«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60202217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հունիսի 2002 թ. |
N 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի և ՀՀ Նախագահի 04.02.02թ. կարգադրության 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը (հավելված):
Նախագահի տեղակալ |
Շ. Աղաբեկյան |
Հավելված | |
Հաստատված է |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Խորհրդից, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, գիտական և ուսումնական հաստատություններից:
Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
(3-րդ կետը փոփ., լրաց. 14.09.04 N 27-Ն)
4. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
(4-րդ կետը խմբ. 14.09.04 N 27-Ն)
5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հաստատվում են, որից հետո Աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների, մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
(5-րդ կետը լրաց. 14.09.04 N 27-Ն)
6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ՝
ա) երկու թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ.
բ) երկու թեկնածու՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ.
գ) երկու թեկնածու՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
(6-րդ կետը փոփ. 31.07.03 N 35-Ն, 12.09.03 N 56-Ն, 14.09.04 N 27-Ն)
7. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմը ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի կողմից ընտրված Հանձնաժողովի անդամի (անդամների) մասնակցությունը Հանձնաժողովի կազմում ընդգրկվելուն (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա Աշխատակազմը մինչև ատեստավորման սկիզբը սույն աշխատակարգով սահմանված կարգով ընտրում է այլ թեկնածու՝ պահպանելով 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ: Նույն որոշմամբ Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:
(9-րդ կետը փոփ. 07.12.10 N 84-Ն)
10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
(11-րդ կետը փոփ. 19.10.06 N 19-Ն)
12. Հանձնաժողովը՝
ա) Աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.
զ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.
է) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
ը) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
թ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
ժա) հրապարակում է ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
ժբ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժգ) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
ժդ) կազմում է քվեաթերթեր.
ժե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
ժզ) քվեարկության արդյունքում կայացնում է որոշում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ.
ժէ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժը) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 14.09.04 N 27-Ն).
ի) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը.
իա) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 14.09.04 N 27-Ն, խմբ. 19.10.06 N 19-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը՝
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է քաղաքացիական ծառայողներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը՝
ա) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր քաղաքացիական ծառայողներին.
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին.
ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող քվեարկություններին.
զ) ստորագրում է ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամը ստորագրելիս նշում է այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը) իրականացնում է սույն աշխատակարգով, քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ կետը փոփ. 14.09.04 N 27-Ն)
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
(20-րդ կետը փոփ. 31.07.03 N 35-Ն, խմբ. 14.09.04 N 27-Ն)
21. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 31.07.03 N 35-Ն, 12.09.03 N 56-Ն, փոփ., լրաց., խմբ. 14.09.04 N 27-Ն, փոփ., խմբ. 19.10.06 N 19-Ն, փոփ. 07.12.10 N 84-Ն)