Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.12.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
03.12.2010
Дата вступления в силу
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1503/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1503/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Հակոբյան 

Դատավորներ՝

Տ. Սահակյան
Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Մանուկյանի ընդդեմ Ղարիբ Եղիազարյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Մանուկյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեի 64,6 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 64,6քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ղարիբ Եղիազարյանը պահանջել է Անահիտ Մանուկյանին վտարել Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեից:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Անահիտ Մանուկյանի սեփականության իրավունքը Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեի 64,6քմ մակերեսով օրինական հողամասի նկատմամբ: Քաղաքացիական գործի վարույթը` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեի 64,6քմ հողամասի վրա առկա 64,6քմ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով, կարճվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2010 թվականի որոշմամբ Ղարիբ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է Դատարանի 24.02.2010 թվականի վճիռը. Անահիտ Մանուկյանի հայցը բավարարված մասով մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է: Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Անահիտ Մանուկյանը Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեի սեփականատիրոջ համաձայնությամբ 1971 թվականից մինչև օրս բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում է նույն հասեցում գտվող 64,6քմ մակերեսով հողամասը և դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինությունը որպես սեփականություն: Այդ հասցեի սեփականատերը չի առարկել, որպեսզի Անահիտ Մանուկյանն այդ հասցեում կատարի շինարարական աշխատանքներ: Այսինքն` վիճելի հասցեի սեփականատերը իրեն պատկանող գույքի մի մասի նկատմամբ կատարել է այնպիսի գործողություն, որն ակնհայտ վկայել է գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Հետևաբար` վիճելի տարածքը թողնելով Անահիտ Մանուկյանի տնօրինության տակ` վերջինս 39 տարի շարունակ բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում է այդ գույքը:

Բացի այդ, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435 (ՎԴ) և 10.10.2007 թվականի թիվ 3-1451 (ՎԴ) որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի 1972 թվականի թիվ 49 տոմար 59 գույքային թերթի համաձայն` Շահումյան 25 փողոցի թիվ 14 բնակելի շենքը Երքաղսովետի գործկոմի ինվենտարիզացիոն հանձնաժողովի 20.06.1971 թվականի որոշմամբ պատկանել է Բալաբեկ Եղիազարյանին (հատոր առաջին, գ.թ. 45):

2. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 28.09.2007 թվականի թիվ ԿՂ-6137 տեղեկանքի համաձայն` Երևանի Եղիազարյան փողոց թիվ 14 հասցեի վերաբերյալ առկա է երկու կադաստրային գործ, որոնցից մեկի համաձայն` գույքի սեփականատերը Ղարիբ Եղիազարյանն է, իսկ մյուսի համաձայն` բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Արփենիկ, Ազատ և Լարիսա Շահբազյանների անվամբ (հատոր առաջին գ.թ. 116):

3. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 09.04.2009 թվականի թիվ ԱԳ-1746 գրության համաձայն` Ղարիբ Եղիազարյանը փաստացի օգտագործում է 683,7 քմ հողամաս: Ըստ չափագրման արդյունքների վերոհիշյալ հասցեում Անահիտ Մանուկյանի կողմից փաստացի օգտագործվում է 69,1 քմ շինություններ, որից 4,5 քմ` անորոշ կարգավիճակ ունեցող 7,8 քմ հողամասի վրա (հատոր երկրորդ գ.թ. 3-4):

4. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 30.06.2009 թվականի թիվ ԱԳ-3522 գրության համաձայն` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեում Անահիտ Մանուկյանի կողմից օգտագործվում է 69,1 քմ ինքնակամ շինություններ, որից 4,5 քմ մակերեսը գտնվում է անորոշ կարգավիճակ ունեցող 15 քմ հողամասի վրա, իսկ 64,6 քմ մակերեսը` Ղարիբ Եղիազարյանին պատկանող հողամասի վրա (հատոր երկրորդ գ.թ. 17):

5. ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի 15.01.2009 թվականի և 02.04.2009 թվականի հաշվառման մասին տեղեկանքների համաձայն` Երևանի Աջափնյակ համայնք, Եղիազարյան փողոց, թիվ 14 տանը հաշվառված են Արմեն Կիրակոսյանը` 22.04.2005 թվականից, Լևոն Մանուկյանը` 13.12.1978 թվականից, Հայկ Մանուկյանը` 01.09.1993 թվականից, հայցվոր Անահիտ Մանուկյանը` 26.11.1971 թվականից (հատոր առաջին գ.թ. 50-52):

6. ՀՀ ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի 02.04.2009 թվականի թիվ 42-178/ա գրության համաձայն` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 14 հասցեի հաշվառումից հանվել են երեք անձ` Հայկ Մանուկյանը, Անահիտ Մանուկյանը, Արմեն Կիրակոսյանը (հատոր առաջին գ.թ. 105):

7. Աջափնյակի թաղային կոմիտեի նախագահ Լ.Ավագյանի 20.11.2009 թվականի, 04.12.2009 թվականի տեղեկանքների համաձայն` Երևանի Եղիազարյանի թիվ 14 տանը Անահիտ Մանուկյանը հաշվառված է եղել 1971 թվականին: Բնակվել է նույն հասցեում: Դուրս է գրվել 2009 թվականին, դուրս գրվելուց հետո շարունակում է փաստացի բնակվել նշված հասցեում մինչ օրս, կոմունալ պարտքեր չունի (հատոր երկրորդ գ.թ. 29-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե′ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Եղիազարյան թիվ 14 հասցեի սեփականատեր Բալաբեկ Եղիազարյանը 1971 թվականից վերոնշյալ հասցեից 64,6 քմ հողատարածքը` դրա վրա ամրակայված շինությամբ հատկացրել է հայցվոր Անահիտ Մանուկյանին, որը 1971 թվականից մինչ օրս շուրջ 39 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք», «Ղարիբ Եղիազարյանի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ պատասխանողը նախկինում մտադրություն է ունեցել Անահիտ Մանուկյանին որոշակի փոխհատուցում վճարել վերոնշյալ հասցեն ազատելու համար: Այլ կերպ ասած` պատասխանողը դադարել է Եղիազարյան 14 հասցեի 64,6 քմ շինություններով ծանրաբեռնված հողատարածքը որպես սեփական գույք դիտելը», «Պատասխանողն իր հակընդդեմ հայցով դատարանին հայտնել է, որ հայցվորի ընտանիքին է հանձնվել ինքնակամ կառույց հանդիսացող մեկ սենյակ: Մինչդեռ գործով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի 09.04.2009 թվականի թիվ ԱԳ-1746 գրությանը կից ներկայացված հատակագծով Անահիտ Մանուկյանի կողմից օգտագործվող շինությունները բաղկացած են 7 սենյակից», «Անահիտ Մանուկյանի կողմից նշված հողատարածքում կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչն Անահիտ Մանուկյանին բավարար հիմք է տվել ենթադրելու, որ ինքն այդ տարածքը տիրապետում է որպես սեփականը»:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ հայցվորի կողմից վիճելի գույքը չի տիրապետվել բարեխիղճ և որպես սեփական: Անահիտ Մանուկյանի` վիճելի տարածքում հաշվառված լինելը չէր կարող վերջինիս բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետման պահից տիրապետելու է որպես սեփական, առավել ևս այն պարագայում, երբ վիճելի գույքի նկատմամբ համապատասխան մարմիններում գրանցված է այլ անձանց իրավունքը և հայցվոր Անահիտ Մանուկյանի անվամբ որևէ իրավունք գրանցված չէ:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Եղիազարյանի թիվ 14 տանը Անահիտ Մանուկյանը հաշվառվել է 1971 թվականին, և նախկին սեփականատեր Բալաբեկ Եղիազարյանը 1971 թվականից վերոնշյալ հասցեից 64,6 քմ հողատարածքը` դրա վրա ամրակայված շինությամբ հատկացրել է Անահիտ Մանուկյանին, որը 1971 թվականից մինչ օրս շուրջ 39 տարի տիրապետում է այն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է գույքը մինչ 1991 թվականի հողային օրենսգիրքն ընդունելը տիրապետելու իրավական հետևանքներին:

Մասնավորապես, 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Անահիտ Մանուկյանին հիմք են տվել ենթադրելու, որ նա իր զբաղեցրած հողամասը տիրապետելու է որպես սեփականություն (տես նաև` ըստ հայցի Սևան և Մարիետա Մաճկալյանների ընդդեմ Ավետիք և Գեղամ Հայրապետյանների, Մարիամ Մելքոնյանի, Լիլիա Պալոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԱՆԴ/3148/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 22-ի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մանուկյանի կողմից գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետել է որպես սեփականություն:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ հայցվորի կողմից վիճելի գույքը չի տիրապետվել բարեխիղճ և որպես սեփական, քանի որ տվյալ գույքի նկատմամբ Անահիտ Մանուկյանի իրավունքը գրանցված չէ և գրանցված է այլ անձի իրավունքը, ապա այդ հանգամանքները վերոնշյալ պատճառաբանությունների պայմաններում չեն կարող հիմք հանդիսանալ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը բացառելու համար:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.02.2010 թվականի վճռին:

2. Ղարիբ Եղիազարյանից հօգուտ Անահիտ Մանուկյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ`որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ