Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
ցանկանալով առաջ մղել և ամրապնդել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը կրթության ոլորտում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված I
Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն կրթության ոլորտում՝ իրենց համապատասխան ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
Հոդված II
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը՝
ա) ստեղծելով անմիջական համագործակցություն և կապ համալսարանների միջև, և
բ) ուսանողների, դասախոսների, գիտնականների և փորձագետների փոխանակման միջոցով՝ շահագրգիռ հաստատությունների միջև անմիջական համագործակցության հիման վրա:
Հոդված III
Գիտական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով Կողմերը կմշակեն և կիրականացնեն հետազոտական ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև կփոխանակեն ստացված արդյունքները, գիտական և կրթական տեղեկատվությունը:
Հոդված IV
Փոխադարձ համաձայնությամբ՝ Պայմանավորվող կողմերը կպայմանավորվեն բանակցել և ստորագրել համաձայնագրեր կրթական վկայականների, գիտական աստիճանների և ակադեմիական կոչումների ճանաչման վերաբերյալ՝ հաշվի առնելով երկրներից յուրաքանչյուրի օրենսդրությունը:
Հոդված V
Պայմանավորվող կողմերը կնպաստեն իրենց կրթական հաստատություններում մյուս Պայմանավորվող կողմի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսուցմանն ու դասավանդմանը:
Հոդված VI
Պայմանավորվող կողմերը, իրենց համապատասխան ազգային օրենսդրության և բյուջետային հնարավորությունների համաձայն, կպայմանավորվեն սույն Համաձայնագրով նախատեսված գործունեության ֆինանսավորման եղանակների շուրջ:
Հոդված VII
Սույն Համաձայնագրում Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր ձևով կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Այդ լրացումները և փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի IX հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:
Հոդված VIII
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Պայմանավորվող կողմերի միջև ծագող ցանկացած վեճ պետք է լուծվի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված IX
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մի Պայմանավորվող կողմի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրը:
2. Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով, եթե Կողմերից որևէ մեկը ցանկացած ժամանակ վեց ամիս առաջ տրված գրավոր ծանուցման միջոցով չդադարեցնի այն:
3. Համաձայնագրի դադարեցումը չի ազդում ընթացիկ այն ծրագրերի իրականացման վրա, որոնք չեն ավարտվել Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում:
Կատարված է Բրազիլիա քաղաքում 2016թ. օգոստոսի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պորտուգալերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանության տարբերությունների դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|