ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3916/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Պրոդեքս Ալֆա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ՝ Հարկային տեսչություն)` 15.05.2009 թվականի թիվ 2308684 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 15.05.2009 թվականի թիվ 2308684 ստուգման ակտը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդավածի «գ» կետը, 34-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի «ա» և «բ» կետերը, 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, որոնք չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանի՝«իրացնելե, սպառելե,«կազմակերպելե բառերի վերաբերյալ մեկնաբանությունները և դրանց հիման վրա արված եզրահանգումներն անհիմն են, քանի որ գործով հաստատվել է, որ Ընկերությունը համարվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հաստատագրված վճար վճարող և իր գործունեության ընթացքում զբաղվում է խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման գործունեությամբ։ 12.05.2009 թվականին կատարված չափագրման արդյունքներով պարզվել է, որ հանրային սննդի սպասարկումը կատարվում է մեկ ընդհանուր մակերես ունեցող շինությունում՝ 113,7 քմ մակերեսով, որի մեջ չի ներառվել բարի և թվով 8 սյուների զբաղեցրած մակերեսները։ Այսինքն՝ Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացրել է 113,7 քմ մակերեսով տարածքում, այլ ոչ թե՝ 48,5 քմ մակերեսով տարածքում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հանրային սնունդն իրացվում է միայն սահմանափակ նշանակություն ունեցող տարածքում, համապատասխան պարագաների՝ սեղանների շուրջ։ Ակնհայտ է, որ անհնար է կազմակերպել հանրային սննդի իրացում, սպառում ոչ այն տարածքներում, որոնք իրենց հարմարություններով չեն նախատեսում սննդատեսակի օգտագործումը։ Տվյալ դեպքում Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացրել է այն տարածքում, որի վերաբերյալ ներկայացրել է հայտարարություն և անհասկանալի է, թե ինչպես է գոյացել ստուգողների կողմից հաշվարկված 113,7 քմ մակերեսով տարածքը։ Հետևաբար, Դատարանը իրավացիորեն է բավարարել հայցը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կոմիտեի նախագահի 06.05.2009 թվականի թիվ 2308684 հանձնարարագրով հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Ընկերությունում կատարել հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում։ Նույն օրը հանձնարարագրի մեկ օրինակը հանձնվել է Ընկերության տնօրենին (գ.թ. 14)։
2. Ստուգման արդյունքներով 15.05.2009 թվականին կազմված թիվ 2308684 ակտով Ընկերությանը հաստատագրված վճարի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 1.239.400 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ տույժերի և տուգանքների գումարը։ Ակտով արձանագրվել է, որ «Ստուգմամբ պարզվեց, որ կազմակերպության սպասարկվող սրահի մակերեսը չափագրումների արդյունքում կազմում է 113,7 քառ. մետր (կից ներկայացվում է չափագրման արձանագրությունը)։ Սակայն կազմակերպությունը 15.12.2008թ. հունվար-հունիս ամիսների համար Արաբկիրի ՀՏ է ներկայացրել հանրային սննդի գործունեության ոլորտում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն 48,5 քառ. մետր սպասարկման մակերեսի համար։ Արդյունքում փաստացի հայտարարագրված և հայտնաբերված սպասարկման սրահի մակերեսների տարբերությունը կազմեց 65,2 քառ. մետր…»։ Ակտի անբաժանելի մաս հանդիսացող՝ «,Պրոդեքս Ալֆա» ՍՊԸ-ում չափագրումներ կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ Ընկերության հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը կազմում է 113,7 քմ, որի մեջ չի ներառվում թվով 8 սյուների և բարի զբաղեցրած մակերեսները, ընդամենը 22,5 քմ (գ.թ. 14-18)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով։
Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը։ Բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածների վերլուծությանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներից հետևում է, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ոչ թե հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործվող տարածքը, որը կարող է պայմանավորվել սպառողների թվով, այլ հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելակետային տվյալների ճշտությունը ստուգելիս հարկային մարմինը պարտավոր չէ պարզելու հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործվող տարածքի չափը (տես՝ «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության՝ 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-58(ՏԴ) որոշումը)։
Սույն գործով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ հանրային սնունդն իրացվել է միայն սահմանափակ նշանակություն ունեցող տարածքում՝ իրացման, սպառման համար հարմարեցված համապատասխան պարագաների՝ սեղանների և նման այլ հարմարեցված պարագաների շուրջ։ Բացի այդ, Դատարանը նշել է, որ հանրային սննդի գործունեության իրականացման վայրում հանրային սննդի սպառողներին սպասարկումը, մատուցումն իրականացվում է որոշակի տարածքներում տեղադրված սեղանների կամ հարմարեցված այլ պարագաների շուրջ և հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահը հանդիսանում է հենց այն տարածքը, որն զբաղեցված է ընկերության կողմից սեղաններով, որի շուրջ կազմակերպվում է խոհարարական արտադրանքի իրացումը և սպառումը։ Այն տարածքներում, որտեղ չկան տեղադրված խոհարարական արտադրանքի իրացման և սպառման համար հարմարեցված սեղաններ կամ այլ հարմարեցված պարագաներ, այսինքն՝ այն տարածքները, որոնք զբաղեցված չեն դրանցով, չի կարող կազմակերպվել, իրականացվել հանրային սննդի իրացում և սպառում»։
Մինչդեռ սույն գործի փաստերի, մասնավորապես՝ ակտի անբաժանելի մաս հանդիսացող«,Պրոդեքս Ալֆաե ՍՊԸ-ում չափագրումներ կատարելու մասինե արձանագրության համաձայն՝ Ընկերության հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը կազմում է 113,7 քմ, որի մեջ չի ներառվում թվով 8 սյուների և բարի զբաղեցրած մակերեսները, ընդամենը 22,5 քմ։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը 113,7 քմ է, հետևաբար հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման վայրի համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ պետք է ընդունվի սպասարկման սրահի զբաղեցրած ամբողջ տարածքը, ներառյալ՝ ժամանցի կազմակերպման համար նախատեսված տարածքները։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ «Պրոդեքս Ալֆա» ՍՊԸ-ի հայցը մերժել։
2. «Պրոդեքս Ալֆաե ՍՊԸ-ից հոգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ (քսան հազար ՀՀ դրամ)՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |