Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (14.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
25.10.2013
Дата подписания
25.10.2013
Дата вступления в силу
14.03.2019

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները և Անկախ Պետությունների Համագործակցությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համագործակցություն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից,

Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկության պաշտպանության ապահովման նպատակով,

հաշվի առնելով միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման մասին 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագիրը,

 

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Տերմիններ և սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հետևյալ տերմինները և սահմանումները ունեն հետևյալ նշանակությունը.

«գաղտնիության դրոշմագիր»՝ գաղտնի տեղեկությունների կրիչիների և/կամ դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա դրված ռեկվիզիտ, որը վկայում է գաղտնի տեղեկությունների կրիչներում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

«պաշտոնատար անձինք»՝ յուրաքանչյուր Կողմի համար պաշտոններին համապատասխան քվոտաներով ամրագրված, Կողմերի կողմից ներկայացված, Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կողմից հաստատված անձինք,

«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն»՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համար ֆիզիկական անձի իրավունք կամ լիազոր մարմնի և գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեության իրականացման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մարմնի իրավունք՝ տրված սույն Համաձայնագրի մասնակից պետության ազգային օրենսդրությանը և Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկատվությունից օգտվելու կանոններին (այսուհետ` Կանոններ) համապատասխան,

«գաղտնի տեղեկատվության մատչելիություն»՝ գաղտնի տեղեկատվությանը սահմանված կարգով արտոնված ծանոթացում և/կամ գաղտնի տեղեկատվության հետ ֆիզիկական անձի աշխատանք,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»՝ գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածումը արգելելու և կրիչների պահպանության նպատակով ձեռնարկվող՝ իրավական, վարչական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական և այլ միջոցներ,

«իրավասու մարմիններ»՝ Կողմերի մարմիններ, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար,

«գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածում»՝ գաղտնի տեղեկության հայտնում, փոխանցում, տրամադրում, առաքում, հրապարակում կամ ցանկացած այլ եղանակով դրա հետ ծանոթանալու իրավունք չստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցնում կամ դրանց կրիչների կորուստ կամ հափշտակություն,

«գաղտնի տեղեկատվության կրիչներ»՝ նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունը գտնում է իր արտացոլանքը խորհրդանիշերի, կերպարների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով,

«Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններ»՝ Անկախ Պետությունների Համագործակցության 1993 թվական հունվարի 22-ի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն) և Անկախ Պետությունների Համագործակցության այլ փաստաթղթերով նախատեսված կարգով ստեղծված՝ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններ, որոնք իրականացնում են գործունեություն գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ,

«գաղտնի տեղեկատվության գաղտնազերծում»՝ գաղտնի տեղեկատվության տարածման սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն և դրանց կրիչներին հասանելիություն,

«գաղտնի տեղեկատվություն»՝ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ընթացքում ստացվող (փոխանցվող) և/կամ ստեղծված (ձևավորված)՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ազգային օրենսդրությանը, իսկ ԱՊՀ մարմիններում` սույն Համաձայնագրին և Կանոններին համապատասխան պաշտպանվող, սույն Համաձայնագրի մասնակից պետություններից մեկի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ցանկացած ձևով արտահայտված, որոնց չթույլատրված տարածումը կարող է վնասել Կողմերի շահերը և անվտանգությանը,

«գաղտնիության աստիճան»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ, իսկ ԱՊՀ մարմիններում` սույն Համաձայնագրով և Կանոններով հաստատված՝ տեղեկատվության չափանիշների սահմանազատում,

«լիազոր մարմիններ»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական մարմիններ և/կամ կազմակերպություններ, որոնք ունեն գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, լիազորված են փոխանցելու, ստանալու, պահպանելու, պաշտպանելու և օգտագործելու գաղտնի տեղեկատվությունը:

 

Հոդված 2

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագրի առարկան ԱՊՀ շրջանակներում համագործակցության իրականացման ընթացքում գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովումն է:

 

Հոդված 3

 

Իրավասու մարմինները, լիազոր մարմինները և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինները

 

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում համագործակցությունն իրականացվում է իրավասու մարմնի միջոցով:

2. Իրավասու մարմինները որոշվում են յուրաքանչյուր Կողմի կողմից, և նրանց մասին տեղեկություններն ուղարկվում են ավանդապահին՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ի պահ հանձնելիս: Իրավասու մարմնի փոփոխման դեպքում Կողմը մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է ավանդապահին:

3. Անկախ Պետությունների Համագործակցության իրավասու մարմին է հանդիսանում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեն:

4. Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում փոխգործակցում են անմիջականորեն:

5. Գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեություն իրականացնող ԱՊՀ մարմինների ցանկը (այսուհետ` ցանկ) ձևավորում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:

Սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում ԱՊՀ գործադիր կոմիտեն ուղարկում է ցանկը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:

Ցանկում փոփոխությունների դեպքում ԱՊՀ գործադիր կոմիտեն 1 ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:

6. Լիազոր մարմինների և ԱՊՀ մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:

 

Հոդված 4

 

Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն

 

1. Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը ապահովելու համար:

2. ԱՊՀ մարմիններն իրականացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը սույն Համաձայնագրի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված Կանոնների համաձայն:

3. ԱՊՀ մարմիններ ուղարկված պաշտոնատար անձանց սույն Համաձայնագրի մասնակից պետությունը իր կողմից տրամադրում է գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ԱՊՀ մարմնի կազմած պաշտոնների ցանկի հիման վրա, որոնց փոխարինումը ենթադրում է գաղտնի տեղեկատվությանն առնչություն, և այդ մասին գրավոր տեղեկացնում է ԱՊՀ համապատասխան մարմին: ԱՊՀ մարմիններում կնքված աշխատանքային պայմանագրերի և գործարքների հիման վրա իբրև փորձագետներ աշխատող անձանց (բացի վարչատնտեսական անձնակազմից) թույլտվությունը տրվում է Կանոնների համաձայն:

4. Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է գաղտնի տեղեկությանն առնչվելու թույլտվությունը, որը տրված և ձևակերպված է մյուս Կողմի կողմից:

 

Հոդված 5

 

Գաղտնիության աստիճանների հարաբերակցությունը

 

1. ԱՊՀ մարմիններում հաստատվում են գաղտնի տեղեկատվության հետևյալ գաղտնիության աստիճանները և նրանց կրիչների համար համապատասխան գաղտնիության դրոշմագրերը. «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի», «գաղտնի»:

2. ԱՊՀ շրջանակներում համագործակցության ընթացքում օգտագործվող գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանները և այդ աստիճաններին համապատասխանող գաղտնիության դրոշմագրերը հարաբերակցվում են հետևյալ կերպով.

 

 

Գաղտնիության աստիճանները և գաղտնիության դրոշմագրերը

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Հայաստանի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Բելառուսի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Ղազախստանի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Ղրղզստանի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Մոլդովիայի Հանրապետությունում

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

«Կոնֆիդենցիալ» «Սահմանափակ օգտագործման»

Ռուսաստանի Դաշնությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Տաջիկստանի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Թուրքմենստանում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Ուզբեկստանի Հանրապետությունում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

Ուկրաինայում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

ԱՊՀ մարմիններում

«Հատուկ կարևորության»

«Հույժ գաղտնի»

«Գաղտնի»

 

Հոդված 6

 

Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ Կողմերը.

առանց փոխանցող Կողմի գրավոր թույլտվության՝ չեն փոխում ստացված գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և դրանց կրիչների գաղտնիության դրոշմագիրը,

օգտագործում են Կողմի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը բացառապես դրանք փոխանցելիս նախատեսված նպատակներով և պայմաններով,

չեն փոխանցում գաղտնի տեղեկատվությունը՝ առանց այն փոխանցող Կողմի նախօրոք տված գրավոր համաձայնության,

տրամադրում են մատչելիություն գաղտնի տեղեկատվությանը այն ծավալով, որն անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունեցող անձանց՝ գաղտնի պաշտոնեական (գործառնական) պարտականություններն իրականացնելու համար:

2. Համագործակցության ընթացքում ձևավորված տեղեկատվության գաղտնիության աստիճանը որոշվում կամ փոփոխվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

3. Համագործակցության ընթացքում ձևավորված գաղտնի տեղեկատվության գաղտնազերծումը կատարվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմինների համաձայնությամբ:

4. Ստացված գաղտնի տեղեկատվության պատճենահանումը կամ կրկնօրինակումը ԱՊՀ մարմիններում իրականացվում է փոխանցող Կողմի լիազոր մարմնի համաձայնությամբ և ստանում է փաստաթղթային ձևակերպում:

Գաղտնի տեղեկատվության պատճենահանման կամ կրկնօրինակման դեպքում գաղտնի տեղեկատվության կրիչի վրա դրվում է գաղտնիության դրոշմագիր` բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխան:

Գաղտնի տեղեկատվության կրիչների պատճենահանման կամ կրկնօրինակման արդյունքում ստացված քանակի վերաբերյալ տեղեկությունն ուղարկվում է գաղտնի տեղեկատվությունը փոխանցած Կողմի լիազոր մարմնին:

5. Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացումը հաստատվում է փաստաթղթերով, իսկ ոչնչացման բուն գործընթացը պետք է ապահովի դրա վերարտադրման և վերականգման անհնարինությունը: Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացման մասին գրավոր ծանուցվում է դա փոխանցած Կողմի լիազոր մարմինը:

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են սահմանել գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցներ:

 

Հոդված 7

 

Գաղտնի տեղեկատվության փոխանցումը

 

1. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գաղտնի տեղեկատվության փոխանցումը ԱՊՀ մարմիններին իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան՝ ելնելով սեփական շահերից:

2. ԱՊՀ մարմիններում գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչներին նշված անձանց կողմից համապատասխան գաղտնիության աստիճանի՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրենց լիազորությունները հաստատելուց հետո կամ ուղարկվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմիններին ուղարկող Կողմի որոշած ծավալով:

3. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը կատարվում է դիվանագիտական ուղիներով՝ սուրհանդակային ծառայության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցված այլ եղանակով:

Զգալի ծավալի գաղտնի տեղեկատվության կրիչների փոխանցման համար յուրաքանչյուր առանձին դեպքում Կողմերի լիազոր մարմինները իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ պայմանավորվում են տեղափոխման եղանակի, երթուղու և ուղեկցման ձևի մասին:

 

Հոդված 8

 

Այցելություն ԱՊՀ մարմիններ

 

1. ԱՊՀ մարմին այցելություն կազմակերպելիս, որի ընթացքում նախատեսվում է գաղտնի տեղեկություններին առնչություն, Կողմերի իրավասու կամ լիազոր մարմինները գործուղվող անձի վերաբերյալ ԱՊՀ համապատասխան մարմնին նախապես գրավոր ծանուցում են ուղարկում հետևյալ տեղեկությունների պարունակությամբ.

անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և ծննդավայր, քաղաքացիություն, անձնագրի համար ու սերիա,

պաշտոն, Կողմի իրավասու կամ լիազոր մարմնի անվանում,

համապատասխան գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկության թույլտվության առկայության վերաբերյալ տեղեկություն,

այցի ենթադրյալ ամսաթիվը և տևողությունը,

այցի նպատակը:

ԱՊՀ մարմնում գործուղվող անձանց համար գաղտնի տեղեկատվության աշխատանքի հետ առնչվելու հիմք է հանդիսանում այդ անձանց մասին նշված ծանուցումը:

2. Այդպիսի այցելությունների ընթացքում գործուղվող անձինք ստորագրությամբ ծանոթանում են Կանոններին և պարտավոր են դրանք պահպանել:

 

Հոդված 9

 

Ծախսերը

 

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած բոլոր ծախսերը Կողմերը կրում են ինքնուրույն, եթե չեն պայմանավորվում այլ բանի մասին:

 

Հոդված 10

 

Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտում

 

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման բացահայտված փաստի մասին անհապաղ տեղեկացվում է այն Կողմի իրավասու մարմինը, որը փոխանցել է գաղտնի տեղեկատվությունը:

2. Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստի վերաբերյալ անցկացվում է քննություն, որպես կանոն, այն Կողմի կողմից, որտեղ բացահայտվել է չարտոնված տարածման փաստը: Արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին ծանուցվում է այն Կողմի իրավասու մարմինը, որը փոխանցել է գաղտնի տեղեկատվությունը:

3. Գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածման փաստի առիթով Կողմերի իրավասու կամ լիազոր մարմինները օգնություն են ցուցաբերում քննություն իրականացնելիս` անհրաժեշտության դեպքում ուղարկելով իրենց ներկայացուցիչներին:

4. Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածմամբ հասցված վնասի չափը և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է Կողմերի լիազոր մարմինների համաձայնությամբ՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ:

5. Այն անձը, որը թույլ է տվել գաղտնի տեղեկության չարտոնված տարածում, պատասխանատվություն է կրում այն պետության ազգային օրենսդրության համապատասխան, որի քաղաքացին է:

 

Հոդված 11

 

Այլ միջազգային պայմանագրերի հետ հարաբերակցությունը

 

1. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են նրա համար այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է:

2. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ կնքել այլ միջազգային պայմանագրեր այն հարցերով, որոնք սույն Համաձայնագրի առարկա են և չեն հակասում Համաձայնագրի նպատակներին:

 

Հոդված 12

 

Փոփոխություններ և լրացումներ

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 13

 

Վիճելի հարցեր, խորհրդակցություններ

 

1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում առաջացող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Այդպիսի խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ շարունակում են կիրառվել սույն Համաձայնագրով նախատեսված՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները:

2. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով իրավասու մարմիններն անցկացնում են համատեղ խորհրդակցություններ, փոխանակում են նորմատիվ իրավական ակտեր գաղտնի տեղեկատվության պաշտպանության բնագավառում, ինչպես նաև իրականացնում են այլ համագործակցություն:

 

Հոդված 14

 

Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած ԱՊՀ մասնակից պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը լրանալուն պես: Այդ օրվանից էլ սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Անկախ Պետությունների Համագործակցության համար:

ԱՊՀ մասնակից այն պետությունների համար, որոնք ներպետական ընթացակարգերն ավարտել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը լրանալուն պես:

 

Հոդված 15

 

Միացումը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ ցանկացած մասնակից պետության միանալու համար՝ ավանդապահին անդամակցության մասին փաստաթուղթը փոխանցելու միջոցով: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը լրանալուն պես:

 

Հոդված 16

 

Համաձայնագրի գործողության և գործողության դադարեցման ժամկետը

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Սույն Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում առաջացած ֆինանսական ու այլ պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում ԱՊՀ շրջանակներում Կողմերի համագործակցության ընթացքում փոխանցված կամ ձևավորված գաղտնի տեղեկատվության նկատմամբ շարունակում են կիրառել դրա պաշտպանության միջոցները, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, քանի դեռ տեղեկությունը չի գաղտնազերծվել փոխանցող Կողմի կողմից:

 

Հոդված 17

 

Համաձայնագրի լեզուն

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցելիս աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

Կողմից՝

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության կողմից՝

  /ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

 

/ստորագրություն/

Թուրքմենստանի կողմից՝ ---------------------------

 

Ուզբեկստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ուկրաինայի կողմից ՝

---------------------------

Մոլդովայի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/

Անկախ Պետությունների Համագործակցության կողմից՝

/ստորագրություն/

 

Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ձևավորված իրավասու մարմինների ցանկը

 

Բելառուսի Հանրապետություն՝ պետական անվտանգության կոմիտե

Ռուսաստանի Դաշնություն՝ անվտանգության դաշնային ծառայություն

Ուզբեկստանի Հանրապետություն՝ ազգային անվտանգության ծառայություն

Անկախ Պետությունների Համագործակցություն՝ ԱՊՀ գործադիր կոմիտե

 

Համաձայնագիրն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2019թ. մարտի 14-ին