Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (08.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
02.11.2018
Подписан
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата подписания
02.11.2018
Дата вступления в силу
08.05.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետԵՎանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին»

 

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմերը,

նշելով ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման գործընթացում անվտանգության ապահովման հատուկ կարևորությունը,

նպատակ ունենալով ամրապնդելու միջուկային վթարների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցմանն ուղղված՝ արդեն իսկ ձեռնարկվող բազմակողմանի միջոցառումները,

կարևորելով միջուկային վթարի առաջացման կամ ճառագայթային վթարային իրավիճակի առաջացման դեպքում անդրսահմանային ճառագայթային հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով տեղեկատվության և օգնության օպերատիվ տրամադրման անհրաժեշտությունը,

հաշվի առնելով 2014թ. նոյեմբերի 21-ի՝ «Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության մասին» հայեցակարգի, ինչպես նաև 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ «Միջուկային պատահարների վերաբերյալ վաղ ազդարարման մասին» կոնվենցիայի և 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրավիճակի դեպքում օգնության մասին» կոնվենցիայի դրույթները,

անհրաժեշտ համարելով մասնագիտացված վթարափրկարարական կազմավորումների և այդ կազմավորումներում տեխնիկական հագեցման նպատակով օգտագործվող սարքավորումների, տրանսպորտային միջոցների և նյութերի տեղափոխման գործընթացների դյուրացումը,

ձգտելով ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հետ կապված՝ միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) անվտանգության հարցերով բացատրական բառարանում (2007թ. հրատարակություն) սահմանված տերմիններից բացի՝ սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

օգնության ցուցաբերման խումբ – միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ուղարկված խումբ՝ կազմավորված տրամադրող երկրի որակավորված մասնագետներից, որն իր կազմում ունի նաև հատուկ տեխնիկայով, սարքավորումներով, հանդերձանքով, գործիքներով և նյութերով հագեցած՝ մասնագիտացված վթարափրկարարական կազմավորումներ,

հայցող Կողմ – Կողմ, որը դիմում է մյուս Կողմին՝ օգնության ցուցաբերման խմբի կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, գործիքների և նյութերի տրամադրման խնդրանքով,

տրամադրող Կողմ – Կողմ, որը բավարարում է հայցող Կողմի օգնության ցուցաբերման խմբի կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, գործիքների և նյութերի տրամադրման խնդրանքը՝ հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմնի համաձայնությամբ,

լիազոր (իրավասու) մարմին – Կողմերի գործունեության համակարգումն ապահովող նախարարություն, գերատեսչություն, պետական կորպորացիա կամ այլ կազմակերպություն, որն ունի միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների արձագանքման և վերացման ապահովման իրավասություններ և պատասխանատու է սույն Համաձայնագրի իրականացման համար,

«միջուկային վթար» տերմինն ունի 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ Միջուկային պատահարների վերաբերյալ վաղ ազդարարման մասին կոնվենցիայի 1-3 հոդվածներում սահմանված նշանակությունը:

 

Հոդված 2

 

Կողմերը համագործակցում են միմյանց հետ՝ համաձայն սույն Համաձայնագրի և այլ միջազգային պայմանագրերի դրույթների, որոնց մասնակից են իրենց պետությունները, միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության անհապաղ տրամադրման հարցում աջակցության, վթարների հետևանքները նվազագույնի հասցնելու և բնակչության առողջության, գույքի և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ արտանետումներից և իոնիզացնող ճառագայթման ազդեցության պաշտպանության նպատակներով:

 

Հոդված 3

 

Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել միջուկային վթար կամ առաջացել է ճառագայթային վթարային իրավիճակ, կարող է իր լիազոր (իրավասու) մարմնի կողմից գրավոր խնդրանքի միջոցով օգնության տրամադրման համար դիմել մյուս Կողմերի լիազոր (իրավասու) մարմիններին:

Կողմերի լիազոր (իրավասու) մարմիններն ԱԷՄԳ-ի առաջարկությունների հիման վրա համատեղ մշակում են իրազեկման միասնական ձևերը, որոշում են փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, նույնական կապի կետերը և իրազեկման սարքավորումները, համագործակցում են ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների մշտադիտարկման միջպետական համակարգի ստեղծման գործընթացում:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կողմերը դիվանագիտական ուղիներով ավանդապահին ծանուցում են իրենց լիազոր (իրավասու) մարմինների մասին, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար:

 

Հոդված 4

 

Օգնությունը տրամադրվում է գրավոր դիմումի հիման վրա, որով հայցող Կողմը տեղեկացնում է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի և, հնարավորության դեպքում, դրա վտանգավորության աստիճանի գնահատականի վերաբերյալ՝ նշելով օգնության անհրաժեշտ ձևը և ծավալը:

Տրամադրող կողմն անհապաղ ուսումնասիրում է հայցող Կողմի դիմումը և, իր հերթին, տեղեկացնում է վերջինիս օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների, այդ թվում՝ ֆինանսական, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների նշանակումների վերաբերյալ, և ձեռք է բերում համապատասխան համաձայնեցումներ հայցող Կողմի հետ:

Հայցող և տրամադրող Կողմերը համագործակցությունն իրականացնում են լիազոր (իրավասու) մարմինների միջոցով:

Հայցող Կողմից օգնության անհրաժեշտ ձևի և ծավալի որոշման անհնարինության և տրամադրող կողմի՝ օգնություն տրամադրելու համաձայնության դեպքում համապատասխան լիազոր (իրավասու) մարմիններն օգնության ձևի ու ծավալի որոշման նպատակով անցկացնում են խորհրդակցություններ:

Հայցող կամ տրամադրող Կողմը կարող է ցանկացած ժամանակ գրավոր դիմում ուղարկել մյուս Կողմին օգնության դադարեցման մասին, որից հետո Կողմերն անհապաղ անցկացնում են խորհրդակցություններ տրամադրվող օգնության դադարեցման կարգի վերաբերյալ:

 

Հոդված 5

 

Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի հետևանքների վերացման համար օգնությունը տրամադրվում է Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների կողմից օգնության ցուցաբերման խմբերի ուղարկման կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տրամադրման միջոցով:

Օգնության ցուցաբերման խմբերի գործողությունների կառավարումը, վերահսկումը և համակարգումը հայցող Կողմի պետության տարածքում իրականացնում է հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմինը:

Օգնության ցուցաբերման խմբերին օգտագործում են միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների գոտում վթարափրկարարական աշխատանքների համար:

Հայցող Կողմը տեղեկացնում է օգնության ցուցաբերման խմբերին միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների գոտում աշխատանքների կոնկրետ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում այդ խմբերին ապահովում է կապի միջոցներով, կացարանով ու սնունդով, ինչպես նաև տրամադրում է պաշտպանություն և կազմակերպում է բժշկական օգնության անհատույց ցուցաբերում:

Օգնության ցուցաբերման խմբերի անհրաժեշտ միջոցներով հագեցվածությունը պետք է բավարար լինի 72 ժամվա ընթացքում միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի գոտում ինքնուրույն գործողություններ ծավալելու համար, եթե լրացուցիչ այլ պայմանավորվածություն չկա հայցող և տրամադրող Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների միջև: Պաշարների սպառման դեպքում հայցող Կողմն օգնության խմբին ապահովում է անհրաժեշտ միջոցներով նրա հետագա աշխատանքի համար, եթե Կողմերի միջև չկա լրացուցիչ այլ պայմանավորվածություն:

 

Հոդված 6

 

Հայցող Կողմը, իր պետության օրենսդրության համապատասխան, տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբին ապահովում է առաջնահերթ մուտքի թույլտվություն իր պետության տարածք:

Պետական սահմանի հատումն իրականացվում է համաձայն հայցող Կողմի պետության օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի, որոնց մասնակից են սույն Համաձայնագրի մասնակից պետությունները:

Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն հայցող կամ տրամադրող Կողմի գրավոր դիմումի հիման վրա ձգտում է, իր պետության օրենսդրության համապատասխան, աջակցել իր տարածքով հայցող Կողմի պետություն և այնտեղից դուրս օգնության ցուցաբերման խմբի, հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի անխոչընդոտ տարանցմանը:

 

Հոդված 7

 

Օգնության ցուցաբերման խմբի օդային տրանսպորտով փոխադրման դեպքում տրամադրող կողմի լիազորված (իրավասու) մարմինը հայցող կողմի լիազորված (իրավասու) մարմնին հայտնում է օգնության տրամադրման համար օդային տրանսպորտի օգտագործման որոշման մասին` նշելով օդային տրանսպորտի տեսակը, տարբերիչ նշանները, թռիչքի երթուղին, անձնակազմի անդամների քանակը, օգնության ցուցաբերման խմբի կազմը, բեռի բնութագիրը և թռիչքի, վայրէջքի համար նախատեսվող վայրերը:

Հայցող Կողմը համաձայնեցնում է իր պետության տարածքում վայրէջքի վայրը և թույլատրում է թռիչքը դեպի իր պետության համաձայնեցված կետ: Օգնության ցուցաբերման խմբի հաշվառման հետ կապված հարցերը որոշվում են Կողմերի պայմանավորվածությամբ:

Թռիչքներն իրականացվում են համաձայն քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից սահմանված նորմերի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության:

 

Հոդված 8

 

Հայցող կողմի պետության տարածք ժամանակավորապես ներկրված հատուկ տեխնիկան, սարքավորումները, հանդերձանքը, գործիքները և նյութերն օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից և ապաակտիվացումից հետո ենթակա են վերադարձման օգնություն տրամադրող պետության տարածք Կողմերի միջև համաձայնեցված կարգով:

Եթե հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի արտահանումը նպատակահարմար չէ, ապա դրանք կարող են անհատույց փոխանցվել հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմնին` համաձայն տրամադրող և հայցող Կողմերի պետությունների օրենսդրության:

Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման պատասխանատվությունը դրվում է հայցող Կողմի վրա:

 

Հոդված 9

 

Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման համար սույն Համաձայնագրի մասնակից պետությունների անցակետերով տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տեղաշարժի հսկողության եղանակների ու միասնական իրականացման նպատակով Կողմերը նպաստում են անցակետերում վերահսկման տեխնիկական միջոցների միավորմանը և պետությունների միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների կարգավորման վերաբերյալ օրենքի ներդաշնակեցմանը:

 

 Հոդված 10

 

Արտակարգ իրավիճակներում տուժողներին բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության տարածք, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համաձայն, կարող են ներկրվել պահանջվող քանակությամբ՝ սահմանված կարգով գրանցված դեղորայք, այդ թվում՝ նաև թմրանյութ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր:

Նման դեղորայքն օգտագործվում է բացառապես բժիշկների կողմից` հայցող Կողմի հսկողության ներքո, ծախսային ակտի ձևակերպմամբ` դրանք տրամադրող կողմի պետության տարածք օգնության ցուցաբերման խմբի վերադարձի դեպքում մաքսային մարմիններին ներկայացնելու համար:

Թմրանյութ և հոգեմետ նյութեր պարունակող չօգտագործված դեղորայքը ենթակա է վերադարձման տրամադրող Կողմի պետության տարածք դեղորայքի անվանացուցակի և քանակը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

 

Հոդված 11

 

1. Հայցող Կողմը տրամադրող Կողմի՝ սույն Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում.

փոխհատուցում է հայցող Կողմի տարածքում օգնության ցուցաբերման հետ կապված՝ տրամադրող Կողմի բոլոր ծախսերը՝ տրամադրող Կողմի կողմից հայցող Կողմին եռամսյա ժամկետում փոխհատուցման տրամադրման խնդրանքի ներկայացման դեպքում, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել,

օգնության տրամադրման խմբերին օգնության տրամադրման իրականացման շրջանակներում տրամադրում է անձեռնմխելիություն ձերբակալումից, կալանավորումից և դատական գործընթացներից, ինչպես նաև, հայցող Կողմի օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն, ազատում է հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների, նյութերի և դեղորայքի ներկրման հարկերից, տուրքերից և մաքսային վճարներից՝ բացառությամբ ապրանքի կամ ծառայությունների արժեքում ներառվածներից,

չի ներկայացնում որևէ պահանջ և հայց տրամադրող Կողմին, նրա լիազորված (իրավասու) մարմնին և օգնության ցուցաբերման խմբերին,

ապահովում է տրամադրող Կողմի, նրա լիազորված (իրավասու) մարմնի և օգնության տրամադրման խմբերի ազատումը նյութական պատասխանատվությունից, իրականացնում է նրանց իրավական պաշտպանությունը և երրորդ Կողմի կողմից նրանց նկատմամբ ներկայացված հայցերի և պահանջների վերաբերյալ գործերի վարումը,

ապահովում է վճարումները տրամադրող Կողմին, նրա լիազորված (իրավասու) մարմնին կամ օգնության ցուցաբերման խմբերին. մասնագետների մահվան դեպքում փոխհատուցում է հասցված վնասի ողջ ծավալով, ինչպես նաև փոխհատուցում է վճարում հասցված վնասի ողջ ծավալով օգնության ցուցաբերման ժամանակ չծախսված գույքի վնասման կամ կորստի դեպքում՝ տրամադրող Կողմի կողմից հայցող Կողմին ներկայացված փոխհատուցման խնդրանքի դեպքում` համաձայն հայցող Կողմի օրենսդրության, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել:

2. Օգնություն ցուցաբերող խմբի փոխադրումը հայցող Կողմի պետության տարածք իրականացվում է տրամադրող Կողմի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ օգնություն տրամադրող խմբի անդամի դիտավորյալ և ոչ օրինական գործողությունների (անգործության) պատճառով հասցված վնասը ենթակա է փոխհատուցման՝ համաձայն հայցող Կողմի պետության օրենսդրության:

 

Հոդված 12

 

Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները տեղեկատվական համագործակցության ընթացքում ապահովում են.

կանոնավոր փոխադարձ տեղեկացում տեղեկատվական փոխգործակցության վրա ազդող ծրագրերի և տեխնիկական որոշումների մասին,

ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը,

նախկինում փոխանցված տեղեկատվության մեջ փոփոխությունների և լրացումների օպերատիվ իրականացում,

ժամանակին փոխադարձ նախազգուշացում տեղեկատվության փոխանցման կամ ընդունման անհնարինության մասին (պաշտոնական հարցումների) անկանխատեսելի հանգամանքների առաջացման դեպքում,

ստացված տեղեկատվության օգտագործումը բացառապես սույն Համաձայնագրի նպատակների համար,

սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող և Կողմերի կողմից որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն» դիտարկվող տեղեկատվության հստակ որոշում և նշում,

տեղեկատվության պաշտպանության ապահովման ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ ստացված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության փոխանցումը համաձայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության,

անձանց շրջանակի սահմանափակում, որոնք, այն տեղեկատվության փոխադարձ փոխանակման թույլտվություն ունեն, որի տարածումը և տրամադրումը սահմանափակ է:

Որևէ Կողմի ստացած տեղեկատվության օգտագործումը սույն Համաձայնագրի իրավազորության ժամանակ, երբ այն կորցրել է իր ազդեցությունը տեղեկատվությունը ստացած Կողմի համար, կարգավորվում է ըստ սույն համաձայնագրի կետերի:

 

Հոդված 13

 

ԱՊՀ անդամ պետությունների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը սույն Համաձայնագրի իրականացման նպատակով աջակցում է Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցության կազմակերպմանը:

Միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման նպատակով Կողմերը կարող են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովներ միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների կանխարգելման համար՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում կատարված իրադարձությունների փորձը:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կկազմեն նրա անբաժանելի մասը և կձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ գործընթացներով:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ իրականացրած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերի փոխանցման օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ԱՊՀ անդամ պետության միանալու համար բաց է, միանալու վերաբերյալ փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:

Սույն Համաձայնագիրը միացող պետության համար ուժի մեջ է մտնում ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթղթի փոխանցման օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում առաջացած պարտավորությունները:

Կատարված է Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի վավերացված պատճենը:

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից
-------------------------
 

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից 

/ստորագրություն/
 

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/
 

Թուրքմենստանի Կառավարության

կողմից
---------------------------

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/
 

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից
(վերապահումով)

/ստորագրություն/
 

Ուկրաինայի Կառավարության

կողմից
------------------------------

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից
------------------------------

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Ղրղզստանի Հանրապետության

 

«Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ

 

 «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրի իրականացումը, ձերբակալությունից, կալանքից և դատավարությունից փրկարարական խմբերին անձեռնմխելիություն տրամադրելու առումով, ապա դա կկատարվի բացառությամբ այն դեպքերի, երբ խմբերի անդամները կարող էին կանխել իրավախախտումների առաջացումը, որոնք, Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, նախատեսում են ձերբակալություն, կալանավորում և դատավարություն, բայց դրանց դիտավորությամբ կատարել են նման խախտումներ:

 

Ղրղզստանի Հանրապետության

վարչապետ

 Մ.Դ.Աբիլգազիեվ