Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.21/63(797).1 Հոդ.1483.5
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
29.10.2010
Дата вступления в силу
29.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1596/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1596/02/09
2010թ.      

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան
Դատավորներ՝                   Ն. Հովսեփյան
                       
                  Ն. Բարսեղյան
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համբարձում Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համբարձում Մանուկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համբարձում Մանուկյանը պահանջել է ճանաչել Երևանի Նորքի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի ըստ գլխավոր հատակագծի թիվ 55 համարի տակ գրանցված 713քմ մակերեսով հողամասը ժառանգությամբ ընդունած ժառանգ և այդ հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.02.2010 թվականի վճռով Համբարձում Մանուկյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2010 թվականի որոշմամբ Համբարձում Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համբարձում Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ««Մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ և 188-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածը և ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-410 (ՎԴ) որոշումը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել Հայկական ԽՍ Երևանի Միկոյանի ռայսովետի գործկոմի 1951 թվականի մարտի 25-ի որոշումը և Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևանի Կիրովյան Ռայոնական Սովետի Գործադիր Կոմիտեի 1959 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը: Վերը նշված որոշումները պատշաճ գնահատելու դեպքում Դատարանը կհանգներ այն եզրահանգման, որ Արամ Մանուկյանին և Վանցետ Արամի Մանուկյանին թիվ 55 հողամասը հատկացվել է օրինական հիմքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վանցետ Մանուկյանը վիճելի հողամասը 1959 թվականից մինչև 2006 թվականն օգտագործել է և 15.03.1991 թվականից գործողության մեջ դրված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է այդ գույքի սեփականատերը, իսկ նրա մահից հետո ինքը վիճելի հողամասը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է և համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ:

Ինչպես նաև վիճարկվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված 26.12.2008 թվականի թիվ ԿԴ3/0026/02/08, 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0090/020/08, 22.04.2010 թվականի ԵԱՆԴ/3148/02/09 որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները և հանգամանորեն նշել այն նորմերը և ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս: Ինչպես նաև վիճելի հողամասի վերաբերյալ առկա չեն իրավունքը հաստատող փաստաթղթեր, և հողամասի վրա առկա են ինքնակամ, կարգավիճակը չորոշված շինություններ, ուստի հողամասը և դրա վրա առկա շինությունները պետական սեփականություն են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայկական ԽՍ Երևանի Միկոյանի ռայսովետի գործկոմի 1951 թվականի մարտի 25-ի նիստի թիվ 10 արձանագրության արխիվային քաղվածքի համաձայն` Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 42, 51, 53, 54, 55, 57, 59 հողամասերը 4.100քմ մակերեսով հատկացվել են Արամ Մանուկյանին որպես անհատական կարգով բնակարան կառուցելու և փորձնական դաշտ դարձնելու համար (հատոր առաջին, գ.թ. 10):

2) Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Կիրովյան Ռայոնական Սովետի Գործադիր Կոմիտեն, քննարկելով Վանցետ Արամի Մանուկյանի դիմումն անհատական կարգով բնակարան կառուցելու համար հողամաս հատկացնելու հարցը, 1959 թվականի նոյեմբերի 27-ի նիստի թիվ 23 արձանագրության քաղվածքի համաձայն` Արամ Մանուկյանը տվել է իր համաձայնությունը 25.03.1951 թվականի որոշմամբ իրեն հատկացված թիվ 55 հողամասում որդու` Վանցետ Արամի Մանուկյանի կողմից բնակարան կառուցելու համար, և Գործադիր կոմիտեն հարգել է Վանցետ Մանուկյանի դիմումը և հատկացրել է հողամասը` բնակարան կառուցելու նպատակով (հատոր առաջին, գ.թ. 9):

3) Կադաստրը 19.04.2006 թվականին Երևանի Նորքի 17 փողոց 1-ին նրբանցքի թիվ 53 տան նկատմամբ Վանցետ Արամի Մանուկյանին 30.12.1986 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, հողի բաժանման 17.04.2006 թվականի պայմանագրի հիման վրա տվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր առաջին, գ.թ. 19-21):

4) Երևանի քաղաքապետի 28.08.2007 թվականի թիվ 3166-Ա որոշմամբ նախկին հասցեի` Երևանի Նորքի 17 փողոց 1-ին նրբանցքի թիվ 53 տանը տրամադրվել է նոր հասցե` Նորքի 17-րդ փողոց 1-ին նրբանցքի թիվ 2-րդ տուն (հատոր առաջին, գ.թ. 18):

5) Վանցետ Մանուկյանի մահից հետո` 02.07.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Երևանի քաղաքապետի 28.08.2007 թվականի թիվ 3166-Ա որոշման քաղվածքի 14-րդ տողի հիման վրա, Երևանի Նորք-Մարաշ համայնքի Նորքի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան Էմմիկ Թադևոսի Մանուկյանի 1/5-րդ բաժնի, Խաչատուր Վանցետի Մանուկյանի 1/5-րդ բաժնի, Համբարձում Վանցետի Մանուկյանի 1/5-րդ բաժնի, Անահիտ Վանցետի Մանուկյանի 1/5-րդ բաժնի և Շուշան Վանցետի Եղիազարյանի 1/5-րդ բաժնի նկատմամբ 10.09.2007 թվականին Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում (հատոր առաջին, գ.թ. 22-24):

6) Կադաստրի 01.04.2008 թվականի թիվ 18761ա գրության համաձայն` «Նորքի 17 փ. 1 նրբ. թիվ 2 հասցեում գտնվող 709,6քմ մակերեսով հողամասի կարգավիճակի վերաբերյալ հայտնել է, որ նշված հողամասի և նրա վրա գտնվող բնակելի տան նկատմամբ (որպես ընդհանուր բաժնային սեփականություն) 10.09.2007 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում Էմմիկ Թադևոսի Մանուկյանի 1/5, Խաչատուր Վանցետի Մանուկյանի 1/5, Համբարձում Վանցետի Մանուկյանի 1/5, Անահիտ Վանցետի Մանուկյանի 1/5 և Շուշան Վանցետի Եղիազարյանի 1/5 անվամբ (հիմք 02.07.07թ. թիվ 4545 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, Երևանի քաղաքապետի 28.08.2007 թվականի թիվ 3166-Ա որոշման քաղվածքի 14 տող): 43-53 հողատարածքների նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում: Համբարձում Մանուկյանի կողմից օգտագործվող հողամասը համընկնում է գլխավոր հատակագծում նշված թիվ 55 հողակտորի հետ, սակայն հայտնել տվյալներ հատկացված հողամասի չափի վերաբերյալ հնարավոր չէ, քանի որ բացակայում են նշված հողամասի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերը: Փաստացի չափագրվել է 713քմ հողամաս, որի վրա գտնվում է 56,9քմ կարգավիճակը չորոշված մեկ հարկանի շինություն, որին կից առկա է 7,5քմ ինքնակամ օժանդակ շինություն» (հատոր առաջին, գ.թ. 11):

7) 11.01.1956 թվականի թիվ 863540 ծննդյան վկայականի համաձայն` Համբարձում Մանուկյանը ծնվել է 22.12.1955 թվականին, հայրը Վանցետ Արամի Մանուկյանն է, մայրը` Էմմիկ Թադևոսի Մանուկյանը (հատոր առաջին, գ.թ. 93):

8) Ջավահիր Հարությունյանի, Գաբրիել Բոյախչյանի, Վիգեն Սիմոնյանի և Հովհաննես Հարությունյանի 13.06.2008 թվականի հայտարարության համաձայն` Համբարձում Մանուկյանը Երևանի Նորքի 17-րդ փողոցի թիվ 2 տան 713քմ մակերեսով հողամասը բացահայտ և բարեխիղճ օգտագործում է որպես սեփական գույք (հատոր առաջին, գ.թ. 98):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչ 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (15.03.1991 թվականը) գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն՝ անհատույց կարգով(տես` ըստ հայցի Դիանա Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման, Սոնա Ասլանյանի, Սեդա Գասպարյանի, Մելսիդա Մխիթարյանի, Արկադի Խեչումյանի, Նաիրա Գյունաշյանի, Վարդգես Կովկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սոֆյա Անիսոնյանի, Հայկ Սիմոնյանի, Վարյա և Գագիկ Բուռնազյանների, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Մալաթիա» ՈւՎԿ ՓԲԸ-ի՝ պետական գրանցման միասնական մատյանում և սեփականության իրավունքի թիվ 0271091, թիվ 1561523, թիվ Ա 026383, թիվ 0143872, թիվ 2557709 վկայականներում, թիվ 236 տեխնիկական անձնագրում կատարված գրառումը՝ 753,0քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասով, մասնակի անվավեր ճանաչելու, Երևանի Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի բակում գտնվող 147,75 քմ մակերեսով սեփական շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ Դիանա Գևորգյանի սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից Երևանի Նալբանդյան փողոցի 15-րդ շենքի թիվ 1 բնակարանի հատակագծային չափերի համապատասխան ծանրաբեռնված 178,28 քմ ընդհանուր մակերեսով հողամասն առանձնացնելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/2035/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Համբարձում Մանուկյանի պապին` Արամ Մանուկյանին, Հայկական ԽՍ Երևանի Միկոյանի ռայսովետի գործկոմի 23.03.1951 թվականի նիստի թիվ 10 արձանագրության արխիվային քաղվածքի համաձայն հատկացվել է Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 42, 51, 53, 54, 55, 57, 59 հողամասերը 4.100քմ մակերեսով` անհատական կարգով բնակարան կառուցելու և փորձնական դաշտ դարձնելու համար: Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Կիրովյան Ռայոնական Սովետի Գործադիր Կոմիտեի 27.11.1959 թվականի նիստի թիվ 23 արձանագրության քաղվածքի համաձայն` Արամ Մանուկյանը տվել է իր համաձայնությունը 25.03.1951 թվականի որոշմամբ իրեն հատկացված թիվ 55 հողամասում Վանցետ Արամի Մանուկյանի կողմից բնակարան կառուցելու համար, իսկ Գործադիր Կոմիտեն հարգել է Վանցետ Մանուկյանի դիմումը և նրան հատկացրել է այդ հողամասը` բնակարան կառուցելու նպատակով:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ «Կադաստրի 01.04.2008 թվականի թիվ 18761ա գրությունից հետում է, որ Համբարձում Մանուկյանի կողմից օգտագործվող հողամասը համընկնում է գլխավոր հատակագծում նշված թիվ 55 հողակտորի հետ, սակայն հատկացված հողամասի չափի վերաբերյալ հնարավոր չէ հայտնել տվյալներ` նշված հողամասի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով: Միաժամանակ հայտնվել է, որ փաստացի չափագրվել է 713,0քմ հողամաս, որի վրա գտնվում է 56,9քմ կարգավիճակը չորոշված մեկ հարկանի շինություն, որին կից առկա է 7,5քմ ինքնակամ օժանդակ շինություն: Նշված գրությունից հետևում է, որ վիճելի հողակտորի վերաբերյալ Կադաստրում առկա չեն իրավահաստատող փաստաթղթեր: Բացի այդ, առկա է նաև կարգավիճակը չորոշված շինություն, ինչպես նաև ինքնակամ օժանդակ շինություն: Հայցվորն իր հերթին չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ վիճելի հողամասը որևէ փաստաթղթով հատկացված և ժառանգության իրավունքով փոխանցվել է իր հորը, հետագայում միայն իրեն, ուստի որպես հայցի իրավական հիմնավորում 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի դրույթները տվյալ դեպքում կիրառելի չեն»:

 Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հայկական ԽՍ Երևանի Միկոյանի ռայսովետի գործկոմի 1951 թվականի մարտի 25-ի նիստի թիվ 10 արձանագրության արխիվային քաղվածքի համաձայն` Արամ Մանուկյանին հատկացվել է Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 55 հողամասը, իսկ Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Կիրովյան Ռայոնական Սովետի Գործադիր Կոմիտեի 1959 թվականի նոյեմբերի 27-ի նիստի թիվ 23 արձանագրության քաղվածքի համաձայն` Արամ Մանուկյանը տվել է իր համաձայնությունն այդ հողամասում որդու` Վանցետ Արամի Մանուկյանի կողմից բնակարան կառուցելու համար, և Գործադիր Կոմիտեն հարգել է Վանցետ Մանուկյանի դիմումը և նրան հատկացրել է հողամասը` բնակարան կառուցելու նպատակով: Այսինքն` տվյալ դեպքում առկա են Վանցետ Մանուկյանին հողամաս հատկացնելու օրինական հիմքերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 55 հողամասը 15.03.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ և դրանից հետո մինչև 2006 թվականն օգտագործել է Վանցետ Մանուկյանը, իսկ նրա մահվանից հետո մինչ օրս այն օգտագործում է նրա որդին` Համբարձում Մանուկյանը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը և բազմակողմանի, օբյեկտիվ չի գնահատել գործում գտնվող ապացույցները, մասնավորապես` Հայկական ԽՍ Երևանի Միկոյանի ռայսովետի գործկոմի 1951 թվականի մարտի 25-ի նիստի թիվ 10 արձանագրության արխիվային քաղվածքը, որով Արամ Մանուկյանին հատկացվել է Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 55 հողամասը, Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Կիրովյան Ռայոնական Սովետի Գործադիր Կոմիտեի 1959 թվականի նոյեմբերի 27-ի նիստի թիվ 23 արձանագրության քաղվածքը, որով Արամ Մանուկյանը տվել է իր համաձայնությունն այդ հողամասում որդու` Վանցետ Արամի Մանուկյանի կողմից բնակարան կառուցելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը` ներառյալ, երբ ժառանգը` միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար. իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր. իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տես` Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի հայցի ընդդեմ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, Կենտրոն նոտարական տարածքի նոտարի` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին 07.12.2007 թվականին տրված թիվ 9038 ըստ կտակի ու Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 07.12.2007 թվականին տրված թիվ 9039 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, Հրիտա Հակոբյանին փաստացի տիրապետման ուժով Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Հասմիկ Հարությունյանին կտակով ու փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի՝ Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և օրենքի ուժով Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0272/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.03.2007 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` Վանցետ Մանուկյանի մահից հետո Համբարձում Մանուկյանը, 02.07.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն, ընդունել է ժառանգական գույքը` Վանցետ Մանուկյանին պատկանող Երևանի Նորք-Մարաշ համայնքի Նորքի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան 1/5-րդ բաժինը: Կադաստրի 01.04.2008 թվականի թիվ 18761ա գրության համաձայն` Երևանի Նորքի ջրանցքից վերև 25կվ թիվ 55` 713քմ մակերեսով հողամասը համընկնում է Համբարձում Մանուկյանի կողմից օգտագործվող գլխավոր հատակագծում նշված թիվ 55 հողակտորի հետ: Այսինքն` Վանցետ Մանուկյանի մահից հետո Համբարձում Մանուկյանը փաստացի տիրապետել է գլխավոր հատակագծում նշված թիվ 55 հողակտորը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 30.04.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ