Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.02.18/10(813) Հոդ.145.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.12.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
27.12.2010
Дата вступления в силу
27.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/5276/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/5276/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ալկիոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի Արաբկիր 1 հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) 09.12.2009 թվականի թիվ 1006739 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 09.12.2009 թվականի թիվ 1006739 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Ավելացված արժքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը (այսուհետ՝ Հրահանգ) հաստատելու մասին ՀՀ պետական եկամուտների նախարարի հրամանի 5.6-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը կիրառվում է, երբ առկա է ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, մասնակի հատուցմամբ կնքված գործարքներից որևէ մեկը։ Ընդ որում մասնակի հատուցմամբ գործարքն ըստ նշված կանոնի ապրանքի մատակարարման կամ ծառայությունների մատուցման այն դեպքերն են, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ։

Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ իրական արժեքը կամ էական ցածր գինը պետք է հիմնավորված լինի այս կամ այն իրավական ակտով սահմանված կանոնի պահանջներից ելնելով:

Դատարանը, նշելով, որ Ընկերության կողմից կիրառվել են գործարքների համար սովորականի համեմատ իրական արժեքից էականորեն ցածր գներ, և կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի չի առել, որ նշված նորմի կիրառումը պայմանավորված է այլ փաստական հանգամանքների առկայությամբ: Ընդ որում, «էական շեղում» հասկացությունը վերաբերում է իրացման փաստացի գների և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների տարբերությանը։ Այսինքն՝ այդ նորմի կիրառմամբ Դատարանը չէր կարող որոշել լիմոնադի իրական արժեքը, առավել ևս՝ դրանից էական ցածր գինը։

Ավելին, Դատարանը, կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 2-րդ մասը, պետք է նաև փաստեր, որ ակտում ավելացված արժեքի հարկատեսակի գծով հաշվարկները չեն կատարվել օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրումների արդյունքով և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա:

Ընկերությունը լիմոնադի իրացման գների վերաբերյալ հարկային մարմնին ներկայացրած հաշվետվություններում այլ գներ չի նշել, քան լիմոնադի իրացման փաստացի գները։ Հետևաբար, Դատարանը չէր կարող օրինական համարել ստուգող տեսուչների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառությունը, քանի որ Ընկերությունը 150 կամ 116,7 ՀՀ դրամով լիմոնադ վաճառելիս կնքել է հատուցելի գործարքներ, և այդ գործարքները չեն կարող համարվել մասնակի հատուցմամբ կնքված գործարքներ։

 Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ հինգ տոկոսի չափով շահութահարկի վճարումը կատարվում է այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտը հայաստանյան աղբյուրից ստացել է եկամուտ, այսինքն՝ առանց ոչ ռեզիդենտին եկամուտ տրամադրելու փաստի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը չէր կարող կիրառվել: Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարում կատարելը հիմնավորող որևէ փաստաթուղթ ստուգող տեսուչների կամ Կոմիտեի կողմից չներկայացնելու պայմաններում Դատարանը համարել է, որ կատարվել է վճարում՝ անտեսելով վճարումը հիմնավորող ապացույցի բացակայությունը։

Դատարանն անտեսել է, որ ստուգումը փաստացի սկսվել է 05.10.2009 թվականին և այդ օրվանից հաշված՝ ստուգումը պետք է ավարտվեր 04.12.2009 թվականին, ինչը տվյալ դեպքում ստուգող տեսուչների կողմից խախտվել է, և ստուգումն ավարտվել է 09.12.2009 թվականին։

Դատարանը պատշաճ չի գնահատել 05.10.2009 թվականի արձանագրությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ այն պարունակում է տեղեկություններ, որ Հանձնարարագրի հիման վրա իրականացվել են գույքագրման աշխատանքներ։ Նման պայմաններում Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ակտում 08.10.2009 թվականին ստուգումը սկսելու վերաբերյալ գրառումը դեռևս չի նշանակում, որ ստուգումը փաստացի սկսվել է 08.10.2009 թվականին։ Այսինքն՝ ստուգումը փաստացի սկսվել է ոչ թե 08.10.2009 թվականին, այլ 05.10.2009 թվականին, ինչից հետևում է, որ ակտը կազմվել է ստուգման ժամկետի ավարտից հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.09.2009 թվականի թիվ 1006739 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 09.12.2009 թվականին կազմվել է թիվ 1006739 ակտը: Տվյալ ակտով Ընկերությանը շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է 1.838.600 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ներառյալ տույժերի և տուգանքների գումարը: Ակտի շահութահարկին վերաբերող 1-ին կետով արձանագրվել է, որ «Ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվեց, որ ընկերությունը 2006, 2007, 2008 և 2009 թվականներին ապրանքների ներմուծումն իրականացրել է բեռնափոխադրող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջոցով, և հաշվապահական հաշվառման մեջ սկզբնական փաստաթղթերով չի հիմնավորվում վճարումները: Հիմք ընդունելով Արաբկիր 1 ՀՏ-ի պետի 03.12.2009 թվականի՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հարկ վճարողի հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հարկային մարմնի կողմից հաշվարկելու վերաբերյալ թիվ 54 որոշումը և երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, բեռնափոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 8.470.900 ՀՀ դրամ»:

Ակտի ավելացված արժեքի հարկին վերաբերող 4-րդ կետով արձանագրվել է, որ «Ներկայացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվեց, որ ընկերությունը 2008 և 2009 թվականներին իրացրել է ոչ ոգելից խմիչքներ («Նատախտարի» լիմոնադ) էականորեն իրարից տարբերվող գներով: 2008 թվականին սովորաբար կիրառվող գինը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 150 ՀՀ դրամ, իսկ նվազագույնը՝ 116,7 ՀՀ դրամ: 2009 թվականին սովորաբար կիրառվող գինը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 208,33 ՀՀ դրամ, իսկ նվազագույնը՝ 150 ՀՀ դրամ: Ելնելով վերը նշվածից, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասի ավելացված արժեքի հարկի իրացման շրջանառությունը հաշվարկվում է ընկերության կողմից իրացված սովորաբար կիրառվող իրացման գներից ելնելով» (հատոր 1-ին, գ.թ. 13-20):

2) Ակտի անբաժանելի մաս հանդիսացող` 2008 թվականին վերաբերող թվով 36 հատ հաշիվ-ապրանքագրերի համաձայն՝ «Նատախտարի» լիմոնադի իրացման գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի, 2008 թվականին կազմել է 116,7 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 10-11, 13-16, 18, 22-50):

3) Ակտի անբաժանելի մաս հանդիսացող` 2009 թվականին վերաբերող թվով 77 հատ հաշիվ-ապրանքագրերի համաձայն՝ «Նատախտարի» լիմոնադի իրացման գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի, 2009 թվականին կազմել է 150 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 88-150, հատոր 2-րդ, գ.թ. 1-9, 12, 17, 19-21):

4) Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության կողմից 2008 թվականին որպես «Նատախտարի» լիմոնադի իրացման գին սովորաբար կիրառվել է 150 ՀՀ դրամ գինը, իսկ 2009 թվականին՝ 208,33 ՀՀ դրամ գինը:

5) Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը 2006, 2007, 2008 և 2009 թվականներին բեռնափոխադրող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը բեռների փոխադրման (ֆրախտ) դիմաց վճարել է եկամուտներ:

6) «Ապավեն ավտոտրանս» ՍՊԸ-ի 21.04.2009 թվականի թիվ 79 հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ Ընկերության կողմից Երևան/Հայաստան/-Թբիլիսի/Վրաստան/- Երևան/Հայաստան/ բեռնափոխադրման համար «Ապավեն ավտոտրանս» ՍՊԸ-ին վճարվել է 334.206 դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 83):

 7) «Սլավ-Ռեֆ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի 23.10.2009 թվականի գրության համաձայն՝ Թբիլիսի-Երևան երթուղով բեռնափոխադրումների արժեքը մինչև 20.000 կգ և 86 մ3 բեռների համար, անկախ նրանց տեսակից և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կազմում է մոտավորապես 230.000-250.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում` գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը նույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում: Նույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործարքն իրական արժեքից էականորեն ցածր գնով՝ էական շեղումով, կնքված որակելու համար պետք է իրացման փաստացի գների և իրական արժեքի միջև առկա լինի 20 և ավելի տոկոսի տարբերություն: Ընդ որում էական շեղում է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված իրացման փաստացի գների և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի տարբերությունը:

Սույն գործով վիճարկվող ակտի` ավելացված արժեքի հարկին վերաբերող մասով հայցը մերժելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ ներկայացված հարկային հաշիվներից /հաշիվ-ապրանքագրերից/ և ապրանքների իրացման հարկային հաշիվների աղյուսակից երևում է, որ կիրառվող գների տարբերությունն էական է, այն կազմում է 20 տոկոսից ավելի տոկոս: Այսինքն` Ընկերության կողմից կիրառվել են գործարքների համար սովորականի համեմատ իրական արժեքից էականորեն ցածր գներ, որը հիմք է հանդիսանում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված նորմի կիրառման համար:

 Մինչդեռ, սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, ավելացված արժեքի հարկի մասով ակտն անվավեր ճանաչելու մասով հայցի մերժման հիմքում դնելով վերոնշյալ հանգամանքը, անտեսել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը 2008 և 2009 թվականներին «Նատախտարի» լիմոնադը իրացրել է սովորաբար կիրառվող գնից էականորեն ցածր գնով /տվյալ դեպքում Ընկերության կողմից 2008 թվականին «Նատախտարի» լիմոնադն առանց ավելացված արժեքի հարկի իրացվել է 116,7 ՀՀ դրամով, իսկ 2009 թվականին՝ 150 ՀՀ դրամով/:

Այսինքն՝ գործում առկա չեն հարկային մարմնին ներկայացված հաշվետվություն, հաշվապահական և այլ ներքին հաշվառման տվյալներ, օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներ և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկություններ այն մասին, որ 2008 թվականին «Նատախտարի» լիմոնադի իրացման գինը սովարաբար կիրառվել է 150 ՀՀ դրամ, իսկ 2009 թվականին՝ 208,33 ՀՀ դրամ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բացակայում է իրավախախտման առկայությունը հաստատող փաստական հանգամանքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ լրացուցիչ հարկային պարտավորություններ հաշվարկելն իրավաչափ չէ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 64 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով`փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների 5 տոկոսի չափով:

 «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից հարկային գործակալը վճարման աղբյուրի մոտ ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից գանձում է շահութահարկ: Ընդ որում, ֆրախտի դիմաց գանձվում է ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների հինգ տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք Ընկերությունն ապրանքների ներմուծումն իրականացրել է բեռնափոխադրող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջոցով, որի համար կատարել է վճարում:

Սույն գործով Դատարանը վիճարկվող ակտի` շահութահարկին վերաբերող մասով հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը 2006-2009 թվականներին իրականացրել է ապրանքների ներմուծում բեռնափոխադրող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջոցով, սակայն հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերով չի հիմնավորել վճարումները, իսկ վճարում չկատարելու դեպքում՝ բեռնափոխադրող ընկերությունների գծով կրեդիտորական պարտքը չի արտացոլել տարեկան հաշվապահական հաշվեկշիռներում: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ ստուգումն իրականացնող անձինք, հիմնվելով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների /«Ապավեն ավտոտրանս» ՍՊԸ-ի 21.04.2009 թվականի թիվ 79 հաշիվ-ապրանքագրի, «Սլավ-Ռեֆ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի 23.10.2009 թվականի գրության/ վրա, հարկվող օբյեկտը և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրող կազմակերպության հարկային պարտավորությունները հաշվարկվել են օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ պարտավորություն առաջադրելու նախապայմանը ոչ ռեզիդենտին եկամուտ վճարելու փաստի առկայությունն է, որը կարող է հաստատվել համապատասխան փաստաթղթերով (բեռնափոխադրման պայմանագիր, հայաստանյան աղբյուրից եկամուտ ստացած ոչ ռեզիդենտ անձի մասին տվյալներ, հաշվապահական և ներքին հաշվառման տվյալներ և այլն):

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը բեռնափոխադրող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը բեռների փոխադրման (ֆրախտ) դիմաց վճարել է եկամուտներ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ոչ ռեզիդենտին եկամուտ վճարելու հանգամանքը չապացուցվելու պայմաններում շահութահարկի գծով պարտավորության առաջադրումը նույնպես իրավաչափ չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 09.12.2009 թվականի թիվ 1006739 ակտը կազմվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի խախտմամբ, ուստի այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով իրավաչափ չէ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի պահանջը պահպանված չլինելու պայմաններում դրանք սույն գործի համար էական նշանակություն չունեն։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր 1 հարկային տեսչության 09.12.2009 թվականի թիվ 1006739 ակտը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «Ալկիոն» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան