ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 սեպտեմբերի 2010 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 27.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2010 թվականի հունիսի 25-ին` Երևանում:
2. Նշված համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացման և, մասնավորապես, մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումների իրականացման համար:
Համաձայնագիրը կիրառվում է Քուվեյթի կողմի և հայկական կողմի բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք գոյություն ունեն կամ կկատարվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին կամ դրանից հետո (հոդված 12):
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
● խրախուսել ներդրումները և ՀՀ տարածքում ստեղծել բարենպաստ պայմաններ Քուվեյթի կողմի ներդրողների կողմից ներդրումներ կատարելու համար և ընդունել այդ ներդրումները ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքների համաձայն (հոդված 2, կետ 1),
● ՀՀ տարածքում Քուվեյթի կողմի ներդրողների նկատմամբ ցանկացած ժամանակ ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիակատար պաշտպանություն և ապահովություն` համաձայն միջազգային իրավունքի ընդունած սկզբունքների և համաձայնագրի դրույթների (հոդված 2, կետ 2),
● անհիմն կամ խտրական միջոցներով չխոչընդոտել Քուվեյթի կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, իրականացմանը կամ տնօրինմանը, ինչպես նաև կատարել Քուվեյթի կողմի ներդրողների ներդրումների հանդեպ ստանձնած ՀՀ բոլոր պարտավորությունները և հանձնառությունները (հոդված 2, կետ 2),
● ՀՀ տարածքում Քուվեյթի կողմին տրամադրել ներդրումների օգտագործման, կառավարման, վարման, շահագործման, ընդլայնման, վաճառքի կամ այլ կերպ տնօրինման նկատմամբ այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը նման իրավիճակներում ՀՀ-ն տրամադրում է իր կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումներին` ընտրելով այդ ներդրումների համար ամենաբարենպաստ ռեժիմը (հոդված 3, կետ 1),
● ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, պետական արտակարգ իրավիճակների, հեղափոխության, քաղաքացիական խռովությունների, ապստամբության կամ նման այլ իրադարձությունների պատճառով Քուվեյթի կողմի վնասներ կրելու դեպքում կորուստների վերադարձման, փախհատուցման, վնասի հատուցման կամ նման որևէ այլ կարգավորման մասով ներդրողին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը ՀՀ-ն տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ կողմի ներդրողներին՝ ընտրելով ներդրողի համար ամենաբարենպաստ ռեժիմը (բացառությամբ համաձայնագրի 6-րդ հոդվածի կիրառման դեպքերի) (հոդված 4, կետ 1),
● ապահովել, որպեսզի Քուվեյթի կողմի ներդրողների կատարած ներդրումները ՀՀ տարածքում չազգայնացվեն, չսեփականազրկվեն, չօտարվեն կամ բռնազավթվեն կամ էլ ենթարկվեն ազգայնացմանը, սեփականազրկմանը, օտարմանը կամ բռնազավթմանը համարժեք` ուղղակի կամ անուղղակի գործողությունների, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հանրային նպատակներով՝ ելնելով ՀՀ-ի ներքին կարիքներից՝ արագ, պատշաճ և արդյունավետ փոխհատուցման դիմաց և պայմանով, որ այդ միջոցառումներն իրականացվում են անխտրականության հիման վրա և ընդհանուր կիրառության համապատասխան օրինական գործընթացների համաձայն (հոդված 5, կետ 1, ենթակետ «ա»),
● ապահովել, որպեսզի վերոնշյալ փոխհատուցումը համարժեք լինի սեփականազրկված կամ օտարված ներդրումների փաստացի արժեքին և սահմանվի ու հաշվարկվի գնահատման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան՝ օտարման իրականացման պահից անմիջապես առաջ կամ դրա հանրորեն հայտնի դառնալուց առաջ սեփականազրկված կամ օտարված ներդրումների արդար շուկայական արժեքի հիման վրա՝ կախված նրանից, թե որն է ավելի վաղ տեղի ունեցել: Այդ փոխհատուցումը հաշվարկել ներդրողի կողմից ընտրված ազատ փոխարկելի արժույթով՝ գնահատման օրը այդ արժույթի փոխանակման համար գործող գերակայող շուկայական փոխարժեքի հիման վրա, և ներառել օտարման իրականացման պահից մինչև վճարման օրն ընկած ժամանակահատվածի համար շուկայում ձևավորված առևտրային տոկոսադրույքը, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի, քան գերակայող ԼԻԲՈՐ-ի գործող տոկոսադրույքը կամ համարժեքը (հոդված 5, կետ 1, ենթակետ «բ»),
● երաշխավորել Քուվեյթի կողմի ներդրողներին ներդրումների և դրանց հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումները դեպի ՀՀ տարածք և դրանից դուրս, և այդ փոխանցումներն իրականացնել առանց անհիմն ուշացումների կամ սահմանափակումների և, բացառությամբ բնեղենով վճարումների, ազատ փոխարկելի արժույթով (հոդված 6, կետ 1, 2),
● Քուվեյթի կողմի կամ նրա նշանակած գործակալության կողմից ՀՀ տարածքում կատարված ներդրումների առնչությամբ ստանձնած փոխհատուցման կամ երաշխավորման դիմաց վճարում կատարելու դեպքում ճանաչել փոխհատուցող կողմին` այդ ներդրումից բխող բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը` օրենքով կամ այլ իրավական գործառությամբ, ինչպես նաև փոխհատուցող կողմի իրավունքը` իրականացնել բոլոր այդ իրավունքները և կիրառել այդպիսի պահանջները և ստանձնել ներդրումների հետ կապված բոլոր պարտավորությունները սուբրոգացիայի իրավունքով (հոդված 7, կետ 1),
● փոխհատուցող կողմին բոլոր հանգամանքներում տրամադրել այն ռեժիմը, որը տրամադրվում է` համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված փոխանցման իրավունքով ձեռք բերված իրավունքների ու պահանջների և ստանձնած պարտավորությունների նկատմամբ, ցանկացած վճարման նկատմամբ, որն ստացվել է` համաձայն այդ իրավունքների և պահանջների, որն սկզբնապես ներդրողը լիազորված էր ստանալ, համաձայնագրին համապատասխան, տվյալ ներդրման նկատմամբ (հոդված 7, կետ 2),
● Կողմերի միջև ծագած վեճերը` կապված ներդրումների հետ, հնարավորության սահմաններում կարգավորել բարեկամաբար (հոդված 8, կետ 1),
● եթե նման վեճերը հնարավոր չէ կարգավորել վեճը բարեկամաբար լուծելու վերաբերյալ Քուվեյթի կողմին գրավոր ծանուցում ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ապա վեճը կարող է կարգավորվել հետևյալ եղանակներից մեկով՝
ա) վեճերի կարգավորման կիրառելի, նախապես համաձայնեցված ընթացակարգերին համապատասխան,
բ) միջազգային միջնորդ դատարանի միջոցով (հոդված 8, կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
18 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-916
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|