Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2011-23.02.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.75
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2011
Дата вступления в силу
26.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 12-Ն

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 6-րդ կետին, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զենքի առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) զենքի առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 18
Երևան 

 

 

 


Հավելված N 1 
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Զենքի առևտրի լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ու սույն կարգով:

3. Հայաստանի Հանրապետությունում զենքի առևտրի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

5. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենքի առևտուր իրականացնողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են զենքի առևտրի իրականացման վայրում ունենալ զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարաններ (այսուհետ` զետեղարան):

 9. Զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին՝

1) շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարե շարվածքի հաստությունը պետք է լինի առնվազն 360 մմ, պատերի բետոնե բլոկները` առնվազն 200 մմ, երկաթբետոնե ծածկերը` առնվազն 180 մմ, երկշերտ բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 մմ.

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պետք է պատվեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթե ձողերից պատրաստված 150 x 150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.

3) ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր (յուրաքանչյուրը՝ առնվազն 80 մմ հաստությամբ)` նրանց միջև սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխանող վանդակաշար անցկացնելով: Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում նշված կառուցվածքներին.

4) ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերն ու պատերի անցքերը պետք է փակվեն առնվազն 16 մմ հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50 x 50 մմ չափի վանդակաշարով.

5) դռների խորշերը պետք է սարքավորվեն`

ա. առնվազն 3 մմ հաստությամբ երկաթե դռնով, որն ամրացվում է պարագծով և անկյունագծով` պատերի՝ առնվազն 3 մմ հաստությամբ, և կողերի՝ առնվազն 50 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլով,

բ. առնվազն 16 մմ հաստությամբ ձողերով և 150 x 150 մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի՝ առնվազն 5 մմ հաստությամբ, և կողերի՝ առնվազն 100 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլից.

6) երկաթե վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում պետք է լինեն եռակցված, իսկ դռների խորշի շրջանակները պետք է լինեն պատերի մեջ 80 մմ խորությամբ ամրացված և ցեմենտապատված.

7) մուտքի հիմնական դուռը պետք է ունենա ներքին երկու փական, իսկ վանդակապատ դուռը` մեկ կախովի կամ ներքին փական, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն: Մուտքի դուռը պետք է լրացուցիչ սարքավորված լինի կնքման համար հարմարանքով.

8) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների պատուհանները պետք է ծածկված լինեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.

9) զետեղարանը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սարքավորված լինի հրդեհաշիջման միջոցներով և ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.

10) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների բոլոր մուտքերի դռները պետք է ունենան ազդանշանային համակարգ և լինեն լուսավորված:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը (կանոնադրության առկայության դեպքում).

3) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը սույն կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.

5) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման՝ առնվազն 3 տարի ժամկետով կնքված պայմանագրի պատճենը.

6) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.

7) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի և բժշկական տեղեկանքների պատճենները` նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ.

8) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

10) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

11. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

13. Լիցենզիան տրվում է 3 տարի ժամկետով: Լիցենզիայի գործողության ժամկետը հայտի հիման վրա կարող է երկարաձգվել 5 տարով:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի առևտրով.

4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.

5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

17. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

18. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

19. Լիցենզիայի գործողությունը կասեցվում, դադարեցվում է, և դրա ժամկետը երկարաձգվում է «Լիցենզավորման մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

20. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

21. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` լիցենզավորող մարմնի սահմանած ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Ձև

 

_______________________________________

_______________________________________
(իրավաբանական անձի անվանումը և

_______________________________________
կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

________________________________________
(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տալ զենքի առևտրի լիցենզիա

  _________________________
                  (նշել զենքի տեսակը)

 

________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. ______________________________________________________________

2. ______________________________________________________________

3. ______________________________________________________________

4. ______________________________________________________________

5. ______________________________________________________________

6. ______________________________________________________________

7. ______________________________________________________________

8. ______________________________________________________________

9. ______________________________________________________________

10. _____________________________________________________________

______________________________________________________________

 

Հայտատու

_____________________ 
        (ստորագրությունը)

________________________________
              (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 _____ _____________ 20 թ.

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Զ Ե Ն Ք Ի  Ա Ռ ԵՎ Տ Ր Ի

 

Սերիա - ԶԱՌ

N ____________

 

Իրավաբանական անձի
անվանումը

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

 

Գտնվելու վայրը (հասցեն)

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

Գործունեության իրակա-
նացման վայրը (հասցեն)

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

 

Գործողության ժամկետը՝ մինչև

___________________________________

 

ՀՀ ոստիկանության պետ __________________ 
     (ստորագրությունը)

________________________
       (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 _____ _____________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան