Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-19-Ո-19
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1350
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
05.11.2010
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
05.11.2010
Дата вступления в силу
05.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-19-Ո-19

2010 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,

Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր

Ա. Խաչատրյանի

 

քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2010 թվականի նոյեմբերի 5-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 28.09.2010 թվականի թիվ N-Կ-2-08/2010 որոշմամբ Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 22.09.2010 թվականի թիվ Ե-6566 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Թիվ ԵԿԴ/0163/01/10 քրեական գործով դատապարտյալ Դ. Դավթյանը 12.05.2010 թվականին ձերբակալվել է այն կասկածանքով, որ առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել է 0,6 գրամ քաշով «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ: 15.05.2010 թվականին Դ. Դավթյանին նշված արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի նույն օրվա որոշմամբ Դ. Դավթյանն ազատվել է արգելանքից այն պատճառաբանությամբ, որ նա ունի մշտական բնակության վայր, հիմքեր չկան ենթադրելու, որ կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը, և Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

22.06.2010 թվականին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատարան:

07.07.2010 թվականի որոշմամբ Դատարանը (դատավոր` Ա. Խաչատրյան), քննարկելով Դ. Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, այն թողել է անփոփոխ` արձանագրելով, որ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխելու հիմքեր չկան:

17.07.2010 թվականի դատական նիստին Դատարանը բավարարել է պաշտպան ներգրավելու համար դատական նիստը հետաձգելու մասին ամբաստանյալ Դ. Դավթյանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակել է 21.07.2010 թվականին: Նշված օրն ամբաստանյալը ներկայացրել է միջնորդություն` կրկին անգամ դատական նիստը հետաձգելու մասին` պատճառաբանելով, որ իր պաշտպանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին: Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է, և դատական նիստը նշանակվել է 26.07.2010 թվականին:

26.07.2010 թվականի դատական նիստին ամբաստանյալը խնդրել է իրեն ապահովել պաշտպանով` Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, քանի որ միջոցներ չունի իր հաշվին պաշտպան ներգրավելու համար: Դատարանն ամբաստանյալից բացատրություն է պահանջել, թե արդյո՞ք նա այդ միջոցով ցանկանում է խոչընդոտել գործի քննությանը:

Լսելով ամբաստանյալի և մեղադրողի կարծիքներն ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխելու վերաբերյալ (ամբաստանյալը խնդրել է իր նկատմամբ կալանավորում չկիրառել, իսկ մեղադրողն այդ հարցի լուծումը թողել է Դատարանի հայեցողությանը)` Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշում կայացրել ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու մասին:

Որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, նշվել է. «Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Դավթյանի նկատմամբ նախկինում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով (ըստ դատվածության մասին տեղեկանքի` 2007 թվականին Դ. Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով), և այժմ վերջինս, դատական նիստերն անհարկի հետաձգելով, դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ինչով խոչընդոտում է դատարանում քրեական գործի քննությանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, իսկ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, դատական նիստերը անհարկի հետաձգելով և ազատության մեջ մնալով, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ 0163/01/10 քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոխել կալանավորմամբ»:

Այնուամենայնիվ, Դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը` գործի քննությունը հետաձգել է և նշանակել 06.08.2010 թվականին` պաշտպան հրավիրելով Հանրային պաշտպանի գրասենյակից:

06.08.2010 թվականին նշանակված դատական նիստին Դատարանը քննության է առել ամբաստանյալի` իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ,143-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով` այն բավարարել է: Որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, նշվել է. «Տվյալ դեպքում ամբաստանյալ Դավիթ Դավթյանին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելով` չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հայտնի է նրա անձը, ուստի դատարանը գտնում է, որ Դավիթ Դավթյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի և գրավի գումար նշանակել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ»:

09.08.2010 թվականին ներկայացվել է գրավի վճարման անդորրագիրը, և Դ. Դավթյանն ազատվել է կալանքից:

Դատարանի 11.08.2010 թվականի դատավճռով ամբաստանյալ Դ. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նրան թողնվել է կրելու 11 ամիս 12 օր (հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 18 օրը), և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով (մեղադրողը միջնորդել է դատապարտել 1 տարվա ազատազրկման):

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչն էլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է հանդիսացել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը, ի թիվս այլ դեպքերի, կարող է նախատեսել ազատությունից զրկում անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից բխում է, որ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը թույլատրվում է իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում` մեղադրյալին իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը կամ հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ նախ` կալանավորման նպատակն է` նախաքննության և դատաքննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությունը, մեղադրյալի դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին նրա մասնակցության ապահովումը, երկրորդ` կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, և այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

Դրա հետ մեկտեղ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, այլ էական հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

Դատարանը թիվ ԵԿԴ 0163/01/10 քրեական գործով խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխելու մասին 26.07.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն փաստարկը, որ ամբաստանյալը, պաշտպան ներգրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված միջնորդություններ ներկայացնելով, անհարկի հետաձգում է դատական նիստերը, ինչով դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտում է Դատարանում գործի քննությանը: Մինչդեռ պաշտպան ունենալու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամբաստանյալին երաշխավորված հիմնարար իրավունք է: Ամբաստանյալն իրավունք ունի քրեական գործի քննության ցանկացած փուլում ունենալ պաշտպան, իսկ պաշտպան ունենալու կապակցությամբ համապատասխան միջնորդություններ հարուցելը չի կարող մեկնաբանվել որպես այնպիսի վարքագծի դրսևորում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով խոչընդոտում է գործի քննությանը: Առավել ևս այն պարագայում, երբ պաշտպան ներգրավելու նպատակով դատական նիստերը հետաձգելու մասին ամբաստանյալի բոլոր միջնորդությունները, այդ թվում նաև հանրային պաշտպան ներգրավելու մասին 26.07.2010 թվականի միջնորդությունը Դատարանը, գտնելով հիմնավորված, բավարարել է և ի վերջո որոշում է կայացրել հանրային պաշտպան ներգրավելու մասին:

Պաշտպան ունենալու իրավունքից օգտվելու հետ կապված թեկուզև մի քանի միջնորդություններ հարուցելը նույնպես չի կարող մեկնաբանվել որպես քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմք:

Դատարանն իր որոշման հիմքում դրել է նաև այն փաստարկը, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով: Այս առումով անհասկանալի է Դատարանի մոտեցումը. միջին ծանրության հանցանք կատարելը նա մի դեպքում դիտում է որպես հիմք` խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու համար, մյուս դեպքում դիտում է որպես հիմք` խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու համար: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նույն դատավորի մոտ առկա է նույն գործով իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված կամայական մոտեցում: Կամայական մոտեցման մասին է վկայում նաև այն, որ մի դեպքում Դատարանը (26.07.2010 թվականի որոշմամբ) հաստատված է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է Դատարանում գործի քննությանը, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, և այդ հիմքով խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոխում է կալանավորմամբ, իսկ մյուս դեպքում Դատարանը (06.08.2010 թվականի որոշմամբ) անտեսում է ընդամենը 12 օր առաջ իր կողմից արձանագրված` խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխելու մասին «հիմնավորված ենթադրությունները», և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելով` չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հայտնի է նրա անձը, գտել է, որ Դ. Դավթյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի:

Հատկանշական է, որ վերոնշյալ հանգամանքները դատարանի կողմից հաշվի են առնվել նաև տվյալ գործով 11.08.2010 թվականին դատավճիռ կայացնելիս, որով ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է համարվել առանց պատիժը փաստացի կրելու` կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում ընդգծել, որ խափանման միջոցները, առավել ևս կալանավորումը, պետք է կիրառվեն ի շահ քրեական վարույթի, կրեն օրինական բնույթ, ուղղված լինեն անձի պատշաճ վարքագծի ապահովմանը, այլ ոչ թե օրենսդրական նորմերը մեկնաբանվեն ըստ պահանջի, կիրառվեն` ելնելով նպատակահարմարությունից, ինչի արդյունքում հանգեցնեն նույն գործով կարճ ժամանակահատվածում իրարամերժ դատական ակտերի կայացմանը:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված և Դատարանի որոշմամբ անփոփոխ թողնված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, կալանավորմամբ փոխելու մասին Դատարանի 26.07.2010 թվականի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Դատարանը տվյալ պարագայում չի հիմնավորել օրենսդրի այն կատեգորիկ պահանջի առկայությունը, համաձայն որի` կալանավորումը որպես խափանման միջոց պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, ինչպես նաև Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի բացատրությունները, գտնում է, որ թիվ ԵԿԴ/0063/06/10 քրեական գործով դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները հիմնավոր չեն և չեն բխում ներկայացված նյութերից:

 Միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական իրավունքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

2. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Խաչատրյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արմեն Խաչատրյանիս որոշմամբ Դավիթ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական գործը նշանակվել է դատական քննության 17.07.2010 թվականին: Նույն որոշմամբ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ, քանի որ այն փոփոխելու հիմքեր չեն եղել: 26.07.2010 թվականի որոշմամբ Դատարանը Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոխել է կալանավորմամբ:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 28.09.2010 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ այդ որոշումը կայացնելիս Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածների կոպիտ խախտում:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում` (…) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած (…):

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

(…) 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք (…):

2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

2. Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս:

Դ. Դավթյանի վերաբերյալ քրեական գործն իմ կողմից վարույթ է ընդունվել 25.06.2010 թվականին: Նույն օրը մեղադրյալ Դ. Դավթյանին ուղարկվել է իր իրավունքների և պարտականությունների պարզաբանման մասին հուշաթերթիկ, որտեղ ի թիվս այլ իրավունքների, պարզաբանվել է նաև մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը: Նախաքննության ընթացքում Դ. Դավթյանին բազմիս բացատրվել է նրա` պաշտպան ունենալու իրավունքը, սակայն վերջինս առնվազն երկու անգամ (ձերբակալելուց հետո և մեղադրանք առաջադրելուց առաջ) հայտարարել է, որ հրաժարվում է պաշտպան ունենալուց: Գործով 1-ին դատական նիստը կայացել է հուշաթերթիկ ուղարկելուց շուրջ 22 օր անց` 17.07.2010 թվականին, որի ընթացքում ամբաստանյալ Դ. Դավթյանը Դատարանին խնդրել է հետաձգել ընդամենը մեկ դատական նիստ և թույլատրել իրեն պաշտպանի հետ ներկայանալ (թեև ամբաստանյալն իր` պաշտպան ունենալու իրավունքի մասին տեղյակ էր և կարող էր իր իրավունքից օգտվել մինչև դատական նիստում գործի քննության սկսելը կամ փաստաբանի հետ ներկայանալ Դատարան, և դատական նիստն այդ պատճառով չէր հետաձգվի): Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.07.2010 թվականին: Այդ նիստին ամբաստանյալը պաշտպան չի ներկայացրել, ինչի պատճառով գործի քննությունը կրկին հետաձգվել ու նշանակվել է 26.07.2010 թվականին: Հաջորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կրկին պաշտպան չի ներկայացրել: Դատարանը, լսելով ամբաստանյալի բացատրությունները և կողմի կարծիքը, որոշել է Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոխել կալանավորմամբ հետևյալ պատճառաբանությամբ. «Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Դավթյանի նկատմամբ նախկինում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով, և այժմ վերջինս, դատական նիստերն անհարկի հետաձգելով, դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ինչով խոչընդոտում է դատարանում քրեական գործի քննությանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ է նախատեսված միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, իսկ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, դատական նիստերը անհարկի հետաձգելով և ազատության մեջ մնալով, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ 0163/01/10 քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոխել կալանավորմամբ»:

Դ. Դավթյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու համար հիմք են հանդիսացել նրա` ինչպես կատարած, այնպես էլ հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, դրանք հիմնված են եղել գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, առկա է եղել հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրված հանցանքը և որ ազատության մեջ մնալով` նա խոչընդոտել է դատարանում գործի քննությանը ու կարող էր կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք:

Դ. Դավթյանն իրեն առաջադրված մեղադրանքում և´ նախաքննության, և´ դատաքննության ընթացքում լիովին մեղավոր է ճանաչել ու տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանը քաջ գիտակցել է, որ պաշտպան ունենալու իրավունքն ամբաստանյալի առնվազն սահմանադրական իրավունքն է, սակայն ամբաստանյալի վերոհիշյալ վարքագիծը Դատարանի մոտ ներքին համոզմունք է ձևավորել, որ վերջինս ըստ էության մտադրություն չի ունեցել պաշտպանի միջոցով իր պաշտպանությունն իրականացնելու և պաշտպանական իրավունքից անբարեխղճորեն օգտվելու միջոցով նպատակ է հետապնդել դատական նիստերն անհարկի ձգձգելու, ինչը և Դատարանի կողմից գնահատվել է որպես դատաքննությանը խոչընդոտելու եղանակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված երկու հիմքերի միաժամանակյա առակայության պայմաններում է Դատարանը որոշել Դ. Դավթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել: Այն ուղղված է եղել գործով վարույթի ընթացքում նրա պատշաճ վարքագիծն ապահովելուն: Գործի նյութերից երևում է, որ քննության ողջ ժամանակահատվածում Դ. Դավթյանի կողմից գործով վարույթին պաշտպան չի ներգրավվել, իսկ Դատարանի կողմից պետական միջոցների հաշվին պաշտպան նշանակելուց հետո նա հրաժարվել է պաշտպանից: Նշվածից ակնհայտ է դառնում այն, որ ամբաստանյալի կողմից իր պաշտպանական իրավունքից օգտվելը ձևական բնույթ է կրել:

Այնպիսի իրավիճակներում, երբ ամբաստանյալը պաշտպան ներկայացնելու նպատակով խնդրում է դատական նիստը հետաձգել (մեղադրանքի առաջացման պահից ունի իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք), դատարանը պետք է հետաձգի գործի քննությունը, որպեսզի վերջինս կարողանա իրացնել իր իրավունքը, սակայն օրենքով նախատեսված չէ, թե քանի անգամ պետք է դատարանը հետաձգի գործի քննությունը և նոր միայն կարողանա եզրակացնել, թե ամբաստանյալը, անբարեխղճորեն օգտվելով իր իրավունքից, ցանկանում է խոչընդոտել դատաքննությանը:

Հետևաբար, գտնում եմ, որ Դ. Դավթյանի նկատմամբ կիրառված կալանավորումը ապահովել է նրա պատշաճ վարքագիծը, այսինքն` այն ծառայել է իր նպատակին:

Կարգապահական հանձնաժողովն իր որոշմամբ արձանագրել է, որ Դ. Դավթյանին կալանավորելուց հետո նրան գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ Դատարանը թույլ է տվել (…) իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված կամայական մոտեցում (…) և ըստ էության կայացրել է իրարամերժ դատական ակտեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

Կալանավորումից շուրջ 12 օր հետո ամբաստանյալը միջնորդել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ (…):

Դատարանը, քննարկելով միջնորդությունը, որոշել է այն բավարարել, քանի որ «(...) ամբաստանյալ Դավիթ Դավթյանին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելով չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և հայտնի է նրա անձը (…)»:

Դատարանն իր որոշումը կայացրել է` խստորեն հետևելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի` գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Տվյալ դեպքում Դ. Դավթյանի մասով բացակայել են նախատեսված այդ սահմանափակումները և, բացի այդ, արդեն իսկ նվազած է եղել Դ. Դավթյանի կողմից դատարանում գործի քննությանը խոչընդոտելու վտանգը:

Այս պարագայում, եթե դատարանն ընդունի, որ Դ. Դավթյանին կալանավորելու և կալանքը գրավով փոխարինելու մասին դատական ակտերի միջև առկա է հակասություն, ապա դրանով գործնականում անհնարին կդարձնի խափանման միջոց գրավի կիրառման հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառում ապահովելու սահմանադրական գործառույթն իրականացնելիս Տիգրան Վահրադյանի վերաբերյալ ԼԴ 0197/06/08 գործով իրավական դիրքորոշումներ է հայտնել, թե անձի ազատության կանխավարկածը կարող է երաշխավորված լինել միայն այն պայմաններում, երբ կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս դատարանը ազատ լինի և կաշկանդված չլինի իր կայացրած կալանավորման որոշմամբ: Ուստի պնդումն այն մասին, որ առկա է հակասություն Դատարանի կայացրած կալանավորման և գրավի մասին որոշումների միջև, անհիմն է և չի բխում ո´չ ներպետական իրավունքից, ո´չ էլ դրա մասը կազմող միջազգային իրավունքի նորմերից:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Դ. Դավթյանի նկատմամբ չհիմնավորված և չպատճառաբանված կալանավորում կիրառելու պայմաններում Դատարանը, դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, դրսևորել է կամայական վարքագիծ:

Նշվածի կապակցությամբ կնշեի, որ խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Իսկ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

Այսինքն` կալանավորումը, լինելով մեղադրյալի (ամբաստանյալի) դատավարական պատշաճ վարքագիծն ապահովող միջոց, կրելով ժամանակավոր և պայմանական բնույթ, չի կարող կանխորոշել հետագայում անձի մեղավորությունը մեղսագրված արարքում, առավել ևս` նշանակվող «արդարացի պատիժը»»:

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Դ. Դավթյանին 15.05.2010 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի նույն օրվա որոշմամբ Դ. Դավթյանն ազատվել է արգելանքից այն պատճառաբանությամբ, որ նա ունի մշտական բնակության վայր, հիմքեր չկան ենթադրելու, որ կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը, և Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

2. Դ. Դավթյանի վերաբերյալ քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 22.06.2010 թվականին ուղարկվել է Դատարան:

3. Դատարանը 07.07.2010 թվականի որոշմամբ, քննարկելով Դ. Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, այն թողել է անփոփոխ` արձանագրելով, որ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխելու հիմքեր չկան:

4. Դատարանը 26.07.2010 թվականին որոշում է կայացրել ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու մասին:

5. Դատարանը 06.08.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ քննության է առել ամբաստանյալի` իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 143-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով` այն բավարարել է:

6. Դատարանի 11.08.2010 թվականի դատավճռով ամբաստանյալ Դ. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նրան թողնվել է կրելու 11 ամիս 12 օր (հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 18 օրը), և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը, ի թիվս այլ դեպքերի, կարող է նախատեսել ազատությունից զրկում անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից բխում է, որ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը թույլատրվում է իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում` մեղադրյալին իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը կամ հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում անձի ազատության իրավունքի երաշխավորման նպատակ է համարվում ազատությունից կամայականորեն զրկելուց անձի իրավական պաշտպանությունը (տե´ս Թիմուրտաշն ընդդեմ Թուրքիայի գործով 13.06.2000 թվականի վճռի 103-րդ կետը, Բազորկինան ընդդեմ Ռուսաստանի գործով 27.07.2006 թվականի վճռի 146-րդ կետը, Կլիֆտն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 13.07.2010 թվականի վճռի 62-րդ կետը):

Անձի ազատության իրավունքի նշանակության և իրավական արժեքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետևյալն է.

«(...) Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից» (տե´ս Ա. Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը):

Խորհուրդը գտնում է, որ անձին ազատությունից զրկելը կամայական է, երբ այն կատարվել է օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի խախտմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ կողմնակի դիտորդի համար ակնհայտ է, որ տվյալ հանգամանքներում ազատությունից զրկելու հիմքերը պատշաճ և համոզիչ չեն:

Կալանավորման` որպես անձին ազատությունից զրկելու իրավաչափ տեսակի վերաբերելի օրենսդրական կանոնակարգումը հանգում է հետևյալին.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը, այլ էական հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու օրենսդրական պայմանները ՀՀ վճռաբեկ դատարանը մեկնաբանել և դրանց վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Արամ Սեյրանի Ճուղուրյանի վերաբերյալ 30.08.2007 թվականի թիվ ՎԲ-132 որոշմամբ, այն է`

«Կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) Այս հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդված) բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»:

Ներկայացված նյութերից երևում է, որ նախաքննության ընթացքում քննիչի 15.05.2010 թվականի որոշմամբ մեղադրյալ Դ. Դավթյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունն այն պատճառաբանությամբ, որ նա ունի մշտական բնակության վայր, հիմքեր չկան ենթադրելու, որ նա կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը:

Գործի դատական քննությունը նշանակելու մասին 07.07.2010 թվականի որոշմամբ Դատարանը, քննարկելով Դ. Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, այն թողել է անփոփոխ` արձանագրելով, որ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հիմքեր չկան:

17.07.2010 թվականի և 21.07.2010 թվականի դատական նիստերը հետաձգվել են պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու և գործով վարույթին ներգրավելու հնարավորություն ընձեռելու մասին ամբաստանյալ Դ. Դավթյանի միջնորդությունների հիման վրա:

26.07.2010 թվականի դատական նիստին ամբաստանյալը դարձյալ պաշտպան ունենալու ցանկություն է հայտնել` խնդրելով իրեն ապահովել պաշտպանով հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, քանի որ միջոցներ չունի իր հաշվին պաշտպան ներգրավելու համար: Նույն դատական նիստին իր նախաձեռնությամբ լսելով կողմերի կարծիքներն ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխելու վերաբերյալ` Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշում կայացրել ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու մասին: Նույն օրն էլ Դ. Դավթյանը կալանավորվել է:

06.08.2010 թվականի դատական նիստին Դատարանը բավարարել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին ամբաստանյալ Դ. Դավթյանի միջնորդությունը:

Դատարանի 11.08.2010 թվականի դատավճռով ամբաստանյալ Դ. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով նրան թողնվել է կրելու 11 ամիս 12 օր (հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 18 օրը), և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Նշված դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դ. Դավթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին Դատարանի 26.07.2010 թվականի որոշման պատճառաբանական մասից, մասնավորապես, երևում է, որ նման որոշում կայացնելու հիմք է հանդիսացել այն, որ ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ նախկինում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով (որպիսի հանգամանքը Դատարանին հայտնի է եղել 07.07.2010 թվականի որոշումը կայացնելիս) և այն, որ վերջինը, դատական նիստերը հետաձգելով, դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ինչով խոչընդոտում է դատարանում քրեական գործի քննությանը: Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, իսկ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը` դատական նիստերն անհարկի հետաձգելով, և ազատության մեջ մնալով` կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք:

11 օր անց կայացված` կալանավորումը գրավով փոխարինելու մասին Դատարանի 06.08.2010 թվականի որոշման հիմքում դրվել են այն փաստարկները, որ ամբաստանյալ Դ. Դավթյանին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելով` չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հայտնի է նրա անձը:

Ինչպես երևում է դատավոր Ա. Խաչատրյանի բացատրությունից, ամբաստանյալի վարքագիծը Դատարանի մոտ ներքին համոզմունք է ձևավորել, որ վերջինս ըստ էության մտադրություն չի ունեցել պաշտպանի միջոցով իր պաշտպանությունն իրականացնելու և պաշտպանական իրավունքից անբարեխղճորեն օգտվելու միջոցով նպատակ է հետապնդել դատական նիստերն անհարկի ձգձգելու, ինչը և Դատարանի կողմից գնահատվել է որպես դատաքննությանը խոչընդոտելու եղանակ:

Բացատրությունում նշվել է նաև, որ Դատարանի որոշումն ուղղված է եղել գործով վարույթի ընթացքում ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելուն: Քննության ողջ ժամանակահատվածում Դ. Դավթյանի կողմից գործով վարույթին պաշտպան չի ներգրավվել, իսկ Դատարանի կողմից պետական միջոցների հաշվին պաշտպան նշանակելուց հետո նա հրաժարվել է պաշտպանից, ինչից ակնհայտ է, որ ամբաստանյալի կողմից իր պաշտպանական իրավունքից օգտվելը ձևական բնույթ է կրել:

Փաստորեն, Դատարանը խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխելու մասին 26.07.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն փաստարկը, որ ամբաստանյալը, պաշտպան ներգրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված միջնորդություններ ներկայացնելով, անհարկի հետաձգում է դատական նիստերը, ինչով դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտում է Դատարանում գործի քննությանը:

Մինչդեռ պաշտպան ունենալու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ (20-րդ հոդվածի 2-րդ մաս) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) երաշխավորված հիմնարար իրավունք է: Ամբաստանյալն իրավունք ունի քրեական գործի քննության ցանկացած փուլում ունենալ պաշտպան, անկախ նրանից, որ գործի նախորդ քննության ընթացքում հրաժարվել է պաշտպան ունենալուց: Պաշտպան ունենալու իրավունքից օգտվելու հետ կապված անգամ մի քանի միջնորդություններ հարուցելը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմք հանդիսացող վարքագծի դրսևորում:

Խորհուրդը գտնում է, որ թիվ ԵԿԴ/0163/01/10 քրեական գործով դատապարտյալ Դ. Դավթյանի կողմից վերը շարադրված իրավական նորմերով երաշխավորված` իրավաբանական օգնություն ստանալու նպատակով պաշտպան ներգրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատական նիստերը հետաձգելու միջնորդությունները դիտելով որպես դատական նիստերի անհարկի հետաձգում, դրանով պայմանավորված ոչ պատշաճ վարքագծի դրսևորում և գործի քննությանը խոչընդոտում` Դատարանը (դատավոր` Ա. Խաչատրյան) ակնհայտորեն խախտել է նշված իրավական նորմերի պահանջները, այսինքն` խախտել է անձին ազատությունից զրկելու` օրենքով նախատեսված ընթացակարգը և արդյունքում եկել է չհիմնավորված և չպատճառաբանված եզրահանգման` կայացնելով խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու մասին որոշում: Կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող Դատարանի փաստարկումները չեն բխում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Ամբաստանյալի միջնորդությունները օրենքից բխելու մասին է վկայում հենց այն փաստը, որ պաշտպան ներգրավելու նպատակով դատական նիստերը հետաձգելու մասին ամբաստանյալի բոլոր միջնորդությունները, այդ թվում նաև հանրային պաշտպան ներգրավելու մասին 26.07.2010 թվականի դատական նիստում արված միջնորդությունը Դատարանը գտել է հիմնավորված և բավարարել է:

Դատարանն իր որոշումների հիմքում դրել է նաև այն փաստարկը, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով:

Այսպես` ամբաստանյալ Դ. Դավթյանին միջին ծանրության հանցանք մեղսագրելու հանգամանքը Դատարանը մատնանշել է որպես հիմնավորում և´ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու, և´ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին կայացված որոշումներում:

Այս առումով, իրոք, անհասկանալի է Դատարանի մոտեցումը. Դատարանը միևնույն հանգամանքը մի դեպքում դիտում է որպես այնպիսի հանգամանք, որն ամբաստանյալի նկատմամբ ընտրված անազատության հետ չկապված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, Դատարանի կողմից անփոփոխ թողնելուց կարճ ժամանակահատված անց կալանավորմամբ փոխարինելու հիմք է հանդիսանում, իսկ մյուս դեպքում, դարձյալ կարճ ժամանակ անց նույն հանգամանքը դիտում է որպես կալանավորումը գրավով փոխարինելու և ամբաստանյալին կալանքից ազատելու հիմք:

Խորհուրդը համակարծիք է Կարգապահական հանձնաժողովի այն եզրահանգմանը, որ դատավորի մոտ առկա է նույն գործով իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված կամայական մոտեցում: Կամայական մոտեցման մասին է վկայում նաև այն, որ մի դեպքում Դատարանն առաջին դատական նիստից ընդամենը 9 օր անց (26.07.2010 թվականի որոշմամբ) հաստատված է համարում այն հանգամանքը, որ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը և կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, և այդ հիմքով խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինում է կալանավորմամբ, իսկ մյուս դեպքում Դատարանը (06.08.2010 թվականի որոշմամբ) անտեսում է ընդամենը 12 օր առաջ իր կողմից արձանագրված` խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխելու մասին «հիմնավորված ենթադրությունները», և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, ազատության մեջ գտնվելով չի փորձել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հայտնի է նրա անձը` գտել է, որ Դ. Դավթյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի:

Ամփոփելով կարելի է արձանագրել, որ փաստորեն, ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը 07.07.2010 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելուց և առաջին դատական նիստից (17.07.2010թ.) ընդամենը 9 օր անց Դատարանն իր նախաձեռնությամբ 26.07.2010 թվականին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որից 12 օր անց` 06.08.2010 թվականին, այն փոխարինել է գրավով այն դեպքում, երբ նշված կարճ ժամանակահատվածում ամբաստանյալի վարքագծի որևէ փոփոխություն չի արձանագրվել, նրա անձը բնութագրող որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել: 11.08.2010 թվականի դատավճռով Դ. Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան: Ընդ որում, ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը, մեղքն ընդունելը և կատարածի համար զղջալը, ծնողների և 8 ամսական հղիության վիճակում գտնվող կնոջ միակ կերակրող հանդիսանալը, որոնց ոչ միայն չի անդրադարձել 26.07.2010 թվականին նրան կալանավորելու մասին որոշում կայացնելիս, այլև նշված որոշմամբ արձանագրել է, որ ամբաստանյալն իր խնամքին ոչ ոք չունի: Մինչդեռ խափանման միջոցները, առավել ևս կալանավորումը, պետք է կիրառվեն ի շահ քրեական վարույթի, կրեն օրինական բնույթ, ուղղված լինեն անձի պատշաճ վարքագծի ապահովմանը, այլ ոչ թե օրենսդրական նորմերը մեկնաբանվեն կամայականորեն և ըստ պահանջի, կիրառվեն ելնելով նպատակահարմարությունից, ինչի արդյունքում հանգեցնեն նույն գործով կարճ ժամանակահատվածում իրարամերժ դատական ակտերի կայացմանը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան)` ամբաստանյալ Դ. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու անհրաժեշտությունը հիմնավորող հետևություններն անհիմն են և չեն բխում վերը նշված օրենսդրական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջներից, հետևաբար, Դատարանի 26.07.2010 թվականի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ:

Վերոգրյալի հիման վրա կարելի է եզրակացնել, որ Դատարանի 26.07.2010 թվականի որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածների պահանջների ակնհայտ և կոպիտ խախտմամբ:

Դրա հետ մեկտեղ, տվյալ հանգամանքներում Դ. Դավթյանին ազատությունից զրկելու հիմքերն ակնհայտորեն պատշաճ և համոզիչ չեն, քանի որ` 1) դա պայմանավորված է եղել Դ. Դավթյանի կողմից իր սահմանադրական իրավունքից օգտվելու մտադրությամբ, 2) ներառել է գոյություն չունեցող հանգամանք` «ամբաստնյալն իր խնամքին ոչ ոք չունի», 3) ամբաստանյալի վարքագծի որևէ փոփոխության բացակայության և նրա անձը բնութագրող որևէ նոր հանգամանքի ի հայտ չգալու պայմաններում նույն Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) որոշմամբ ընդամենը 11 օր անց Դ. Դավթյանն ազատվել է կալանքից, և 4) միևնույն հանգամանքները («ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով») դրվել են ինչպես Դ. Դավթյանին ազատությունից զրկելու, այնպես էլ նրան կալանքից ազատելու որոշման հիմքում: Այս հանգամանքները համակցության մեջ գնահատելով` Խորհուրդը եզրակացնում է, որ դատավոր Ա. Խաչատրյանը ամբաստանյալ Դ. Դավթյանին ազատությունից զրկելիս դրսևորել է կամայական մոտեցում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ

Գ. Բադիրյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Մ. Մարտիրոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան