Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (04.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
19.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
19.12.2019
Дата вступления в силу
04.03.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնի դրույթներով և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի 18-րդ հավելված),

հաշվի առնելով «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիան,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր ապահովելու նպատակով,

համակարծիք լինելով Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտմանը,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,

ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) հարցերը։

 

Հոդված 2

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության ամենօրյա եկամուտների չափերի տարբերությունների, անդամ պետությունների բնակչության համար ծխախոտային արտադրանքի մատչելիության (այդ թվում՝ գնային) հաշվառում,

աճի ավելի ցածր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի արագացում և աճի ավելի բարձր տեմպերով անդամ պետություններում ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցում,

անդամ պետությունների (այդ թվում՝ շրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման պլանների հաշվառում,

անդամ պետությունների՝ ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքի ապահովում,

ակցիզների դրույքաչափերի սահմանման դաշտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկություն ու կանխատեսելիություն։

 

Հոդված 3

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցում (մոտարկում)

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է՝ սահմանելով.

 ակցիզների ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափեր (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափեր),

 ինդիկատիվ դրույքաչափերի մակարդակին հասնելու 5-ամյա ժամկետ,

 ինդիկատիվ դրույքաչափերից ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման տիրույթներ (այսուհետ՝ շեղման տիրույթներ)։

Ինդիկատիվ դրույքաչափերը և շեղման տիրույթները հաստատվում են ամեն 5 տարին մեկ՝ սկսած 2024 թվականից, սույն հոդվածով նախատեսված կարգով:

2. Ծխախոտային արտադրանքի ակցիզների փաստացի դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և հանդիսանում են ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) հանրագումար:

3. Ինդիկատիվ դրույքաչափը կիրառվում է բյուջետային տարվա 1-ին օրվա եվրոյին համարժեք անդամ պետության ազգային արժույթով:

4. Անդամ պետությունները ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում՝ նախքան ինդիկատիվ դրույքաչափերի գործողության ժամանակահատվածի ավարտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության մեջ են մտնում հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերը, մշակում են հաջորդ ժամանակահատվածում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների մասին առաջարկություններ:

Անդամ պետությունների կողմից համաձայնեցված ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները, այդ դրույքաչափերի մակարդակին հասնելու ժամկետները և շեղման տիրույթները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

5. Ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունների և շեղման տիրույթների փոփոխման տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների՝ եվրոյի նկատմամբ ավելի քան 15% փոփոխության դեպքում Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

 

Հոդված 4

Ինդիկատիվ դրույքաչափերի մեծությունները և շեղման տիրույթները 2024 թվականի համար

 

1․ Անդամ պետությունները կիրառում են ինդիկատիվ դրույքաչափ սիգարետի նկատմամբ 2024 թվականին, 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով 1000 հատի համար:

2. Անդամ պետություններում գործող ծխախոտային արտադրանքի նկատմամբ կիրառվող ակցիզների փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ 2024 թվականի ինդիկատիվ դրույքաչափից ոչ ավել, քան 20 տոկոսով դեպի նվազում կամ ավելացում:

 

Հոդված 5

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների շրջանակում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրականացման նպատակով Հանձնաժողովն աջակցում և համակարգում է ծխախոտային արտադրանքի ակցիզային դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականության հարցերով խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև իրականացնում է անդամ պետությունների կողմից ծխախոտային արտադրանքի ակցիզային ինդիկատիվ դրույքաչափերի ձեռքբերման մակարդակի մշտադիտարկում:

2. Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն՝ հերթական օրացուցային տարում (բյուջետային ժամանակահատվածում) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների՝ անդամ պետությունների օրենսդրություններով սահմանված՝ հաստատման ենթակա դրույքաչափերի մասին, ինչպես նաև, առկայության դեպքում, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում հաստատման ենթակա ակցիզների դրույքաչափերի մասին տեղեկատվություն:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված տեղեկատվության արդյունքների վերլուծության համար ստեղծված Հանձնաժողովը ուղարկում է այդ տեղեկատվությունը անդամ պետություններին սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթների իրականացման համար:

Հանձնաժողովի ծանուցումից հետո անդամ պետություններից որևէ մեկի կողմից ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ որոշման կայացման դեպքում ծխախոտային արտադրանքի ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկություններն ուղարկվում են Հանձնաժողովին և անդամ պետություններին համապատասխան ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օր առաջ։

 

Հոդված 6

Հարկային ինքնիշխանությունը

 

Ոչինչ սույն Համաձայնագրում չպետք է մեկնաբանվի որպես՝

ցանկացած անդամ պետության նկատմամբ ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափեր սահմանելու պահանջ, որը անդամ պետությունը կարող է դիտարկել որպես իր անվտանգության շահերին հակասող պահանջ.

ցանկացած անդամ պետության համար գործողություններ իրականացնելու խոչընդոտ, որոնք վերջինս համարում է իր անվտանգության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ՝ ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի սահմանման համար նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով:

 

Հոդված 7

Վարչական համագործակցությունը

 

Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով անդամ պետությունները որոշում են իրենց լիազոր մարմինների միջև վարչական համագործակցության մեխանիզմները (այդ թվում՝ Միության շրջանակներում համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 8

Հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում անդամ պետությունների՝ նախկինում կնքած միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են նրանք։

 

Հոդված 9

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից։

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից`

Բելառուսի Հանրապետության կողմից`

Ղազախստանի Հանրապետության կողմից`

Ղրղզստանի Հանրապետության կողմից`

Ռուսաստանի Դաշնության կողմից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան