Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ԱԳ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական միության միջև` «Հորիզոն - 2020՝ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» Միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Հայաստան, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից,
և
Եվրոպական հանձնաժողովը, այսուհետ՝ Հանձնաժողով, հանդես գալով Եվրոպական միության անունից,
այսուհետ` Կողմեր,
հիմք ընդունելով`
1) Եվրոպական համայնքների և վերջինիս անդամ պետությունների, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից, միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր դրույթների մասին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)1 , որի 5-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր մասնավոր ծրագրում նման մասնակցության հատուկ կարգն ու պայմանները, ներառյալ ֆինանսական ներդրման չափը, սահմանվում են Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից,
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2014 թվականի մարտի 1-ին2 ,
2) Եվրոպական խորհրդարանի և խորհրդի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգը, որով հիմնվում է «Հորիզոն -2020՝ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)»3 Միության նոր ծրագիրը հետազոտությունների և նորարարությունների համար,
3) Ծրագրի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտությունների տարածքի և նորարարական Միության ձևավորմանը,
4) Համաձայն թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգի 7(2)-րդ հոդվածի՝ Հորիզոն - 2020 Ծրագրին ասոցիացված երկրների մասնակցության վերաբերյալ հատուկ կարգն ու պայմանները, ներառյալ ֆինանսական ներդրումը, որը պետք է հաշվարկվի ասոցիացված երկրի համախառն ներքին արդյունքի հիման վրա և պետք է սահմանվի Միության և ասոցիացված երկրի4 միջև միջազգային համաձայնագրով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Ծրագրի գործողության շրջանակը
1. Հայաստանը, որպես ասոցիացված երկիր, կմասնակցի Ծրագրին, ներառյալ ներքոնշյալ փաստաթղթերում մասնակցության համար նախատեսված հատուկ ծրագրերը ու կանոնները.
թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգ,
Եվրոպական խորհրդարանի և խորհրդի թիվ 1290/2013/ԵՄ5 կանոնակարգ,
Խորհրդի թիվ 743/2013/ԵՄ6 որոշում և ծրագրի կիրառմանն առնչվող ցանկացած այլ կանոն:
2. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 294/2008/ԵՀ7 կանոնակարգը՝ լրամշակված Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1292/2013/ԵՄ8 կանոնակարգով, կկիրառվի գիտական և նորարարական համայնքներում Հայաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցության դեպքում:
Հոդված 2
Ծրագրում մասնակցության կարգն ու պայմանները
1. Հայաստանը կմասնակցի Ծրագրով նախատեսված գործունեությանը՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգին ու պայմաններին, մասնավորապես 1-ին հոդվածում նշված իրավական ակտերին, ինչպես նաև Համաձայնագրի հավելվածներին համապատասխան:
2. Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կմասնակցեն Ծրագրի՝ 2016 թվականի բյուջեից ֆինանսավորվող անուղղակի գործողություններին այն նույն պայմաններով, որոնք կիրառելի են Եվրոպական միության անդամ պետությունների իրավաբանական կազմավորումների համար՝ ենթարկվելով սույն Համաձայնագրով սահմանված կամ նրա մեջ վկայակոչված կարգին և պայմաններին:
3. Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կմասնակցեն գիտական և նորարարական համայնքների գործունեությանը:
4. Եթե «Եվրոպական միության գործունեության մասին» Պայմանագրի 185-րդ և 187-րդ հոդվածները կատարելու համար Միությունն ընդունում է դրույթներ, ապա Հայաստանին կթույլատրվի մասնակցել այդ դրույթների հիման վրա ստեղծված իրավաբանական կառույցներին՝ այդ իրավաբանական կառույցների ստեղծման համար արդեն իսկ ընդունված կամ ընդունվելիք որոշումներին և կանոնակարգերին համապատասխան:
5. Հայաստաում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կմասնակցեն Համատեղ հետազոտական կենտրոնի՝ 2016 թվականի բյուջեից ֆինանսավորվող գործունեությանը այն նույն պայմաններով, որոնք կիրառելի են Եվրոպական միության անդամ պետությունների իրավաբանական կազմավորումների համար:
6. Ծրագրին մասնակցության համար Հայաստանը կկատարի իր ֆինանսական ներդրումը Եվրոպական միության ընդհանուր բյուջեում՝ 3-րդ հոդվածի և II հավելվածի համաձայն:
7. Հայաստանի ներկայացուցիչներին կթույլատրվի դիտորդի կարգավիճակով մասնակցել 743/2013/ԵՄ որոշման 10.1-ին հոդվածում նշված կոմիտեի աշխատանքներին, որը պատասխանատու է Հայաստանին վերաբերող մասով Ծրագրի իրականացման մոնիտորինգի համար:
Այդ կոմիտեի նիստերը գումարվում են առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության` քվեարկության ժամանակ: Հայաստանը կտեղեկացվի արդյունքների մասին:
Սույն կետում նշված մասնակցությունը, ներառյալ տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգերը, տեղի կունենա այն ձևով, որը կիրառելի է Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար:
8. Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Համատեղ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի աշխատանքներին` Համատեղ հետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի ընթացակարգի կանոնների համաձայն:
Սույն կետում նշված մասնակցությունը, ներառյալ տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգերը, տեղի կունենա այն ձևով, որը կիրառելի է Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար:
9. Միության պաշտոնական լեզուներից մեկը, տվյալ դեպքում՝ անգլերենը, կօգտագործվի հարցումների, դրամաշնորհների մասին համաձայնագրերի և հաշվետվություններին առնչվող ընթացակարգերում, ինչպես նաև` Ծրագրից բխող այլ իրավական և վարչական գործունեության համար:
10. 743/2013/ԵՄ որոշման 10.1-ին հոդվածում նշված կոմիտեի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցության կամ Ծրագրի իրականացմանն առնչվող այլ հանդիպումներին մասնակցության նպատակով Հայաստանի ներկայացուցիչների և փորձագետների ճանապարհածախսը և կեցության ծախսերը կհատուցվեն Հանձնաժողովի կողմից` այն նույն հիմունքներով և այն ընթացակարգերին համաձայն, որոնք տվյալ պահին գործում են Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար:
Հոդված 3
Ֆինանսական ներդրումները
1. Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը կկատարի ֆինանսական ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջե:
Հայաստանի ֆինանսական ներդրումը կգումարվի յուրաքանչյուր տարվա համար Եվրոպական միության ընդհանուր բյուջեում նախատեսված այն գումարներին, որոնք նախատեսված են Ծրագրի իրականացման, կառավարման և գործարկման համար անհրաժեշտ միջոցառումների տարբեր տեսակներից բխող ֆինանսական պարտավորությունների համար հատկացումներ կատարելու համար:
2. Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը կարող է կատարվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին՝ Հայաստանի խնդրանքի դեպքում: Այդ դեպքում իրականացման կարգը կհստակեցվի համապատասխան ֆինանսական համաձայնագրերով:
3. Հայաստանի ֆինանսական ներդրման հարցերը կարգավորող կանոնները շարադրված են II հավելվածում:
Հոդված 4
Հաշվետվության ներկայացումը և գնահատումը
1. Չսահմանափակելով Ծրագրի մոնիտորինգի և գնահատման առնչությամբ Հանձնաժողովի և Աուդիտորների եվրոպական դատարանի պատասխանատվությունը՝ Ծրագրին Հայաստանի մասնակցությունը կենթարկվի շարունակական մոնիտորինգի գործընկերային հիմքով՝ ընդգրկելով Հանձնաժողովին և Հայաստանին:
2. Ֆինանսական հսկողության, հատուցման և այլ` խարդախության դեմ ուղղված միջոցառումները սահմանված են III հավելվածում:
Հոդված 5
Հետազոտությունների և նորարարությունների հարցերով ԵՄ-Հայաստան կոմիտե
1. Սույնով հիմնադրվում է «Հետազոտությունների և նորարարությունների հարցերով ԵՄ-Հայաստան կոմիտե» (այսուհետև՝ Համատեղ կոմիտե):
2. Համատեղ կոմիտեի գործառույթները ներառում են.
- սույն Համաձայնագրի կիրառման դիտարկման և գնահատման ապահովումը,
- համագործակցության կատարելագործմանն ու զարգացմանն ուղղված ցանկացած բնույթի միջոցի ուսումնասիրությունը:
3. Համատեղ կոմիտեի աշխատանքները կլրացնեն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում հիմնադրված այլ համապատասխան կոմիտեների և մարմինների աշխատանքները և կհամապատասխանեն դրանց:
4. Համատեղ կոմիտեն բաղկացած կլինի Հայաստանի և Եվրոպական միության ներկայացուցիչներից:
5. Համատեղ կոմիտեի նիստերը կհրավիրվեն Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով:
6. Համատեղ կոմիտեն կընդունի իր ընթացակարգի կանոնները:
Հոդված 6
Ուժի մեջ մտնելը
Ստորագրումից հետո սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ հայկական Կողմը ԵՄ-ին կտեղեկացնի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:
Հոդված 7
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կգործի ուժի մեջ մտնելու օրվանից` Ծրագրի տևողության ամբողջ ընթացքում:
2. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Ծրագրի տևողության ընթացքում` ցանկացած ժամանակ, Կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ Ծրագրին մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցման միջոցով:
Հաշվի առնելով ներքոնշյալ դրույթները՝ գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում գրավոր ծանուցումը հասցեատիրոջը հասնելու օրվանից երեք օրացուցային ամիս հետո:
Սույն Համաձայնագրի ժամկետի ավարտվելը և (կամ) գործողության դադարեցումը չեն ազդում.
ա) ընթացքի մեջ եղող որևէ ծրագրի կամ գործունեության վրա,
բ) 2.ա ենթակետում նշված ծրագրերին և գործունեությանն առնչվող ցանկացած պայմանագրային համաձայնության կատարման վրա:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Միությունը կփոխհատուցի Եվրոպական միության ընդհանուր բյուջե Հայաստանի կատարած ներդրման այն մասը, որը չի օգտագործվի դադարեցման պատճառով:
3. Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
4. Սույն Համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն գրավոր` Կողմերի ընդհանուր համաձայնությամբ:
5. Միության հետազոտությունների և նորարարությունների շրջանակային հաջորդ ծրագրին Հայաստանի ասոցիացման հարցը, Հայաստանի համապատասխան խնդրանքի դեպքում, կլինի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա նոր համաձայնագրի առարկա:
Կատարված է -------------------- 2016 թվականի -------------------- -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հայաստանի Հանրապետության անունից |
Եվրոպական միության անունից Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ I
Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության կարգը և պայմանները
1. Ծրագրին Հայաստանի մասնակցության նպատակով որպես Հայաստանի իրավաբանական կազմավորում կարող է հանդես գալ ազգային օրենսդրության շրջանակներում Հայաստանում հիմնադրված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի իրավունակություն և կարող է, հանդես գալով իր անունից, իրականացնել իրավունքներ և կրել պարտավորություններ: Ֆիզիկական անձանց դեպքում հիմնադրման մասին հղումները վերաբերում են մշտական բնակության վայրին:
2. Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցությունը կիրականացվի «ասոցիացված երկրում» հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար սահմանված պայմաններին համապատասխան՝ ինչպես շարադրված է թիվ 1290/2013/ԵՄ կանոնակարգում:
Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները իրավունք կունենան օգտվելու Ծրագրի շրջանակներում ձևավորված ֆինանսական գործիքներից՝ Եվրոպական միության անդամ պետություններում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար նախատեսված պայմաններով:
Ծրագրին ասոցիացված այլ երկրում (ասոցիացված երկիր) հիմնադրված իրավաբանական կազմավորումները օգտվում են Եվրոպական միության անդամ պետությունների իրավաբանական կազմավորումների համար սույն Համաձայնագրով սահմանված իրավունքներց և պարտականություններից` պայմանով, որ այն ասոցիացված երկիրը, որտեղ հիմնադրված է իրավաբանական կազմավորումը, համաձայն է այլ ասոցիացված երկրի իրավաբանական կազմավորումներին նույնպես տրամադրել նույն իրավունքները և պարտավորությունները:
3. Հայաստանի իրավաբանական կազմավորումները, Միության անձանց հետ նույն շարքում, պետք է հաշվի առնվեն հանձնարարությունների կատարման համար անկախ փորձագետների ընտրության ընթացքում` թիվ 1290/2013/ԵՄ կանոնակարգով սահմանված պայմանների համաձայն:
4. Առկա դրույթների շրջանակներում Կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակից գիտական աշխատողների ազատ տեղաշարժը և կեցությունը դյուրացնելու, ինչպես նաև նշված գործունեության համար օգտագործման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար:
5. Հայաստանը համապատասխան դեպքերում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ Հայաստանում գնված կամ Հայաստան ներմուծված ապրանքները և ծառայությունները, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի շրջանակներում գործունեության առնչությամբ կնքված դրամաշնորհի համաձայնագրերի և/կամ պայմանագրերի համաձայն, ազատվեն մաքսային տուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից, ներառյալ ԱԱՀ-ն, որը կիրառելի է Հայաստանում:
ՀԱՎԵԼՎԱԾ II
Ծրագրում (2016-2020) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոններ
I. Հայաստանի ֆինանսական ներդրման հաշվարկը
1. Ծրագրում Հայաստանի ֆինանսական պարտավորության չափը կհաստատվի տարեկան կտրվածքով՝ Ծրագրի իրականացմանը, կառավարմանը և գործարկման համար անհարաժեշտ հատկացումներ կատարելու նպատակով Եվրոպական միության ընդհանուր բյուջեում տվյալ տարում առկա միջոցներին համամասնորեն և ի հավելումն այդ միջոցների:
2. Հայաստանի ներդրումը որոշող համամասնության գործակիցը կորոշվի Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուկակայան գների և Եվրոպական միության անդամ պետությունների ընդհանուր համախառն ներքին արդյունքի շուկայական գների միջև հարաբերակցության սահմանմամբ:
Այս հարաբերակցությունը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով Եվրոպական միության վիճակագրական գրասենյակի (Eսrօstat) կողմից ներկայացված` տվյալ տարվա վիճակագրական տվյալները, որոնք հասանելի կլինեն Եվրոպական միության տարեկան բյուջեի նախագծի հրապարակման ժամանակ: Սակայն Ծրագրում մասնակցության առաջին տարվան հաջորդող տարիների համար Հայաստանի համախառն ներքին արդյունքը կհաշվարկվի Եվրոպական միության անդամ պետությունների համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի ցուցանիշներով:
3. Ծրագրում իր մասնակցությանն օժանդակելու նպատակով Հայաստանի ներդրումը համապատասխան ֆինանսական տարում կիրականացվի հետևյալ կերպով.
- 2016 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,
- 2017 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,
- 2018 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,
- 2019 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,
- 2020 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով:
4. Սույն Համաձայնագիրը կիրառելի դառնալուց չորս տարի հետո Կողմերը կվերանայեն Հայաստանի ֆինանսական ներդրումը որոշող համամասնության գործակիցը՝ հաշվի առնելով 2016-2018 թվականներին Ծրագրի շրջանակներում Հայաստանի իրավաբանական կազմավորումների ուղղակի և անուղղակի մասնակցության վերաբերյալ տվյալները:
5. Հանձնաժողովը, հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը, Հայաստանին կտրամադրի հետևյալ տեղեկատվությունը՝ համապատասխան հիմքերի հետ միասին.
- Եվրոպական միության բյուջեի նախագծի ծախսային հոդվածում Ծրագրին համապատասխանող` նշված հատկացումների գումարը,
- վերը նշված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` Ծրագրին Հայաստանի մասնակցությանը համապատասխանող` բյուջեի նախագծից ածանցված ներդրումների գնահատված չափը:
Երբ ընդհանուր բյուջեն վերջնական ընդունված է, Հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի առաջին ենթակետում նշված վերջնական գումարների չափը՝ Հայաստանի մասնակցությանը համապատասխանող ծախսային հոդվածի մեջ:
II. Հայաստանի` ֆինանսական պարտավորության կատարումը
1. Հանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարվա հունվարի 30-ը և հունիսի 15-ը կհրապարակի Հայաստանին ուղղված ֆինանսավորման հայտը՝ Համաձայնագրով ստանձնած նրա ներդրմանը համպատասխան:
2. Ֆինանսավորման այս հայտերով կսահմանվեն հետևյալ վճարումները.
- Հայաստանի ներդրման վեց տասներկուերորդ մասը՝ ոչ ուշ, քան մինչև մարտի 15-ը, և
- Հայաստանի ներդրման վեց տասներկուերորդ մասը` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 20-ը:
Սակայն մարտի 15-ից ոչ ուշ վճարվելիք վեց տասներկուերորդ մասը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով բյուջեի նախագծի ծախսային հոդվածով նշված գումարը: Այդպիսով վճարվելիք գումարի չափը կճշգրտվի ոչ ուշ, քան մինչև հուլիսի 20-ը՝ մյուս վեց տասներկուերորդ մասի վճարման հետ միասին:
Սույն Համաձայնագրի կիրառման առաջին տարվա համար Հանձնաժողովը կհրապարակի ֆինանսավորման առաջին հայտը, որը կունենա հետադարձ ուժ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 30 օր: Այն դեպքում, երբ հայտը կհրապարակվի հունիսի 15-ից հետո, ապա վերջինով կսահմանվի Հայաստանի ներդրման տասներկու/տասներկուերորդ մասի վճարումը՝ հաշվարկված բյուջեի ծախսերի մասով սահմանված գումարի հիման վրա:
3. Ծրագրի վերջին տարում կվճարի Հայաստանի ներդրման ողջ գումարը` ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը:
4. Հայաստանի ներդրումը կարտահայտվի և կվճարվի եվրոյով:
5. Հայաստանի կողմից վճարումը կհաշվանցվի Միության ծրագրերին՝ որպես բյուջետային հասույթ, որը կարտացոլվի Եվրոպական միության ընդհանուր բյուջեի եկամուտների մասում՝ բյուջեի համապատասխան ենթավերնագրի տակ: Եվրոպական միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնակարգը կկիրառվի նաև հատկացումների կառավարման ընթացքում:
6. Սույն Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կկատարի իր ներդրումը՝ համաձայն II հավելվածի II.2 և 3-րդ կետերի:
Ներդրման վճարման ցանկացած ուշացում կհանգեցնի չվճարված գումարի նկատմամբ տույժերի վճարման՝ վճարում կատարելու օրվանից հաշվարկված: Սահմանված ժամկետում չվճարված` վճարման ենթակա գումարի տույժի տոկոսադրույքը կհաշվարկվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրի «C» հատորում հրապարակված վերաֆինանսավորման հիմնական գործառույթների համար կիրառվող տոկոսադրույքին համապատասխան, որն ուժի մեջ է մտնում վճարում կատարելու օրվա համապատասխան ամսվա առաջին օրացուցային օրվանից՝ ավելացված 1,5 տոկոսադրույքով:
Այն դեպքում, երբ ներդրումը վճարելու ուշացումը կարող է զգալիորեն վտանգել Ծրագրի իրականացումն ու կառավարումը, հիշեցման պաշտոնական ծանուցումից 20 աշխատանքային օր հետո, վճարման բացակայության դեպքում, Հանձնաժողովը կկասեցնի Հայաստանի մասնակցությունը Ծրագրին՝ չսահմանափակելով ընտրված անուղղակի գործողությունների կատարմանն առնչվող` արդեն իսկ կնքված դրամաշնորհային համաձայնագրերով և/կամ պայմանագրերով ստանձնած Միության պարտավորությունները:
7. Տվյալ ֆինանսական տարվա Ծրագրի հատկացումների մասին քաղվածքը կպատրաստվի և ի գիտություն կփոխանցվի Հայաստանին Հանձնաժողովի եկամուտների և ծախսերի հաշվետվության ձևաչափով՝ ոչ ուշ, քան մինչև այդ ֆինանսական տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը:
8. Հանձնաժողովը յուրաքանչյուր ֆինանսական տարվա հաշվեկշիռը ամփոփելու ժամանակ, եկամուտների և ծախսերի հաշիվների բացման շրջանակներում կիրականացնի Հայաստանի մասնկացությանն առնչվող հաշիվների կանոնակարգում:
Այդ կարգավորման ընթացքում հաշվի կառնվեն այն փոփոխությունները, որոնք կատարվել են տվյալ ֆինանսական տարվա ընթացքում՝ փոխանցման, չեղյալ հայտարարումների, ֆինանսական մնացորդի տեղափոխման, պարտավորությունների չկատարման կամ բյուջեի լրացումների և փոփոխությունների արդյունքում:
Այդ կարգավորումը կկատարվի հաջորդ ֆինանսական տարվա համար` երկրորդ վճարման ժամանակ, և վերջին տարվա համար՝ 2021 թվականի հուլիսին: Հետագա կարգավորումներըը կկատարվեն ամեն տարի` մինչև 2023 թվականը:
ՀԱՎԵԼՎԱԾ III
Ծրագրին Հայաստանյան մասնակիցների ֆինանսական վերահսկողությունը
I. Ուղիղ հաղորդակցություն
Հանձնաժողովը կարող է ուղղակիորեն հաղորդակցվել Ծրագրի՝ Հայաստանում հիմնադրված մասնակիցների և նրանց` ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների հետ: Նրանք կարող են ուղղակիորեն Հանձնաժողովին ներկայացնել պահանջվող ողջ տեղեկությունը և փաստաթղթերը, որոնք նրանցից պահանջում են ներկայացնել սույն Համաձայնագրում և նրա իրականացման համար կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և/կամ պայմանագրերում նշված գործիքների հիման վրա:
II. Աուդիտ
1. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 966/20129 կանոնակարգի (ԵՄ, Եվրատոմ) (այսուհետ՝ Ֆինանսական կանոնակարգի) և Հանձնաժողովի թիվ 1268/2012/ԵՄ10 պատվիրակված կանոնակարգի (այսուհետ՝ Կիրառման կանոններ), ինչպես նաև սույն Համաձայնագրում, Ծրագրի՝ Հայաստանում հիմնադրված մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում նշված այլ կանոնների համաձայն` Հանձնաժողովի գործակալների կամ Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձանց կողմից կարող են նախատեսվել գիտական, ֆինանսական, տեխնոլոգիական կամ այլ աուդիտներ, որոնք կանցկացվեն ցանկացած ժամանակ` մասնակիցների և նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների, նրանց կապակցված երրորդ կողմերի և մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերի տարածքներում:
2. Նման աուդիտ կատարելու նպատակով Հանձնաժողովի գործակալները, Աուդիտորների եվրոպական դատարանը և Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք պետք է համապատասխան հասանելիություն ունենան տեղանքին, աշխատանքներին և փաստաթղթերին (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով), ինչպես նաև պահանջվող ողջ տեղեկատվությանը` պայմանով, որ հասանելիության այս իրավունքը ակնհայտորեն կամրագրվի սույն Համաձայնագրում նշված գործիքների իրականացման համար Հայաստանի մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում: Նման իրավունք չտալը կդիտվի որպես ծախսերը հիմնավորելու թերացում և, հետևաբար, դրամաշնորհային համաձայնագրերի կամ պայմանագրերի հնարավոր խախտում:
3. Աուդիտը կարող են անցկացվել Ծրագրի ավարտից կամ սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո՝ խնդրո առարկա դրամաշնորհային համաձայնագրերի և (կամ) պայմանագրերի մեջ ամրագրված պայմաններով: Ծրագրի ավարտից կամ սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո իրականացվող ցանկացած աուդիտ կանցկացվի սույն հավելվածում ամրագրված պայմանների համաձայն:
III. Տեղում ստուգումներ Հանձնաժողովի կողմից (OLAF)
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Հանձնաժողովը և, մասնավորապես, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (European Anti-Fraud Office (OLAF)) կլիազորվեն Հայաստանի մասնակիցների և նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների, նրանց կապակցված երրորդ կողմերի և մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերի տարածքներում ստուգումներ և տեղազննումներ անցկացնելու համար՝ Խորհրդի թիվ 2185/9611 (Եվրատոմ, ԵՄ) կանոնակարգով սահմանված կարգի ու պայմանների համաձայն:
2. Ստուգումները և տեղազննումները կկազմակերպվեն և կանցկացվեն Հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Կառավարության կողմից նշանակված հայկական իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
III հավելվածի վերոնշյալ կետի նպատակներից ելնելով` նշանակված հայկական իրավասու մարմինը կլինի ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունը: Նշանակված մարմինը ողջամիտ ժամկետում նախապես կտեղեկացվի ստուգումների և տեղազննումների առարկայի, նպատակի և իրավական հիմքերի մասին, որպեսզի կարողանա ապահովել աջակցություն: Այս նպատակով հայկական իրավասու մարմինների պաշտոնյաները կարող են մասնակցել ստուգումներին և տեղազննումներին:
3. Հայաստանի շահագրգիռ մարմինների ցանկության դեպքում ստուգումները և տեղազննումները կարող են կատարվել Հանձնաժողովի հետ միասին:
4. Այն դեպքում, երբ Ծրագրի մասնակիցները կամ նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողները, նրանց կապակցված երրորդ կողմերը կամ մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերը կխոչընդոտեն ստուգումների և տեղազննումների իրականացմանը, հայկական իշխանությունները, գործելով ազգային կանոնների և կանոնակարգերի համաձայն, հնարավորության սահմաններում կաջակցեն Հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ստուգում կամ տեղազննում կատարելու համար:
5. Հանձնաժողովը հայկական իրավասու մարմնին հնարավորինս շուտ կտեղեկացնի ստուգումների և տեղազննումների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության ցանկացած փաստի կամ կասկածի վերաբերյալ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը պարտավոր է վերոնշյալ մարմնին տեղեկացնել իրականացված ստուգումների և տեղազննումների արդյունքների մասին:
IV. Տեղեկատվություն և խորհրդակցություն
1. Սույն հավելվածի պատշաճ իրականացման համար Հայաստանի և Միության իրավասու մարմինները պարբերաբար կփոխանակեն տեղեկատվություն, եթե դա չի արգելվում կամ չի թույլատրվում ազգային կանոններով և կանոնակարգերով, և կվարեն խորհրդակցություններ՝ Կողմերից մեկի խնդրանքով:
2. Հայաստանի իրավասու մարմինները ողջամիտ ժամկետներում Հանձնաժողովին կտեղեկացնեն սույն Համաձայնագրում նշված գործիքների կիրառման նպատակով կնքված դրամաշնորհային համաձայնագրերի և/կամ պայմանագրերի կնքմանը և կիրառմանն առնչվող անհամապատասխաննությունների ցանկացած փաստի կամ կասկածի մասին:
V. Գաղտնիություն
Սույն հավելվածի շրջանակներում ցանկացած եղանակով ստացված կամ փոխանցված տեղեկատվությունը կդառնա մասնագիտական գաղտնիք և կպաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը Հայաստանի օրենքներով և Միության հաստատությունների համար կիրառելի համապատասխան դրույթներով: Այդպիսի տեղեկատվությունը չի կարող փոխանցվել այլ անձանց` բացի Միության հաստատությունների կամ անդամ պետությունների կամ Հայաստանի ներկայացուցիչներից, որոնց գործառույթները իրավաչափորեն պահանջում են տիրապետել այդպիսի տեղեկատվության, և այն չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան Կողմերի ֆինանսական շահերի12 արդյունավետ պաշտպանության ապահովումն է:
VI. Վարչական միջոցառումները և տուգանքները
Չսահմանափակելով Հայաստանի քրեական օրենսդրության կիրառումը՝ Հանձնաժողովը կարող է դիմել վարչական միջոցների կամ կիրառել տույժեր՝ թիվ 966/2012 (ԵՄ, Եվրատոմ), թիվ 1268/2012 (ԵՄ) և թիվ 2988/9513 (ԵՀ, Եվրատոմ) կանոնակարգերին համաձայն:
VII. Փոխհատուցում և հարկադիր կատարում
Սույն Համաձայնագրով իրականացվող Ծրագրի շրջանակներում Հանձնաժողովի կայացրած որոշումները, որոնք դրամական պարտավորություն են սահմանում անձանց համար, այլ ոչ թե պետությունների, Հայաստանի տարածքում ենթակա են հարկադիր կատարման: Եթե Հանձնաժողովը խնդրում է, Հայաստանի Կառավարության կողմից նշանակված մարմինը Հանձնաժողովի անունից կնախաձեռնի որոշումների հարկադիր կատարման համար վարույթ: Այս դեպքում Հանձնաժողովի որոշումը, դրա իսկության ստուգումից հետո, Հայաստանի Կառավարության կողմից այս նպատակի համար նշանակված մարմնի միջոցով կներկայացվի հայկական դատական ատյան, ինչի մասին մարմինը կտեղեկացնի Հանձնաժողովին: Հարկադիր կատարումը կկատարվի Հայաստանի օրենսդրությանը և ընթացակարգի կանոններին համապատասխան:
Հարկադիր կատարման մասին համապատասխան դրույթները կներառվեն Հայաստանի մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում: Եվրոպական միության արդարադատության պալատը իրավասու է քննարկելու Հանձնաժողովի կայացրած որոշումների օրինականությունը և կասեցնելու դրանց հարկադիր կատարումը: Ավելին, Հայաստանի դատական ատյաններն իրավասու են քննարկելու հարկադիր կատարման ոչ կանոնավոր կիրառման դեպքերի մասին բողոքները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 7-ին
1 2012թ. դեկտեմբերի 10-ի Խորհրդի որոշում հմ. 2012/777/ԵՄ՝ Եվրոպական համայնքների և վերջինիս անդամ պետությունների, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից, միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր դրույթների մասին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը Եվրոպական միության անունից ստորագրելու մասին (Պաշտոնական տեղեկագիր L340, 13.12.2012, էջ 26):
2 2014թ. Փետրվարի 20-ի Խորհրդի որոշում հմ. 2014/347/ԵՄ՝ Եվրոպական համայնքների և վերջինիս անդամ պետությունների, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից, միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր դրույթների մասին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը կնքելու մասին (Պաշտոնական տեղեկագիր L174, 13.06.2014, էջ 3):
3 Եվրոպական խորհրդարանի և խորհրդի թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգը (ԵՄ), որով հիմնվում է Հորիզոն-2020՝ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020) և չեղարկող որոշում հմ. 1982/2006/ԵՀ (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 104):
4 Սույն Համաձայնագրի համատեքստում Կողմերը «Համաձայնագիր» տերմինը դիտարկում են Արձանագրության 5-րդ հոդվածում նախատեսված «Փոխըմբռնման հուշագիր» նշանակությամբ:
5 Եվրոպական խորհրդարանի և խորհրդի կանոնակարգը, որով սահմանվում են Հորիզոն 2020-ին մասնակցության և տարածման կանոնները (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 81):
6 Խորհրդի որոշում հմ. 743/2013/ԵՄ, որով սահմանվում է հատուկ ծրագիր (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 965):
7 2008 թ. մարտի 11-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հմ. 294/2008/ԵՀ կանոնակարգ, որով հիմնադրվում է Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտը (Պաշտոնական տեղեկագիր L97, 9.04.2008, էջ 1):
8 294/2008/ ԵՀ կանոնակարգը լրացնող` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հմ. 1292/2013/ԵՄ կանոնակարգ, որով հիմնադրվում է Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտը (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 174):
9 2012 թվականի հոկտեմբերի 25-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 966/2012 կանոնակարգ (ԵՄ, Եվրատոմ) Միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնների մասին (Պաշտոնական տեղեկագիր L298, 26.10.2012):
10 2012 թվականի հոկտեմբերի 29-ի՝ Հանձնաժողովի թիվ 1268/2012 (ԵՄ) պատվիրակված կանոնակարգ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի՝ Միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնների մասին թիվ 966/2012 (ԵՄ, Եվրատոմ) կանոնակարգի կիրառման կանոններ (Պաշտոնական տեղեկագիր L362, 31.12.2012):
11 Պաշտոնական տեղեկագիր L292, 15.11.1996, էջ 2:
12 Պաշտոնական տեղեկագիր L312, 23.12.1995, էջ 1:
13 1995 թվականի դեկտեմբերի 18-ի՝ Խորհրդի թիվ 2988/95 կանոնակարգ (ԵՄ, Եվրատոմ) Եվրոպական համայնքների ֆինանսական շահերի պաշտպանության մասին (Պաշտոնական տեղեկագիր L312,23.12.1995):