Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Չիլիի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,
ցանկանալով ամրապնդել երկու պետությունների միջև բարեկամական կապերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերից որևէ մեկի տրամադրած՝ դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձինք կարող են մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք և մնալ այնտեղ մուտքի օրվանից հետո իննսուն (90) օրը չգերազանցող ժամկետով՝ առանց մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտության:
Հոդված 2
Կողմերից որևէ մեկի տրամադրած՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձինք, ովքեր գործուղվել են մյուս Կողմի պետության տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև նման անձնագրեր ունեցող՝ նրանց ընտանիքների անդամները կարող են իրենց գործուղման ընթացքում առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Կողմի տարածք, տարանցել մյուս Կողմի պետության տարածքով, մնալ մյուս Կողմի պետության տարածքում, դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից և կրկին մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք:
Հոդված 3
Կողմերից որևէ մեկի պետության քաղաքացու դիվանագիտական կամ պաշտոնական անձնագիրը մյուս Կողմի պետության տարածքում կորչելու կամ վնասվելու դեպքում ընդունող պետության համապատասխան մարմինը պետք է այդ մասին տեղեկացվի:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի ուժով մուտքի արտոնագրի պահանջի վերացումը չի ազատում Կողմերից որևէ մեկի դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մյուս Կողմի պետության տարածքում գործող օրենքներին և կանոններին ենթարկվելուց իրենց այնտեղ մնալու ընթացքում:
Հոդված 5
Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում չթույլատրելու իր պետության տարածք մտնելը կամ չեղյալ հայտարարելու մնալու թույլտվությունը, եթե տվյալ անձը, ով փորձում է մուտք գործել կամ մնալ, հայտարարվում է անցանկալի անձ «persona non-grata»՝ առանց հայտնելու դրա պատճառները:
Հոդված 6
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված իրենց անձնագրերի օրինակները ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:
2. Եթե Կողմերից որևէ մեկը փոփոխում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված իր անձնագրերը, ապա նա մյուս Կողմին պետք է դիվանագիտական ուղիներով տրամադրի նոր անձնագրերի օրինակները դրանց գործողության մեջ դնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:
Հոդված 7
Կողմերն իրենց իրավունք են վերապահում ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը՝ հասարակության անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության նկատառումներից ելնելով: Դադարեցման և դրա պատճառների մասին դիվանագիտական ուղիներով պաշտոնապես ծանուցումն ուժի մեջ է մտնում անմիջապես ծանուցումից հետո: Կողմերը նույն կերպով միմյանց ծանուցում են նաև Համաձայնագրի գործողությունը վերսկսելու վերաբերյալ:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կիրառման կամ կիրարկման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն կամ վեճ պետք է լուծվի բարեկամաբար՝ դիվանագիտական ուղիներով:
Հոդված 9
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Նման փոփոխությունները պետք է ձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ստորագրվում է անորոշ ժամանակով: Այն կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի կողմից մյուսի դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումը ստանալուց իննսուն (90) օր հետո:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր լրանալուց հետո:
Կատարված է Երևան քաղաքում, 2018 թվականի ապրիլի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` իսպաներեն, հայերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|