ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Սույն Համաձայնագրի Կողմերը,
լինելով Միավորված ազգերի կազմակերպության` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմեր, այսուհետև` Կոնվենցիա,
համաձայն Կոնվենցիայի Կողմերի Համաժողովի տասնյոթերորդ նիստի 1/CP.17 որոշմամբ ստեղծված «Խթանիչ գործողությունների Դուրբանի հարթակի»,
հետամուտ լինելով Կոնվենցիայի նպատակին և առաջնորդվելով Կոնվենցիայի սկզբունքներով, այդ թվում` արդարության սկզբունքով և Կողմերի ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությամբ և համապատասխան կարողություններով` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո,
գիտակցելով կլիմայի փոփոխության հրատապ սպառնալիքին առկա լավագույն գիտական գիտելիքների հիման վրա արդյունավետ և առաջադեմ կերպով արձագանքելու անհրաժեշտությունը,
գիտակցելով նաև զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի առանձնահատուկ կարիքներն ու հատուկ պայմանները, հատկապես այն երկրների դեպքում, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից, ինչպես սահմանված է Կոնվենցիայում,
ամբողջությամբ հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկրների առանձնահատուկ կարիքներն ու հատուկ պայմանները` ֆինանսավորման և տեխնոլոգիաների փոխանցման առումով,
գիտակցելով, որ Կողմերի վրա կարող է ազդել ոչ միայն կլիմայի փոփոխությունը, այլև դրան արձագանքելու համար ձեռնարկված միջոցները,
ընդգծելով այն ներհատուկ կապը, որ կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունները, արձագանքներն ու ազդեցություններն ունեն կայուն զարգացման արդար հասանելիության և աղքատության վերացման հետ,
գիտակցելով պարենի անվտանգությունը երաշխավորելու և սովը վերացնելու հիմնական առաջնահերթությունը և կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունից պարենի արտադրության համակարգերի առանձնահատուկ խոցելիությունը,
հաշվի առնելով աշխատուժի արդարացի կառավարման, ինչպես նաև պատշաճ աշխատանք ու որակյալ աշխատատեղեր ստեղծելու հրամայականները` ազգային մակարդակում սահմանված զարգացման գերակայություններին համապատասխան,
ընդունելով, որ կլիմայի փոփոխությունը մարդկության համընդհանուր մտահոգությունն է, Կողմերը պետք է կլիմայի փոփոխությանն արձագանքելու գործողություններ ձեռնարկելիս հարգեն, խթանեն և հաշվի առնեն մարդու իրավունքներին, առողջության իրավունքին, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, միգրանտների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի մարդկանց իրավունքներին և զարգացման իրավունքին, ինչպես նաև գենդերային հավասարությանը, կանանց հնարավորությունների ընդլայնմանն ու միջսերնդային հավասարությանն առնչվող իրենց համապատասխան պարտավորությունները,
գիտակցելով Կոնվենցիայում նշվող ջերմոցային գազերի կլանիչների և կուտակիչների` ըստ անհրաժեշտության պահպանման և բարելավման կարևորությունը,
նկատի ունենալով բոլոր էկոհամակարգերի, ներառյալ օվկիանոսների ամբողջականությունը և որոշ մշակույթներում «Մայր Երկիր» բնորոշվող կենսաբազմազանության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը, և նկատի ունենալով որոշ մշակույթների համար «կլիմայական արդարություն» հասկացության կարևորությունը կլիմայի փոփոխությանն արձագանքելու գործողություններ ձեռնարկելիս,
հաստատելով սույն Համաձայնագրում արծարծված թեմաների վերաբերյալ կրթության, վերապատրաստման, հանրային իրազեկման, հանրային մասնակցության, հանրության համար տեղեկությունների հասանելիության և բոլոր մակարդակներում համագործակցության կարևորությունը,
գիտակցելով կլիմայի փոփոխությանն արձագանքելու գործում կառավարության բոլոր մակարդակների և տարբեր դերակատարների ներգրավման կարևորությունը` Կողմերի համապատասխան ազգային օրենսդրության համաձայն,
գիտակցելով նաև, որ կայուն կենսակերպը և սպառման ու արտադրության կայուն մոդելները, որոնցում առաջատար դեր են տանում զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը, կարևոր դեր են խաղում կլիմայի փոփոխությանն արձագանքելու գործում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են Կոնվենցիայի 1-ին հոդվածում պարունակվող սահմանումները: Ի հավելումն.
ա) «Կոնվենցիա» նշանակում է` Միավորված ազգերի կազմակեպության` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա, որն ընդունվել է 1992 թվականի մայիսի 9-ին, Նյու Յորքում,
բ) «Կողմերի Համաժողով» նշանակում է` Կոնվենցիայի կողմերի համաժողով,
գ) «Կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի կողմ:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը, խթանելով Կոնվենցիայի` ներառյալ դրա նպատակի իրականացումը, նպատակ ունի ամրապնդելու գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին կայուն զարգացման և աղքատության վերացմանը միտված ջանքերի համատեքստում, ներառյալ հետևյալի միջոցով.
ա) գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2°C-ից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5°C-ով` գիտակցելով, որ սա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները,
բ) բարձրացնելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողությունը և խթանելով կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունն ու ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումը այնպիսի եղանակով, որ չվտանգվի պարենի արտադրությունը, և
գ) ֆինանսական հոսքերը համապատասխանեցնելով ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունության զարգացման ուղիներին:
2. Սույն Համաձայնագիրը կիրականացվի` արտացոլելով արդարության սկզբունքը և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունն ու համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:
Հոդված 3
Որպես ազգային մակարդակում սահմանված` կլիմայի փոփոխությանը գլոբալ արձագանքման գործողություններ` բոլոր Կողմերը պարտավորվում են նախաձեռնել և գործադրել 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածներում սահմանված հավակնոտ ջանքերը` նպատակ ունենալով իրագործելու սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված նպատակը: Բոլոր Կողմերը ժամանակի ընթացքում հարաճուն կերպով կավելացնեն ջանքերը` միևնույն ժամանակ գիտակցելով սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին աջակցելու անհրաժեշտությունը:
Հոդված 4
1. 2-րդ հոդվածում սահմանված` ջերմաստիճանային երկարաժամկետ նպատակին հասնելու համար Կողմերը նպատակ ունեն հնարավորինս շուտ հասնելու ջերմոցային գազերի արտանետումների համաշխարհային գագաթնակետին` գիտակցելով, որ գագաթնակետին հասնելը ավելի երկար կտևի զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի համար, և այնուհետև նախաձեռնել արագ կրճատումներ` հասանելի լավագույն գիտական տվյալներին համապատասխան, որպեսզի այս հարյուրամյակի երկրորդ կեսում հավասարակշռություն հաստատվի ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և ջերմոցային գազերի կլանիչների միջև` արդարության սկզբունքի հիման վրա և կայուն զարգացման ու աղքատության վերացմանն ուղղված ջանքերի համատեքստում:
2. Յուրաքանչյուր Կողմ կմշակի, կներկայացնի ազգային մակարդակում սահմանված մասնակցության հաջորդական գործողություններ, որոնք մտադիր է իրականացնել և կապահովի դրանց շարունակականությունը: Կողմերը կձեռնարկեն հետևանքների մեղմացման ներքին միջոցներ` այդ գործողությունների նպատակներին հասնելու համար:
3. Յուրաքանչյուր Կողմի` ազգային մակարդակում սահմանված մասնակցության հաջորդական գործողությունները կներկայացնեն տվյալ Կողմի ազգային մակարդակում սահմանված մասնակցության ընթացիկ գործողությունների նկատմամբ առաջընթացը և կարտացոլեն Կողմի հնարավոր ամենամեծ հավակնությունը` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո արտացոլելով ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունն ու համապատասխան կարողությունները:
4. Զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը կշարունակեն առաջատար դեր ունենալ` սահմանելով ողջ տնտեսության վրա տարածվող արտանետումների կրճատման բացարձակ թիրախներ: Զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը կշարունակեն բարելավել հետևանքների մեղմացման իրենց ջանքերը, և կխրախուսվի ժամանակի ընթացքում անցումը դեպի ողջ տնտեսության վրա տարածվող արտանետումների կրճատման կամ սահմանափակման թիրախներ` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:
5. Սույն հոդվածի իրականացման նպատակով զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին կտրամադրվի աջակցություն` 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան, գիտակցելով, որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերին ցուցաբերվող աջակցության ընդլայնումը նրանց գործողություններն ավելի հավակնոտ կդարձնի:
6. Առավել թույլ զարգացած երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները կարող են կազմել և ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների համար ռազմավարություն, ծրագրեր և գործողություններ` արտացոլելով իրենց հատուկ պայմանները:
7. Հետևանքների մեղմացման հավելյալ օգուտները, որոնք բխում են Կողմերի` հարմարվողականությանը միտված գործողություններից և/կամ տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերից, կարող են նպաստել սույն հոդվածի ներքո հետևանքների մեղմացման արդյունքներին:
8. Ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունները ներկայացնելիս բոլոր Կողմերը անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրեն հստակության, թափանցիկության և դյուրըմբռնման համար` 1/CP.21 որոշմանը և ցանկացած այլ որոշման համաձայն, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում:
9. Յուրաքանչյուր Կողմ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կներկայացնի ազգային մակարդակում սահմանված գործողությունները` 1/CP.21 որոշմանը և ցանկացած այլ որոշման համաձայն, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում, և կտեղեկացվի 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրության արդյունքների մասին:
10. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին նիստում կքննարկի ազգային մակարդակում սահմանված գործողությունների համար ընդհանուր ժամկետները:
11. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ շտկումներ կատարել ազգային մակարդակում սահմանված իր գործողություններում` նպատակ ունենալով բարձրացնելու իր հավակնությունների մակարդակը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:
12. Կողմերի ներկայացրած` ազգային մակարդակում սահմանված գործողությունները կգրանցվեն քարտուղարության կողմից վարվող հանրային ռեգիստրում:
13. Կողմերը հաշվետու են ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների համար: Ըստ ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների` մարդածին արտանետումների և կլանիչների հաշվառման ժամանակ Կողմերն կապահովեն շրջակա միջավայրի ամբողջականությունը, գործողությունների թափանցիկությունը, ճշգրտությունը, ավարտվածությունը, համեմատելիությունն ու հետևողականությունը և կապահովեն կրկնակի հաշվառումից խուսափումը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:
14. Ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների համատեքստում, մարդածին արտանետումների և կլանիչների առնչությամբ հետևանքների մեղմացմանն ուղղված գործողությունները որոշելիս և իրականացնելիս Կողմերը պետք է, ըստ նպատակահարմարության, հաշվի առնեն Կոնվենցիայով սահմանված գործող մեթոդներն ու ցուցումները` սույն հոդվածի 13-րդ պարբերության դրույթների լույսի ներքո:
15. Սույն Համաձայնագիրն իրականացնելիս Կողմերը հաշվի կառնեն արձագանքման միջոցառումների ազդեցություններից առավելագույնը տուժած տնտեսություն ունեցող Կողմերի, մասնավորապես զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի մտահոգությունները:
16. Այն Կողմերը, ներառյալ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները և դրանց անդամ պետությունները, որոնք համաձայնագիր են կնքել` համատեղ գործելու համար սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունները ներկայացնելիս քարտուղարությանը պետք է ծանուցեն այդ համաձայնագրի պայմանների մասին, ներառյալ` համապատասխան ժամանակահատվածում յուրաքանչյուր Կողմին հատկացված արտանետումների մակարդակի մասին: Իր հերթին` քարտուղարությունը Կոնվենցիայի Կողմերին և այն ստորագրած Կողմերին կտեղեկացնի այդ համաձայնագրի պայմանների մասին:
17. Նման համաձայնագրի յուրաքանչյուր կողմ պատասխանատու է սույն հոդվածի 16-րդ պարբերության մեջ նշված համաձայնագրով սահմանված իր արտանետումների մակարդակի համար` սույն հոդվածի 13-րդ և 14-րդ պարբերություններին և 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան:
18. Եթե համատեղ գործող Կողմերը գործում են այնպիսի տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության շրջանակում և դրա հետ միասին, որը սույն Համաձայնագրի Կողմ է, ապա այդ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետություն առանձին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության հետ միասին պատասխանատու է սույն հոդվածի 16-րդ պարբերության մեջ նշված համաձայնագրով սահմանված իր արտանետումների մակարդակի համար` սույն հոդվածի 13-րդ և 14-րդ պարբերություններին և 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան:
19. Բոլոր Կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ջերմոցային գազերի ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` նկատի ունենալով 2-րդ հոդվածը, որը հաշվի է առնում նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները` ազգային տարբեր պայմանների լույսի ներքո:
Հոդված 5
1. Կողմերը միջոցներ կձեռնարկեն` ըստ անհրաժեշտության պահպանելու և ընդլայնելու համար ջերմոցային գազերի կլանիչներն ու կուտակիչները, ներառյալ` անտառները, ինչպես նշված է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետում:
2. Խրախուսվում է, որպեսզի Կողմերը միջոցներ ձեռնարկեն` Կոնվենցիայի ներքո արդեն իսկ համաձայնեցված համապատասխան ցուցումների և որոշումների գործող շրջանակն իրականացնելու և դրան օժանդակելու համար, այդ թվում` արդյունքահեն վճարումների միջոցով, հետևյալ նպատակներով. քաղաքականության մոտեցումներ և դրական խթաններ անտառահատումների և անտառների դեգրադացիայի հետևանքով առաջացած արտանետումների կրճատմանն առնչվող գործողությունների համար. զարգացող երկրներում անտառների պահպանության և կայուն կառավարման կարևորություն և անտառներում ածխածնի պաշարների ավելացում. քաղաքականության այլընտրանքային մոտեցումներ, ինչպիսիք են, օրինակ` անտառների ամբողջական և կայուն կառավարման համար հետևանքների մեղմացման և հարմարվողականության համատեղ մոտեցումները, միևնույն ժամանակ, ըստ անհրաժեշտության, վերահաստատելով այդ մոտեցումներին առնչվող` ածխածնից հրաժարվելու օգուտները խթանելու կարևորությունը:
Հոդված 6
1. Կողմերը գիտակցում են, որ ազգային մակարդակում սահմանված իրենց գործողություններն իրականացնելիս որոշ Կողմեր կնախընտրեն կամավոր համագործակցել, որպեսզի ավելի հավակնոտ նպատակներ սահմանեն հետևանքների մեղմացման և հարմարվողականությանն ուղղված իրենց գործողությունների համար և ապահովեն կայուն զարգացումն ու շրջակա միջավայրի ամբողջականությունը:
2. Կողմերը, կամավոր հիմունքներով համագործակցային մոտեցումներ որդեգրելիս, որոնք ներառում են մեղմացման` միջազգային մակարդակում փոխանցված արդյունքների օգտագործումը ազգային մակարդակում սահմանված գործողություններում, կխթանեն կայուն զարգացումը և կապահովեն շրջակա միջավայրի ամբողջականությունը և գործողությունների թափանցիկությունը, այդ թվում` կառավարման ոլորտում, և կկիրառեն հաշվետվությունների ողջամիտ համակարգ` ապահովելու համար, ի թիվս այլնի, կրկնակի հաշվառումից խուսափելը` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովում ընդունված ցուցումներին համապատասխան:
3. Սույն Համաձայնագրի ներքո ազգային մակարդակում սահմանված գործողությունների նպատակներին հասնելու համար մեղմացման` միջազգային մակարդակում փոխանցված արդյունքների օգտագործումը պետք է լինի կամավոր և լիազորվի մասնակից Կողմերի կողմից:
4. Սույնով ստեղծվում է ջերմոցային գազերի արտանետումների մեղմացմանը նպաստելու և կայուն զարգացմանն աջակցելու մեխանիզմ` կամավոր հիմունքներով Կողմերի օգտագործման համար, որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի իրավասության և ղեկավարության ներքո: Այն կվերահսկվի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նշանակած մարմնի կողմից` նպատակ ունենալով.
ա) նպաստելու ջերմոցային գազերի արտանետումների մեղմացմանը` միևնույն ժամանակ խթանելով կայուն զարգացումը,
բ) խթանելու և դյուրացնելու ջերմոցային գազերի արտանետումների մեղմացման գործում որևէ Կողմի լիազորած` հանրային և մասնավոր սուբյեկտների մասնակցությունը,
գ) նպաստելու արտանետումների մակարդակի կրճատմանը հյուրընկալող Կողմի երկրում, որը կօգտվի արտանետումների կրճատման հանգեցնող մեղմացման գործողություններից, ինչը կարող է օգտագործել նաև որևէ այլ Կողմ` ազգային մակարդակում սահմանված իր գործողություններն իրականացնելու նպատակով, և
դ) ապահովելու համաշխարհային արտանետումների համընդհանուր մեղմացումը:
5. Սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի շնորհիվ գրանցված արտանետումների կրճատումները չպետք է օգտագործվեն որպես հյուրընկալող Կողմի ազգային մակարդակում սահմանված գործողությունների ձեռքբերում, եթե դրանք օգտագործում է մեկ այլ Կողմ` ազգային մակարդակում սահմանված իր գործողության ձեռքբերումները ցույց տալու համար:
6. Կողմերի Համաժողովը, որը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, կապահովի, որ սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի ներքո իրականացվող գործողություններից ստացված հասույթի մի մասը օգտագործվի վարչական ծախսերը հոգալու համար, ինչպես նաև զարգացող երկրներ հանդիսացող այն Կողմերին օժանդակելու համար, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից, հարմարվողականության ծախսերը հոգալու նպատակով:
7. Կողմերի Համաժողովը, որը ծառայում է որպես սույն Համաձայնագրի կողմերի խորհրդաժողով, իր առաջին նիստում կանոններ, մեթոդներ և ընթացակարգեր կընդունի սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի համար:
8. Կողմերը գիտակցում են Կողմերին հասանելի` միասնական, ամբողջական և հավասարակշռված ոչ շուկայական մոտեցումների կարևորությունը` ազգային մակարդակում սահմանված իրենց գործողությունների իրականացմանն օժանդակելու համար, որոնք համակարգված և արդյունավետ կերպով կկիրառվեն կայուն զարգացման և աղքատության վերացման համատեքստում` ներառելով, ի թիվս այլնի, ըստ անհրաժեշտության, հետևանքների մեղմացումը, հարմարվողականությունը, ֆինանսավորումը, տեխնոլոգիաների փոխանցումն ու կարողությունների զարգացումը: Այս մոտեցումները նպատակ ունեն.
ա) խթանելու հետևանքների մեղմացման և հարմարվողականության նպատակները,
բ) ավելացնելու հանրային և մասնավոր հատվածների մասնակցությունը ազգային մակարդակում սահմանված գործողությունների իրականացմանը և
գ) ստեղծելու հնարավորություններ փաստաթղթերի և համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումների համակարգման համար:
Սույնով սահմանվում է կայուն զարգացման նկատմամբ ոչ շուկայական մոտեցումների շրջանակ` սույն հոդվածի 8-րդ պարբերության մեջ նշված ոչ շուկայական մոտեցումները խթանելու նպատակով:
Հոդված 7
1. Սույնով Կողմերը սահմանում են հարմարվելու կարողության բարելավմանը, դիմակայունության ամրապնդմանը և կլիմայի փոփոխությունից խոցելիության նվազեցմանը միտված հարմարվողականության գլոբալ նպատակ` նպաստելու համար կայուն զարգացմանը և ապահովելու համար հարմարվողականության համապատասխան մակարդակ 2-րդ հոդվածում նշված ջերմաստիճանային թիրախի համատեքստում:
2. Կողմերը գիտակցում են, որ հարմարվողականությունը գլոբալ մարտահրավեր է, որին բախվում են բոլորը տեղական, ենթազգային, ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթություններում, և այն հանդիսանում է կլիմայի փոփոխությանը երկարաժամկետ գլոբալ արձագանքման առանցքային բաղադրիչը և նպաստում է դրան` պաշտպանելով մարդկանց, կենսամիջոցներն ու էկոհամակարգերը և հաշվի առնելով այն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հրատապ և անմիջական կարիքները, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից:
3. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հարմարվողականության ջանքերը կգնահատվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի առաջին նիստին ընդունվելիք մեթոդներով:
4. Կողմերը գիտակցում են, որ հարմարվողականության մեծ անհրաժեշտություն կա, և մեղմացման ավելի բարձր մակարդակը կարող է նվազեցնել հարմարվողականության հավելյալ ջանքերի անհրաժեշտությունը, իսկ հարմարվողականության ավելի մեծ անհրաժեշտությունը կարող է ենթադրել հարմարվողականության ավելի մեծ ծախսեր:
5. Կողմերն ընդունում են, որ հարմարվողականության միջոցառումները պետք է իրականացվեն պետության նախաձեռնությամբ, գենդերային հավասարության, մասնակցային և լիակատար թափանցիկ մոտեցման հիման վրա` հաշվի առնելով խոցելի խմբերը, համայնքներն ու էկոհամակարգերը, և պետք է հիմնված լինեն առկա առաջադեմ գիտելիքների և, ըստ նպատակահարմարության, ավանդական գիտելիքների, բնիկ ժողովուրդների գիտելիքների ու գիտելիքների տեղական համակարգերի վրա, և առաջնորդվեն դրանցով` նպատակ ունենալով հարմարվողականությունը ներառել համապատասխան սոցիալ-տնտեսական և բնապահպանական քաղաքականության և գործողությունների շրջանակում` ըստ նպատակահարմարության:
6. Կողմերը գիտակցում են հարմարվողականության ջանքերին աջակցության և դրանց շուրջ միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքները հաշվի առնելու կարևորությունը հատկապես այն երկրների պարագայում, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից:
7. Կողմերը կամրապնդեն հարմարվողականության գործողությունների բարելավմանն ուղղված համագործակցությունը` հաշվի առնելով «Կանկունի հարմարվողականության շրջանակը», ներառյալ.
ա) տեղեկությունների, լավագույն գործելակերպի, փորձի և քաղած դասերի փոխանակումը, այդ թվում, ըստ նպատակահարմարության, այնպիսի փոխանակումներ, որոնք առնչվում են հարմարվողականության գործողություններին վերաբերող գիտելիքներին, պլանավորմանը, քաղաքականությանն ու իրականացմանը,
բ) ինստիտուցիոնալ կարգավորումների ամրապնդումը, ներառելով Կոնվենցիայի ներքո այն կարգավորումները, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրին, աջակցելու համար համապատասխան տեղեկությունների ու գիտելիքների համակարգմանը և Կողմերին ուղղորդման ու տեխնիկական օժանդակության տրամադրմանը,
գ) կլիմայի վերաբերյալ գիտական գիտելիքների, այդ թվում` կլիմայական համակարգի հետազոտությունների ու պարբերական դիտարկումների և վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդումը` կլիմայի հետ առնչվող ծառայություններին տեղեկություններ տրամադրելու և որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,
դ) օժանդակություն զարգացող երկիր հանդիսացող Կողմերին` սահմանելու համար հարմարվողականության արդյունավետ գործելակերպը, հարմարվողականության կարիքները, առաջնահերթությունները, հարմարվողականությանն ուղղված գործողությունների ու ջանքերի համար տրամադրված և ստացված աջակցությունը, ինչպես նաև մարտահրավերներն ու բացերը` լավագույն գործելակերպի խրախուսման եղանակով, և
ե) հարմարվողականությանն ուղղված գործողությունների արդյունավետության և տևականության բարելավումը:
8. Խրախուսվում է, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված կազմակերպություններն ու գործակալությունները սատարեն Կողմերի ջանքերը` սույն հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված գործողություններն իրականացնելու համար, հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ պարբերության դրույթները:
9. Յուրաքանչյուր Կողմ, ըստ նպատակահարմարության, կներգրավվի հարմարվողականության պլանավորման գործընթացներում և գործողությունների իրականացման գործում, ներառյալ համապատասխան պլանների, քաղաքականության և /կամ գործողությունների մշակումը կամ բարելավումը, որոնք կարող են ներառել.
ա) հարմարվողականության գործողությունների, նախաձեռնությունների և/կամ ջանքերի իրականացումը,
բ) հարմարվողականության ազգային պլանների ձևակերպման և իրականացման գործընթացը,
գ) կլիմայի փոփոխության ազդեցությունների և խոցելիության գնահատումը` նպատակ ունենալով ազգային մակարդակում ձևակերպելու որպես առաջնահերթություն սահմանված գործողությունները` հաշվի առնելով խոցելի մարդկանց, վայրերն ու էկոհամակարգերը,
դ) հարմարվողականության պլանների, քաղաքականության, ծրագրերի ու գործողությունների մշտադիտարկումը, գնահատումը և դրանցից դասեր քաղելը և
ե) սոցիալ-տնտեսական և էկոլոգիական համակարգերի դիմակայունության ամրապնդումը, այդ թվում` տնտեսության դիվերսիֆիկացման և բնական պաշարների կայուն կառավարման միջոցով:
10. Յուրաքանչյուր Կողմ, ըստ նպատակահարմարության, կներկայացնի և պարբերաբար կթարմացնի հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը, որը կարող է ներառել Կողմի առաջնահերթությունները, իրականացման և աջակցության կարիքները, պլաններն ու գործողությունները` առանց զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար հավելյալ բեռ ստեղծելու:
11. Սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ նպատակահարմարության, կներկայացվի և պարբերաբար կթարմացվի` որպես այլ տեղեկատվությունների կամ փաստաթղթերի բաղադրիչ կամ դրանց կցված փաստաթուղթ, ներառյալ հարմարվողականության ազգային պլանը, 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված ազգային մակարդակում սահմանված գործողությունը և/կամ ազգային տեղեկատվությունը:
12. Սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունները կգրանցվեն քարտուղարության կողմից վարվող հրապարակային գրանցամատյանում:
13. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերին կտրամադրվի շարունակական և ընդլայնված միջազգային աջակցություն սույն հոդվածի 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ պարբերությունների իրականացման համար` 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
14. 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը, ի թիվս այլնի.
ա) կգնահատի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի հարմարվողականության ջանքերը,
բ) կխթանի հարմարվողականության գործողությունների իրականացումը` հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ պարբերության մեջ նշված հարմարվողականության վերաբերյալ տեղեկատվությունը,
գ) կուսումնասիրի հարմարվողականության և դրա համար տրամադրվող աջակցության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը և
դ) կուսումնասիրի սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված հարմարվողականության գլոբալ նպատակին հասնելու համար գրանցված ընդհանուր առաջընթացը:
Հոդված 8
1. Կողմերը գիտակցում են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների, ներառյալ եղանակային էքստրեմալ պայմանների և դանդաղ ընթացող երևույթների հետ կապված կորուստներն ու վնասները կանխելու, նվազեցնելու և դրանք հաղթահարելու կարևորությունը և կայուն զարգացման դերը կորուստների ու վնասների ռիսկը նվազեցնելու գործում:
2. Կլիմայի փոփոխության հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների` Վարշավայի միջազգային մեխանիզմը ենթակա է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի իրավասությանն ու ղեկավարությանը և կարող է ընդլայնվել ու ամրապնդվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի սահմանած կարգով:
3. Կողմերը համագործակցության և օժանդակության սկզբունքների հիման վրա կամրապնդեն կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների հետ կապված կորուստների ու վնասների վերաբերյալ փոխըմբռնումը, գործողություններն ու աջակցությունը, այդ թվում, ըստ նպատակահարմարության, օգտագործելով Վարշավայի միջազգային մեխանիզմը:
4. Համապատասխանաբար, փոխըմբռնման, գործողությունների ու աջակցության ամրապնդմանն ուղղված համագործակցության և օժանդակության ոլորտները կարող են ներառել.
ա) վաղ նախազգուշացման համակարգերը,
բ) արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը,
գ) դանդաղ ընթացող իրադարձությունները,
դ) այն իրադարձությունները, որոնք կարող են անդառնալի և մշտական կորուստներ ու վնասներ պարունակել,
ե) ռիսկերի համապարփակ գնահատումն ու կառավարումը,
զ) ռիսկերից ապահովագրման գործիքները, կլիմայական ռիսկերից ապահովագրման համատեղ ֆոնդերը և ապահովագրական այլ լուծումները,
է) ոչ տնտեսական կորուստները և
ը) համայնքների, կենսամիջոցների և էկոհամակարգերի դիմակայունությունը:
5. Վարշավայի միջազգային մեխանիզմը կհամագործակցի Համաձայնագրի ներքո գործող մարմինների և փորձագիտական խմբերի, ինչպես նաև Համաձայնագրի շրջանակից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների ու փորձագիտական մարմինների հետ:
Հոդված 9
1. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը ֆինանսական միջոցներ կտրամադրեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերին թե՛ հետևանքների մեղմացման և թե՛ հարմարվողականության հարցում օժանդակություն ցուցաբերելու նպատակով` որպես Կոնվենցիայի ներքո իրենց պարտավորությունների շարունակություն:
2. Մյուս Կողմերի` կամավոր հիմունքներով նման աջակցություն տրամադրելը կամ տրամադրելը շարունակելը խրախուսվում է:
3. Որպես գլոբալ ջանքերի մաս` զարգացած երկիր հանդիսացող Կողմերը կշարունակեն առաջատար դեր տանել տարաբնույթ աղբյուրների, գործիքների և ուղիների միջոցով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների կենտրոնացման գործում` հաշվի առնելով տարբեր գործողությունների միջոցով տրամադրվող հանրային միջոցների զգալի դերը, ներառյալ աջակցությունը պետության նախաձեռնությամբ իրականացվող ռազմավարություններին և հաշվի առնելով զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարիքներն ու առաջնահերթությունները: Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների նման կենտրոնացումը պետք է աստիճանաբար գերազանցի նախորդ ջանքերը:
4. Աճող ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակն է` հավասարակշռության հասնել հարմարվողականության և հետևանքների մեղմացման միջև` հաշվի առնելով պետության նախաձեռնությամբ իրականացվող ռազմավարությունը և զարգացող երկիր հանդիսացող Կողմերի առաջնահերթություններն ու կարիքները հատկապես այն երկրների պարագայում, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից և կարողությունների զգալի սահմանափակումներ ունեն, ինչպես, օրինակ` առավել թույլ զարգացած երկրները և զարգացող փոքր կղզի-պետությունները` հաշվի առնելով հարմարվողականության համար հանրային և դրամաշնորհների վրա հիմնված միջոցների անհրաժեշտությունը:
5. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը երկու տարին մեկ անգամ կողմնորոշիչ քանակական և որակական տեղեկություններ կներկայացնեն սույն հոդվածի 1-ին և 3-րդ պարբերությունների վերաբերյալ, ներառելով զարգացող երկիր հանդիսացող Կողմերին տրամադրվելիք հանրային միջոցների նախատեսված մակարդակները, եթե այդպիսիք առկա են: Խրախուսվում է, որպեսզի ֆինանսական միջոցներ տրամադրող մյուս Կողմերը կամավոր հիմունքներով երկու տարին մեկ անգամ նման տեղեկություններ ներկայացնեն:
6. 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը հաշվի կառնի զարգացած երկիր հանդիսացող Կողմերի և (կամ) Համաձայնագրի մարմինների տրամադրած համապատասխան տեղեկությունները կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման և հարմարվողականության ծրագրերի ֆինանսավորման ջանքերի վերաբերյալ:
7. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը երկու տարին մեկ անգամ թափանցիկ և հիմնավոր տեղեկություններ կտրամադրեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար հանրային միջամտությունների միջոցով կենտրոնացված և տրամադրված աջակցության վերաբերյալ` այն մեթոդներին, ընթացակարգերին և ուղեցույցներին համապատասխան, որոնք կընդունվեն որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից` իր առաջին նիստին, ինչպես ամրագրված է 13-րդ հոդվածի 13-րդ պարբերության մեջ: Խրախուսվում է, որպեսզի Մյուս Կողմերը նույն կերպ վարվեն:
8. Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմը, ներառյալ դրա գործարկման միավորները, կծառայեն որպես սույն Համաձայնագրի ֆինանսական մեխանիզմ:
9. Սույն Համաձայնագիրը սպասարկող հաստատությունները, ներառյալ Կոնվենցիայի Ֆինանսական մեխանիզմի գործարկման միավորները, նպատակ ունեն ապահովելու ֆինանսական միջոցների արդյունավետ հասանելիությունը` հաստատման պարզեցված ընթացակարգերի և զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի, մասնավորապես` առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների նկատմամբ աջակցության ավելի մեծ պատրաստակամության միջոցով` կլիմայի վերաբերյալ նրանց ազգային ռազմավարությունների և պլանների համատեքստում:
Հոդված 10
1. Կողմերը տեխնոլոգիաների զարգացումն ու փոխանցումը լիովին իրականացնելու կարևորության վերաբերյալ ունեն երկարաժամկետ տեսլական` կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկունությունը բարելավելու և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով:
2. Կողմերը, հաշվի առնելով տեխնոլոգիաների կարևորությունը սույն Համաձայնագրի շրջանակում հետևանքների մեղմացման ու հարմարվողականության գործողությունների իրականացման համար և ընդունելով տեխնոլոգիաների ներդրման ու տարածման առկա ջանքերը, կամրապնդեն տեխնոլոգիաների մշակման և փոխանցման շուրջ համագործակցային գործողությունները:
3. Կոնվենցիայի ներքո ստեղծված Տեխնոլոգիաների մեխանիզմը կծառայի սույն Համաձայնագրին:
4. Սույնով սահմանվում է տեխնոլոգիաների շրջանակ` տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման խթանիչ գործողություններ առաջ քաշելու և դյուրացնելու գործում Տեխնոլոգիաների մեխանիզմի աշխատանքի համընդգրկուն ուղղորդումն ապահովելու համար, սույն Համաձայնագրի իրականացմանն աջակցելու նպատակով` հետամուտ լինելով սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված երկարաժամկետ տեսլականին:
5. Նորարարությունների խթանումը, խրախուսումն ու հնարավոր դարձնելը վճռորոշ նշանակություն ունեն կլիմայի փոփոխությանն արդյունավետ, երկարաժամկետ գլոբալ արձագանք տալու և տնտեսական աճն ու կայուն զարգացումը խթանելու համար: Այդ ջանքերը, ըստ նպատակահարմարության, օժանդակություն կստանան, ներառյալ` աջակցությունը Տեխնոլոգիաների մեխանիզմից և ֆինանսական աջակցությունը` Կոնվենցիայի Ֆինանսական մեխանիզմից` հետազոտությունների և զարգացման նկատմամբ համագործակցային մոտեցումներ որդեգրելու և զարգացող երկիր հանդիսացող Կողմերի համար տեխնոլոգիաների հասանելիությունը դյուրացնելու համար, մասնավորապես` տեխնոլոգիական ցիկլի վաղ փուլերում:
6. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերին սույն հոդվածի դրույթների իրականացման նպատակով կտրամադրվի աջակցություն, ներառյալ` ֆինանսական աջակցությունը, ի թիվս այլնի` տեխնոլոգիական ցիկլի տարբեր փուլերում տեխնոլոգիաների մշակման և փոխանցման համագործակցային գործողություններն ամրապնդելու համար` նպատակ ունենալով հասնելու հավասարակշռության հետևանքների մեղմացման և հարմարվողականության համար ցուցաբերվող աջակցության միջև: 14-րդ հոդվածում նշված գլոբալ ուսումնասիրությունը հաշվի կառնի տեխնոլոգիաների մշակման և փոխանցման առնչությամբ զարգացող երկիր հանդիսացող Կողմերին ցուցաբերվող աջակցության ջանքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:
Հոդված 11
1. Սույն Համաձայնագրի ներքո կարողությունների զարգացումը կբարելավի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարողություններն ու ունակությունները, մասնավորապես` առավել թույլ կարողություններ ունեցող երկրների դեպքում, ինչպիսիք են առավել թույլ զարգացած երկրները, և այն երկրները, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից, ինչպիսիք են զարգացող փոքր կղզի-պետությունները, որպեսզի ձեռնարկվեն կլիմայի փոփոխությանն արձագանքման արդյունավետ գործողություններ, ներառյալ, ի թիվս այլնի, հարմարվողականության և հետևանքների մեղմացման գործողությունների իրականացումը, ինչպես նաև կդյուրացվեն տեխնոլոգիաների զարգացումը, տարածումն ու ներդրումը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման ու հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների հասանելիությունը, կրթության, ուսուցման և հանրությանն իրազեկման համապատասխան ասպեկտները և տեղեկությունների թափանցիկ, ժամանակին և ճշգրիտ հաղորդումը:
2. Կարողությունների զարգացումը պետք է լինի պետության նախաձեռնությամբ, հիմնված լինի ազգային կարիքների վրա, արձագանքի դրանց և խթանի Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` իրենց երկրների նկատմամբ սեփականատիրոջ զգացման ձևավորումը` ներառելով ազգային, ենթաազգային և տեղական մակարդակները: Կարողությունների զարգացումը պետք է ուղղորդվի քաղված դասերով, այդ թվում` Կոնվենցիայի ներքո կարողությունների զարգացման գործողությունների ներքո քաղված դասերով, և պետք է լինի արդյունավետ, պարբերական գործընթաց, որը մասնակցային, համալիր գործընթաց է և հաշվի է առնում գենդերային ասպեկտները:
3. Բոլոր Կողմերը կհամագործակցեն` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունները խթանելու համար: Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը կընդլայնեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի երկրներում կարողությունների զարգացման գործողությունների համար ցուցաբերվող աջակցությունը:
4. Բոլոր այն Կողմերը, որոնք ամրապնդում են Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունները, այդ թվում` տարածաշրջանային, երկկողմ և բազմակողմ մոտեցումների միջոցով, կանոնավոր կերպով տեղեկատվություն կներկայացնեն կարողությունների զարգացման այդ գործողությունների կամ միջոցների վերաբերյալ: Զարգացող երկիր հանդիսացող Կողմերը կանոնավոր կերպով տեղեկություն կներկայացնեն սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունների զարգացման պլանների, քաղաքականության, գործողությունների առաջընթացի կամ սույն Համաձայնագիրն իրականացնելու միջոցների վերաբերյալ:
5. Սույն Համաձայնագրի իրականացմանն աջակցելու նպատակով կարողությունների զարգացման գործողությունները կխթանվեն համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումների միջոցով, ներառյալ Կոնվենցիայով սահմանված այն համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումները, որոնք ծառայում են սույն Համաձայնագրին: Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին նիստում կքննարկի կարողությունների զարգացման համար նախնական ինստիտուցիոնալ կարգավորումները և որոշում կընդունի դրանց վերաբերյալ:
Հոդված 12
Կողմերը, ըստ նպատակահարմարության, կհամագործակցեն միջոցներ ձեռնարկելու, կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը, ուսուցումը, հանրությանն իրազեկումը, հանրության մասնակցությունը և հանրության համար տեղեկությունների հասանելիությունը բարելավելու նպատակով` գիտակցելով այս քայլերի կարևորությունը սույն Համաձայնագրի ներքո գործողությունները խթանելու համար:
Հոդված 13
1. Փոխադարձ հավատ ու վստահություն ձևավորելու և արդյունավետ իրականացումը խթանելու նպատակով սույնով սահմանվում է գործողության և աջակցության թափանցիկության ընդլայնված շրջանակ` ներքին ճկունությամբ, որը հաշվի է առնում Կողմերի տարբեր կարողությունները և հենվում է հավաքական փորձի վրա:
2. Թափանցիկության շրջանակը սույն հոդվածի դրույթների իրականացման ճկունություն կապահովի զարգացող երկիր հանդիսացող այն Կողմերի համար, որոնք դրա կարիքն ունեն` ելնելով իրենց կարողություններից: Սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդները, ընթացակարգերն ու ուղեցույցները կարտացոլեն այդ ճկունությունը:
3. Թափանցիկության շրջանակը հիմնված կլինի Կոնվենցիայի ներքո թափանցիկության վերաբերյալ կարգավորումների վրա և կընդլայնի դրանք` հաշվի առնելով առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների առանձնահատուկ պայմանները, և կիրականացվի օժանդակող, չմիջամտող և ոչ պատժիչ եղանակով` հարգելով ազգային ինքնիշխանությունը և խուսափելով Կողմերի վրա անհարկի բեռ դնելուց:
4. Կոնվենցիայի ներքո թափանցիկության վերաբերյալ կարգավորումները, ներառյալ ազգային տեղեկատվությունները, երկամյա զեկույցները և երկամյա թարմացվող զեկույցները, միջազգային գնահատումն ու ուսումնասիրությունը և միջազգային խորհրդատվությունն ու վերլուծությունը, կկազմեն սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդների, ընթացակարգերի և ուղեցույցների մշակման համար ձեռք բերված փորձի մի մասը:
5. Գործողությունների թափանցիկության շրջանակի նպատակն է հստակ պատկերացում տալ կլիմայի փոփոխությանն արձագանքման գործողությունների վերաբերյալ` Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված Կոնվենցիայի նպատակի լույսի ներքո, ներառյալ 4-րդ հոդվածի շրջանակում Կողմերի` ազգային մակարդակում սահմանված անհատական գործողությունների հստակությունը և դրանց իրականացման առաջընթացին հետևելը, և 7-րդ հոդվածի շրջանակում Կողմերի` հարմարվողականության գործողությունները, ներառյալ լավագույն գործելակերպը, առաջնահերթությունները, կարիքներն ու բացերը, 14-րդ հոդվածի համաձայն գլոբալ ուսումնասիրության համար տեղեկություններ տրամադրելու նպատակով:
6. Աջակցության թափանցիկության շրջանակի նպատակն է հստակություն ապահովել համապատասխան առանձին Կողմերի տրամադրած և նրանց կողմից ստացված աջակցության վերաբերյալ 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո կլիմայի փոփոխությանն արձագանքման գործողությունների համատեքստում և, հնարավորության սահմաններում, ներկայացնել տրամադրված ընդհանուր ֆինանսական աջակցության ամբողջական նկարագրությունը` 14-րդ հոդվածի համաձայն գլոբալ ուսումնասիրության համար տեղեկություններ տրամադրելու նպատակով:
7. Յուրաքանչյուր Կողմ կանոնավոր կերպով կտրամադրի հետևյալ տեղեկությունները.
ա) ջերմոցային գազերի աղբյուրներից մարդածին արտանետումների և կլանիչների միջոցով դրանց հեռացման մասին ազգային կադաստրի զեկույց, որը պետք է կազմվի` օգտագործելով Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի կողմից ընդունված լավագույն գործելակերպերի մեթոդաբանությունը, որը համաձայնեցվել է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի համաժողովին, և
բ) տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են 4-րդ հոդվածի ներքո ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների կատարման և դրանց իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացին հետևելու համար:
8. Յուրաքանչյուր Կողմ, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ կտրամադրի նաև 7-րդ հոդվածի ներքո կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ:
9. Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը տեղեկություններ կտրամադրեն 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո զարգացող երկիր հանդիսացող Կողմերին ցուցաբերած ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների զարգացման աջակցության վերաբերյալ, իսկ աջակցություն ցուցաբերող մյուս Կողմերի պարագայում նման տեղեկատվության տրամադրումը ցանկալի է:
10. Զարգացող երկիր հանդիսացող Կողմերը տեղեկություններ կտրամադրեն 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո պահանջվող և ստացված ֆինանսական, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների զարգացման աջակցության վերաբերյալ:
11. Սույն հոդվածի 7-րդ և 9-րդ պարբերությունների ներքո յուրաքանչյուր Կողմի ներկայացրած տեղեկությունները կուսումնասիրվեն տեխնիկական փորձագետների կողմից` 1/CP.21 որոշմանը համապատասխան: Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի դեպքում, որոնց համար նման ուսումնասիրությունն անհրաժեշտ է` ելնելով վերջիններիս կարողություններից, այս գործընթացը կներառի օժանդակություն` կարողությունների զարգացման անհրաժեշտությունը բացահայտելու համար: Ի հավելումն` յուրաքանչյուր Կողմ կմասնակցի առաջընթացի օժանդակ, բազմակողմ քննարկման` 9-րդ հոդվածի ներքո ձեռնարկվող ջանքերի և ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների իրականացման և դրանց ձեռքբերումների վերաբերյալ:
12. Սույն պարբերության ներքո տեխնիկական փորձագիտական ուսումնասիրությունը բաղկացած կլինի տվյալ Կողմի տրամադրած աջակցության և, ըստ անհրաժեշտության, ազգային մակարդակում սահմանված իր գործողությունների իրականացման և ձեռքբերումների ուսումնասիրությունից: Ուսումնասիրության մեջ տվյալ Կողմի համար կնշվեն նաև բարելավման ենթակա ոլորտները և կներառի սույն հոդվածի 13-րդ պարբերության մեջ նշված մեթոդների, ընթացակարգերի և ուղեցույցների հետ տեղեկությունների համապատասխանության ուսումնասիրությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ պարբերության ներքո տվյալ Կողմին թույլատրվող ճկունությունը: Ուսումնասիրության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի ազգային համապատասխան կարողություններին և պայմաններին:
13. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը, հենվելով Կոնվենցիայի ներքո թափանցիկությանն առնչվող կարգավորումներից ստացված փորձի վրա և մանրամասնելով սույն հոդվածի դրույթները, իր առաջին նիստում, ըստ նպատակահարմարության, կընդունի ընդհանուր մեթոդներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` գործողությունների և աջակցության թափանցիկության համար:
14. Սույն հոդվածն իրականացնելու համար զարգացող երկրներին կտրամադրվի աջակցություն:
15. Շարունակականության հիմունքներով աջակցություն կտրամադրվի նաև զարգացող երկիր հանդիսացող Կողմերին` թափանցիկությանն առնչվող կարողությունների զարգացման համար:
Հոդված 14
1. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը պարբերաբար կուսումնասիրի սույն Համաձայնագրի իրականացումը` սույն Համաձայնագրի նպատակին և երկարաժամկետ նպատակներին հասնելու հավաքական առաջընթացը գնահատելու համար (այսուհետև` գլոբալ ուսումնասիրություն): Վերջինս կկատարվի համապարփակ կերպով և դյուրացնող եղանակով` հաշվի առնելով հետևանքների մեղմացումը, հարմարվողականությունը և իրականացման ու աջակցության միջոցները` արդարության և առկա առաջադեմ գիտելիքների լույսի ներքո:
2. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին գլոբալ ուսումնասիրությունը կձեռնարկի 2023 թվականին և դրանից հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, քանի դեռ այլ բան չի որոշվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից:
3. Գլոբալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Կողմերին տեղեկություններ կտրամադրվեն` սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն ազգային մակարդակում սահմանված իրենց գործողություններն ու աջակցությունը թարմացնելու և ընդլայնելու համար, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն արձագանքման գործում միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար:
Հոդված 15
1. Սույնով ստեղծվում է սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը դյուրացնելու և դրույթների հետ համապատասխանությունը խթանելու մեխանիզմ:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված մեխանիզմը կազմված կլինի փորձագետներից բաղկացած կոմիտեից, որն իր բնույթով օժանդակող է և իր գործառույթներն իրականացնում է թափանցիկ, ոչ մրցակցային և ոչ պատժիչ եղանակով: Կոմիտեն հատուկ ուշադրություն կդարձնի Կողմերի համապատասխան ազգային կարողություններին ու պայմաններին:
3. Կոմիտեն կգործի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից իր առաջին նիստում ընդունված մեթոդների ու ընթացակարգերի համաձայն և տարեկան հաշվետվություն կներկայացնի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովին:
Հոդված 16
1. Կողմերի Համաժողովը, որը Կոնվենցիայի գերագույն մարմինն է, կծառայի որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով:
2. Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք սույն Համաձայնագրի կողմեր չեն, կարող են որպես դիտորդ մասնակցել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի ցանկացած նիստի աշխատանքներին: Այն դեպքում, երբ Կողմերի Համաժողովը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, սույն Համաձայնագրի ներքո որոշումներն ընդունում են միայն սույն Համաձայնագրի կողմերը:
3. Այն դեպքում, երբ Կողմերի Համաժողովը ծառայում է որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով, Կողմերի Համաժողովի բյուրոյի ցանկացած անդամ, որը ներկայացնում է Կոնվենցիայի այնպիսի Կողմ, որն այդ ժամանակ սույն Համաձայնագրի կողմ չէ, պետք է փոխարինվի լրացուցիչ անդամով, որին կընտրեն սույն Համաձայնագրի Կողմերը` իրենց իսկ թվից:
4. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը կանոնավոր կերպով կուսումնասիրի սույն Համաձայնագրի իրականացման ընթացքը և իր լիազորությունների շրջանակում որոշումներ կընդունի` Համաձայնագրի արդյունավետ իրականացումը խթանելու համար: Նա կկատարի սույն Համաձայնագրով իրեն վերապահված գործառույթները և.
ա) կստեղծի այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են համարվում սույն Համաձայնագրի իրականացման համար, և
բ) կկատարի այնպիսի այլ գործառույթներ, որոնք կարող են պահանջվել սույն Համաձայնագրի իրականացման համար:
5. Կողմերի Համաժողովի ընթացակարգային կանոնները և Կոնվենցիայի ներքո կիրառվող ֆինանսական ընթացակարգերը համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կկիրառվեն սույն Համաձայնագրի ներքո` բացառությամբ այն դեպքերի, երբ որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը ընդհանուր համաձայնությամբ այլ որոշում է կայացրել:
6. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի առաջին նիստը կգումարվի քարտուղարության կողմից` Կողմերի Համաժողովի առաջին նիստի հետ միասին, որը նախատեսվում է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո: Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի հետագա հերթական նիստերը կանցկացվեն Կողմերի Համաժողովի հերթական նիստների հետ միասին, քանի դեռ այլ բան չի որոշվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից:
7. Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի արտահերթ նիստերը կանցկացվեն ցանկացած ժամանակ, որը կարող է անհրաժեշտ համարվել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից, կամ` որևէ Կողմի գրավոր դիմումի հիման վրա` պայմանով, որ դիմումը քարտուղարության կողմից Կողմերին ներկայացնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, այն կստանա Կողմերի առնվազն մեկ երրորդի աջակցությունը:
8. Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա մասնագիտացված գործակալությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև նրանց ցանկացած անդամ պետություն կամ դիտորդ, որը Կոնվենցիայի կողմ չէ, կարող են որպես դիտորդներ ներկայացված լինել որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նիստերին: Ցանկացած ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական մարմին կամ գործակալություն, որը մասնագիտացած է սույն Համաձայնագրում արծարծվող հարցերում, և որը քարտուղարությանը հայտնել է իր ցանկությունը` որպես դիտորդ ներկայացված լինելու որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի նիստին, կարող է, որպես այդպիսին, ներկայացված լինել, եթե ներկա գտնվող Կողմերի առնվազն մեկ երրորդը չի առարկում: Դիտորդների ընդունումը և մասնակցությունը ենթակա է սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված ընթացակարգային կանոններին:
Հոդված 17
1. Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ստեղծված Քարտուղարությունը կծառայի որպես սույն Համաձայնագրի քարտուղարություն:
2. Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը` քարտուղարության գործառույթների վերաբերյալ, և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը` քարտուղարության գործառույթների կարգավորումների վերաբերյալ, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ: Ի հավելումն` քարտուղարությունը կկատարի սույն Համաձայնագրի ներքո և որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի կողմից իրեն վերապահված գործառույթները:
Հոդված 18
1. Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմինը և Իրագործման օժանդակ մարմինը, որոնք հիմնադրվել են Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով, համապատասխանաբար կծառայեն որպես սույն Համաձայնագրի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմին և Իրագործման օժանդակ մարմին: Կոնվենցիայի այն դրույթները, որոնք վերաբերում են այս երկու մարմինների աշխատանքին, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ: Սույն Համաձայնագրի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմնի և Իրագործման օժանդակ մարմնի նիստերը, համապատասխանաբար, անց կկացվեն Կոնվենցիայի Գիտատեխնիկական խորհրդատվական օժանդակ մարմնի և Իրագործման օժանդակ մարմնի խորհրդաժողովների հետ միասին:
2. Կոնվենցիայի այն Կողմերը, որոնք սույն Համաձայնագրի Կողմեր չեն, կարող են որպես դիտորդներ մասնակցել օժանդակ մարմինների ցանկացած նիստի աշխատանքներին: Այն դեպքում, երբ օժանդակ մարմինները ծառայում են որպես սույն Համաձայնագրի օժանդակ մարմիններ, սույն Համաձայնագրի ներքո որոշումներն ընդունում են միայն սույն Համաձայնագրի Կողմերը:
3. Այն դեպքում, երբ Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներով հիմնադրված օժանդակ մարմինները կատարում են իրենց գործառույթները սույն Համաձայնագրին առնչվող հարցերի առնչությամբ, այդ օժանդակ մարմինների բյուրոների ցանկացած անդամ, որը ներկայացնում է Կոնվենցիայի այնպիսի Կողմ, որն այդ ժամանակ սույն Համաձայնագրի Կողմ չէ, պետք է փոխարինվի լրացուցիչ անդամով, որին կընտրեն սույն Համաձայնագրի Կողմերը` իրենց իսկ թվից:
Հոդված 19
1. Կոնվենցիայով կամ նրա ներքո ստեղծված օժանդակ մարմինները կամ ինստիտուցիոնալ այլ մեխանիզմները, որոնք տարբեր են սույն Համաձայնագրում նշվածներից, կծառայեն որպես սույն Համաձայնագրի մարմիններ և մեխանիզմներ` որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովի որոշման համաձայն: Որպես սույն Համաձայնագրի կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը կսահմանի այն գործառույթները, որոնք կկատարվեն այդ օժանդակ մարմինների կամ մեխանիզմների կողմից:
2. Որպես սույն Համաձայնագրի կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը կարող է հետագայում ուղղորդել այդ օժանդակ մարմինների և ինստիտուցիոնալ մեխանիզմների աշխատանքը:
Հոդված 20
1. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրության համար և ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց կլինի ստորագրության համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, 2016 թվականի ապրիլի 22-ից մինչև 2017 թվականի ապրիլի 21-ը: Այնուհետև սույն Համաձայնագիրը բաց կլինի միանալու համար` այն ստորագրության համար փակվելու ամսաթվին հաջորդող օրվանից սկսած: Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ կտրվեն Ավանդապահին:
2. Տնտեսական ինտեգրման ցանկացած տարածաշրջանային կազմակերպություն, որը դառնում է սույն Համաձայնագրի Կողմ` առանց իր անդամ պետությունների կողմ լինելու, կստանձնի սույն Համաձայնագրի ներքո բոլոր պարտավորությունների կատարումը: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների դեպքում, որոնց մեկ կամ ավելի անդամ պետությունները սույն Համաձայնագրի Կողմեր են, այդ կազմակերպությունները և դրանց անդամ պետությունները կորոշեն իրենց համապատասխան պատասխանատվությունը` սույն Համաձայնագրի ներքո իրենց պարտավորությունները կատարելու համար: Նման դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները իրավունք չունեն միաժամանակ իրականացնելու սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները կնշեն սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերի առնչությամբ իրենց իրավասության շրջանակը: Այս կազմակերպություններն իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած էական փոփոխության մասին կտեղեկացնեն նաև Ավանդապահին, որն էլ, իր հերթին, այդ մասին կտեղեկացնի Կողմերին:
Հոդված 21
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երեսուներորդ օրը, որի դրությամբ Կոնվենցիայի առնվազն 55 Կողմեր, որոնց ընդհանուր արտանետումները կազմում են ջերմոցային գազերի համաշխարհային ընդհանուր արտանետումների առնվազն մոտավորապես 55 տոկոսը, ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը:
2. Բացառապես սույն հոդվածի 1-ին պարբերության սահմանափակ նպատակի համար «ջերմոցային գազերի համաշխարհային ընդհանուր արտանետումներ» հասկացությունը նշանակում է` Կոնվենցիայի Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ընդունման օրը կամ դրանից առաջ ներկայացված քանակության վերաբերյալ ամենաթարմ տվյալ:
3. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան ուժի մեջ մտնելու համար սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ սահմանված պայմանները կատարելուց հետո, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում տվյալ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնելու ամսաթվին հաջորդող երեսուներորդ օրը:
4. Սույն հոդվածի 1-ի պարբերության նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի հաշվվում որպես հավելում իր անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
Հոդված 22
Կոնվենցիայի 15-րդ հոդվածի դրույթները` Կոնվենցիայում փոփոխությունների և լրացումների ընդունման մասին համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ:
Հոդված 23
1. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթները` Կոնվենցիայի հավելվածների ընդունման և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ:
2. Սույն Համաձայնագրի հավելվածները կազմում են դրա անբաժանելի մասը, և եթե այլ բան հստակ կերպով նախատեսված չէ, հղումը սույն Համաձայնագրին միևնույն ժամանակ համարվում է հղում դրա ցանկացած հավելվածին: Այդ հավելվածները սահմանափակվում են ցանկերով, ձևաթղթերով և նկարագրական բնույթի ցանկացած այլ նյութով, որոնք ունեն գիտական, տեխնիկական, ընթացակարգային կամ վարչական բնույթ:
Հոդված 24
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի դրույթները` վեճերի կարգավորման մասին համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), կկիրառվեն սույն Համաձայնագրի նկատմամբ:
Հոդված 25
1. Կողմերից յուրաքանչյուրը կունենա մեկ ձայնի իրավունք` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նախատեսվածի:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները իրենց իրավասությունների շրջանակում եղող հարցերի առնչությամբ կիրականացնեն քվեարկության իրենց իրավունքը սույն Համաձայնագրի Կողմ հանդիսացող իրենց անդամ պետությունների թվին հավասար ձայներով: Նման կազմակերպությունները չեն իրականացնի քվեարկելու իր իրավունքը, եթե դրանց անդամ պետություններից որևէ մեկն իրականացրել է այդ իրավունքը և հակառակը:
Հոդված 26
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Համաձայնագրի Ավանդապահն է:
Հոդված 27
Սույն Համաձայնագրի նկատմամբ վերապահումներ չեն կարող կատարվել:
Հոդված 28
1. Որևէ Կողմի համար սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո` ցանկացած ժամանակ, տվյալ Կողմը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` գրավոր ծանուցում ներկայացնելով Ավանդապահին:
2. Համաձայնագրից դուրս գալն ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումն Ավանդապահի ստանալուց հետո մեկ տարի ժամկետը լրանալու օրը կամ դուրս գալու մասին ծանուցման մեջ նշված ավելի ուշ ընկնող ամսաթվին:
3. Համարվում է, որ ցանկացած Կողմ, որը դուրս է եկել Կոնվենցիայից, դուրս է եկել նաև սույն Համաձայնագրից:
Հոդված 29
Սույն Համաձայնագրի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ԿԱՏԱՐՎԱԾ Է Փարիզում երկու հազար տասնհինգ թվականի դեկտեմբերի տասներկուսին:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 22-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|