Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1408
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
01.10.2010
Дата вступления в силу
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ1/0522/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ1/0522/05/09

2010թ.   

Նախագահող դատավոր՝  Հ. Հովհաննիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

ե. սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Շահեն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճարման կարգադրության դեմ` ըստ հայցի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Շահեն Հովհաննիսյանի` 150.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է արձակել 150.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շահեն Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ և 158-րդ հոդվածները:

Դատարանը, արձակելով վճարման կարգադրություն, Շահեն Հովհաննիսյանին չի ուղարկել վճարման կարգադրությունը, հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Շահեն Հովհաննիսյանին զրկելով իր դատավարական իրավունքներից օգտվելու և իրականացնելու հնարավորությունից:

Ընդ որում, տվյալ դեպքում առկա էր վարչական պատասխանատվություն սահմանող ակտը վիճարկելու համար հակընդդեմ հայց ներկայացնելու իրավական հիմքերը: Մասնավորապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է այլ անձի վերաբերյալ, իսկ դրա հիմքով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 15.09.2009 թվականի թիվ 03 որոշումը՝ Շահեն Հովհաննիսյանի վերաբերյալ: Բացի այդ, Շահեն Հովհաննիսյանը տեղյակ չի եղել վճարման կարգադրության մասին, այդ մասին տեղեկացել է հարկադիր կատարողի գործողություններից, իսկ վճարման կարգադրությունն էլ ստացել է ՀՀ Վճռաբեկ դատարանից՝ 01.06.2010 թվականի դիմումի հիման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Դատարանի 07.12.2009 թվականի վճարման կարգադրությամբ Շահեն Հովհաննիսյանին կարգադրվել է վճարման կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

ա. կատարել 150.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.

բ. դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ (գ. թ. 12):

2. Դատարանը 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի կրկնօրինակների հետ ուղարկել է ՀՀ Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Հովսեփ Բագրատի Ղազարյանին (գ. թ. 13-15):

3. Գործում առկա չէ 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի կրկնօրինակները Շահեն Հովհաննիսյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույց:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումն ամբողջովին մերժելու մասին միջանկյալ դատական ակտ չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն: Վճարման կարգադրությունը ներառում է`

1) նշում այն մասին, որ դատարանն ըստ էության չի ստուգել պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը.

2) կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ սույն օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ա. կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում.

բ. ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի.

3) նշում այն մասին, որ հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, սույն օրենսգրքին համապատասխան, կրելու է դատական ծախսերը.

4) նշում այն մասին, որ սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

Վճարման կարգադրությանը կցվում են հայցադիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները: Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետում կարող է ներկայացնել հակընդդեմ հայց՝ սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով։ Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը։

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով)։ Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տես՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Գյումրու քաղքապետարանի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ 0351/02/08-(ՇԴ) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի կրկնօրինակները Դատարանն ուղարկել է ՀՀ Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Հովսեփ Բագրատի Ղազարյանին:

Մինչդեռ Դատարանի 07.12.2009 թվականի վճարման կարգադրությամբ Շահեն Հովհաննիսյանին է կարգադրվել վճարման կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ ա/ կատարել 150.000 ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է, բ/ դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտն իր կարծիքով ապօրինի է:

Բացի այդ, սույն գործում առկա չէ 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի կրկնօրինակները Շահեն Հովհաննիսյանին ուղարկելու փաստը հավաստող որևէ ապացույց:

 

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շահեն Հովհաննիսյանին պատշաճ ձևով չծանուցելով 07.12.2009 թվականի վճարման կարգադրության մասին Դատարանը խախտել է Շահեն Հովհաննիսյանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը, ինչպես նաև` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճարման կարգադրությունը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճարման կարգադրությունը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ