ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏԻՎ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ) ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման, էներգետիկ ռեսուրսների միջպետական մատակարարումների օպտիմալացման և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումն ապահովելու նպատակով՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն hամաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«անդամ պետության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշռի ձևավորման նպատակներով անդամ պետության տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ՝ լիազորված մարմնի կողմից մշակվող հաշվեկշիռ.
«Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ անդամ պետությունների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների հիման վրա Միության մաքսային տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ ձևավորվող հաշվեկշիռ.
«լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրականացնելու անդամ պետության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումը:
Հոդված 2
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 80-րդ և 104-րդ հոդվածների իրագործման նպատակով լիազորված մարմինները մշակում և համաձայնեցնում են Միության գազի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը, Միության նավթի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը և Միության նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանությանը համապատասխան՝ սույն hամաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածի համաձայն:
Հոդված 3
Լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի մշակում են իրենց պետության գազի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը, նավթի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը և նավթամթերքների (ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ջեռուցման մազութի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի) ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները, անհրաժեշտության դեպքում՝ համաձայնեցնում են միմյանց հետ այդ ինդիկատիվ հաշվեկշիռների առանձին պարամետրերը և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը դրանք ուղարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
Հոդված 4
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ անդամ պետությունների համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների հիման վրա իրականացնում է Միության գազի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշռի, Միության նավթի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշռի և Միության նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների նախապատրաստումը:
Հոդված 5
Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռներով ձևավորվում է Միության շրջանակներում և անդամ պետություններում կիրառվող այն ցուցանիշների միասնական համակարգը, որոնք բնութագրում են անդամ պետությունների տարածքներում գազի, նավթի և նավթամթերքների՝ անդամ պետությունների ներքին կարիքների բավարարման համար արդյունահանումը, արտադրությունը, սպառումը, ներմուծումը, արտահանումը և մատակարարումները, այդ թվում՝ փոխադարձ մատակարարումները:
Հոդված 6
Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները յուրաքանչյուր տարի ձևավորվում են 5-ամյա ժամանակահատվածի համար և ներառում են նախորդ տարվա հաշվետու ցուցանիշները, ընթացիկ տարվա ակնկալվող ցուցանիշները և հաջորդող երեք տարվա կանխատեսումային ցուցանիշները:
Հոդված 7
Անդամ պետությունների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումը լիազորված մարմինների կողմից իրականացվում է անդամ պետությունների ներքին պահանջների առաջնահերթ ապահովման հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, և հաշվի առնելով անդամ պետությունների միջազգային պարտավորությունները, անդամ պետությունների ընդհանուր տնտեսական ու ոլորտային կանխատեսումների և զարգացման ծրագրերի, անդամ պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի կազմակերպությունների կանխատեսումների և ներդրումային ծրագրերի հիման վրա:
Հոդված 8
Անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են անդամ պետությունների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ամբողջականությունը և հավաստիությունը:
Հոդված 9
Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ճշգրտում իրականացնելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների գազի, նավթի և նավթամթերքների ճշգրտված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները:
Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ճշտումը կարող է իրականացվել տարին մեկ անգամ՝ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով անդամ պետությունների գազի, նավթի արդյունահանման, գազի և նավթամթերքների արտադրության ու սպառման փաստացի փոփոխությունները:
Հոդված 10
Հանձնաժողովը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը ձևավորում է Միության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) ճշգրտված (ճշտված) հաշվեկշիռները, հրապարակում է դրանք «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում: Համապատասխան տեղեկությունները զեկուցվում են Հանձնաժողովի կոլեգիային:
Հոդված 11
Սույն hամաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 12
Սույն hամաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
Սույն hամաձայնագիրը չի ազդում անդամ պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա, որոնց մասնակիցն են իրենք։
Հոդված 13
Սույն hամաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 14
Սույն hամաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից սկսած 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2016 թվականի ապրիլի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն hամաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն hամաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից` |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից` |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության կողմից` |
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|