Գլխավոր տեղեկություն
Номер
N 1504-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2011-13.08.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.10/62(796) Հոդ.1414
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային հաշիվների ձևերի տպագրության և հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գնի սահմանման նպատակով յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հարկային հաշիվների ձևի տպագրության վրա կատարվող ծախսերի նախահաշիվը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 26
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարցերը, ինչպես նաև սահմանվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հարկային հաշիվների դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս են գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով: Հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգը ծրագրային համակարգ է, որում ներառվում են հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումն ապահովող, հարկային հաշիվների մասին տեղեկությունների համադրման և այլ հարակից ծրագրեր, ինչպես նաև հարկային հաշիվների, դրանց մասին և հարկային հաշիվների շրջանառությանն առնչվող այլ տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

3. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հետևյալ ձևերով՝

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների դուրսգրում։

4. Հարկ վճարողները կարող են հարկային հաշիվներ դուրս գրել սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ձևերով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագիր կիրառողները` նաև սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով: Հարկ վճարողները, բացի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելուց, կարող են հարկային հաշիվներ դուրս գրել նաև հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ: Որևէ գործարքի վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվում միայն մեկ եղանակով:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որը հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է: Էլեկտրոնային հարկային հաշիվը կարող է նաև պարունակել հարկ վճարողի կողմից վարվող հաշվառման համար անհրաժեշտ` հարկային հաշվի այլ համար և (կամ) սերիա: Հարկային հաշիվների սերիա-համարների գեներացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 3 հավելվածով:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը կամ օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հարկային մարմնի հետ կնքված պայմանագրով կամ գրավոր հայտարարությամբ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիազորված են վավերացնելու (հաստատելու) հարկային հաշիվներ:

7. Հարկային հաշիվներ վավերացնելու լիազորություն ունեցող անձինք (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը) և նրանց էլեկտրոնային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

8. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ավելացված արժեքի հարկ վճարող համարվելը դադարելու պահից դադարում է լիազորություն ունեցող անձի՝ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշիվները վավերացնելու լիազորությունը:

9. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, վերադարձը և անվավեր ճանաչումը հաշվառվում են հարկային մարմնում:

10. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել միայն հարկային մարմնի հետ համապատասխան ձևի էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու մասին պայմանագրի կնքված լինելու դեպքում:

11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

12. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվը ենթակա չէ փոփոխման:

13. Վերադաս հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարներից ելնելով, հարկային հաշվների վավերականության ստուգման համար:

14. Էլեկտրոնային հարկային հաշվի ստացումն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում հարկ վճարողն այդ հարկային հաշվի վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին չի ներկայացնում: Էլեկտրոնային հարկային հաշվի ստացման վավերացումը միաժամանակ դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ կապի միջոցով ստացված էլեկտրոնային հարկային հաշվի մասին տեղեկության ներկայացում:

15. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) դրանց սերիա-համարները անվավեր են ճանաչվում՝

1) հարկ վճարողների կողմից` սույն կարգով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում.

2) հարկային մարմնի կողմից` ստացված ձևերի ոչնչացման կամ կորստի վերաբերյալ հարկ վճարողի հայտարարության հիման վրա:

 

II. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ժԱՄԱՆԱԿՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

16. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս գրելու իրավունք ունեն հարկային մարմնի հետ ինտերնետային կապի միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու մասին պայմանագիր կնքած և հարկային հաշիվներ վավերացնելու իրավասություն ունեցող անձին (անձանց) և նրա (նրանց) էլեկտրոնային ստորագրությունները սույն կարգին համապատասխան հարկային մարմնում գրանցած ավելացված արժեքի հարկ վճարողները:

17. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը (այսուհետ` սույն բաժնում՝ ծրագիր) տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

18. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է ավելացված արժեքի հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում):

19. Ծրագիրն առաջին անգամ գործարկվելու համար պահանջում է հարկ վճարողի հաշվառման համարի, օգտվողի անվանման (login, user name) և գաղտնաբառի (password) մուտքագրում:

20. Մեկ համակարգչում ծրագիրը կարող է տեղադրվել մեկ անգամ: Ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ-ն, օգտագործողի անունը, գաղտնաբառը) մուտքագրելով: Ծրագրով հարկային հաշիվներ դուրս են գրում, դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններ և այլ գործողություններ են կատարում այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ:

21. Ծրագրում գրանցվում են այն հարկ վճարողի (ապրանք մատակարարողի կամ ծառայություն մատուցողի) մասին պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, որի անունով մուտք է գործվել հարկային հաշիվների համակարգ: Ծրագրի հետագա գործարկումների ընթացքում հարկային հաշիվներ լրացնելիս՝ ապրանք մատակարարողի կամ ծառայություն մատուցողի մասին պարտադիր լրացման ենթակա տվյալները չեն մուտքագրվում:

22. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցում և ինտերնետային ցանցից դուրս ռեժիմներում: Ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում հնարավոր է լրացնել միայն սևագիր հարկային հաշիվներ կամ խմբագրել դրանք: Հարկային հաշիվների դուրսգրումը և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը կատարվում են ինտերնետային ցանցին միացած լինելու դեպքում (ինտերնետային ցանցում ռեժիմում):

23. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հարկային հաշիվների երեք ձևերից (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման հարկային հաշվի ձև, ապրանքների մատակարարման հարկային հաշվի ձև, ծառայությունների մատուցման հարկային հաշվի ձև) մեկը և լրացնում այն: Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:

24. Ծրագիրը հնարավորություն է տալիս դուրս գրելու հատուկ հարկային հաշիվներ կամ օրենքով սահմանված դեպքում հարկային հաշիվներ դուրս գրելու մատակարարի անունից:

25. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

26. Հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

27. Լրացված ինտերնետային հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատվող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:

28. Դուրս գրված ինտերնետային հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքում:

29. Ինտերնետային հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել անվավեր` դուրսգրման պահին հաջորդող 24 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվն անվավեր համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

30. Դուրս գրված ինտերնետային հարկային հաշիվների մասով օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում:

31. Ինտերնետային հարկային հաշիվ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրով լրացվող հարկային հաշվի ձևի մեջ ներմուծելու միջոցով, եթե այդ տվյալները գրանցված են վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիր տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

32. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում լրացված տվյալները (հարկային հաշիվները) հնարավոր է արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, եթե այդ ծրագրերն ունեն համապատասխան ծրագրային միջոցներ, որոնք ապահովում են վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով տվյալներ ընդունելու հնարավորություն: Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրից հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր տվյալների ներմուծման համար անհրաժեշտ ծրագրային միջոցների առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

33. Ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր և այլ անձանց կողմից տվյալ հարկ վճարողի անվամբ (որպես ապրանքների գնորդ կամ ծառայություններ ստացող) դուրս գրված հարկային հաշիվները, հաստատելու էլեկտրոնային հարկային հաշվի ստացումը` հարկային հաշվում դնելով էլեկտրոնային ստորագրություն: Հարկ վճարողն իրավունք ունի հաստատման պահին հաջորդող 24 ժամվա ընթացքում հրաժարվելու էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշվից (հետ կանչելու էլեկտրոնային հարկային հաշվի իր ստորագրությունը):

34. Ծրագիրը թույլ է տալիս դուրս գրված և ստացված հարկային հաշիվների ցանկերը, հաշվետվությունը կամ տեղեկանքը վերածել «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի` այդ ծրագրի հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

35. Հարկ վճարողի կողմից ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրումը միաժամանակ համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկությունների՝ կապի միջոցով ներկայացում: Ինտերնետային հարկային հաշիվների ստացման հավաստումը (հաստատումը) համարվում է ստացված հարկային հաշիվների մասին կապի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում:

36. Ինտերնետային հարկային հաշիվների մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրս գրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

37. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ, օպտիկա-մանրաթելային կապով), եթե հարկ վճարողն ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը: Սույն բաժնում նշվող «ուղարկում», «ստացում» կամ «տրամադրում» բառերը նշանակում են միայն կապի միջոցով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ տեղեկատվության (տվյալների) ուղարկում, ստացում կամ տրամադրում, եթե սույն կարգով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

38. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել այն անձինք՝

1) ովքեր կիրառում են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր).

2) որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թիվը գերազանցում է հազարը և՝

3) հարկային մարմնի հետ կնքել են հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրման ձևը կիրառելու մասին պայմանագիր:

39. Սույն կարգի կիրառման առումով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (այսուհետ` բիլինգային համակարգեր) են համարվում այն ծրագրերը, որոնք, օգտագործելով մատուցված ծառայությունների ծավալի հաշվառման (օրինակ, ծառայությունների մատուցման ժամանակահատվածի և (կամ) ծավալի հաշվառման) այլ ծրագրերի կամ հաշվիչ սարքերի հաշվարկած տվյալները կամ մատակարարված ապրանքների քանակի հաշվառման ծրագրերի կամ այլ հաշվիչ սարքերի տվյալները, գեներացնում (կազմում) են հաշվարկային փաստաթղթեր` ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողին ներկայացնելու (տրամադրելու) և հատուցում ստանալու նպատակով: Որպես հատուկ ծրագրեր չեն կարող համարվել հաշվապահական հաշվառման ծրագրերը, որոնց միջոցով ևս հնարավոր է կամ իրականացվում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում:

40. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բիլինգային համակարգ կիրառող անձինք) հարկային հաշիվների սերիա-համարներ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից կիրառվող համակարգչային ծրագրով ուղարկված հայտի հիման վրա:

41. Բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից հարկային հաշիվների սերիա-համարների ստացման հայտ ներկայացնող ծրագիրը մշակվում է բիլինգային համակարգ կիրառողի կողմից։

42. Էլեկտրոնային հայտը ներկայացնելու ձևաչափը (protocol) սահմանում է հարկային մարմինը և գրավոր տրամադրում է բիլինգային համակարգ կիրառողին` բիլինգային համակարգի կիրառումից առնվազն 3 ամիս առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողը պատրաստ է այդ համակարգը կիրառել ավելի վաղ ժամկետից կամ առանց ձևաչափ ստանալու:

43. Էլեկտրոնային հայտը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի վավերական էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր անձի ստորագրությունը հարկային մարմնում գրանցվում է պայմանագրի հիման վրա` էլեկտրոնային հաշվետվություններն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան:

44. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ստուգվում է հայտում պարունակվող էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում ապահովվում է հայտի հետագա ընթացքը: Եթե հայտում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ուղարկվում է ստորագրության անվավեր լինելու հիմքով հայտը մերժելու վերաբերյալ հաղորդագրություն:

45. Վավերական հայտի (այսուհետ` հայտ) դեպքում ծրագիրն ստուգում է հայտով պահանջված քանակությունները տվյալ անձի համար սահմանված` հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափում լինելու հանգամանքը:

46. Բիլինգային համակարգ կիրառող յուրաքանչյուր անձի համար սահմանվում (հաշվարկվում) է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափ: Հարկային մարմնից ստացվող հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը տվյալ հարկ վճարողի նկատմամբ կիրառելու առաջին չորս ամսում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը որոշվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա, իսկ հետագա ամիսներին հաշվարկվում է նախորդ երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների ընդհանուր քանակի 120 տոկոսի չափով:

47. Եթե հայտում պահանջված սերիա-համարների թիվը տրամադրվելու դեպքում չի խախտվում հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրային համակարգի միջոցով գեներացվում և հարկ վճարողի ծրագրին են ուղարկվում պահանջվող թվով սերիա-համարներ: Սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը համարվում է խախտված, եթե չմարված սերիա-համարների և հայտով պահանջված սերիա-համարների ընդհանուր թիվը գերազանցում է հարկ վճարողի համար սահմանված ռեզերվային սահմանաչափը: Սույն կետի կիրառման առումով՝ չմարված սերիա-համարներ են համարվում հարկ վճարողին տրամադրված այն սերիա-համարները, որոնցով համարակալված հարկային հաշիվների մասին հարկային մարմին չի ներկայացվել սույն կարգով սահմանված տեղեկատվությունը:

48. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

49. Եթե հայտով պահանջված սերիա-համարների քանակությունը տրամադրելու դեպքում խախտվում է հարկային հաշիվների սերիա-համարների ռեզերվային սահմանաչափը, ապա հայտը մերժվում է, և հարկ վճարողին է ուղարկվում ռեզերվային սահմանաչափը խախտելու մասին հաղորդագրություն: Մերժում ստանալուց հետո բիլինգային համակարգ կիրառողի կողմից կարող է ուղարկվել նոր հայտ:

50. Ստացված սերիա-համարները տեղադրվում են բիլինգային համակարգում՝ դրանցով համարակալված հարկային հաշիվներ դուրս գրելու համար:

51. Բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշիվներում արտացոլված` հարկային մարմին ներկայացման ենթակա տեղեկատվությունը, մինչև այդ հաշիվները որևէ ձևով գնորդներին (ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողներին) տրամադրումը, պետք է ուղարկվի հարկային մարմին: Մինչև հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների տվյալ (ցանկացած) սերիա-համարով հարկային հաշվի մասին ներկայացման ենթակա տեղեկատվության ստացումը՝ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվն անվավեր է, իսկ տվյալ սերիա-համարը հարկային հաշիվների համակարգի կողմից դիտվում է որպես գոյություն չունեցող:

52. Բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա են`

1) հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա տվյալները.

2) հարկային հաշվում պարտադիր լրացման ոչ ենթակա, սակայն բիլինգային համակարգի կողմից դուրս գրվող հարկային հաշվում լրացված և ապրանքներ մատակարարողին (ծառայություններ մատուցողին), ապրանքներ ձեռք բերողին (ծառայություններ ստացողին), պայմանագրին վերաբերող տվյալները.

3) տվյալ հարկային հաշվով մատակարարվող ապրանքների ընդհանուր արժեքին, հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարին, հարկային հաշվի համաձայն վճարման ենթակա ընդհանուր գումարին, իսկ ընդհանուր քանակությունը (ծավալը) հաշվարկելու հնարավորության դեպքում` նաև մատակարարված ապրանքների ընդհանուր քանակին (ծառայության ընդհանուր ծավալին) վերաբերող տվյալները:

53. Հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալների (տեղեկատվության) ցանկը սահմանում է վերադաս հարկային մարմինը` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներից: Հարկային մարմնի կողմից սահմանվող` հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները պարտադիր են բիլինգային համակարգ կիրառող բոլոր հարկ վճարողների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, ելնելով գործունեության ոլորտի առանձնահատկություններից, առանձին հարկ վճարողների համար պարտադիր լրացման ենթակա առանձին տվյալներ ենթակա են փոփոխման:

54. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվները համարվում են դուրս գրված` հարկային մարմին ուղարկման ենթակա տեղեկությունները հարկային մարմնի կողմից ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե այդ հաշիվներն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տրամադրվել են ապրանքներ ձեռք բերողներին (ծառայություններ ստացողներին), թե ոչ:

55. Բիլինգային համակարգի միջոցով գեներացված (կազմված) հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով` հարկային մարմնի կողմից սահմանված ծավալներով:

56. Բիլինգային համակարգի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը հարկային մարմին ներկայացված լինելու դեպքում՝ բիլինգային համակարգ կիրառողի կողմից այդ հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին չեն ներկայացվում: Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնելը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ կապի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկություններ ներկայացնել:

57. Դուրս գրված հարկային հաշիվների մասին տեղեկությունների փաթեթը պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ, որը պետք է գրանցված լինի հարկային մարմնում՝ որպես հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրություն:

58. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրի միջոցով պետք է ստուգվի էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում պետք է ապահովվի ստացված տեղեկությունների հետագա ընթացքը: Եթե տեղեկություններում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկ վճարողին ուղարկվում է համապատասխան հաղորդագրություն: Ոչ վավերական ստորագրությամբ հարկային հաշիվների մասին տեղեկությունները հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում:

59. Ներկայացված տեղեկությունները վավերական լինելու դեպքում ստուգվում է հարկային մարմնի հարկային հաշիվների մասին ստացված տեղեկատվության մեջ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա տվյալները յուրաքանչյուր հաշվում լրացված լինելու հանգամանքը: Այն հարկային հաշիվները, որոնցում բացակայում են պարտադիր լրացման ենթակա տվյալները, հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չեն գրանցվում: Հարկ վճարողին ուղարկվում է հաղորդագրություն բիլինգային համակարգի միջոցով կազմված հաշիվների մասին տեղեկատվության ընդունումը մերժելու վերաբերյալ:

60. Բիլինգային համակարգ կիրառողներից ստացված և հարկային հաշիվների համակարգում գրանցված բոլոր հարկային հաշիվներն ստորագրվում են հարկային մարմնի կողմից հատուկ առանձնացված էլեկտրոնային ստորագրությամբ և գրանցվում ապրանքներ ձեռք բերողների կամ ծառայություններ ստացողների համար վարվող՝ ստացված հարկային հաշիվների էլեկտրոնային դարանում, բիլինգային համակարգ կիրառողի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ կազմվող էլեկտրոնային տեղեկանքում: Ստացված սերիա-համարներով հարկային հաշիվները գրանցվում են վավերական հարկային հաշիվների ցանկում:

61. Բիլինգային համակարգ կիրառող հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվը կարող է անվավեր ճանաչվել հարկային հաշվի դուրսգրման ամսաթվին հաջորդող մեկ օրացուցային օրվա ընթացքում: Հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում հարկային մարմին համապատասխան արձանագրություն ուղարկելու միջոցով: Արձանագրության հիման վրա հարկային հաշիվների անվավեր ճանաչումը մերժվում է, և ուղարկվում է համապատասխան բովանդակությամբ արձանագրություն, եթե տվյալ հարկային հաշվի մասին տեղեկությունը հարկային մարմին է ներկայացվել արձանագրությունն ստանալուն նախորդող 24 ժամը գերազանցող ժամկետում:

62. Բիլինգային համակարգ կիրառողից ստացված` այն հարկային հաշիվների մասին տեղեկատվությունը, որոնցում լրացված են պարտադիր լրացման ենթակա բոլոր տվյալները, գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում` դրանց հետագա ընթացքն ապահովելու համար:

63. Սերիա-համարները կարող են տրամադրվել մաս-մաս` սերիա-համարներ պարունակող ֆայլը բաղդատելու կամ սերիա-համարների ընդհանուր թիվն առանձին խմբաքանակների բաժանելու միջոցով:

64. Անհրաժեշտության դեպքում (գործունեության դադարեցում, այն գործունեության դադարեցում, որի մասով կիրառվում է բիլինգային համակարգը և այլն) հարկ վճարողի նախաձեռնությամբ նախկինում ստացված սերիա-համարները վերադարձվում են հարկային մարմին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների ձևերը տպագրվում են համակարգչային եղանակով` լազերային տպիչներով: Հարկային հաշիվների տպագրությունն իրականացվում է հարկ վճարողին սպասարկող հարկային (տարածքային) տեսչությունում:

2. Հարկային հաշիվների տպագրությունն իրականացվում է Ա-4 (A4) ձևաչափի թղթի վրա:

3. Հարկային մարմնի կողմից տպագրվում են հարկային հաշիվների երեք ձևեր` ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ծառայությունների մատուցման հարկային հաշիվ: Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից՝ հարկային հաշիվների տպագրության ծրագրի տեխնիկական առաջադրանքով:

4. Հարկային հաշիվների ձևերի տպագրության ծախսերը հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողների կողմից կատարված վճարումներից համապատասխան գանձապետական հաշվում գոյացած միջոցների հաշվին:

5. Հարկային հաշիվների ձևերի տպագրությունն իրականացվում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման մասին հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Հայտի ձևը սահմանում է հարկային մարմինը:

6. Հայտում կարող է նշվել հարկային հաշվի ձևի հաշվարկային մասում անհրաժեշտ տողերի թիվը: Հարկային հաշվի ձևի հաշվարկային մասում անհրաժեշտ տողերի թիվն ավելացվելու արդյունքում հարկային հաշվի ձևը մեկ էջի վրա տեղադրելու անհնարինության դեպքում տպագրվում են հարկային հաշվի ձևի հաշվարկային մասի տողեր պարունակող հաջորդական թվով էջեր, որոնցում պարտադիր տպագրվում են հարկային հաշվի սերիա-համարը և էջի համարը:

7. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում են 2-ական օրինակով` նույն սերիա-համարով: Հայտում հարկային հաշիվների ձևերը 2 օրինակից ավելի օրինակով տպագրելու խնդրանքի դեպքում տպագրվող հարկային հաշիվների ձևերի վրա նշվում է տպագրված օրինակների թիվը: Հատուկ հարկային հաշիվների ձևերը տպագրվում են 5-ական օրինակով: «Հատուկ հարկային հաշիվներ» ձևերի տպագրության դեպքում հարկային հաշվի ձևի «հաշվի կարգը» վանդակում տպագրվում է «հատուկ» բառը:

8. Հարկ վճարողի կողմից ներկայացվող հայտում նշված` համապատասխան եռամսյակի համար հարկային հաշիվների ձևերի պահանջվող թիվը չպետք է գերազանցի հարկ վճարողի կողմից համապատասխան եռամսյակի ընթացքում սովորաբար դուրս գրվող հարկային հաշիվների թվի 120 տոկոսը:

9. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում են հայտ ներկայացրած հարկ վճարողին վերաբերող տվյալները (անվանումը, (անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը) լրացված վիճակում:

10. Հարկային հաշիվները տպագրվում են հարկ վճարողի պահանջած ձևերով` յուրաքանչյուր ձևից պահանջված քանակությամբ:

11. Հարկային հաշիվների ձևեր ստանալու համար հարկ վճարողն անհրաժեշտ թվով հարկային հաշիվների ձևեր ձեռք բերելու համար նախապես կատարում է վճարում` համապատասխան գանձապետական հաշվին:

12. Հարկային հաշիվների ձևերի ստացման համար հարկ վճարողը հարկային մարմին ներկայացնում է՝

1) հայտ.

2) պահանջվող թվով հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի (վճարման անդորրագրի) պատճենը:

13. Պահանջվող թվով հարկային հաշիվների ձևերի արժեքը հարկ վճարողի կողմից վճարված գումարից տարբերվելու դեպքում հարկ վճարողին տրամադրվում են վճարված գումարին համապատասխանող թվով հարկային հաշիվների ձևեր:

14. Հարկային հաշիվների ձևերը տրամադրվում են միայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց: Եթե հայտը ներկայացնելու պահին հարկային մարմնում առկա են տվյալներ այն մասին, որ հայտ ներկայացրած անձն ավելացված արժեքի հարկ վճարող չի համարվում, ապա հարկային մարմինն իրավասու է պահանջելու ներկայացնել գրավոր հիմնավորում հայտը ներկայացնելու պահին կամ դրան հաջորդող մեկամսյա ժամկետում ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու մասին: Օրենքով սահմանված այլ հիմքերի բացակայության դեպքում՝ հայտի հիման վրա հարկ վճարողին հարկային հաշիվներ տրամադրվում են, եթե հարկ վճարողը ներկայացնում է հայտարարություն հայտը ներկայացնելու օրվան հաջորդող առնվազն մեկ ամիս հետո իրեն ավելացված արժեքի հարկ վճարող ճանաչելու վերաբերյալ:

15. Հարկ վճարողին ավելացված արժեքի հարկ վճարող համարելու հիմքերի բացակայության, ներկայացված գրավոր հիմնավորումն օրենքից չբխելու կամ այդպիսի հիմնավորում չներկայացվելու դեպքում հայտին ընթացք չի տրվում, և հայտի հիման վրա հարկային հաշիվների ձևեր չեն տրամադրվում:

16. Հարկային հաշիվների ձևերը տպագրվում և հարկ վճարողին են տրամադրվում հայտի ստացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

17. Ներկայացված հայտով պահանջված հարկային հաշիվների ձևերը հարկ վճարողին չեն տրամադրվում, եթե վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ժամկետում հարկ վճարողի կողմից չի ներկայացվել ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

18. Հարկային հաշիվների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են: Հարկ վճարողը և հարկային մարմինը վարում են ստացված (տրամադրված) հարկային հաշիվների ձևերի հաշվառում:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում հարկային մարմնից չստացված` հաշվարկային փաստաթղթի այլ ձևերի լրացմամբ հարկային հաշիվների դուրսգրումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշվի առկայության պայմաններում նույն գործարքի մասով դուրս է գրվել ապրանքի հանձնման-ընդունման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների հանձնման-ընդունման) վերաբերյալ այլ հաշվարկային փաստաթուղթ, որը պարունակում է հարկային հաշիվ համարելու համար հիմք հանդիսացող տվյալներ ու վավերապայմաններ: Օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ստացված հարկային հաշիվների պատճենահանման կամ սքանավորման միջոցով բազմացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ կամ հարկային մարմնի կողմից տրամադրված սերիա-համարն այլ փաստաթղթում օգտագործելով հարկային հաշիվների կամ անվավեր ճանաչված սերիա-համար ունեցող հարկային հաշվի ձևերի օգտագործմամբ հարկային հաշիվների դուրսգրումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ

 

1. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները և հարկային մարմնի կողմից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերը համարակալվում են հարկային հաշիվների համարակալման միասնական համակարգի (ծրագրի) կողմից գեներացված սերիա-համարներով:

2. Հարկային հաշիվների կամ հարկային հաշիվների ձևերի սերիա-համարները (սույն որոշման ամբողջ տեքստում` հարկային հաշիվների սերիա-համարները) գեներացման համակարգն ապահովում է սերիայի և համարի ամբողջությամբ առնվազն երեք տարվա ընթացքում առանց կրկնվելու հարկային հաշիվների սերիա-համարների գեներացումը:

3. Սերիա-համարները բաղկացած են հայերեն այբուբենի մեկ մեծատառ ունեցող սերիայից և տասանիշ թվից բաղկացած համարից:

4. Հարկային հաշիվների համարը բաղկացած է նույնականացնող ութ նիշից և 2-նիշանոց ստուգիչ նիշերից: Ստուգիչ նիշերով հարկային հաշվի համարն ստուգվում է ծրագրի միջոցով:

5. Հարկային հաշիվների նույնականացնող նիշերում թվերը գեներացվում են ծրագրի միջոցով` գաղտնի ալգորիթմով՝ այնպես, որ հնարավոր չլինի կանխատեսել, թե որևէ համարի գեներացումից հետո որ թիվն է գեներացվելու համակարգի կողմից:

6. Հարկային հաշիվների սերիա-համարների համակարգը վարում է համակարգի կողմից գեներացված և հարկ վճարողներին տրամադրված հարկային հաշիվների սերիա-համարների հաշվառում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան