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 12

 

1. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են այն օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, որոնք սահմանում են հետևյալը.

ա) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործունեություն իրականացնելու կարգը, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտում.

բ) հարգադրոշմների նշանները:

2. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են հարգադրոշմների դրոշմվածքների նմուշների, դրանց նկարագրության, անվանանիշերի ռեեստրների, ինչպես նաև սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում այլ տեղեկությունների փոխանակումը:

3. Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինն իր անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի արտադրության նկատմամբ պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում ապահովում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումն այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին, որի տարածքից տեղափոխվել են այդ ոսկերչական և այլ իրեր: Խախտումների ցանկը, որոնց մասով իրականացվում է նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը, սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, ապահովում է բացահայտված խախտումների վերաբերյալ տեղեկություններում նշված՝ անձանց նկատմամբ հսկողության միջոցառումների անցկացումը և ձեռնարկում է խախտումների վերացմանն ուղղված միջոցներ՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքում խախտումները հայտնաբերվել են, հսկողական (վերահսկողական) միջոցառումների շրջանակներում ապահովում է այն արտադրողների և (կամ) մատակարարների ոսկերչական իրերի հարգորոշման ու տարրալուծման անցկացումը, որոնց կողմից խախտումներ են թույլ տրվել՝ խախտումները հայտնաբերելու օրվանից 1 տարվա ընթացքում:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքից տեղափոխվել են ոսկերչական և այլ իրեր, ապահովում է առաջին անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկած ներգործության միջոցների մասին տեղեկատվության ուղարկումն այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմին, որի տարածքում խախտումները հայտնաբերվել են:

Այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար պատասխանատու մարմինը, որի տարածքում թանկարժեք քարերի տեղափոխման և (կամ) իրացման ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, իրականացնում է այդպիսի խախտումների վերացմանն ուղղված միջոցառումներ և հայտնաբերված խախտումների ու անցկացված միջոցառումների մասին տեղեկացնում է այն անդամ պետության՝ նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնին, որի տարածքից թանկարժեք քարերը տեղափոխվել են հայտնաբերված խախտումների կանխմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքից թանկարժեք քարերը տեղափոխվել են:

Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմիններն ապահովում են խախտումների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները պարզելուն ու վերացնելուն ուղղված միջոցների ձեռնարկումը:

Նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմինները, ղեկավարվելով անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ, ձգտում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով տեղեկատվական փոխանակման՝ հաշվի առնելով Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) հանձնարարականները։

Անդամ պետությունները սույն համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունն օգտագործում են բացառապես սույն համաձայնագրի իրականացման նպատակներով։

 

Հոդված 13

 

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար պատասխանատվության միջոցները կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցները ներդաշնակեցնելու համար: Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցները ներդաշնակեցնելու ցանկը և դրանք իրականացնելու ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամփոփիչ այցելությունների անցկացման արդյունքները:

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է սույն համաձայնագրի թիվ 3 հավելվածի հիմնական պահանջներին համապատասխան։

3. Անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով իրականացվում են առաջնային ամփոփիչ այցելություններ։

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում առկա պետական հսկողության (վերահսկողության) մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ուղղիչ գործողությունների իրականացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման նպատակով կազմակերպվում են պարբերական ամփոփիչ այցելություններ:

Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են ամփոփիչ այցելությունների անցկացման ժամանակացույցին համապատասխան, որը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ։ Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Պարբերական ամփոփիչ այցելություններն իրականացվում են առնվազն 5 տարին մեկ անգամ:

Ամփոփիչ այցելություններն իրականացվում են ամփոփիչ խմբի կողմից, որի կազմում ընդգրկվում են անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչները, ներառյալ՝ նշված մարմինների (կազմակերպությունների) ղեկավարների տեղակալները, և Հանձնաժողովի ներկայացուցիչները։

Առաջնային (կրկնակի) ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան եզրակացություն:

Պարբերական ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է հանձնարարական:

Անդամ պետություններից մեկի կողմից առաջնային ամփոփիչ այցելության արդյունքների վերաբերյալ բացասական եզրակացություն ստանալու դեպքում կրկնակի այցելությունն իրականացվում է վերջին ամփոփիչ այցելությունն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 1 ամիս հետո, որը նախատեսված է ամփոփիչ այցելությունների անցկացման ժամանակացույցով։

 

Հոդված 14

 

1. Սույն համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-3-րդ, 6-9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ կետերը կիրառվում են անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նախնական ամփոփիչ այցելությունների արդյունքներով ստացված բոլոր անդամ պետությունների վերաբերյալ դրական եզրակացությունների հիման վրա ընդունվող Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հոդված 15

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 16

 

Կողմերի փոխհամաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

 

Հոդված 17

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում:

 

Հոդված 18

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2019 թվականի նոյեմբերի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք

մետաղների և թանկարժեք քարերի հետ

գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

 

ԿԱՐԳ

 

թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու

 

1. Սույն կարգով սահմանվում են թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու չափորոշիչները և կանոնները:

2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված իմաստներով:

3. Թանկարժեք քարերը ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրելու չափորոշիչներն են դրանց չափային, գունային և որակական բնութագրերը:

4. Ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրվող թանկարժեք քարերն են՝

ա) ընդերքից արդյունահանված «բորտ» և «դրիլլինգ» դիրքերի բնական ալմաստները՝ անկախ դրանց չափաքաշային խմբից.

բ) թանկարժեք քարերի թափոնները.

բազմաբյուրեղ ալմաստե գործիքից ռեկուպերացված բնական ալմաստները՝ «- 3 + 2» և ավելի ցածր մաղավոր դասերի.

բնական ալմաստների ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող «- 3 + 2» և ավելի ցածր մաղավոր դասերի թափոնները.

թանկարժեք քարերի փշրանքը, ինչպես նաև թանկարժեք քարերի (բացի բնական ալմաստներից) ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնները՝ 2 մմ-ից պակաս գծային չափերի:

5. Սահմանված տեսակավորման, առաջնային դասակարգման և առաջնային գնահատման կարգին համապատասխան՝ ընդերքից արդյունահանված «բորտ» և «դրիլլինգ» դիրքերի բնական ալմաստների՝ ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրումն իրականացվում է թանկարժեք քարերի տեսակավորում, առաջնային դասակարգում և առաջնային գնահատում իրականացնող կազմակերպությունների կողմից:

6. Թանկարժեք քարերի թափոնների՝ ոսկերչական և այլ իրեր պատրաստելու համար ոչ պիտանի քարերի դասին վերագրումն իրականացվում է թանկարժեք քարեր ձեռք բերող և օգտագործող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից:

Սույն կարգով սահմանված չափորոշիչներին թանկարժեք քարերի թափոնների հատկանիշների համապատասխանության որոշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան ստուգում և տրամաչափարկում անցած չափման միջոցների և սարքավորումների օգտագործմամբ:

Բազմաբյուրեղ ալմաստե գործիքից ռեկուպերացված բնական ալմաստների, ինչպես նաև բնական ալմաստների ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնների մաղավոր դասը որոշվում է մաղերի վրա ցանելու միջոցով:

Թանկարժեք քարերի փշրանքների, ինչպես նաև թանկարժեք քարերի (բացի բնական ալմաստներից) ցանկացած տեսակի մշակման ժամանակ առաջացող թափոնների գծային չափերը սահմանվում են 0,1 մմ-ից ոչ ավելի շեղումով՝ չափման միջոցների օգնությամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք

մետաղների և թանկարժեք քարերի հետ

գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

 

ԿԱՐԳ

 

մինչև զտարկումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարելու

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի (այսուհետ՝ հանքային հումք) սեփականատերերի և շուկայի մյուս մասնակիցների միջև հարաբերությունները հետևյալ դեպքերում.

ա) հանքային հումքի արդյունահանման, հարստացման և մինչև զտարկումը մետալուրգիական գործընթացի ժամանակ դրա մեջ թանկարժեք մետաղների ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխություն.

բ) հանքային հումքի և հանքային հումքի վերամշակման արգասիքների նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների փոխանցում.

գ) հանքային հումքի և հանքային հումքի վերամշակման արգասիքների տեղափոխում և պահպանում:

2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված իմաստներով:

3. Սույն կարգը չի տարածվում հազվագյուտ բնակտորների կատեգորիային դասվող և զտարկման ոչ ենթակա թանկարժեք մետաղների բնակտորների հետ կապված գործառնությունների վրա:

4. Հանքային հումքի մեջ թանկարժեք մետաղների ֆիզիկական վիճակի կամ պարունակության փոփոխությունն իրականացվում է հարստացուցիչ և ոսկու կորզման ֆաբրիկաներում և մետալուրգիական արտադրության մեջ՝ հանքավայրերի խորքերից արդյունահանված հանքաքարերի վերամշակման արդյունքում, լվացման կայանքների և սարքերի վրա ավազների լվացման, սղկվածքահարստացման ֆաբրիկաներում և կայանքներում, կենտրոնացված և ստորերկրյա լուծազատման կայանքների վրա, հանքային հումքի վերամշակման այլ օբյեկտների վրա խտանյութերի վերջնազատման դեպքում:

5. Հանքային հումքի յուրաքանչյուր խմբաքանակի համար դրա սեփականատիրոջ կողմից ձևակերպվում է անձնագիր, որտեղ նշվում է հետևյալը.

ա) հանքային հումքի անվանումը.

բ) խմբաքանակի համարը.

գ) խմբաքանակի զանգվածը (բնական և չոր վիճակում).

ե) խոնավությունը.

զ) վնասակար և այլ հսկվող խառնուրդների պարունակությունը.

է) թանկարժեք մետաղների պարունակությունը.

ը) թանկարժեք մետաղների քանակությունը.

թ) հանքային հումքի որակը բնութագրող այլ պարամետրեր:

6. Ավելի վաղ կնքված՝ զտարկված թանկարժեք մետաղների մատակարարման պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան՝ պարտավորություններով չծանրաբեռնված հանքային հումքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան կարող է իրացվել մինչև զտարկումը դրա արդյունահանման սուբյեկտների կողմից, և (կամ) մինչև թանկարժեք մետաղների արտադրությունը՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բորսաների միջոցով:

Հանքային հումքը կարող է օգտագործվել որպես գրավ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

7. Հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված գործարքները ձևակերպվում են համապատասխան պայմանագրերով (կոնտրակտներով) և ենթակա են հաշվառման «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:

8. Հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ պայմանագրերում (կոնտրակտներում) պարտադիր կարգով նշվում է հետևյալը.

ա) հանքային հումքի անվանումը.

բ) մատակարարման ծավալները և ժամկետները (ժամանակացույցը).

գ) քիմիապես մաքուր վիճակում գտնվող թանկարժեք մետաղների քանակությունը.

դ) քիմիապես մաքուր վիճակում գտնվող թանկարժեք մետաղների արժեքը՝ զանգվածի միավորի համար, և դրանց ընդհանուր արժեքը՝ ըստ պայմանագրի.

ե) մատակարարման և վճարման կարգը և պայմանները.

զ) հանքային հումքի հանձնման և ընդունման պայմանները.

է) կողմերի պատասխանատվությունը:

9. Հանքային հումքի գները սահմանվում են դրա սեփականատիրոջ կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանվող գները կամ հաշվի առնելով ոսկու, արծաթի համար՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) կողմից, պլատինի և պալադիումի համար՝ Լոնդոնի պլատինի և պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից սահմանվող գնանշումները, կամ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից սահմանվող՝ իրիդիումի, ռոդիումի, ռութենիումի և օսմիումի գները:

10. Հանքային հումքի սեփականատերն ապահովում է այդ հումքի մեջ պարունակվող թանկարժեք մետաղների պահպանվածությունը դրա արդյունահանման, վերամշակման և տրանսպորտային փոխադրման բոլոր փուլերում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում թանկարժեք

մետաղների և թանկարժեք քարերի հետ

գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին»

համաձայնագրի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտի պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի դրույթները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) իրականացնելու նպատակներով ապահովվում է հետևյալը.

ա) ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտին առնչվող բազային օրենքի առկայությունը.

բ) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտին առնչվող՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման, ինչպես նաև ստուգումներ անցկացնելու հարցերը կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերի առկայությունը.

գ) անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի առկայությունը.

դ) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ոլորտի պետական քաղաքականություն անցկացնելու համար պատասխանատու լիազորված մարմնի և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դրա անցկացման համար լիազորված այլ մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմին (կազմակերպություն)) առկայությունը:

2. Լիազորված մարմինը (կազմակերպությունը) և նրա աշխատողներն իրավունք չունեն իրականացնելու ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև հիմնելու ոսկերչական և այլ իրերի պատրաստման և (կամ) վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դառնալու այդպիսի կազմակերպությունների մասնակիցներ:

3. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտի պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) մոտ ստուգումներ կազմակերպելու և անցկացնելու միջոցով, անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ խախտումների կանխարգելմանն և (կամ) դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, արտադրության ոլորտում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից իրենց գործունեությունն իրականացնելու ժամանակ պարտադիր պահանջների կատարման մասով վերլուծություն անցկացնելու միջոցով:

4. Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացվում են՝

ա) սեփական լիազորությունների շրջանակներում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման հետ կապված հարաբերությունների նորմատիվ իրավական և մեթոդական ապահովումը.

բ) լիազորված մարմինների (կազմակերպությունների) գործունեության կազմակերպումը և համակարգումը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.

գ) հարգորոշման պետական վերահսկողության անցկացման մշտադիտարկումը՝ դրա արդյունքների և արդյունավետության գնահատման նպատակներով, ինչպես նաև անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի շրջանառության մշտադիտարկումը.

դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ հայտնաբերված խախտումների կանխմանը և (կամ) վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը.

ե) ոսկերչական և այլ իրերի արտադրության, օգտագործման և շրջանառության ժամանակ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր պահանջների կատարման վերլուծությունը.

զ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։

5. Լիազորված մարմինը (կազմակերպությունը) անցկացնում է՝

ա) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշումը, տարրալուծումը և հարգադրոշմումը.

բ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝

հարգադրոշմների և անվանանիշերի դրոշմվածքների փորձաքննությունը.

ոսկերչական և այլ իրերի փորձաքննությունը.

ոսկերչական և այլ իրերի հսկիչ տարրալուծումը և արբիտրաժային գործերով փորձաքննությունը.

այլ միջոցառումներ:

6. Ի լրումն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստուգում անցկացնելու համար նախատեսված հիմքերի՝ ստուգումներն անցկացվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան՝ մեկ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) մյուս անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության)՝ այդ մյուս անդամ պետության տարածք տեղափոխված ոսկերչական և այլ իրերի նկատմամբ պարտադիր պահանջների խախտման փաստի մասին դիմումը ստացվելու դեպքում:

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Ղրղզստանի Հանրապետության

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի

 

««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները կտարածվեն Ղրղզստանի Հանրապետության վրա Քիմբերլի գործընթացի միջազգային հավաստագրման սխեմային որպես լիիրավ մասնակից միանալուց հետո»:

 

Ղրղզստանի Հանրապետության

վարչապետ՝

 

(ստորագրություն)

 

Մ. Դ. Ադիլգազիև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: