ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4134/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Մարկոսյանի և երրորդ անձ Սլավիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ալվինա Խաչիկյանի (Հովհաննիսյան) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Տիգրան Մարկոսյանի, երրորդ անձ Սլավիկ Սարգսյանի` ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասի բնակելի տան և հողամասի նկատմամբ Տիգրան Մարկոսյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-8 մատյանի թիվ 139 համարի տակ 30.07.2003 թվականին կատարված գրանցումը` Ալբերտ Հովհաննիսյանի անվամբ 13.09.1988 թվականին տրված տեխնիկական անձնագրով և ժառանգության իրավունքի վկայագրով հայցվորին պատկանող 1.380 քմ մակերեսով հողամասի և 79,7 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ալվինա Խաչիկյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասի բնակելի տան և հողամասի նկատմամբ Տիգրան Մարկոսյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-8 մատյանի 139 համարի տակ 30.07.2003 թվականին կատարված գրանցումը` Ալբերտ Հովհաննիսյանի անվամբ 13.09.1988 թվականին տրված տեխնիկական անձնագրով և ժառանգության իրավունքի վկայագրով իրեն պատկանող 1.380 քմ մակերեսով հողամասի և 79,7 քմ մակերեսով շինության մասով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Մարկոսյանը և երրորդ անձ Սլավիկ Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվինա Խաչիկյանը։
2. Տիգրան Մարկոսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 60-րդ, 62-րդ, 112-րդ, 113-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Դատարանը Տիգրան Մարկոսյանին պատշաճ կերպով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի արդյունքում սահմանափակել է վերջինիս` գործի քննության ամբողջ ընթացքում հավասար պայմաններում քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորությունից։ Բացի այդ, երրորդ անձ Սլավիկ Սարգսյանին դիտել է որպես Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչ այն դեպքում, երբ պատասխանողի կարգավիճակով Տիգրան Մարկոսյանի մասնակցությամբ Դատարանում քննվող գործերը վերջինիս անունից վարելու պատշաճ լիազորություն Սլավիկ Սարգսյանը չի ունեցել։
Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի հյուպատոսության կողմից հաստատված 17.11.2009 թվականի լիազորագիրը, որով Տիգրան Մարկոսյանը լիազորել է գործով երրորդ անձ Սլավիկ Սարգսյանին իրեն ներկայացնել Դատարանում միայն «հայցվորին վերապահված բոլոր իրավունքներով», այլ կերպ ասած` Դատարանում քննվող գործերով բացառապես որպես հայցվոր հանդես եկող Տիգրան Մարկոսյանին, որի արդյունքում երրորդ անձ Սլավիկ Սարգսյանին անհիմն կերպով դիտելով որպես պատասխանող Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչ, ըստ էության գործը քննել և վճիռը կայացրել է Տիգրան Մարկոսյանի և նրա կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցչի բացակայությամբ։
Ավելին, Դատարանը սույն գործով կայացված դատական ակտն առհասարակ չի ուղարկել պատասխանող Տիգրան Մարկոսյանին` խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածների պահանջները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Սլավիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 275-րդ, 280-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 34-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ, 101-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Սույն վարչական գործում առկա, 14.05.2000 թվականին Հրազդան քաղաքում կազմված վիճելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագրում հստակ նշված է, որ Ալվինա Խաչիկյանի (Հովհաննիսյան) դուստրը` Արմինե Հովհաննիսյանը, վկաների ներկայությամբ կատարելով իր մոր և եղբոր ցանկությունը, վիճելի տունը և 1.380 քմ տնամերձ հողամասը 315.000 ՀՀ դրամով վաճառել է Սլավիկ Սարգսյանին: Այսինքն` տունը և տնամերձ հողամասը վաճառելու վերաբերյալ առկա է եղել և գրավոր ձևակերպվել է հայցվորի կամքը, որպիսի պայմաններում Դատարանը պետք է մերժեր հայցը։ Ավելին, Դատարանը վճռում կամայական խմբագրման է ենթարկել Արմինե Հովհաննիսյանի և Սլավիկ Սարգսյանի միջև 14.05.2000 թվականին կնքված ներքին առուծախի պայմանագիրը` դրանից բաց թողնելով «կատարելով իմ մոր և եղբոր կամքը» բառերը, ինչը հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ սույն գործի փաստական հանգամանքների առկայությամբ Դատարանը ճիշտ չի լուծել դրանից բխող իրավական խնդիրը։
Դատարանն անտեսել է, որ Ալվինա Խաչիկյանին (Հովհաննիսյան) և նրա որդի Արմեն Հովհաննիսյանին 02.07.1996 թվականին նոտարի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում հողաշինարարի կողմից տրված տեղեկանքը թվագրված է 18.07.1995 թվականով, իսկ նույն նոտարի կողմից 02.07.1996 թվականին Ալվինա Խաչիկյանին (Հովհաննիսյան) տրված սեփականության իրավունքի վկայականում այդ նույն տեղեկանքը թվագրված է 18.06.1995 թվականով։
Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պատասխանող Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչը հայցի դեմ առարկել է ամբողջությամբ, իսկ մյուս պատասխանող Կադաստրի ներկայացուցչի կողմից հայցվոր Ալվինա Խաչիկյանի (Հովհաննիսյան) պահանջի ընդունումն առերևույթ խախտել է թե՛ պատասխանող Տիգրան Մարկոսյանի, թե՛ երրորդ անձ Սլավիկ Սարգսյանի իրավունքներն ու ազատությունները։
Դատաքննությամբ պարզված հանգամանքները թույլ էին տալիս հանգել այն հետևության, որ Ալբերտ Հովհաննիսյանի անվամբ 13.09.1988 թվականին տրված տեխնիկական անձնագրի կեղծված լինելու, Հրազդանի շրջխորհրդի գործկոմի 10.07.1995 թվականի որոշման և հողաշինարարի 18.06.1995 թվականի տեղեկանքի գոյություն չունենալու պարագայում առկա էին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքերը Ալբերտ Հովհաննիսյանի անվամբ տրված տեխնիկական անձնագիրը, Ալվինա Խաչիկյանի (Հովհաննիսյան) անվամբ տրված ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու համար, քանի որ դրանք ընդունվել են կեղծ փաստաթղթերի, ինչպես նաև գոյություն չունեցող փաստաթղթերի հիման վրա։
Սույն վարչական գործով Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Սլավիկ Սարգսյանը 1990 թվականից պատասխանող Տիգրան Մարկոսյանի հետ բնակվել է գյուղում, նույն ժամանակից էլ սկսել է տիրապետել վիճելի տնատիրությունը` կատարելով շինարարական աշխատանքներ, տնատիրությունը նույն ժամանակից Սլավիկ Սարգսյանի համաձայնությամբ ներառվել է Տիգրան Մարկոսյանի տնատիրության կազմում` մեկ ընդհանուր ցանկապատում։ Ընդ որում, հայցվորը, 02.07.1996 թվականին զարտուղի ճանապարհով ձեռք բերելով վիճելի տնատիրության վերաբերյալ սեփականության իրավունքի վկայագիր, նույն ժամանակվանից մինչև 2008 թվականի մարտ ամիսը տնատիրության վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացրել պատասխանող Տիգրան Մարկոսյանին և երրորդ անձ Սլավիկ Սարգսյանին` փաստացի կատարելով այնպիսի գործողություններ, որոնք վկայել են դրանից նրա հրաժարվելու մասին։
Տիգրան Մարկոսյանի կողմից վեճի առարկա տնատիրությունը, որպես սեփական գույք, տիրապետելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել գույքի կառավարմանը` կառուցելով ցանկապատ, շինություններ, հոգ է տարել դրա պահպանման համար` վճարելով հողի հարկի գումարներ։
Փաստորեն Դատարանը սույն վարչական գործը քննելիս ի պաշտոնե չի պարզել գործի փաստական հանգամանքները, ինչի հետևանքով առանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու գործում եղած բոլոր ապացույցները որոշել է փաստի հաստատված լինելը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն վարչական գործով պատասխանող Տիգրան Մարկոսյանի կողմից ներկայացված լիազորագիրը կեղծ է, քանի որ լիազորագրերից մեկում Տիգրան Մարկոսյանի անձնագրային տվյալները նշված են AC 02445595, տրված 02.12.1998 թվականին, 004-ի կողմից, իսկ մյուսում` AA 0471387, տրված 05.08.1996 թվականին, 049-ի կողմից։ Բացի այդ, լիազորագրերից մեկում որպես լիազորագրի տրման վայր նշված է ՀՀ, ք. Երևան, մյուսում` Իսպանիա, ք. Վալենսիա, ուստի չի կարող նույն լիազորագիրը տրված լինել միաժամանակ և՛ Հայաստանում, և՛ Իսպանիայում:
Բացի այդ, սույն գործով հայցվորի դուստր Արմինե Հովհաննիսյանը չի հանդիսացել գույքի սեփականատեր, և վերջինս իրավունք չուներ վաճառելու այն։ 14.05.2000 թվականին կնքված գործարքը կատարվել է օրենքի և հայցվորի իրավունքների խախտմամբ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է։ Հայցվորը չի մասնակցել պայմանագրի կնքմանը, չի լիազորել Արմինե Հովհաննիսյանին վաճառելու իր սեփականությունը, և Արմինե Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը կատարում է մոր կամքը, որևէ կերպ չի կարող ապացույց հանդիսանալ, որ իրականում սեփականատերն այդպիսի կամք է արտահայտել: Հայցվորի կողմից իր գույքը վաճառելու ցանկության պարագայում վերջինս համապատասխան լիազորագիր կտար, ինչը չի արել։
Վերոգրյալ պայմանագրի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի առնչվում քննվող գործի հետ և սույն գործով պատասխանող Կադաստրը, 30.07.2003 թվականին հայցվորի սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ կատարելով Տիգրան Մարկոսյանի սեփականության իրավունքի գրանցում, չի առաջնորդվել վերոգրյալ պայմանագրով, ուստի այն վերաբերելի ապացույց չի կարող հանդիսանալ սույն վարչական գործի լուծման համար։
Հայցվորը վիճարկել է Կադաստրի կողմից կատարված իրավունքի գրանցումը, այսինքն` պահանջն ուղղված էր Կադաստրի դեմ, քանի որ վերջինիս գործողությունների հետևանքով է խախտվել հայցվորի սեփականության իրավունքը, և Դատարանը, հիմք ընդունելով, որ Կադաստրն ընդունել է այն հանգամանքը, որ գրանցումը սխալ է կատարել, դատական ակտ կայացնելիս իրավացիորեն բավարարել է հայցը։
Միաժամանակ, բողոք բերած անձինք բողոքում հակասում են իրենք իրենց, քանի որ վճռաբեկ բողոքի «ա» կետում հայտնում են, թե իբր գնել են տունը 2000 թվականին Արմինե Հովհաննիսյանից, իսկ «ե» կետում վկայակոչում են համայնքի ղեկավարի տեղեկանքը, համաձայն որի` 1990 թվականից Սլավիկ Սարգսյանը տիրապետել է տնատիրությունը: Հարց է ծագում. ինչպե՞ս է Սլավիկ Սարգսյանը 1990 թվականից տիրապետել տունը, երբ իր իսկ կողմից կնքած պայմանագրում նշել է, որ 2000 թվականին ստացել է տան բանալիները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Սույն գործի հարուցման հիմք հանդիսացած` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան 14.04.2008 թվականին մուտքագրված հայցադիմումում պատասխանող Տիգրան Մարկոսյանի հասցեն նշվել է «ք. Հրազդան, գ. Ձորակ» (հատոր 1-ին, գ.թ. 6-7): Նշված հասցեով Տիգրան Մարկոսյանին ուղարկված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցումները (հատոր 1-ին, գ.թ. 53-54) փոստային ծառայության կողմից վերադարձվել է Դատարանին նշումով, որ նման գյուղ Հրազդանում գոյություն չունի (հատոր 1-ին, գ.թ. 55)։
2. Տիգրան Մարկոսյանին հասցեագրված հետագա ծանուցումները առաքվել են Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով, որպիսի ծանուցումները փոստային ծառայության կողմից հետ են վերադարձվել` առանց հասցեատիրոջը հանձնելու:
3. 22.12.2008 թվականին ՀՀ վարչական դատարան մուտքագրված 17.12.2008 թվականի դիմումի համաձայն` Տիգրան Մարկոսյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն է Իսպանիայի Միացյալ Թագավորություն, Վալենսիա, Ավենդա Մենենդազ, 43 Բախո լոկալ 22 (հատոր 1-ին, գ.թ. 132)։
4. 06.03.2009 թվականին` ժամը 11.30-ին, նշանակված դատական նիստի մասին Տիգրան Մարկոսյանը 02.02.2009 թվականին ծանուցվել է Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով: Նշված ծանուցագիրը 12.02.2009 թվականին վերադարձվել է փոստային ծառայության կողմից` «Տեղափոխված է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 13-18)։
5. 10.06.2009 թվականին` ժամը 11.30-ին, նշանակված դատական նիստի մասին Տիգրան Մարկոսյանը փոստային առաքման եղանակով ծանուցվել է 06.05.2009 թվականին Իսպանիայի Միացյալ Թագավորություն, Վալենսիա, Ավենդա Մենենդազ, 43 Բախո լոկալ 22 հասցեով, որպիսի ծանուցումը ստացվել է Տիգրան Մարկոսյանի կողմից 18.05.2009 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 40-42)։ Նշված հասցեով Դատարանը Տիգրան Մարկոսյանին 12.06.2009 թվականին առաքել է Դատարանի 10.06.2009 թվականի գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 59-61)։
6. 18.07.2009 թվականին Դատարան է մուտքագրվել Տիգրան Մարկոսյանի 13.07.2009 թվականի գրությունը, որով Տիգրան Մարկոսյանը հայտնել է, որ ճգնաժամի պատճառով չի կարող վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և խնդրել է հետաձգել 16.07.2009 թվականի ժամը 10.30-ին նշանակված դատաքննությունը մինչև սեպտեմբերի վերջ (հատոր 2-րդ, գ.թ. 84)։
7. 09.10.2009 թվականին Դատարանում ստացվել է Տիգրան Մարկոսյանի 19.09.2009 թվականի գրությունն այն մասին, որ ճգնաժամի պատճառով չի կարող վերադառնալ Հայաստան իր կողմից նշված ժամկետում, և խնդրել է հետաձգել դատաքննությունը ևս երկու ամսով (հատոր 2-րդ, գ.թ. 117):
8. 06.11.2009 թվականին` ժամը 15.30-ին, նշանակված դատական նիստի մասին Տիգրան Մարկոսյանը ծանուցվել է 22.10.2009 թվականին Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով: Նշված ծանուցագիրը 30.10.2009 թվականին վերադարձվել է փոստային ծառայության կողմից` «Անհայտ է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 137-140):
9. 27.11.2009 թվականին` ժամը 11.30-ին, նշանակված դատական նիստի մասին Տիգրան Մարկոսյանը ծանուցվել է 10.11.2009 թվականին Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով: Նշված ծանուցագիրը 12.11.2009 թվականին վերադարձվել է փոստային ծառայության կողմից` «Տեղափոխված է» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 148-151):
10. Տիգրան Մարկոսյանի կողմից տրված 17.11.2009 թվականի լիազորագրի համաձայն` Տիգրան Մարկոսյանը լիազորել է Սլավիկ Սարգսյանին հայցվորին վերապահված բոլոր իրավունքներով ՀՀ դատական բոլոր ատյաններում իրականացնել դատական ներկայացուցչություն (հատոր 2-րդ, գ.թ. 152):
11. 27.11.2009 թվականին` ժամը 11.30-ին, 08.12.2009 թվականին` ժամը 16.30-ին, 19.01.2010 թվականին` ժամը 10.30-ին նշանակված դատական նիստերի մասին Դատարանը, որպես սույն գործով պատասխանող Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչ, ծանուցել է Սլավիկ Սարգսյանին ու դատական նիստերն էլ անցկացրել նրա մասնակցությամբ: Միաժամանակ Տիգրան Մարկոսյանին հասցեագրված` Դատարանի 02.02.2010 թվականի վճիռն առձեռն հանձնվել է Սլավիկ Սարգսյանին (հատոր 2-րդ, գ.թ. 179-180, 188, 207):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
1) Քննելով Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները։ Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ։
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Այսպես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տես` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության՝ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ կրում է գործի քննության ընթացքում իր հասցեի փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականություն:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը պատասխանող Տիգրան Մարկոսյանին սկզբնապես ծանուցել է Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով, իսկ այնուհետև համապատասխան դիմումով տեղեկանալով Տիգրան Մարկոսյանի հասցեի փոփոխության մասին` երկու դատական նիստերի ծանուցումներն ուղարկել է նրա վերջին հայտնի բնակության վայրի հասցեով (ծանուցումներն Իսպանիայի Միացյալ Թագավորություն, Վալենսիա, Ավենդա Մենենդազ, 43 Բախո լոկալ 22 հասցեով ստացվել են Տիգրան Մարկոսյանի կողմից), որից հետո կրկին ծանուցումներն առաքել է Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, Ձորակ թաղամաս հասցեով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Տիգրան Մարկոսյանը կատարել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` հասցեի փոփոխության մասին Դատարանին հայտնելու իր դատավարական պարտականությունը, այնուհանդերձ Դատարանը Տիգրան Մարկոսյանի ծանուցումներն իրականացրել է այն հասցեով, որտեղ վերջինս չի բնակվում: Ավելին, 27.11.2009 թվականին` ժամը 11.30-ին, 08.12.2009 թվականին` ժամը 16.30-ին, 19.01.2010 թվականին` ժամը 10.30-ին, նշանակված դատական նիստերի մասին Դատարանը, որպես սույն գործով պատասխանող Տիգրան Մարկոսյանի ներկայացուցիչ ծանուցել է Սլավիկ Սարգսյանին ու դատական նիստերն էլ անցկացրել նրա մասնակցությամբ` անտեսելով այն հանգամանքը, որ Տիգրան Մարկոսյանի կողմից տրված 17.11.2009 թվականի լիազորագրով Սլավիկ Սարգսյանը լիազորվել է Տիգրան Մարկոսյանի անունից իրականացնել դատական ներկայացուցչություն հայցվորին վերապահված բոլոր իրավունքներով, որպիսի դատավարական կարգավիճակ, սակայն, սույն գործով Տիգրան Մարկոսյանը չի ունեցել:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Տիգրան Մարկոսյանի վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ պատշաճ չի ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պարտականության չկատարումն էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի նորմի էական խախտում:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճիռը բեկանելու համար:
2) Սույն բաժնի 1-ին կետում նշված պատճառաբանությամբ Դատարանի վճիռը բեկանելու պարագայում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Սլավիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքի հիմքին և հիմնավորումներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Տիգրան Մարկոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |