Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (05.02.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
10.11.2016
Дата подписания
10.11.2016
Дата вступления в силу
05.02.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արաբական Միացյալ էմիրությունների Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել իրենց միջև բարեկամության և համագործակցության կապերը և նպաստելով անվտանգության պահպանման և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացմանը,

գիտակցելով միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ ձևերի լուրջ սպառնալիքը, որը վտանգում է երկու երկրների հանրային անվտանգությունը,

հաշվի առնելով իրենց համապատասխան ազգային օրենսդրությունը և ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք պարտադիր են երկու Կողմերի համար,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համագործակցության շրջանակը

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կհամագործակցեն յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

 

Հոդված 2

Համագործակցության ոլորտները

 

1. Կողմերը կհամագործակցեն հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` հատկապես հետևյալ բնագավառներում.

ա) կազմակերպված հանցավորություն և կոռուպցիա,

բ) անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,

գ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, զանգվածային ոչնչացման և ոչ սովորական զենքերի, ինչպես նաև դրանց հետ կապված տեխնոլոգիաների ապօրինի շրջանառություն,

դ) մարդկանց թրաֆիկինգ և մարմնավաճառության ցանցեր,

ե) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական արտադրություն, շրջանառություն և չարաշահում,

զ) տնտեսական հանցագործություններ,

է) փողերի լվացում,

ը) ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար,

թ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ,

ժ) արժույթների, պաշտոնական կամ իրավական փաստաթղթերի, արժեթղթերի կամ ֆինանսական գործիքների կեղծում, ինչպես նաև դրանց տարածում,

ժա) մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,

ժբ) մշակութային արժեքների հափշտակում և մաքսանենգություն,

ժգ) ավտոմեքենաների առևանգում և մաքսանենգություն,

ժդ) երկուստեք համաձայնեցված` հանցագործության այլ տեսակներ:

 

Հոդված 3

Համագործակցության ձևերը

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը կհամագործակցեն` համաձայն հետևյալի.

1. Տեղեկատվության փոխանակում պլանավորվող կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ.

2. Տեղեկատվության փոխանակում հետախուզվողների կամ անհայտ կորած անձանց վերաբերյալ.

3. Տեղեկատվության փոխանակում նոր հանցավոր գործելաձևերի վերաբերյալ, որոնք կիրառվում են հանցագործություն կատարելիս, և` հանցավորության դեմ պայքարի նոր միջոցների վերաբերյալ.

4. Տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի առևտրի և մաքսանենգության, ինչպես նաև կասկածվող անձանց կամ հանցավոր խմբերի վերաբերյալ. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մաքսանենգության համար օգտագործվող` ենթադրվող միջոցների վերաբերյալ, մաքսանենգության ուղիների և թաքցնելու մեթոդների վերաբերյալ, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նոր տեսակների վերաբերյալ, թմրամիջոցների պատրաստման համար օգտագործվող նյութերի և դրանց պատրաստման ու արտադրության համար օգտագործվող ժամանակակից եղանակների վերաբերյալ, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման և փորձաքննության ձևերի ու օգտագործվող ժամանակակից սարքավորումների վերաբերյալ.

5. Գործնական փորձի, գիտական տեղեկատվության և տեխնիկական տվյալների փոխանակում.

6. Իրավական տեքստերի և օրենսդրության, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների փոխանակում.

7. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց արտադրության մեջ օգտագործվող նյութերի և ցանկացած այլ արգելված նյութի անօրինական շրջանառությունը հայտնաբերելու դեպքում վերահսկելի մատակարարման իրականացում.

8. Տեխնոլոգիական համակարգերի և անվտանգության լուծումների ոլորտում փորձի փոխանակում.

9. Վերապատրաստման ծրագրերի, դասընթացների, աշխատաժողովների փոխանակում և աջակցություն Կողմերի կազմակերպած համաժողովներին, հանդիպումներին, ցուցահանդեսներին և գիտաժողովներին.

10. Անվտանգության և պահպանության ոլորտներում լավագույն փորձի փոխանակում.

11. Աջակցություն քաղաքացիական պաշտպանության, հակահրդեհային և որոնողական ու փրկարարական կարողությունների զարգացման հարցում.

12. Վերապատրաստում կիբեռհանցավորության հետաքննության ոլորտում.

13. Տեղեկատվության և փորձի փոխանակում ցանցերի միջոցով երեխաների շահագործման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում.

14. Ուսուցում և տեղեկատվության փոխանակում պայթուցիկ զինամթերքի ոչնչացման (վնասազերծման) ոլորտում.

15. Համապատասխան հարցերով համագործակցություն և համակարգում միջազգային կազմակերպություններում.

16. Տեղեկատվության փոխանակում փոխադարձաբար համաձայնեցված համապատասխան ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

 

Հոդված 4

Հետագա համագործակցությունը

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտի Կողմերին համագործակցության այլ ձևեր որոշելիս և զարգացնելիս` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթները:

 

Հոդված 5

Համագործակցության հարցում

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` համագործակցությունը կիրականացվի Կողմերից յուրաքանչյուրի հարցումով կամ նախաձեռնությամբ:

2. Համագործակցության պաշտոնական հարցումը պետք է լինի գրավոր, սակայն հրատապ դեպքերում հարցումները կարող են կատարվել ֆաքսով կամ փոխադարձաբար համաձայնեցված` հաղորդակցության ցանկացած անվտանգ միջոցով` պայմանով, որ այն հաստատվի պաշտոնական հարցմամբ 3 օրվա ընթացքում: Եթե որևէ կասկած է առաջանում` կապված հարցման իսկության կամ բովանդակության հետ, ապա դրա համար կարող է հայցվել լրացուցիչ հաստատում:

3. Համագործակցության պաշտոնական հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցող և հայցվող մարմինների անվանումները, եթե հայտնի են,

բ) գործի փաստերը և մանրամասները,

գ) հարցման նպատակը և այն ներկայացնելու հիմքերը,

դ) հայցվող համագործակցության բովանդակությունը,

ե) ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կարող է պատշաճ կերպով նպաստել հարցման կատարմանը:

4. Պաշտոնական հարցումը պետք է ստորագրվի և կնքվի հայցող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

 

Հոդված 6

Հարցման մերժումը

 

1. Հայցվող Կողմը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժել սույն Համաձայնագրի դրույթների համաձայն արված ցանկացած հարցման կատարումը, եթե նման հարցումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ ցանկացած այլ ազգային շահի կամ կարող է հակասել իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

2. Համագործակցության հարցումը կարող է մերժվել, եթե այն գործողությունը, որի կապակցությամբ հարցումը փոխանցվել է, պատժելի չէ` հայցվող Կողմի պետության օրենքի համաձայն:

3. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին պատշաճ կերպով ծանուցի մերժման պատճառների մասին:

 

Հոդված 7

Հարցման կատարումը

 

1. Հայցվող Կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման իրականացումը արագ և լիարժեք ապահովելու համար: Հայցող Կողմը պետք է պատշաճ կերպով տեղեկացվի այն հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել կամ հետաձգել հարցման կատարումը:

2. Հայցվող Կողմը կարող է խնդրել լրացուցիչ տեղեկատվություն, եթե դա անհրաժեշտ է համարում հարցումը կատարելու համար:

3. Հայցվող Կողմը կարող է, եթե կա պատճառ, հետաձգել հարցման կատարումը կամ սահմանել հատուկ պայմաններ այն իրականացնելու համար: Եթե հայցող Կողմը համաձայն է նման պայմաններին, ապա պետք է պահպանի դրանք:

4. Հայցվող Կողմը, հայցող Կողմի պահանջով, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման, դրա բովանդակության և կցված առդիրների գաղտնիությունը, ինչպես նաև իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստերի գաղտնիությունն ապահովելու համար: Եթե հարցումը հնարավոր չէ կատարել առանց գաղտնիությունը պահելու, հայցվող Կողմը պետք է այդ մասին տեղեկացնի հայցվող Կողմին, որը այնուհետև կորոշի, թե արդյոք ընդունելի է կատարել հարցումը նման պայմաններով:

5. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին հնարավորինս արագ տեղեկացնի հարցման կատարման արդյունքների մասին:

 

Հոդված 8

Ստացված տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործման կանոններ

 

1. Կողմերը չպետք է թույլ տան օգտագործել կամ հրապարակել սույն Համաձայնագրի դրույթների համաձայն ստացված որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ հարցման մեջ սահմանված նպատակներից տարբեր նպատակներով` առանց բացահայտվող Կողմի նախնական գրավոր համաձայնության:

2. Յուրաքանչյուր Կողմի ստացած տեղեկատվություն չպետք է բացահայտվի երրորդ կողմի համար` առանց մյուս Կողմի գրավոր համաձայնության:

 

Հոդված 9

Ծախսեր

 

Հայցվող Կողմը պետք է կրի սույն Համաձայնագրի համաձայն համագործակցության հարցման կատարման հետ կապված սովորական ծախսերը: Սակայն եթե նման հարցման կատարումը պահանջում է արտակարգ բնույթի ծախսեր, Կողմերը պետք է խորհրդակցեն այն պայմաններն ու ժամկետները կարգավորելու նպատակով, որոնց համաձայն` հայցվող համագործակցությունը կարող է ապահովվել:

 

Հոդված 10

Լեզուն

 

Համագործակցության հարցումը, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, պետք է լինի հայերեն կամ արաբերեն՝ անգլերեն թարգմանությամբ:

 

Հոդված 11

Համագործակցության համար իրավասու մարմիններ

 

1. Սույն Համաձայնագրի իրագործման համար համագործակցությունը պետք է իրականացվի հետևյալ մարմինների միջոցով.

ա) Հայաստանի Հանրապետության կողմից՝

- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն,

- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:

բ) Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից՝

- Ներքին գործերի նախարարության դաշնային քրեական ոստիկանության գլխավոր վարչակազմ,

- Պետական անվտանգության վարչություն (պետական անվտանգության հանցագործությունների, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման ու սովորական զենքերի հետ կապված հանցագործությունների դեպքերում):

2. Վերոնշյալ մարմինների ցանկացած փոփոխության դեպքում Կողմերն անհապաղ կծանուցեն միմյանց:

3. Կողմերն անհրաժեշտության դեպքում նշանակում են հատուկ օպերատիվ ստորաբաժանումներ, որպեսզի ստեղծեն անմիջական կապի կետեր և հաղորդակցության ուղիներ:

 

 Հոդված 12

 Հանդիպումներ և խորհրդակցություններ

 

Երկու Կողմերի ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում կարող են անցկացնել հանդիպումներ և խորհրդակցություններ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ:

 

Հոդված 13

Վեճերի լուծում

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացած ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամաբար` երկու Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

 Հոդված 14

 Կապը այլ միջազգային համաձայնագրերի հետ

 

1. Սույն Համաձայնագիրը չպետք է խոչընդոտի Կողմերի միջև իրավական համագործակցությանը հանձնման և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության բնագավառներում:

2. Սույն Համաձայնագիրը չպետք է խոչընդոտի Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող` Կողմերի իրավունքներին կամ պարտավորություններին:

 

 Հոդված 15

 Ուժի մեջ մտնելը, փոփոխումը և դադարեցումը

 

1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին տեղեկացնում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին:

2. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածով սահմանված կարգով:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Նման դադարեցումն ուժի մեջ կմտնի այդ ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս հետո: Սակայն նման ծանուցում ուղարկելուց առաջ կատարված հարցումները պետք է շարունակվեն դիտարկվել սույն Համաձայնագրի համաձայն` մինչև դրանց ավարտը:

Ներքոստորագրյալները, պատշաճ կարգով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Դուբայ քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հայերեն և արաբերեն տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. փետրվարի 5-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան