Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (18.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
14.11.2008
Подписан
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата подписания
14.11.2008
Дата вступления в силу
18.05.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև` Կողմեր,

 գիտակցելով, որ շաքարախտով հիվանդացությունը հասնում է վտանգավոր մասշտաբների և, ի վերջո, կարող է բերել ծանր սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական հետևանքների,

 հաշվի առնելով Կողմերի առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, այդ թվում՝ մարդու իրավունքների և ազատության պաշտպանության նպատակով գործող նորմերը,

 հաստատելով շաքարախտի բարդացման և համալիր բուժման համար օգտագործվող անորակ և կեղծված դեղերի շրջանառությանը հակազդելու նպատակով Կողմերի միջև փոխգործակցության անհրաժեշտությունը,

 հաշվի առնելով շաքարախտի խնդրի հատուկ սոցիալական նշանակությունը,

 գիտակցելով հասարակական կազմակերպությունների նշանակալի դերը շաքարախտ հիվանդությամբ տառապող քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում,

 ձգտելով բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը,

 համոզված լինելով, որ Կողմերի համագործակցությունը խիստ անհրաժեշտ է շաքարախտ հիվանդացության աճի դեմ պայքարում և հաշվի առնելով սույն խնդրի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի դրույթները,

 համաձայնեցին ներքոնշյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում ազգային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` շաքարախտի խնդրի վերաբերյալ՝ հաշվի առնելով Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում առողջապահության բնագավառում ընդունված համաձայնագրերն ու որոշումները:

 Կողմերը մշակում ու հաստատում են շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելման բնագավառում երկարատև համալիր ազգային ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

 Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

 Կողմերն ապահովում են շաքարախտի կանխարգելման և վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 Կողմերը համագործակցում են շաքարախտի և դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման ու ներդրման, շաքարախտի կանխարգելման, շաքարախտով տառապող քաղաքացիների սոցիալական և բժշկական վերականգնման բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

 Կողմերը, գիտակցելով շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար բժշկահոգեբանական օգնության կարևորությունը, ազգային ու միջպետական ծրագրերի շրջանակներում նպաստում են շաքարախտով հիվանդացության հոգեբանական կողմերի հետազոտության նախագծերի իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

 Կողմերը նպաստում են շաքարախտով տառապող հիվանդների ասոցիացիաների, բժշկական հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների և դեղագործական արտադրությունների ջանքերի միասնականացմանը շաքարախտով հիվանդացության դեմ պայքարում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

 Կողմերը նպաստում են շաքարախտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների շփումների զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

 Կողմերը, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրա իրականացումն ապահովելու նպատակով մշակում և հաստատում են շաքարախտի կանխարգելման և բուժման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջև համագործակցության երկարաժամկետ ծրագիր:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

 Կողմերը, հաշվի առնելով նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հնարավորությունները, ապահովում են բնակչությանը շաքարախտի և դրա բարդությունների կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների, բուժման ու վերականգնման ժամանակակից մեթոդների մասին տեղեկության պարբերաբար տրամադրում, նպաստում են միջպետական թեմատիկ ցուցահանդեսների, գիտաժողովների և սեմինարների անցկացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

 Սույն Համաձայնագիրն իրականացնում են առողջապահության ոլորտի գործադիր իշխանության համապատասխան մարմինները` ազգային օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում:

 Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի գործունեության համակարգումը կատարում է Անկախ պետությունների Համագործակցության անդամ պետությունների Միջխորհրդարանական ժողովին կից՝ շաքարախտով տառապող քաղաքացիների բժշկասոցիալական ապահովության միջպետական փորձագիտական խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, հանդիսանում են դրա անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում:

Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

 Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ենթադրվող դուրս գալու ամսաթվից ոչ ուշ քան վեց ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

 Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար, որոնք հետաքրքրված են իրենց մասնակցությամբ և պատրաստ են ստանձնելու սույն Համաձայնագրից բխող պարտավորություններ, միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:

 Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից՝

---------------------

Մոլդովայի Հանրապետության
Կառավարության
կողմից՝
/վերապահումով/

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Վրաստանի Կառավարության կողմից՝

-------------------

Թուրքմենստանի Կառավարության կողմից՝

--------------------

Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

-----------------------

Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Ուկրաինայի Կառավարության կողմից՝
/վերապահումով/

/ստորագրություն/

 

Վերապահում

Մոլդովայի Հանրապետության

 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման կից «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ

 

 Բացառությամբ Համաձայնագրի այն դրույթների, որոնք վերաբերում են ԱՊՀ շրջանակներում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և միասնականացման բարելավմանը։

 Սույն Համաձայնագիրը Մոլդովայի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:

 

Զինաիդա Գրեչանի

Մոլդովայի Հանրապետության վարչապետ

 

Ուկրաինայի վերապահումը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 19-րդ կետի

 

 «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ

 

 Բացառությամբ Համաձայնագրի՝ «Միր» միջպետական հեռուստաընկերության հնարավորությունների օգտագործման մասին դրույթների:

 Ուկրաինայի վարչապետ

 Պատվիրակության ղեկավար      Յու. Տիմոշենկո

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

(Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտագիրը 2015թ. մայիսի 5-ի թիվ 3795/1)

 

 Համաձայնագրի նպատակների համար «անհետաձգելի բժշկական օգնություն» տերմինը Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ բժշկական օգնություն, որը տրամադրվում է հանկարծակի սուր հիվանդությունների, իրավիճակների, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ, որոնք սպառնալիք են հիվանդի կյանքի համար (շտապ բժշկական օգնություն), ինչպես նաև, առանց ակնհայտ հիվանդի կյանքին սպառնալիքի նշանների, որպես շտապ օգնության (շտապ օգնություն, այդ թվում՝ մասնագիտացված շտապ օգնություն, շտապ անհետաձգելի բժշկական օգնություն):