Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1392
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
01.10.2010
Дата вступления в силу
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2478/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2478/02/09
2010թ.      

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան
Դատավորներ՝                Կ. Հակոբյան
                                      Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Փարավոն Ղազանչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Լիլիթ և Կարինե Ղազանչյանների, երրորդ անձ Փարավոն Ղազանչյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

 1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիլիթ և Կարինե Ղազանչյանները պահանջել են հարգելի համարել ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը:

Դատարանի 18.11.2009 թվականի որոշմամբ երրորդ անձ է ներգրավվել Փարավոն Ղազանչյանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` դիմումը բավարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Փարավոն Ղազանչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածը, 1188-րդ հոդվածի 1-ին մասը, 1227-րդ հոդվածի 1-ին մասը, 1228-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վկաների կողմից տրված ցուցմունքները, որոնց համաձայն` Կարինե Ղազանչյանը մասնակցել է Սեպուհ Ղազանչյանի հոգեհացի արարողությանը, վճռի բեկանման հիմք է ընդունել Կարինե Ղազանչյանի հայտարարությունը, որի համաձայն` վերջինս Սեպուհ Ղազանչյանի մահվան մասին տեղեկացել է 2009 թվականի մարտ ամսին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում Կարինե և Լիլիթ Ղազանչյանների կողմից, ինչպես 2002 թվականից չիմանալու, այնպես էլ 2009 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իմանալու վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացվել, հետևաբար ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմք առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.02.2010 թվականի վճռին:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Սեպուհ Ղազանչյանը մահացել է 02.12.2002 թվականին (գ. թ. 25):

2. Կարինե և Լիլիթ Ղազանչյանները Սեպուհ Ղազանչյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են (գ. թ. 11, 13):

3. Վկաներ Գրիշա Ղազանչյանի, Արմինե Նուրբեկյանի, Մարգարիտա Շեկոյանի ցուցմունքների համաձայն` Կարինե Ղազանչյանը մասնակցել է Սեպուհ Ղազանչյանի հոգեհացի արարողությանը (գ. թ. 86):

4. Կարինե և Լիլիթ Ղազանչյանները ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջով դատարան են դիմել 12.10.2009 թվականին (գ. թ. 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես՝ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե ո՞րն է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, և որ կողմը պետք է կրի այդ փաստի ապացուցման դատավարական բեռը:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վկաներ Գրիշա Ղազանչյանի, Արմինե Նուրբեկյանի, Մարգարիտա Շեկոյանի ցուցմունքներով հաստատվել է, որ Կարինե Ղազանչյանը հոր՝ Սեպուհ Ղազանչյանի մահվան մասին իմացել է մահվանից անմիջապես հետո և մասնակցել է Սեպուհ Ղազանչյանի հոգեհացի արարողությանը: Դատարանը հանգել է այն հետևության, որ Կարինե և Լիլիթ Ղազանչյանները դատարան են դիմել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը ավարտվելուց հետո:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը բեկանելով, պատճառաբանել է, որ վկաների ցուցմունքները հիմք չեն հաստատված համարելու այն փաստը, որ Կարինե Ղազանչյանը մասնակցել է իր հոր՝ Սեպուհ Ղազանչյանի հոգեհացի արարողությանը, քանի որ վկաներից Գրիշա Ղազանչյանը նրա հորեղբայրն է, որը շահագրգիռ է սույն վեճի լուծման մեջ, իսկ մյուս վկաներին Կարինե Ղազանչյանը չի ճանաչում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Կարինե Ղազանչյանի մասնակցության փաստը Դատարանը հաստատված համարելով վկաների ցուցմունքների հիման վրա, դրանք չի համադրել մյուս ապացույցների հետ, մասնավորապես` Լիլիթ և Կարինե Ղազանչյանների այն ցուցմունքի հետ, ըստ որոնց` Սեպուհ Ղազանչյանի հետ կապը խզվել է 1990-ական թվականներից: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Կարինե և Լիլիթ Ղազանչյանները Սեպուհ Ղազանչյանի մահվան վկայականը ստացել են 24.06.2009 թվականին, ուստի բաց չեն թողել օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ժառանգի կողմից ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է ՝

 եթե ժառանգն ապացուցում է, որ նա տեղյակ չէր և պարտավոր չէր իմանալու ժառանգության բացման մասին, այսինքն՝ ժառանգատուի մահվան օրվա մասին, և

 եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու պահանջով ժառանգը դատարան է դիմել այդ ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Ընդ որում, միաժամանակ միայն նշված պայմանների առկայության դեպքում է օրենսդիրն իրավունք վերապահել դատարաններին հարգելի ճանաչել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը և անվավեր ճանաչել նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի հետևյալ փաստի առկայությունը, այն է՝ արդյոք Լիլիթ և Կարինե Ղազանչյանները տեղյակ չէին և պարտավոր չէին իմանալու իրենց հոր՝ Սեպուհ Ղազանչյանի ժառանգության բացման մասին, հետևաբար այդ փաստի ապացուցման դատավարական բեռը տվյալ դեպքում պետք է կրեն Լիլիթ և Կարինե Ղազանչյանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկաների կողմից տրված ցուցմունքներն իրենց բնույթով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են, սակայն դրանցում առկա տեղեկությունների և Լիլիթ և Կարինե Ղազանչյանների դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների (մասնավորապես՝ տվյալ դեպքում դիմումատու կողմը հերքել էր այն հանգամանքը, որ Կարինե Ղազանչյանը մասնակցել է հոր հոգեհացի արարողությանը) հակասականությունը հնարավորություն չի տալիս հաստատված համարելու, որ Լիլիթ և Կարինե Ղազանչյանները տեղյակ չէին և պարտավոր չէին իմանալու իրենց հոր՝ Սեպուհ Ղազանչյանի ժառանգության բացման մասին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Լիլիթ և Կարինե Ղազանչյանները իրենց հոր՝ ժառանգատու Սեպուհ Ղազանչյանի մահվան մասին չգիտեին և իմանալուց հետո վեց ամսվա ընթացքում դիմել են դատարան (մի դեպքում ՝12.10.2009 թվականի դիմումով, Լիլիթ և Կարինե Ղազանչյանները նշել են, որ իրենց հոր մահվան մասին իմացել են 2009 թվականի ապրիլ ամսին, մեկ այլ դեպքում՝ դատաքննության ընթացքում՝ 2009 թվականի մարտ ամսին):

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Կարինե և Լիլիթ Ղազանչյանները Սեպուհ Ղազանչյանի մահվան վկայականը ստացել են 24.06.2009 թվականին, ուստի բաց չեն թողել օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ Սեպուհ Ղազանչյանի մահվան վկայականը 24.06.2009 թվականին ստանալը բավարար հիմք չէ հաստատված համարելու ժառանգության բացման փաստի մասին այդ պահից տեղեկացված լինելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե և Լիլիթ Ղազանչյանները չեն ապացուցել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի լինելը, ուստի սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու հիմքեր չկան:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.02.2010 թվականի վճռին:

2. Լիլիթ և Կարինե Ղազանչյաններից համապարտության կարգով հօգուտ Փարավոն Ղազանչյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ