Գլխավոր տեղեկություն
Номер
N 633-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2010-29.09.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.26/28(327) Հոդ.671
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2004
Дата вступления в силу
05.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2004 թվականի N 633-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ
 կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 633-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

2. Քաղաքացիական պաշտպանության պլանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է՝ բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:

3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`

ա) հանրապետականի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.

բ) գերատեսչականի` Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլան.

գ) մարզի` Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլան.

դ) Երևան քաղաքի` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլան.

ե) համայնքի` Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան.

զ) կազմակերպության` անկախ կազմակերպական-իրավական ձևից, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների, 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիական պաշտպանության պլան.

է) քաղաքացիական պաշտպանության ծառայության` հանրապետական, մարզային, համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլան:

(3-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն)

3.1. Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 100 աշխատող ունեցող, անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմակերպության համար:

(3.1 կետը լրաց. 26.08.10 N 1187-Ն)

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

4. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության կողմից.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության կողմից.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության կողմից.

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը` քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարության կողմից:

(4-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն)

5. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը համաձայնեցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ, ռազմական դրության պայմաններում գործունեությունը շարունակող և սահմանամերձ գոտում գտնվող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ.

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը`

- հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ,

- մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության և վերադաս հանրապետական ծառայության պետի հետ,

- համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ:

(5-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն)

6. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

բ) հանրապետական գործադիր մարմնի պլանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

գ) պետական մարմնի պլանը` համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից.

դ) հանրապետական գործադիր մարմնի և պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան վերադաս մարմնի ղեկավարի կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից.

զ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից.

է) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության ղեկավարի կողմից.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության ղեկավարի կողմից.

ժ) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության`

- հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից,

- մարզային պլանը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից,

- համայնքային և կազմակերպության պլանները` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի կողմից:

(6-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն)

7. Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)

9. Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ կետը փոփ. 26.08.10 N 1187-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան