Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ԱԳ Ի Ր
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունները, այսուհետև` Կողմեր,
նպաստելով Անկախ Պետությունների Համագործակցության` մինչև 2020 թ. ժամանակահատվածը տնտեսական զարգացման ռազմավարության իրականացմանը ԱՊՀ անդամ պետություններում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառմանն աջակցելու միջոցով,
գիտակցելով հաշվապահական հաշվառման, Կողմերի ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար ելակետային պահանջների մշակման հարցերում գործողությունների համակարգման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին հաշվառման ազգային համակարգերի մոտեցման և ներդաշնակեցման անհրաժեշտությունը,
ֆինանսական շուկաների գործունեության պայմանները կատարելագործելու և ազգային տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական տեղեկատվության համադրելիությունն ապահովելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև ներկայացված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.
ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)՝ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ և միջազգային ստանդարտների ուղեցույցներ, միջազգային ստանդարտներում և դրանց ուղեցույցներում կատարված փոփոխություններ, ՖՀՄՍ-ների հիմնադրամի կողմից որպես ՖՀՄՍ-ների և (կամ) դրանց ուղեցույցների անբաժանելի մաս սահմանված այլ փաստաթղթեր,
համախմբված ֆինանսական հաշվետվություններ՝ համակարգված տեղեկատվություն, որն արտացոլում է ՖՀՄՍ-ներին համապատասխան սահմանվող ազգային տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական դրությունը, գործունեության ֆինանսական արդյունքները և ֆինանսական դրության փոփոխությունները՝ նրա կողմից վերահսկվող ազգային և օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների՝ կազմակերպությունների խմբի հետ միասին,
ազգային տնտեսվարող սուբյեկտներ` կազմակերպություններ, ընկերություններ, ձեռնարկություններ և պետական հատվածին չառնչվող այլ սուբյեկտներ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ՝ որպես իրավաբանական անձինք, և հանդես են գալիս որպես տնտեսական հարաբերությունների ինքնուրույն նույնականացվող սուբյեկտներ:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակը ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասին ֆինանսական տեղեկատվության համադրելիության ապահովումն է:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի առարկան Կողմերի կողմից ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման, հրապարակման (բացահայտման), աուդիտի վերաբերյալ պահանջների սահմանումն է:
Հոդված 4
Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման, հրապարակման (բացահայտման), աուդիտի մասով սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են առնվազն այն ազգային տնտեսվարող սուբյեկտների վրա, որոնց արժեթղթերը թույլատրված են շրջանառության կազմակերպված աճուրդներում: Կողմերն ինքնուրույն են որոշում այն ազգային տնտեսվարող սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում են սույն Համաձայնագրի դրույթները:
Հոդված 5
Կողմերն ինքնուրույն են որոշում սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան համախմբված ֆինանսական հաշվետվություն կազմող ազգային տնտեսվարող սուբյեկտների ազգային օրենսդրությամբ հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ կազմելու պարտավորությունը պահպանելու կամ այդ պարտավորությունից ազատելու հարցը:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերի կողմից որոշված ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվությունները կազմվում են ՖՀՄՍ-ներին համապատասխան:
Հոդված 7
Ազգային տնտեսվարող սուբյեկտի տարեկան համախմբված ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր հրապարակման (բացահայտման)` ԱՊՀ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Համախմբված ֆինանսական հաշվետվությունները համարվում են հրապարակված (բացահայտված), եթե տեղադրված են ընդհանուր օգտագործման տեղեկատվական համակարգերում և (կամ) հրապարակված են դրանցով հետաքրքրված անձանց համար հասանելի զանգվածային լրատվության միջոցներում, և (կամ) եթե տվյալ հաշվետվությունների առնչությամբ կատարվել են այլ գործողություններ, որոնք ապահովում են դրանց հասանելիությունը հետաքրքրված բոլոր անձանց համար` անկախ տվյալ հաշվետվությունը ստանալու նպատակներից այն ընթացակարգով, որը երաշխավորում է դրա գտնելը և ստանալը:
Հոդված 8
Կողմերն ինքնուրույն են որոշում այն օգտագործողներին, որոնց, հրապարակումից (բացահայտումից) զատ, ներկայացվում են համախմբված ֆինանսական հաշվետվությունները:
Հոդված 9
Կողմերն ինքնուրույն են որոշում ազգային տնտեսվարող սուբյեկտի կողմից համախմբված ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետները, սակայն, որպես կանոն, դրանք չեն կարող գերազանցել այն տարվա ավարտից հետո 180 օրը, որի համար կազմվել է տվյալ հաշվետվությունը:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ազգային տնտեսվարող սուբյեկտների տարեկան համախմբված ֆինանսական հաշվետվությունները ենթակա են անկախ աուդիտի: Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման, հրապարակման (բացահայտման) պարտականություններ սահմանելու դեպքում անկախ աուդիտի անցկացման պարտադիր լինելը Կողմերը որոշում են ինքնուրույն:
Աուդիտորական եզրակացությունը ներկայացվում և հրապարակվում (բացահայտվում) է նշված համախմբված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին:
Հոդված 11
Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների անցկացումը` ներառյալ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումն ու ընդունումը:
Կողմերը 4-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, սույն Համաձայնագրին համապատասխան, համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման վերաբերյալ պահանջները պետք է սահմանեն ոչ ուշ, քան 2015 թ. համար հաշվետվությունից:
Կողմերը կարող են հետաձգել սույն հոդվածում նշված պարտավորության կատարումն ազգային այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք համախմբված ֆինանսական հաշվետվություններ են կազմում ՖՀՄՍ-ներից տարբերվող՝ այլ միջազգայնորեն ճանաչված կանոններով, բայց ոչ ավելի, քան մինչև 2020 թվականը:
Հոդված 12
Կողմերը հանձնարարում են ԱՊՀ գործադիր կոմիտեին կից Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդին կատարել սույն Համաձայնագրի դրույթների կատարմանն ուղղված գործողությունների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին տեղեկացնել դրա ընթացքի մասին:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերը կարող են առանձին հարցերի վերաբերյալ կնքել լրացուցիչ համաձայնագրեր:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերի այնպիսի իրավունքներին և պարտավորություններին, որոնք բխում են այն միջազգային պայմանագրերից, որոնց նրանք մասնակցում են:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդատվությունների և բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգի միջոցով:
Հոդված 16
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել նրա անբաժանելի մասը համարվող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Համաձայնագիրն ստորագրած կողմերի կողմից կատարվելու վերաբերյալ երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող յուրաքանչյուր պետության միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթղթերը փոխանցելու միջոցով:
ԱՊՀ անդամ պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
ԱՊՀ անդամ չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած բոլոր պետությունների՝ միանալու համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի: Նշված ժամկետի ավարտից հետո սույն Համաձայնագրի ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:
Հոդված 20
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելով:
Այդ Կողմի համար Համաձայնագրի գործողությունը դադարում է համապատասխան ծանուցումն ավանդապահի ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2013 թվականի նոյեմբերի 20-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Բելառուսի Հանրապետության հայտարարությունը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվության մասին համաձայնագրի վերաբերյալ՝ ընդունված Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում
20 նոյեմբերի 2013 թվական | ք. Սանկտ-Պետերբուրգ |
«Հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի երկրորդ մասը Բելառուսի Հանրապետության ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում է 2016 թվականի հաշվետվությունից սկսած»:
Բելառուսի Հանրապետության Վարչապետ |
Մ.Վ.Մյասնիկովիչ
|
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. դեկտեմբերի 2-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|