Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (22.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
20.06.2008
Подписан
Պայմանավորվող կողմեր
Дата подписания
20.06.2008
Дата вступления в силу
22.06.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

տալով մեծ նշանակություն հանցավորության դեմ պայքարի և իրավակարգի պահպանման ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մարդու իրավունքների և ազատության ապահովմանը,

 ելնելով Կողմերի փոխհամագործակցությունն ամրապնդելու փոխադարձ ցանկությունից,

հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

Համագործակցելու պարտավորությունը

 

 Կողմերը կհամագործակցեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` գործելով իրենց իրավասության սահմաններում, հետևելով Կողմերի պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին:

 

Հոդված 2

Համագործակցության ուղղությունները

 

1. Կողմերը կիրականացնեն փոխհամագործակցություն հանցագործությունների մասին նախազգուշացման, դրանց հայտնաբերման, կանխման և բացահայտման գործում, իսկ նախ և առաջ`

անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ բռնի հանցագործությունների,

ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման,

սեփականության դեմ ուղղված հանցագործությունների,

կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դրսևորումների,

տնտեսության ոլորտում հանցագործությունների, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման,

մարդկանց առևտրի, հատկապես` կանանց և երեխաների,

զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, միջուկային նյութերի անօրինական շրջանառության,

թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և դրանց բաղադրատարրերի, անօրինական շրջանառության,

կեղծ դրամանիշերի, փաստաթղթերի, արժեթղթերի, ինչպես նաև վարկային և վճարման քարտերի և այլ վճարման միջոցների պատրաստման և իրացման,

մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունների,

մշակութային և պատմական արժեքների գողության և մաքսանենգության հետ կապված հանցագործությունների,

տրանսպորտում հանցագործությունների,

տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանցագործությունների,

ապօրինի միգրացիայի հետ կապված հանցագործությունների:

2. Կողմերը նաև համագործակցելու են հետևյալ ուղղություններով`

հասարակական կարգի պահպանում,

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում,

չճանաչված դիակների և առողջական վիճակի կամ տարիքի պատճառով իրենց անձի մասին տվյալներ հայտնելու համար ոչ ընդունակ անձանց ինքնության պարզում,

Կողմերի գործունեության նյութատեխնիկական ապահովում,

գիտահետազոտական գործունեություն, տեղեկատվական համակարգերի, հատուկ միջոցների, տեխնիկայի և սարքավորումների զարգացում,

կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

սպորտային և մշակութային կապերի զարգացում,

պայմանագրային հիմունքով Կողմերի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժման և առողջարանային կազդուրման գործում աջակցության ցուցաբերում:

 

Հոդված 3

Համագործակցության ձևերը

 

1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթների իրականացման նպատակով Կողմերը համագործակցելու են հետևյալ ձևերով`

հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց մասին,

օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,

քրեական հետապնդումից կամ դատավճռի կատարումից թաքնվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,

 անօրինական շրջանառության մեջ հայտնված թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների, դրանց պատրաստման և դրա ընթացքում օգտագործվող նյութերի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի հետազոտման և նույնացման նոր մեթոդների մասին տեղեկատվության փոխանակում,

համարներ կամ հատուկ տարբերակիչ նշաններ ունեցող առարկաների (իրերի) սահմանված կարգով հետախուզում և վերադարձ, այդ թվում` ավտոտրանսպորտի և հրազենի, ինչպես նաև` համարավոր արժեթղթերի և անձնագրերի (անձը հաստատող փաստաթղթերի),

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում վերապատրաստումների, սեմինարների և խորհրդակցությունների անցկացում,

օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,

փոխշահավետ հիմքի վրա գիտատեխնիկական գրականության և Կողմերի գործունեության հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով հանձնման և իրավական օգնության ցուցաբերման հարցեր:

 

Հոդված 4

Համագործակցության զարգացում

 

Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում համագործակցության այլ` փոխադարձ ընդունելի ուղղությունների և ձևերի որոշման ու զարգացման գործում` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված պայմանները:

 

Հոդված 5

 Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի` աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ այդ աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են փոխանցվել բանավոր, սակայն առնվազն 3 օր հետո դրանք պետք է գրավոր հաստատվեն, այդ թվում` տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում կարող է հայցվել լրացուցիչ հաստատում:

3. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի`

 աջակցություն հայցող մարմնի անվանումը և հայցվող մարմնի անվանումը, եթե այն հայտնի է,

 գործի էության շարադրումը,

 հարցման նպատակի նշումը և հիմնավորումը,

 հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

 ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:

4. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը, որը փոխանցվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հայցող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և վավերացվում է հայցող մարմնի կնիքով:

 

Հոդված 6

Աջակցություն ցուցաբերելու մերժումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը մերժվում է ամբողջությամբ կամ մասամբ, եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման կատարումը իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կարող է վնաս հասցնել կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

2. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակցությամբ ստացվել է հարցումը, հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում:

3. Հնարավորության դեպքում հայցվող Կողմը մինչև սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա աջակցություն ցուցաբերելու մերժման մասին որոշման ընդունումը հայցող Կողմի հետ անցկացնում է խորհրդակցություններ այն հարցի քննարկման համար, թե արդյոք աջակցությունը կարող է ցուցաբերվել` հետևելով այն պայմաններին, որոնք հայցվող Կողմն անհրաժեշտ է համարում: Հայցող Կողմը հետևում է այն պայմաններին, որոնց հիման վրա նրան աջակցություն է ցուցաբերվում:

4. Հայցող Կողմը մերժման պատճառների նշումով գրավոր ծանուցվում է հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին:

 

Հոդված 7

Հարցման կատարումը

 

1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորին չափով առավել ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հայցող Կողմն անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումն էականորեն ուշացնող հանգամանքների մասին:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հայցվող Կողմի իրավասության մեջ, նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայցող Կողմին և, նրա խնդրանքով, այն փոխանցում է իրավասու մարմնին:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի հայցելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել քրեական հետապնդմանը կամ իր պետությունում իրականացվող այլ վարույթի, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը հայցող կողմի հետ խորհրդակցություններից հետո կապել որպես անհրաժեշտ սահմանված պայմաններին հետևելու հետ: Եթե հայցող Կողմը համաձայն է առաջարկված պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, նա պետք է հետևի այդ պայմաններին:

5. Հայցվող Կողմը, հայցող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումը ստանալու փաստի, այդ հարցման բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցության ցուցաբերման փաստի գաղտնիությունն ապահովելու համար:

 Գաղտնիության ապահովմամբ հարցումը կատարելու անհնարինության դեպքում հայցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմին, որը որոշում է` արդյոք արժի կատարել հարցումն այդ պայմաններով:

6. Հայցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետներում հայցող Կողմին տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին:

 

Հոդված 8

Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթ են կրում, կամ եթե փոխանցող Կողմը դրանց հրապարակումը համարում է անցանկալի: Այդ տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:

2. Հարցման կատարման արդյունքները, որոնք ստացվել են սույն Համաձայնագրի հիման վրա, առանց դրանք տրամադրած Կողմի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել և տրամադրվել են:

3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմից ստացված տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործումը կամ հրապարակումը, եթե հայցող Կողմի պետության օրենքներով նախատեսված է այդ կերպ գործելու պարտավորություն: Հայցող Կողմը հայցվող Կողմին նախապես ծանուցում է այդ տեղեկատվության և փաստաթղթերի` հնարավոր և ենթադրվող օգտագործման կամ հրապարակման մասին:

 

Հոդված 9

Ծախսերը

 

Կողմերն ինքնուրույն կկրեն այն ծախսերը, որոնք կառաջանան սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում այլ կարգ չհամաձայնեցվի:

 

Հոդված 10

Լեզուները

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցություն իրականացնելիս օգտագործում են ռուսերենը: Այլ լեզուների օգտագործման դեպքում Կողմերն ապահովում են ռուսերեն բանավոր և գրավոր թարգմանություն:

 

Հոդված 11

Համագործակցության համակարգումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցության միջոցառումների համակարգումը Հայկական Կողմից հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբին, Ռուսական Կողմից` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության վարչական դեպարտամենտին:

2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը որոշում են իրենց մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանումները, որոնք կարող են հաստատել անմիջական կապեր` ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների, և նրանց միջև կապի ուղիները:

 

Հոդված 12

Աշխատանքային հանդիպումները և խորհրդակցությունները

 

Կողմերի ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում կանցկացնեն աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով:

 

Հոդված 13

Տարաձայնությունների լուծումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ծագող տարաձայնությունները լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 14

 Մյուս միջազգային պայմանագրերի հետ առնչությունը

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են Կողմերի պետությունների մյուս միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 15

Եզրափակիչ դրույթները

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կգործի մինչև դրա գործողության դադարեցման մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից հետո վեց ամիս լրանալը:

2. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից իր գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին 1993 թվականի մայիսի 12-ի Համաձայնագիրը:

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

 Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի հունիսի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ ունեն նույն ուժը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան