Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին
ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառում միջազգային պայմանագրերով և հաշվի առնելով և 2014 թվականի նոյեմբերի 21-ի՝ «ԱՊՀ անդամ երկրների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության» հայեցակարգը,
ընդունելով ռադիոակտիվ աղբյուրների հետ կապված հնարավոր վթարների և կանխամտածված անօրինական գործողությունների հետևանքներով բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը,
հաստատելով ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության ապահովման և պահպանության վարքի ԱԷՄԳ Կոդեքսի սկզբունքների և դրույթների – IAEA/CODEOC/2004/Rev.1 և ռադիոակտիվ աղբյուրների ներմուծումն ու արտահանումը Ուղեկցող նյութերի - IAEA/CODEOC/IMP-EXP/2005 հանձնառությունը,
աջակցելով ռադիոակտիվ աղբյուրների հետ շփման ընթացքում ճառագայթային անվտանգության ապահովման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացմանը,
ելնելով սեփական պետությունների անվտանգության ապահովման և ազգային շահերի պաշտպանությունից, ներառյալ ահաբեկչությանը և ռադիոակտիվ աղբյուրների ապօրինի շրջանառությանը հակազդման անհրաժեշտությունը,
ճանաչելով ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման ընթացքում դրանց անընդհատ կարգավորող վերահսկողության նպատակով արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի առարկան է հանդիսանում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումն է մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ այն աղբյուրների տեղափոխման դեպքում, որոնք ունեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի շեմային արժեքների 1-ին և 2-րդ դասերին հավասար կամ գերազանցող ռադիոնուկլիդային ակտիվություն: Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերի միջև փոխանակվող տեղեկատվության բովանդակությունը ձևավորվում է ԱՊՀ անդամ երկրների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով):
Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների համաձայնեցմամբ սույն Համաձայնագրի որոշ դրույթներ կարող են կիրառվել ռադիոակտիվ աղբյուրների այլ կատեգորիաների նկատմամբ:
Կողմերը միմյանց աջակցում են ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտումների հայտնաբերման և կանխման հարցում:
Կողմերն իրենց պետություններում կազմակերպում են ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի ներդրումը՝ համաձայն ԱԷՄԳ-ի կողմից առաջարկվող՝ ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման:
Կողմերն իրենց պետություններում ապահովում են 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների հաշվառման համակարգի ներդրումը, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումն ու պահպանումը, կորստի, գողության կամ չթույլատրված օգտագործման կանխարգելումը:
Կողմերն ապահովում են 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների մասին տեղեկություն պարունակող ռադիոակտիվ աղբյուրների ազգային գրանցամատյանների վարումը: Ռադիոակտիվ աղբյուրների գրանցամատյանի կառուցվածքը և ներկայացված տվյալները որոշվում են Կողմերը՝ ելնելով իրենց ազգային շահերից, հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ ԱՊՀ անդամ երկրների իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանների Տիպային պահանջները:
Սույն Համաձայնագրի գործողությունը չի տարածվում ռազմական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ աղբյուրների վրա:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերից յուրաքանչյուրը որոշում է այն լիազորված (իրավասու) մարմինը, որին վերապահվում է սույն Համաձայնագրի իրականացումը, և այդ մասին տեղեկացնում է սույն Համաձայնագրի ավանդապահին անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ գրավոր ծանուցման հետ միաժամանակ:
Լիազորված (իրավասու) մարմնի գործառույթները կարող են իրականացվել նախարարության, գերատեսչության, պետական կորպորացիայի կամ այլ կազմակերպության կողմից, որն ապահովում է Կողմի գործունեության համակարգումը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում:
Լիազորված (իրավասու) մարմնի փոփոխության դեպքում համապատասխան Կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է սույն Համաձայնագրի ավանդապահին:
Արդյունավետ համագործակցության նպատակով Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները նշանակում են կոնտակտային անձ:
Կոնտակտային անձի նշանակման մասին Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հանձնաժողովի քարտուղարության միջոցով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվական փոխհամագործակցությունն իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան:
Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում մասնակից պետությունների օրենսդրությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանակում:
Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող տեղեկությունը, որի տրամադրումը և/կամ տարածումը Կողմ պետության օրենսդրությամբ սահմանափակ է, պետք է ունենա «գաղտնի» նշումը, եթե այլ բան նախատեսված չի սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ:
Այդպիսի տեղեկությունը չի տարածվում, և տեղեկություն ստացող Կողմն այն չի տրամադրում երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկությունը տրամադրող Կողմի լիազորված (իրավասու) մարմնի գրավոր համաձայնության:
Այդպիսի տեղեկությունը պաշտպանված է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ:
Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների տեղեկատվության փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի համաձայն տեղեկատվական փոխգործողության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների շահագործումը լիազորված (իրավասու) Կողմերի մարմիններն ապահովում են ինքնուրույն՝ հաշվի առնելով դրանց պաշտպանությունը չթույլատրված հասանելիությունից կամ տեղեկատվության արտահոսքից:
Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները մշակում են ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման մասին տեղեկատվության միասնական կարգ և փոխանակման ձևեր, որոնք հավանության են արժանանում Հանձնաժողովի որոշմամբ:
Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններից յուրաքանչյուրն ինքնուրույն է հոգում սույն Համաձայնագրով իր պարտավորությունների կատարման հետ կապված ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերն ապահովում են լիազորված (իրավասու) մարմինների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից իրենց պետություններում սահմանված նախնական ծանուցման ընթացակարգերը 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների նախատեսվող փոխադրման վերաբերյալ, ներառյալ մյուս Կողմին ավելի վաղ փոխանցված տեղեկատվության ուղղումները:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի մասնակից պետություններում սահմանվում է կարգ, որով 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների փոխադրումն իրականացվում է միայն ընդունող Կողմի լիազորված (իրավասու) մարմնի հաստատումն ստանալուց հետո այն մասին, որ ընդունող Կողմն ունի ռադիոակտիվ աղբյուրների ստացման և տիրապետման թույլտվություն (նրանց հետ վարվելաձևի):
ՀՈԴՎԱԾ 7
Հանձնաժողովը համակարգում է սույն Համաձայնագրով իրականացվող աշխատանքը և անհրաժեշտության դեպքում տեղեկատվական փոխգործակցության նպատակով կազմակերպում է ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման հարցերով խորհրդակցություններ:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները տեղեկության փոխանակումն իրականացնում են` օգտագործելով կապի միջոցները կամ պաշտոնական հարցումներն այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են տեղեկության փոխանակման միասնական կարգին համապատասխան ռադիոակտիվ աղբյուրների կառավարման և փոխադրման դեպքում անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ապահովման հետ:
Տեղեկատվական փոխգործակցության ընթացքում Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն ապահովում են.
կանոնավոր փոխադարձ ծանուցում՝ տեղեկատվական փոխգործակցության վրա ազդող ծրագրային և տեխնիկական լուծումների մասին,
փոխանցվող տեղեկության հուսալիությունը և ամբողջականությունը,
նախապես փոխանցված տեղեկության մեջ օպերատիվ կերպով ուղղումներ կատարելը,
չկանխատեսված հանգամանքների առաջացման դեպքում տեղեկության փոխանցման կամ ընդունման (պաշտոնական հարցումների) անհնարինության մասին ժամանակին փոխադարձաբար նախազգուշացնելը,
ստացված տեղեկության օգտագործումը բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով,
փոխանակման արդյունքում ստացվող, տարածման և (կամ) տրամադրման համար սահմանափակ տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, իսկ գաղտնի տվյալների փոխանցման դեպքում` ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման՝ ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործումը՝ ազգային օրենսդրության համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում համապատասխան արձանագրության կնքման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերի միջև Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին փոխանցվելու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերի փոխանցման օրվանից 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած ԱՊՀ անդամ պետության միանալու համար, որն իրականացվում է միանալու վերաբերյալ փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Սույն Համաձայնագիրը միացող պետության համար ուժի մեջ է մտնում ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթղթի փոխանցման օրվանից 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից ավանդապահին իր այդ մտադրության մասին ոչ ուշ, քան իր դուրս գալուց վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելու և սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները կարգավորելու միջոցով:
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերից մեկից ստացված տեղեկատվության օգտագործումը տեղեկատվություն ստացած Կողմի համար Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո կկարգավորվի սույն Համաձայնագրի դրույթներով:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 2016 թվականի հունիսի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններին ուղարկում է Համաձայնագրի հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի Կառավարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի Կառավարության կողմից` |
Մոլդովայի Հանրապետության |
Հավելված
2016 թվականի հունիսի 7-ի՝ «Ռադիոակտիվ
աղբյուրների փոխադրման հարցերով ԱՊՀ
մասնակից պետությունների տեղեկատվական
փոխգործակցության մասին»
Համաձայնագրին կից
Սույն Համաձայնագրի առարկա հանդիսացող ռադիոակտիվ աղբյուրների (ռադիոնուկլիդների) կատեգորիաները և ակտիվության շեմային արժեքները
Ռադիոակտիվ աղբյուր (ռադիոնուկլիդ) |
Դաս 1 |
Դաս 2 |
Ակտիվություն, ՏԲք |
Ակտիվություն, ՏԲք | |
Am-241 |
6.E+01 |
6.E-01 |
Am-241/Be |
6.E+01 |
6.E-01 |
Cf-252 |
2.E+01 |
2.E-01 |
Cm-244 |
5.E+01 |
5.E-01 |
Co-60 |
3.E+01 |
3.E-01 |
Cs-137 |
1.E+02 |
1.E+00 |
Gd-153 |
1.E+03 |
1.E+01 |
Ir-192 |
8.E+01 |
8.E-01 |
Pm-147 |
4.E+04 |
4.E+02 |
Pu-238 |
6.E+01 |
6.E-01 |
Pu-239/Be |
6.E+01 |
6.E-01 |
Ra-226 |
4.E+01 |
4.E-01 |
Se-75 |
2.E+02 |
2.E+00 |
Sr-90 (Y-90) |
1.E+03 |
1.E+01 |
Tm-170 |
2.E+04 |
2.E+02 |
Yb-169 |
3.E+02 |
3.E+00 |
Au-198* |
2.E+02 |
2.E+00 |
Cd-10* |
2.E+04 |
2.E+02 |
Co-57* |
7.E+02 |
7.E+00 |
Fe-55* |
8.E+05 |
8.E+03 |
Ge-68* |
7.E+02 |
7.E+00 |
Ni-63* |
6.E+04 |
6.E+02 |
Pd-103* |
9.E+04 |
9.E+02 |
Po-210* |
6.E+01 |
6.E-01 |
Ru-106 (Rh-106)* |
3.E+02 |
3.E+00 |
Tl-204* |
2.E+04 |
2.E+02 |
* Այս ռադիոնուկլիդները օգտագործվում են առանձին ռադիոակտիվ աղբյուրներում՝ 1-ին և 2-րդ դասի ակտիվության մակարդակով: