Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1400
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
01.10.2010
Дата вступления в силу
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1737/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1737/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Մանվել Մկրտչյանի՝ գումար բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջների մասին, և Մանվել Մկրտչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Մանվել Մկրտչյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և նրան պարտավորեցնել քանդելու Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մանվել Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի իրականացրել, չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրությունը, 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրությունը։

Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը վերաբերում է շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքներին, իսկ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ, առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվել են ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրվել է մետաղական դարպաս, կողային հատվածներում իրականացվել են բետոնացման աշխատանքներ` առկա պատի բարձրացման տեսքով։

 

2) Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը հաշվի չի առել, որ Մանվել Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման ժամանակը վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրության կազմման ժամանակահատվածն է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրության համաձայն՝ Մանվել Մկրտչյանը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրել է մետաղյա դարպաս և կողային հատվածներում իրականացրել է բետոնացման աշխատանքներ։ Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով։ Դարպասը մետաղական է» (գ.թ. 9-10)։

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրության համաձայն՝ Մանվել Մկրտչյանի կողմից Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Մանվել Մկրտչյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանն ընդունել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են իր կողմից (գ.թ. 7-8)։

3) Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշմամբ Մանվել Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Միաժամանակ Մանվել Մկրտչյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6)։

4) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու ստույգ ժամանակի վերաբերյալ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման 2-րդ հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ կետի համաձայն` շինարարության թույլտվություն չի պահանջվում հետևյալ շինարարական աշխատանքների համար`

ա) պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախի օգնությամբ,

 բ) քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում,

 գ) երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

 դ) խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում` օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքներն ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով,

 ե) քարե ցոկոլների նորոգում,

 զ) քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում,

 է) կլոր կամ քառանիստ գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում` կանեփաթելի խրձերով,

 ը) փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում։

 Ցանկի 6-րդ կետի համաձայն`

 ա) դռների ու դարպասների ծռված փեղկերի ուղղում և դրանց ամրացում` փայտյա շերտաձողիկների կամ մետաղյա անկյունակների միջոցով,

 բ) փեղկերի ամրացում` դրանց առանձին տախտակների փոփոխմամբ,

 գ) նոր օդանցքների տեղադրում,

 դ) կոտրված ապակիների փոխում, փոխարինում, ակոսատների ծածկում,

 ե) լուսամուտների և դռների շրջանակների ու պատերի միջև եղած արանքների խծուծում (լցում) կանեփաթելի խրձերով, շաղախներով` փայտաշեն և քարաշեն կառույցներում,

 զ) լուսամուտագոգերի տակերի արանքների փակում,

 է) լուսամուտների և դռների փչացած պարագաների փոխում, նորի տեղադրում,

 ը) մուտքի դռների և դարպասների ջերմամեկուսացում,

 թ) արտաքին դռների զսպանակների և զսպիչների տեղադրում, ներքին դռների փոխում, փոխարինում,

 ժ) արտաքին լուսամուտների և արտաքին դռների փոխում, փոխարինում, արտաքին պատերի բացվածքներում ցուցափեղկերի փոփոխություն,

 ժա) պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների։

 Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքները և հղում կատարելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման 2-րդ հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ և 6-րդ կետերին, հանգել է այն հետևության, որ Մանվել Մկրտչյանի կողմից իրականացվել են միայն բարեկարգման աշխատանքներ` ամրացնելով նախկինում կառուցված և տարիների վաղեմություն ունեցող ավտոտնակի բետոնյա հիմքը, որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում։

Մինչդեռ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրության համաձայն՝ Մանվել Մկրտչյանը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրել է մետաղյա դարպաս և կողային հատվածներում իրականացրել է բետոնացման աշխատանքներ։ Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով։ Դարպասը մետաղական է»։ Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրությամբ Մանվել Մկրտչյանն ընդունել է շինարարական աշխատանքներն իր կողմից իրականացված լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացվել են բետոնացման աշխատանքներ` առկա պատի բարձրացման տեսքով, ինչպես նաև տեղադրվել է մետաղական դարպաս, որպիսի աշխատանքները ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ և 6-րդ կետերում ընդգրկված չեն։ Հետևաբար, Մանվել Մկրտչյանն առանց համապատասխան փաստաթղթերի ինքնակամ իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը ենթակա է քանդման։

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։

Սույն գործում առկա Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրությամբ Մանվել Մկրտչյանի տված բացատրության համաձայն` «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով։ Դարպասը մետաղական է»։ Ընդ որում` սույն գործում առկա չէ որևէ ապացույց Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու ստույգ ժամանակի վերաբերյալ։

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի հիմնավորվել Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշման կայացմանը նախորդող ոչ ուշ, քան երկու ամիսը չգերազանցող ժամանակահատվածում կատարվելու հանգամանքը։ Հետևաբար անհիմն է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ իրավախախտման ժամանակը վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրության կազմման ժամանակահատվածն է։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, հետևաբար այն ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման։ Այսինքն` Դատարանն այդ մասով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի` ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել մասնակիորեն` Մանվել Մկրտչյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. Մանվել Մկրտչյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ` որպես ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջի մասով հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Սողոմոնյան