Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (07.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.01.2014
Дата подписания
30.01.2014
Дата вступления в силу
07.12.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չեխիայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ «Կողմեր»),

նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը,

մտահոգված լինելով կազմակերպված հանցավորության միջազգային տարածմամբ, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց միջազգային շրջանառության աճով, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգով,

համոզված լինելով, որ կազմակերպված հանցավորության և ահաբեկչության ցանկացած ձևի և հանցավոր գործունեության այլ տեսակների դեմ պայքարի կամ դրանց արդյունավետ կանխարգելման բնագավառում համագործակցությունն ունի վճռական նշանակություն,

գիտակցելով անօրինական ներգաղթի աճի և դրա հետ կապված անվտանգության ռիսկերի լրջությունը,

ղեկավարվելով միջազգային իրավունքով և իրենց պետությունների համապատասխան օրենսդրություններով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակն է խորացնել և ամրապնդել ոստիկանական համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ ինչպես ռազմավարական և գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջև անմիջական շփումների միջոցով։ Սույն Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն։

2. Սույն Համաձայնագրով սահմանվող համագործակցությունը կիրականացվի Կողմերի Պետությունների օրենսդրության և այն միջազգային պայմանագրերով, որոնցով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն։

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված համագործակցությունը վերաբերում է քրեական գործունեության բոլոր տեսակներին, մասնավորապես.

ա) կազմակերպված հանցավորություն,

բ) ահաբեկչություն և դրա ֆինանսավորում,

գ) կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ,

դ) մարդկանց թրաֆիքինգ, մարդկանց օրգանների և հյուսվածքների անօրինական թրաֆիքինգ և ձեռքբերում,

ե) երեխաների սեռական շահագործում և մանկական պոռնոգրաֆիա,

զ) անօրինական ներգաղթի հետ կապված հանցագործություններ,

է) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ համաձայն ՄԱԿ֊ի 1988թ.–ի դեկտեմբերի 20-ի՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի,

ը) կիբեռհանցավորություն,

թ) զենքերի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի, քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային նյութերի, ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև խիստ վտանգավոր այլ նյութերի անօրինական արտադրություն, միջնորդություն, տիրապետում, ներմուծում, արտահանում, տարանցում և առևտուր,

ժ) փողերի, նամականիշների և արժեթղթերի, անկանխիկ վճարման միջոցների և պաշտոնական փաստաթղթերի, մասնավորապես՝ ճամփորդական փաստաթղթերի կեղծում և խեղաթյուրում և դրանց տրամադրում և օգտագործում,

ի) հանցավոր գործունեությունից և տնտեսական հանցագործություններից ստացված եկամուտների օրինականացում,

լ) կոռուպցիա,

խ) պատմական և մշակութային արժեք հանդիսացող առարկաների հետ կապված հանցագործություններ,

ծ) ավտոմեքենաների հետ կապված հանցագործություններ,

կ) մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,

հ) շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործություններ։

 

Հոդված 3

 

Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տրամադրեն փոխադարձ աջակցություն՝ փոխանակելով անհատական և այլ տվյալներ և փաստաթղթեր, մասնավորապես՝

ա) հանցավոր գործունեության կամ դրանում ներգրավված լինելու մեջ կասկածվող անձանց, հանցավոր կապերի, հանցավոր գործունեության մեջ ներգրավված կազմակերպված խմբերի, դրանց կառուցվածքի, անհատ կատարողներին և խմբերին բնորոշ վարքագծի, քրեական օրենսդրության խախտումների և ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր,

բ) Կողմերի շահերի դեմ ուղղված քրեական, այդ թվում՝ ահաբեկչական ակտերի պլանավորման վերաբերյալ,

գ) անօրինական ներգաղթի կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ,

դ) որպես հանցագործության գործիք օգտագործված առարկաների կամ հանցագործության միջոցների վերաբերյալ։ Կողմերը միմյանց կտրամադրեն այդ առարկաների նմուշներ,

ե) հատուկ գործողությունների և միջոցառումների պլանավորման վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել մյուս Կողմին,

զ) իրավասու մարմինների գործունեությունից ձևավորված գիտելիքների, մասնավորապես՝ հանցագործության նոր ձևերի վերաբերյալ։ Կողմերը կտրամադրեն միմյանց նաև հիմնարար և վերլուծական փաստաթղթեր և մասնագիտական գրականություն,

է) դատաբժշկական և փորձաքրեագիտական հետազոտությունների արդյունքների, քննչական պրակտիկայի, աշխատանքային մեթոդների և միջոցների վերաբերյալ,

ը) սույն Համաձայնագրի առարկային առնչվող իրավական և ներքին ակտերի և այդ ակտերում ցանկացած փոփոխությունների վերաբերյալ։

 

Հոդված 4

Անհրաժեշտության դեպքում Կողմերի իրավասու մարմինները կհամակարգեն իրենց գործողությունները և կաջակցեն միմյանց, մասնավորապես՝

ա) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, ինչպես նաև քրեական հետապնդումից թաքնվող կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզման,

բ) անհայտ կորած անձանց հետախուզման, այդ թվում՝ մարդկանց կամ մարդկային մնացորդների նույնականացման հետ կապված գործընթացների,

գ) իրերի որոնում, այդ թվում՝ միջոցառումների իրականացում՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների հայտնաբերմանը և վերականգնմանը,

դ) քննության այնպիսի հատուկ միջոցառումների նախապատրաստում և կազմակերպում, ինչպիսիք են վերահսկելի մատակարարումը, գաղտնի դիտումը և գործակալի ներդրմամբ միջոցառումները,

ե) օդանավում անվտանգության ապահովում,

զ) հանցագործության կանխարգելման ծրագրերի համատեղ պլանավորում և իրականացում։

 

Հոդված 5

 

1. Անհրաժեշտության դեպքում և մյուս Կողմին աջակցելու նպատակով կամ առանձնահատուկ հանցագործության հետ կապված գործողությունները համակարգելու համար Կողմի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմին կուղարկի խորհրդատուներ, կամ Կողմերը կստեղծեն համատեղ վերլուծական և այլ աշխատանքային խմբեր։

2. Մի Կողմի իրավասու մարմինների պաշտոնատար անձինք պետք է մյուս Կողմի Պետության տարածքում ակտիվ խորհրդատվություն և աջակցություն տրամադրեն։ Խորհրդատվություն և աջակցություն տրամադրելիս նրանք պետք է հետևեն այն Կողմի իրավասու մարմինների ցուցումներին, որի պետության տարածքում նրանք գտնվում են։

 

Հոդված 6

 

1. Համագործակցությունը բարելավելու և արագացնելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները կարող են կնքել հատուկ պայմանագրեր Կողմերից մեկի ոստիկանության կապի սպաներին մյուս Կողմի իրավասու մարմիններ նշանակելու մասին՝ անժամկետ կամ որոշակի ժամկետով։

2. Կապի սպաները պետք է ակտիվ լինեն մյուս Կողմի Պետության տարածքում, խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու, օգնություն տրամադրելու, կապեր հաստատելու և աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու գործընթացներին մասնակցելու գործում։ Նրանք պետք է իրականացնեն իրենց առջև դրած խնդիրները, իրենց ուղարկող Կողմից ստացված հրահանգների համաձայն։

3. Կողմերից մեկի կապի սպաները, որոնք ուղարկվել են երրորդ պետություն կարող են Կողմերի և երրորդ պետության գրավոր համաձայնությամբ, ներկայացնել նաև մյուս Կողմի շահերը։

 

Հոդված 7

 

Կողմերը կհամագործակցեն կրթության և վերապատրաստումների բնագավառում և այդ համագործակցությունը կներառի մասնավորապես՝

ա) Կողմերից մեկի Պետության սպաների մասնակցությունը մյուս Կողմի ծրագրերին,

բ) համատեղ սեմինարների, ուսումնավարժանքների և վերապատրաստումների անցկացում,

գ) մասնագետների վերապատրաստում,

դ) փորձագետների փոխանակում, ինչպես նաև ուսուցման հայեցակարգերի և ծրագրերի փոխանակում,

ե) ուսումնավարժանքների ընթացքում դիտորդական մասնակցություն։

 

Հոդված 8

 

1. Կողմերի իրավասու մարմինները գրավոր հարցման հիման վրա միմյանց կտրամադրեն տեղեկատվություն և սույն Համաձայնագրով նախատեսված այլ տեսակի աջակցություն։ Այդ հարցումները, անհրաժեշտության դեպքում կարող են փոխանցվել էլեկտրոնային կամ այլ կապի միջոցներով, պայմանով, որ հարցման բովանդակությունը ընդունելի է։ Արտակարգ իրավիճակներում հարցումը կարող է լինել բանավոր, որին անմիջապես կհաջորդի գրավոր հաստատումը։

2. Հարցում ստացած Կողմի իրավասու մարմինները կպատասխանեն սույն հոդվածի 1-ին մասում ներկայացված հարցմանը հնարավորինս կարճ ժամկետներում։ Հարցում ստացած Կողմի իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել լրացուցիչ տեղեկություններ հարցում կատարելու համար։ Եթե աջակցության հարցում ստացած մարմինը չի հանդիսանում իրավասու, ապա նա հարցումը պետք է փոխանցի համապատասխան իրավասու մարմնին։

3. Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տեղեկացնեն հատուկ դեպքերի վերաբերյալ նաև առանց հարցման, եթե գտնում են, որ տեղեկատվությունը օգտակար կլինի մյուս Կողմի համար հասարակական կարգին և անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգները կասեցնելու կամ հանցագործությունների կանխման ու բացահայտման և դրանք կատարած հանցագործներին բացահայտելու համար։

4. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժել աջակցության վերաբերյալ հարցումը, եթե գտնում է, որ հարցման պատասխանի տրամադրումը սպառնում է իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, կենսական այլ շահերին կամ, եթե դա հակասում է իր պետության օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին։ Հարցումն իրականացնելու համար հարցում ստացած Կողմը կարող է սահմանել պայմաններ, որոնք պարտադիր կլինեն հարցումն ուղարկող Կողմի համար։

5. Եթե հարցումը մերժվում է կամ իրականացվում է միայն մասամբ, ապա Կողմերն այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում են միմյանց։

6. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերի իրավասու մարմինները կօգտագործեն անգլերեն լեզուն, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն։

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի «ե» կետով սահմանված համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր Կողմ կարող է տեղակայել իր զինված ոստիկաններին իր Պետությունում գրանցված օդանավում, որոնք պատասխանատու կլինեն օդանավում անվտանգությունն ապահովելու համար (այսուհետ՝ «Օդային Մարշալներ»)։ Օդային Մարշալների նշանակումը պետք է իրականացվի համաձայն 1944թ.-ի դեկտեմբերի 7-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի և դրա հավելվածների, մասնավորապես՝ Հավելված 17-ի, նշված Կոնվենցիայի կիրառման այլ փաստաթղթերի, օդանավի հրամանատարի իրավասությունների, համաձայն 1963թ. սեպտեմբերի 14-ի «Օդանավերի մեջ կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին կոնվենցիայի, ինչպես նաև Կողմերի Պետությունների այլ համապատասխան միջազգային պարտավորությունների։

2. Կողմերի իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն միմյանց Օդային Մարշալներ նշանակելու վերաբերյալ։ Օդային Մարշալները կարող են անհրաժեշտության դեպքում զենք կրել մյուս Կողմի պետության տարածքում՝ օդանավի անվտանգությունն ապահովելու նպատակով։

3. Կողմերի իրավասու մարմինները կարող են համաձայնեցնել Օդային Մարշալների գործունեության եղանակները և պայմաններն առանձին պայմանավորվածությամբ։

 

Հոդված 10

 

Անհատական տվյալների (այսուհետ՝ «տվյալներ») փոխանակման և փոխանցվող տվյալների օգտագործման համար կկիրառվեն հետևյալ դրույթները՝

ա) Հասցեատեր Կողմը կարող է օգտագործել տվյալները բացառապես հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակներով՝ տվյալները փոխանցող կողմի պայմանների համաձայն։ Նման տվյալները կարող են օգտագործվել այլ նպատակներով, բացառապես տվյալներ փոխանցող Կողմից նախնական գրավոր համաձայնություն ստանալուց հետո և երկու Կողմերի Պետությունների օրենսդրությունների համաձայն։

բ) Գաղտնի տվյալներ կարող են փոխանակվել միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում՝ 1981 թ. հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համաձայն։

գ) Տվյալներ փոխանցող կողմի հարցման հիման վրա հասցեատեր կողմը պետք է տրամադրի տեղեկություններ փոխանցված տվյալների օգտագործման և ստացված արդյունքների վերաբերյալ։

դ) Տվյալներ փոխանցող Կողմը պետք է վստահ լինի, որ փոխանցվող տվյալները ճիշտ են և ստուգի, որ փոխանցումն անհրաժեշտ է և համապատասխանում է նպատակին։ Այսպիսով, անհրաժեշտ է հարգել Կողմերի Պետությունների օրենսդրությունը, որով կարող է սահմանափակվել տվյալների փոխանցումը։ Եթե հետագայում պարզվում է, որ փոխանցված տվյալները սխալ են կամ չպետք է փոխանցվեին, ապա հասցեատեր Կողմը պետք է անհապաղ տեղեկացվի։ Հասցեատեր Կողմը պարտավոր է ուղղել սխալ տվյալները կամ ոչնչացնել այն տվյալները, որոնք չպետք է փոխանցվեին։

ե) Յուրաքանչյուր անձ, հարցման հիման վրա, իրավունք ունի տվյալներ վերամշակող պատասխանատու մարմիններից ստանալ իր մասին տեղեկություններ սույն Համաձայնագրի հիման վրա փոխանցված կամ մշակված տվյալների վերաբերյալ, ինչպես նաև իրավունք ունի ուղղել սխալ տվյալները կամ ոչնչացնել անօրինական վերամշակված տվյալները։ Նման տեղեկությունների տրամադրումը կարող է մերժվել միայն Կողմերի Պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։ Տեղեկատվություն տրամադրելու հարցումը մշակող մարմինը կտրամադրի տեղեկություններ միայն մյուս Կողմի նախօրոք գրավոր համաձայնությամբ։

զ) Տվյալներ փոխանցելիս, փոխանցող Կողմը կարող է իր Պետության օրենսդրության համաձայն մյուս Կողմի համար սահմանել ժամկետ դրանց ոչնչացման համար։ Անկախ ժամկետից տվյալները պետք է ոչնչացվեն, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն։ Սույն Համաձայնագրի դադարեցման դեպքում, անկախ նրանից, թե այն փոխարինվել է նոր միջազգային պայմանագրով կամ այլ փաստաթղթով, որի համաձայն Կողմերի Պետությունները պարտավորություններ են ստանձնել, սույն փաստաթղթի հիման վրա ստացված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն։

է) Կողմերը պետք է գրանցումներ պահեն տվյալների փոխանցման, ստացման և ոչնչացման վերաբերյալ։ Գրանցումները, մասնավորապես, ցույց կտան փոխանցման նպատակը, տվյալների ծավալը, ներգրավված մարմինները և ոչնչացման պատճառները։

ը) Կողմերը պետք է արդյունավետ կերպով պահպանեն փոխանցված տվյալները պատահական կամ անթույլատրելի հասանելիությունից, կորստից, պատահական կամ անթույլատրելի փոփոխությունից, պատահական կամ անթույլատրելի փոխանցումից կամ պատահական կամ անթույլատրելի հրապարակումից։

թ) Կողմերը պետք է համագործակցեն փոխանցված տվյալների պահպանման հարցում, մասնավորապես՝ նրանք պետք է միմյանց տեղեկացնեն սույն հոդվածի «ե» կետով նախատեսված անձանց իրենց իրավունքների պաշտպանության հնարավոր դեպքերի վերաբերյալ։

 

Հոդված 11

 

1. Եթե չկա որևէ հատուկ միջազգային համաձայնագիր, որով նախատեսվում է գաղտնի տեղեկության փոխանակում, ապա գաղտնի տեղեկատվությունը կփոխանցվի սույն Համաձայնագրի ներքո՝ Կողմերի Պետությունների օրենսդրությունների համաձայն, երբ՝

ա) Տեղեկատվությունը, որը փոխանցող Կողմի օրենսդրությամբ դասակարգված է, պաշտպանված է որպես գաղտնի և առկա են համապատասխան նշումներ, հասցեատեր Կողմը պետք է տրամադրի հավասարազոր պաշտպանվածություն, որը տրվում է սեփական օրենսդրությամբ համապատասխան գաղտնիության դասակարգմամբ տեղեկատվությանը, համաձայն գաղտնիության դասակարգման մակարդակների համապատասխան համարժեքության ցուցակի, որն ընդգրկված է սույն Համաձայնագրի Հավելվածում։ Հավելվածը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է։

բ) Փոխանցող Կողմը պետք է գրավոր և անհապաղ տեղեկացնի հասցեատեր Կողմին փոխանցվող որպես գաղտնի դասակարգված տեղեկատվության դասակարգման փոփոխման կամ գաղտնազերծման վերաբերյալ։ Հասցեատեր Կողմը պետք է իրականացնի դասակարգման փոփոխությունը կամ գաղտնազերծումը ստացված ծանուցման համաձայն։

գ) Փոխանցվող գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն այն նպատակով, որի համար այն փոխանցվել է և կարող է հասանելի լինել միայն այն անձանց համար, ովքեր լիազորված են համապատասխան Պետության օրենսդրությամբ։

դ) Փոխանցված գաղտնի տեղեկատվությունը կարող է տրամադրվել Կողմերի իրավասու մարմիններից բացի այլ մարմիններին 14-րդ հոդվածի համաձայն, միայն փոխանցող Կողմի գրավոր հաստատումը ստանալուց հետո։

ե) Փոխանցված գաղտնի տեղեկատվության հետ կապված հասցեատեր Կողմի Պետության օրենսդրության ցանկացած խախտում, անհապաղ պետք է հայտնվի փոխանցող Կողմին, ներառյալ օրենսդրության խախտման հանգամանքների, դրա հետևանքների և հետագայում նման խախտումների հետևանքների նվազեցման և կանխելու համար ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկությունները։

2. Գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցվել ուղղակիորեն նշված կոնտակտային մարմինների միջև, որոնց վերաբերյալ Կողմերը ծանուցում են դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 12

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակներում փոխանցված տեղեկատվությունը և փաստաթղթերը կարող են տրամադրվել երրորդ պետություններին և միջազգային կազմակերպություններին, միայն փոխանցող Կողմի գրավոր համաձայնությամբ։

2. Եթե Կողմերն այլ բան չեն նշում յուրաքանչյուր անհատական դեպքի համար, Կողմերը կարող են փոխանակվել սույն Համաձայնագրի համաձայն համագործակցության շրջանակներում փոխանակված, սահմանի պաշտպանության և արտոնագրային քաղաքականության նպատակի համար անհրաժեշտ տեղեկատվությամբ երրորդ պետությունների հետ, որոնք ընդհանուր սահմանների հսկողության վերացմամբ բնութագրվող ինտեգրացիոն խմբի անդամներ են, տեղեկատվական համակարգի միջոցով՝ ստեղծված այդ Կողմի պետության համար պարտադիր օրենսդրության հիման վրա՝ նման ինտեգրացիոն խմբին իր անդամակցությամբ պայմանավորված:

 

Հոդված 13

 

Եթե Կողմերի իրավասու մարմինները նախապես այլ կերպ չեն պայմանավորվել, ապա սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ձևերի իրականացման համար նախատեսված ծախսերը կհոգա աջակցություն ցուցաբերող Կողմը։ Կողմերը պետք է պահպանեն ծախսերի հարցում փոխադարձություն և հավասարակշռություն։

 

Հոդված 14

 

1. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օրվա ընթացքում Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն Համաձայնագիրն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն և օպերատիվ կհամագործակցեն իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում։ Միաժամանակ նրանք պետք է միմյանց տրամադրեն իրավասու մարմինների հասցեները, ինչպես նաև այլ կոնտակտային տվյալներ։

2. Կողմերի իրավասու մարմինները անհապաղ պետք է տեղեկացնեն միմյանց հասցեների կամ այլ կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխությունների վերաբերյալ։

 

Հոդված 15

 

Կողմերի իրավասու մարմինները սույն Համաձայնագրի հիման վրա անհրաժեշտության դեպքում կարող են կնքել գործառնական համաձայնագրեր։

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվի Կողմերի իրավասու մարմինների բանակցությունների միջոցով։ Եթե վեճերը չեն կարող լուծվել այդ կերպ, ապա դրանք պետք է հետագայում լուծվեն դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագիրը չպետք է ազդի Կողմերի պարտավորությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերից, որոնցով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն։

 

Հոդված 18

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը ամբողջովին կամ մասնակիորեն, եթե դա պայմանավորված է ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման հանգամանքներով։ Կողմերը դիվանագիտական ուղիներով պետք է անհապաղ ծանուցեն միմյանց նման միջոցների ընդունման կամ առարկելու վերաբերյալ։ Համաձայնագրի կատարման կասեցումը և այդ կասեցման չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնեն մյուս Կողմին տեղեկացնելուց 15 (տասնհինգ) օր հետո։

 

Հոդված 19

 

Կողմերը կարող են համաձայնվել սույն Համաձայնագրի փոփոխությունների և լրացումների վերաբերյալ արձանագրության տեսքով, որը կդառնա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի 20-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով։

 

Հոդված 20

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի Պետությունների ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց վերջին ծանուցումը ուղարկելուց 60 (վաթսուն) օր հետո։ Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամանակով։

2. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել յուրաքանչյուր Կողմի գրավոր ծանուցման միջոցով։ Սույն Համաձայնագիրը կդադարեցվի նման գրավոր ծանուցումը մյուս Կողմին առաքելու օրվանից 6 (վեց) ամիս անց։

 

Կատարված է Պրահայում 2014թ. հունվարի 30-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը։

 

Հավելված

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի

 

Կողմերը նախատեսում են, համաձայն 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի և համաձայն նրանց ազգային օրենսդրությունների, որ սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ գաղտնիության դասակարգման մակարդակները կլինեն համադրելի։

 

VYHRAZENÉ/RESTRITED
կամ DŮVĚRNÉ/CONFIDENTIAL

- ԳԱՂՏՆԻ/SECRET

TAJNÉ/SECRET
կամ PŘĺSNĚ TAJNÉ/TOP SECRET

- ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ/TOP SECRET

Երբ չեխական կողմը հայկական կողմից ստանում է ԳԱՂՏՆԻ/SECRET դասակարգմամբ տեղեկատվություն, ապա չեխական կողմը նման տեղեկատվությունը կդասակարգի որպես DŮVĚDUVRNÉ/CONFIDENTIAL։ Երբ չեխական կողմը հայկական կողմից ստանում է ՀՈԻՅԺ ԳԱՂՏՆԻ/ TOP SECRET դասակարգմամբ տեղեկատվություն, ապա չեխական կողմը նման տեղեկատվությունը PRկդասակարգի որպես PŘĺSNĚ TAJNÉ/TOP SECRET.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան