Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.67
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0116/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0116/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աշոտ Բաբախանյանի ընդդեմ Ոստիկանության` 10.11.2009 թվականի թիվ ԱԲ 281065 որոշումն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Բաբախանյանը պահանջել է առոչինչ ճանաչել Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ ԱԲ 281065 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ Աշոտ Բաբախանյանի կողմից գրառում կատարելու և ըստ էության իրավախախտում թույլ տալու փաստն ընդունելու հանգամանքները։

Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հասցեատիրոջը հանձնված որոշման օրինակում հաստատված հանգամանքների շարադրված չլինելը չէր կարող համարվել ակնառու կոպիտ սխալ, քանի որ վարչական վարույթի հենց սկզբնական փուլից Աշոտ Բաբախանյանի համար պարզ է եղել վարչական մարմնի դիրքորոշումը, կատարած իրավախախտումը, վերջինս ծանոթացել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը և որպես բացատրություն նշել է, որ կանցկացնի տեխնիկական զննություն։ Բացի այդ, որոշման մեջ նշված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասը, որի պահանջը խախտելու համար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ այդ հոդվածով նախատեսված պատասխանատվության վրա հասնելը կապված է կոնկրետ մեկ արարք կատարելու հետ, այն է` «Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը»: Այսինքն` վիճարկվող որոշումից հստակ երևում է, թե այն ինչ հարց է կարգավորում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 10.11.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Աշոտ Բաբախանյանը վարել է սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում Աշոտ Բաբախանյանը նշել է «կանցկացնենք տեխ սպասարկումը» (գ.թ. 27)։

2) Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ 281062 որոշմամբ Աշոտ Բաբախանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 4)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում:

Նշված դրույթի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտն առոչինչ է մասնավորապես այն ակնառու կոպիտ սխալների դեպքում, երբ ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե այդ ակտն ինչ հարց է կարգավորում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ նրանում արտացոլված իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելով, որի համար որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանված է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ վիճարկվող որոշման մեջ բացակայում է գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, հանգել է այն հետևության, որ որոշումից հայտնի չէ, թե ինչ հարց է այն կարգավորում, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի ուժով ակնառու կոպիտ սխալ և վարչական ակտի առոչինչ լինելու հիմք է։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական ակտում գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքի բացակայությունն ինքնին այդ ակտը չի դարձնում առոչինչ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի ուժով վարչական ակտն առոչինչ լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ակտից հայտնի չլինի, թե այն ինչ հարց է կարգավորում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ոստիկանության 10.11.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Աշոտ Բաբախանյանը վարել է սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» տողում Աշոտ Բաբախանյանը նշել է «կանցկացնենք տեխ սպասարկումըե, իսկ Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ 281062 որոշմամբ Աշոտ Բաբախանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 10.11.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության մեջ ուղղակիորեն նշվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքը Աշոտ Բաբախանյանի կողմից կատարված լինելը: Մասնավորապես, նշվել է, որ Աշոտ Բաբախանյանը վարել է սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց:

Նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ ԱԲ 281065 որոշման մեջ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի նշումով, քանի որ նշված դրույթով նախատեսված պատասխանատվության վրա հասնելը պայմանավորված է մեկ արարք` սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, կատարելով և նախատեսում է կոնկրետ սանկցիա` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք:

Ավելին, նշված արձանագրության մեջ «կանցկացնենք տեխ սպասարկումը» գրառումը կատարելով` Աշոտ Բաբախանյանը գիտակցել է, թե ինչի համար է ենթարկվում վարչական պատասխանատվության, հետևաբար նրան ակնհայտորեն հայտնի է եղել, թե Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ ԱԲ 281065 որոշումն ինչ հարց է կարգավորում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բացակայում է Ոստիկանության 10.11.2009 թվականի թիվ ԱԲ 281065 որոշումն առոչինչ ճանաչելու օրենքով նախատեսված որևէ հիմք:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Աշոտ Բաբախանյանի հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան