Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (09.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
12.02.2018
Дата подписания
12.02.2018
Дата вступления в силу
09.10.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Բուլղարիայի Հանրապետությունը (այսուհետև՝ Կողմեր),

համոզված լինելով, որ աշխատանքային միգրացիան իրենց ժողովուրդների համար փոխշահավետ երևույթ է և կարող է նպաստել տնտեսական ու սոցիալական զարգացմանը, աջակցել մշակութային բազմազանությանը և տեխնոլոգիաների հետագա փոխանակմանը,

ընդունելով Կողմերի ներպետական օրենսդրության համաձայն և երկու պետությունների մասնակցությամբ միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն՝ դրանցով սահմանված իրավունքները, պարտականությունները և երաշխիքները հարգելու անհրաժեշտությունը,

նպատակ ունենալով խթանելու Կողմերի միջև համակողմանի համագործակցությունը և բարեկամությունը՝ Կողմերի կառավարությունների արտաքին քաղաքականության և միգրացիոն քաղաքականության համատեքստում,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագրի համար Կողմերի պատասխանատու մարմիններն են (այսուհետև` Լիազորված մարմիններ)`

1) Հայաստանի Հանրապետությունում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

2) Բուլղարիայի Հանրապետությունում` Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված Լիազորված մարմինները սույն Համաձայնագրի իրականացման համար նշանակում են հետևյալ հաստատություններին (այսուհետև` Իրավասու հաստատություններ)՝

1) Հայաստանի Հանրապետությունում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն.

2) Բուլղարիայի Հանրապետությունում` Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարին ենթակա զբաղվածության գործակալություն:

3. Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որտեղ իրականացվում են սույն Համաձայնագրից բխող և տվյալ հասկացությանն առնչվող իրավահարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է հետևյալ կատեգորիաների աշխատողների նկատմամբ, ովքեր Կողմերից մեկի քաղաքացիներ են և, սույն Համաձայնագրի շրջանակներում կնքել են աշխատանքային պայմանագիր, և ում տրամադրվել է մյուս Կողմի տարածքում կացության անհրաժեշտ թույլտվություն.

1) աշխատողներ՝ մեկ տարի սկզբնական ժամկետով` մինչև ընդհանուր երեք տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ.

2) սեզոնային աշխատողներ` յուրաքանչյուր տարի՝ ոչ ավել, քան ինը ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կատեգորիաների աշխատողների համար աշխատանքի թույլտվություն չի պահանջվում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում մյուս Կողմի տարածքում Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի, գտնվելու և զբաղվածության հետ կապված հարցերը կարգավորվում են ընդունող Կողմի ներպետական օրենսդրությամբ:

2. Աշխատանքի ընդունված աշխատողներին կարող են ուղեկցել նրանց ընտանիքների անդամները` համաձայն ընդունող Կողմի ներպետական օրենսդրության:

 

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Աշխատանքի առկա առաջարկների համար պոտենցիալ աշխատողների հավաքագրումը` համաձայն նրանց մասնագիտական որակավորման, կատարվում է ուղարկող Կողմի Իրավասու հաստատությունների կողմից, ինչպես սահմանված է Իրականացման ընթացակարգերում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Իրավասու հաստատություններն, իրենց պետական բյուջեի հատկացումների շրջանակներում, իրականացնում են աշխատանքի ընդունման գործունեության հետ կապված միջնորդական հետևյալ գործառույթները.

1) համապատասխան Կողմի տարածքում գործատուների կողմից ստացված աշխատանքի առաջարկների մասին տեղեկույթի փոխանակում.

2) պոտենցիալ աշխատողների (այսուհետև` Թեկնածուներ) ընտրություն երկու փուլով.

ա) նախնական ընտրություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա.

բ) գործատուների կողմից հաստատված Թեկնածուների վերջնական ընտրություն.

3) աջակցություն աշխատանքային բանակցությունների ընթացքին և ընտրված Թեկնածուների կողմից աշխատանքային պայմանագրերի ստորագրմանը.

4) պայմանագրեր ստորագրած աշխատողներին գտնվելու, աշխատելու, բնակության և մեկնելու պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթի տրամադրում ուղարկող Կողմի պաշտոնական լեզվով:

2. Աշխատանքի առաջարկների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն համապատասխան Իրականացման ընթացակարգերով և պարունակեն հետևյալ անհրաժեշտ տեղեկույթը.

1) տնտեսական ոլորտը, որտեղ պետք է իրականացվի գործունեությունը.

2) աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ պետք է իրականացվի գործունեությունը.

3) աշխատանքի ընդունման ենթակա աշխատողների թվաքանակը.

4) աշխատանքի ընդունման համար աշխատողների մասնագիտական որակավորումները և այլ պահանջները.

5) Թեկնածուների ընտրության վերջնաժամկետները.

6) աշխատանքային պայմանագրի տևողությունը.

7) ընդհանուր տեղեկություն աշխատանքային պայմանների, վարձատրության, բնակության և կեցության այլ պայմանների մասին.

8) ժամկետները, երբ ընտրված Թեկնածուները պետք է ժամանեն ընդունող Կողմի աշխատանքի վայր.

9) տեղեկություն Կողմերի տարածքների միջև ուղևորության ծախսերի մասին.

10) այլ տեղեկություն, որ նախատեսվում է Իրականացման ընթացակարգերում:

3. Կողմերի Իրավասու հաստատությունները ձևավորում են թեկնածուների ընտրության Համատեղ հանձնաժողով, որի աշխատակարգը սահմանվում է Իրականացման ընթացակարգերով:

4. Հանձնաժողովը բաղկացած է Իրավասու հաստատությունների ներկայացուցիչներից և ունի հետևյալ պարտավորությունները՝

1) հավասարության սկզբունքի հիման վրա ստացված աշխատանքի առաջարկների համար ընտրության չափորոշիչների սահմանում.

2) Թեկնածուներին խորհրդատվական ծառայությունների տրամադրում և աջակցություն ընտրության ողջ գործընթացում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Թեկնածուների ընտրությունը, նրանց մասնագիտական որակավորման և ներկայացված փաստաթղթերի հիման վրա, կատարվում է ուղարկող Կողմի Իրավասու հաստատության կողմից` Իրականացման ընթացակարգերով սահմանված կարգի համաձայն:

2. Այն Թեկնածուները, որոնք անցել են նախնական ընտրությունն ուղարկող Կողմի տարածքում, նախքան մասնագիտական ընտրությունը անցնում են բժշկական զննում՝ գործատուի ծախսերով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Նախքան ուղարկող Կողմի տարածքից մեկնելը հաստատված Թեկնածուն պետք է ունենա ընդունող Կողմի օրենսդրության համաձայն գործատուի կողմից ստորագրված ժամկետային աշխատանքային պայմանագրի բնօրինակը:

2. Այս պայմանագրի պատճենը պետք է ուղարկվի ուղարկող Կողմի Իրավասու հաստատություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված վիզայի հայտերը պետք է քննվեն առաջնահերթ կարգով, ուղարկող Կողմի տարածքում գտնվող՝ ընդունող Կողմի իրավասու հյուպատոսական ծառայության կողմից՝ համաձայն Կողմերի ներպետական օրենսդրության և երկու պետությունների մասնակցությամբ միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն: Վիզան, որը փակցվում է անձնագրում, պետք է ներառի դրա տեսակը, նպատակը և ընդունող Կողմի տարածքում գտնվելու տևողությունը:

2. Աշխատողներին տրվում է կացության անհրաժեշտ թույլտվություն` ընդունող Կողմի ներպետական օրենսդրությանը համապատասխան:

3. Ուղարկող Կողմի Իրավասու հաստատությունները պետք է աշխատողներին մեկնելուց առաջ Կողմի պաշտոնական լեզվով տրամադրեն տեղեկություն մեկնելու, գտնվելու, աշխատանքային և բնակարանային պայմանների մասին:

4. Ուղարկող Կողմի Իրավասու հաստատությունները պետք է աշխատողներին տեղեկացնեն իրենց ժամանման օրվա և վայրի մասին, իսկ ընդունող Կողմի Իրավասու հաստատությունները պետք է գործատուների հետ համաձայնեցնեն աշխատողների դիմավորման կազմակերպման և բնակեցման հետ կապված հարցերը:

 

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

 

ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Ընդունող Կողմի տարածքում աշխատողներն ունեն աշխատանքային նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք գործում են տեղացի աշխատողների համար, և օգտվում են աշխատավայրում հավասար պաշտպանության իրավունքից` ներպետական օրենսդրության համաձայն:

2. Ընդունող Կողմի տարածքում աշխատողներն օգտվում են անձնական և գույքային իրավունքների առնչությամբ այն նույն իրավական պաշտպանությունից, որից օգտվում են նրա քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Աշխատողների վարձատրությունը և աշխատանքային պայմանները պետք է անհատապես նշվեն ստորագրված աշխատանքային պայմանագրում, և պետք է միշտ համապատասխանեն առկա կոլեկտիվ պայմանագրերին կամ, այդպիսի պայմանագրերի բացակայության դեպքում, ընդունող Կողմի՝ նույն մասնագիտությունն ու որակավորումն ունեցող աշխատողներին վերաբերող օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը համաձայնում են, որ մինչև սոցիալական ապահովության ոլորտում երկկողմ համաձայնագրի ստորագրումը, կկիրառվի ընդունող Կողմի համապատասխան ներպետական օրենսդրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Գործատուների և աշխատողների միջև ծագած վեճերը լուծվում են ընդունող Կողմի օրենսդրության համաձայն:

 

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

 

ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Աշխատանքային պայմանագիր ստորագրելուց հետո աշխատողներն ստորագրում են նաև հայտարարություն, որով պարտավորվում են վերադառնալ ուղարկող Կողմ իրենց օրինական գտնվելու ժամկետը լրանալուց հետո և իրենց վերադառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ներկայանալ ընդունող Կողմի հյուպատոսական ծառայություն ու ներկայացնել իրենց անձնագիրը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտավորության չկատարելը հաշվի է առնվում ընդունող Կողմի իշխանություններին ներկայացված՝ կացության թույլտվության հետագա դիմումները քննարկելու ժամանակ:

 

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Սույն Համաձայնագրի գործնական կիրառման նպատակով Կողմերի Լիազորված մարմինները կհաստատեն Իրականացման ընթացակարգեր սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

2. Կողմերի Լիազորված մարմինները փոխհամաձայնեցված ընթացակարգով տեղեկություն են փոխանակում աշխատանքային հարաբերությունների, ինչպես նաև օտարերկրացիների մուտքի, գտնվելու և զբաղվածության վերաբերյալ առկա կարգավորումների մասին:

3. Սույն Համաձայնագրի իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման նպատակով ստեղծվում է Կողմերի ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ համակարգող հանձնաժողով:

4. Կողմերի Լիազորված մարմինները նշանակում են Համատեղ համակարգող հանձնաժողովի անդամներին:

5. Համատեղ համակարգող հանձնաժողովն իր հանդիպումներն անցկացնում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Բուլղարիայի Հանրապետությունում, փոխհամաձայնեցված պայմանների և ժամկետների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի սկզբնական ժամկետով, և դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա երեք տարի ժամկետներով:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

3. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվելու դեպքում՝ վերջինիս գործողության ընթացքում աշխատանքային միգրանտների կողմից ձեռք բերված իրավունքները շարունակում են գործել աշխատանքային պայմանագրի ժամանակահատվածի համար և համաձայն դրա դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել սույն Համաձայնագրի իրականացումը որոշակի ժամանակահատվածում, երբ վտանգված է ազգային անվտանգությունը, հասարակական կարգը կամ հանրային առողջությունը: Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելուց հետո:

2. Սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման ընթացքում Կողմերի միջև առաջացած ցանկացած վեճ ու տարաձայնություն լուծվում է Լիազորված մարմինների միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կկազմեն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բուլղարերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարբերությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին: