Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 282-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.355
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.10.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
02.11.2010
Дата вступления в силу
11.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2010 թ.

 թիվ 282-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդների միջոցների պաշտպանության կանոնները» կանոնակարգ 4/12-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ.  նոյեմբերի 2
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 282-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  4/12

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Արժեթղթերով ֆինանսավորման գործարք` արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքը, ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքը, կամ հետ վաճառքի իրավունքով գնման կամ հետ գնման իրավունքով վաճառքի գործարքը:

2. Հաճախորդի միջոցներ` հաճախորդի և ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա ներդրումային ծառայություններ մատուցող անձի տիրապետմանը և(կամ) կառավարմանը հանձնված հաճախորդին պատկանող դրամական միջոցները և(կամ) արժեթղթերը, այդ թվում` դրանց կառավարման արդյունքում առաջացած շահույթը:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հաճախորդներին պատկանող արժեթղթերի և դրամական միջոցների հետ կապված հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է.

1) պահպանել տեղեկատվություն, վարել այնպիսի հաշվառում և հաշիվներ, որոնք թույլ կտան ցանկացած պահի և առանց ուշացման առանձնացնել յուրաքանչյուր հաճախորդի միջոցները այլ հաճախորդների, ինչպես նաև իր սեփական միջոցներից,

2) պահպանել տեղեկատվությունը և վարել հաշվառումն ու հաշիվներն այնպես, որ ապահովվի դրանց ճշգրտությունը և համապատասխանությունն իր տիրապետմանը և(կամ) կառավարմանը հանձնված հաճախորդների դրամական միջոցներին և արժեթղթերին,

3) պարբերաբար իրականացնել համեմատություններ, ճշգրտումներ իր և այն անձանց մոտ առկա` հաճախորդների միջոցների վերաբերյալ հաշիվների, տեղեկատվության, գրանցումների միջև, որոնց մոտ պահվում են հաճախորդների միջոցները,

4) ապահովել, որ երրորդ անձի մոտ պահվող ցանկացած հաճախորդի արժեթղթերը հնարավոր է առանձնացնել ներդրումային ծառայություններ մատուցող անձին պատկանող արժեթղթերից, ինչպես նաև երրորդ անձի արժեթղթերից` արժեթղթերի հաշիվների տարբեր անվանմամբ կամ պաշտպանության համարժեք մակարդակ ապահովող այլ միջոցներով: Սույն կետով սահմանված պահանջը չի տարածվում ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից իր հաճախորդին պատկանող պետական արժեթղթերը պետական պարտատոմսերի ենթապահառու հանդիսացող անձին փոխանցման դեպքի վրա, եթե պետական պարտատոմսերի ենթապահառուի մոտ ներդրումային ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների արժեթղթերի համար առանձին (տարբեր անվանմամբ) հաշիվների բացումն անհնար է,

5) ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցներ հաճախորդների միջոցների անբարեխիղճ կամ չթույլատրված օգտագործման, մեքենայությունների, թերի հաշվառման կամ անտեսման արդյունքում հաճախորդների միջոցների կամ այդ միջոցների հետ կապված իրավունքների կորստի ռիսկը կառավարելու համար:

5. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է ունենա հաճախորդների միջոցների պահպանման և պաշտպանության` ներքին կանոններով հաստատված սկզբունքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՊԱՀԵԼԸ

 

6. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի հաճախորդի արժեթղթերը պահել հաճախորդի համար երրորդ անձի մոտ բացված հաշվում (հաշիվներում): Երրորդ անձանց ընտրության, նշանակման և երրորդ անձի և տվյալ արժեթղթերի պահառության գործընթացների պարբերական ուսումնասիրության հարցում ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է գործի բարեխղճորեն, լավագույն ջանքերի գործադրմամբ, բավարար ուշադրությամբ և հոգատարությամբ: Երրորդ անձանց ընտրության և նշանակման գործընթացում ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է հաշվի առնի երրորդ անձի փորձառությունն ու համբավը, ինչպես նաև հաճախորդի արժեթղթերի պահառությանը վերաբերող իրավական պահանջները և գործարար շրջանառության սովորույթները` հաճախորդների իրավունքների վրա դրանց բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով:

7. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը նախատեսում է պահել հաճախորդի արժեթղթերը երրորդ անձի մոտ, որի երկրում առկա են առանձնահատուկ պահանջներ և վերահսկողություն այլ անձանց պատկանող արժեթղթերի պահառության նկատմամբ, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք չունի պահել հաճախորդի արժեթղթերը տվյալ երկրում գործող այնպիսի անձի մոտ, որը ենթակա չէ նման պահանջների կամ վերահսկողության:

8. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք չունի պահել հաճախորդների արժեթղթերը այլ երկրում գտնվող երրորդ անձի մոտ, որտեղ չի կարգավորվում այլ անձանց պատկանող արժեթղթերի պահառությունը, բացառությամբ` եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) արժեթղթերի կամ դրանց հետ կապված ներդրումային ծառայությունների բնույթը պահանջում է, որ այդ արժեթղթերը պահվեն տվյալ երկրում գտնվող անձի մոտ,

2) արժեթղթերը պատկանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի համաձայն որպես պրոֆեսիոնալ դասակարգված հաճախորդին և այդ հաճախորդը ներդրումային ծառայություններ մատուցող անձին տվել է գրավոր ցուցում կամ համաձայնություն իր արժեթղթերը տվյալ երկրում գտնվող անձի մոտ պահելու վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

 

9. Ներդրումային ընկերությունը պարտավոր է պահել հաճախորդի դրամական միջոցները որևէ առևտրային բանկում բացված մեկ կամ մի քանի հաշիվներում:

10. Ներդրումային ընկերությունը պարտավոր է իր սեփական և իր հաճախորդների դրամական միջոցները պահել առանձին բանկային հաշիվներում: Ընդ որում, հաճախորդների դրամական միջոցների համար բացված բանկային հաշվի պայմանագիրը պետք է հստակ նշում պարունակի այն մասին, որ այդ բանկային հաշիվը նախատեսված է ներդրումային ընկերության հաճախորդների դրամական միջոցների հաշվառման համար:

11. Ներդրումային ընկերությունը հաճախորդի դրամական միջոցները պահելու համար առևտրային բանկ ընտրելիս պետք է գործի բարեխղճորեն, բավարար ուշադրությամբ և հոգատարությամբ` ելնելով հաճախորդի լավագույն շահերից: Ներդրումային ընկերությունը պետք է հաշվի առնի նման առևտրային բանկի փորձը և համբավը, վարկանիշը, ինչպես նաև հաճախորդների դրամական միջոցների պահպանության հետ կապված իրավական պահանջները և շուկայական պրակտիկան` հաճախորդների իրավունքների անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու և հաճախորդների իրավունքների վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով: Ընդ որում, եթե ներդրումային ընկերությունը հաճախորդի դրամական միջոցները պահելու համար ընտրում է արտասահմանյան բանկ, ապա ներդրումային ընկերությունը պետք է ստանա հաճախորդի գրավոր համաձայնությունը միջոցները տվյալ բանկում պահելու համար, բացառությամբ` եթե ընտրված արտասահմանյան բանկի վարկանիշը ցածր չէ Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3», Ա.Մ. Բեստի «Բ» խմբի` «Բ+», Դաֆֆ և Ֆելփզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-», Վեիսսի «Բ» խմբի` «Բ-» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ-» վարկանիշից:

12. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը բանկ է, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքվող ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է նշվի այն մասին, որ ներդրումային ծառայություններ մատուցող անձը կարող է իր հաճախորդի դրամական միջոցներն օգտագործել ի շահ իրեն:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

13. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին արգելվում է իրականացնել արժեթղթերով ֆինանսավորման գործարքներ հաճախորդին պատկանող արժեթղթերով կամ այլ կերպ օգտագործել այդ արժեթղթերն ի շահ իրեն կամ իր այլ հաճախորդների, բացառությամբ սույն գլխի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերի:

14. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը կարող է օգտագործել հաճախորդի արժեթղթերը միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) հաճախորդը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը արժեթղթերի օգտագործման համար` մատնանշելով օգտագործման պայմանները: Նման համաձայնությունը կարող է պարունակվել հաճախորդի հետ կնքվող ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրում,

2) հաճախորդի արժեթղթերի օգտագործումը պետք է սահմանափակվի միայն հաճախորդի կողմից մատնանշված պայմաններով:

15. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը կարող է երրորդ անձի մոտ բացված ամփոփ հաշվում կամ նմանատիպ այլ հաշվում պահվող` հաճախորդին պատկանող արժեթղթերով իրականացնել արժեթղթերով ֆինանսավորման գործարքներ կամ այլ կերպ օգտագործել կամ տիրապետել երրորդ անձի մոտ բացված ամփոփ հաշվում կամ նմանատիպ այլ հաշվում պահվող հաճախորդի արժեթղթերն ի շահ իրեն կամ իր այլ հաճախորդների, եթե բավարարված են սույն գլխի 14-րդ կետում նշված պայմանները և ներդրումային ծառայություններ մատուցող անձն ունի հսկողության համապատասխան համակարգ, որն ապահովում է, որ միայն սույն գլխի 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն իրենց համաձայնությունը տված հաճախորդների արժեթղթերն են սույն գլխի 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված ձևով օգտագործվում:

16. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է վարի համապատասխան հաշվառում և գրանցումներ այն հաճախորդների վերաբերյալ, որոնց արժեթղթերն օգտագործվել են իրենց համաձայնությամբ և իրենց մատնանշած պայմաններով, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի գծով օգտագործված արժեթղթերի քանակի վերաբերյալ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան