ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/6460/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթիկի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Արթիկի կարի ֆաբրիկա» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Արթիկի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք Թաթոս Եգորյանի, Հայկ Պապոյանի, Գարեգին Գրիգորյանի, Վաղինակ Չարչյանի, Անթառամ Հայրապետյանի, Համլետ Վարդանյանի, Ռուզան Ասոյանի` Քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու և դրանց հիման վրա կատարված իրավունքի գրանցումների նկատմամբ անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է քաղաքաշինական նորմերը խախտելու հիմքով անվավեր ճանաչել Քաղաքապետի հողհատկացման և առևտրի կրպակներ տեղադրելու մասին 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 305, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62, 11.10.2002 թվականի թիվ 533, 24.12.2004 թվականի թիվ 628, 09.03.2005 թվականի թիվ 693, 10.06.2005 թվականի թիվ 819, 04.10.2005 թվականի թիվ 1019 և 01.08.2006 թվականի թիվ 363 որոշումները և նշված որոշումների հիման վրա կատարված իրավունքի գրանցումների նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 27-րդ հոդվածները, 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ սույն գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ գործում առկա ապացույցները նման հնարավորություն տալիս էին: Մասնավորապես` Ընկերության նշած բոլոր ապացույցները հետազոտվել և քննության են առնվել ՀՀ տնտեսական դատարանի կողմից ու ստացել են իրենց գնահատականը նույն դատարանի թիվ Տ1-18 գործով 06.02.2007 թվականին կայացրած վճռում: ՀՀ վարչական դատարան ներկայացրած նոր հայցադիմումում Ընկերությունն ավելացրել է միայն «Քաղաքաշինության նորմերի խախտում» բառերը, որոնք չեն փոփոխում նախկին հայցի ո'չ հիմքը և ո'չ էլ առարկան: Ինչ վերաբերում է Քաղաքապետի վիճարկվող վարչական ակտերի օրինականության հիմքերի շրջանակին, ապա ՀՀ տնտեսական դատարանը, քննարկելով այդ հիմքերը, նշված վճռում պարզ և հստակ արձանագրել է, որ Ընկերության ներկայացրած հայցապահանջի հիմքում ընկած հանգամանքները չեն կարող հայցի բավարարման հիմք հանդիսանալ, և ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Քաղաքապետի հողհատկացման և առևտրի կրպակներ տեղադրելու մասին որոշումները կայացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Փաստորեն Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Արդյունքում Դատարանն անտեսել է, որ Քաղաքապետը, վիճելի տարածքում կատարելով հողհատկացումներ, թույլ չի տվել ո'չ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ո'չ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ո'չ էլ ՀՀ հողային օրենսգրքի խախտումներ, ինչպես նաև ղեկավարվել է Արթիկի գլխավոր հատակագծով ու մանրամասն հատակագծման նախագծով և համայնքի հողի նկատմամբ սեփականության իրավունքն իրականացնելիս թույլ չի տվել իրավահարաբերության որևէ սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի խախտումներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.11.2009 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել կամ այն փոփոխել` հայցը մերժել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ1-18 գործով 06.02.2007 թվականի վճիռը հայցի առարկայի և հիմքերի շրջանակների վերաբերյալ տրամագծորեն այլ բնույթի է և նոր պահանջի հիմքը քաղաքաշինական նորմերի խախտումներն են, որոնք իրականում տեղի են ունեցել:
Դատարանն անդրադարձել է այն ժամանակահատվածին և օրենսդրության այն պահանջներին, որոնք պետք է պահպանած լինեին հողհատկացման որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինները, և արձանագրել է, որ ՀՀ տնտեսական դատարանի նշված վճռով չի վերլուծվել վիճարկվող վարչական ակտերի օրինականությունը քաղաքաշինական նորմերի խախտումների հիմքերով:
Բացի այդ, քաղաքաշինական խախտումներն ապացուցվում են նաև գործում առկա «Պ.Ա.Գ Էսթեյթ» ՍՊԸ-ի 15.10.2007 թվականի թիվ 635 եզրակացությամբ, Ընկերության գլխավոր մասնաշենքի սեյսմակայունության եզրակացությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի որոշմամբ, «Արթիկի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների նախարարության գրություններով:
Այսպիսով, Դատարանի վճիռն օրինական է և հիմնավորված, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է ու չպատճառաբանված:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ տնտեսական դատարանը, քննելով թիվ Տ1-18 գործն ըստ Ընկերության հայցի ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Թաթոս Եգորյանի, Հայկ Պապոյանի, Գարեգին Գրիգորյանի, Վաղինակ Չարչյանի, Անթառամ Հայրապետյանի, Համլետ Վարդանյանի, Ռուզան Ասոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արթիկի տարածքային ստորաբաժանման` Քաղաքապետի հողհատկացման որոշումները, Ընկերության և Արթիկի Բաղրամյան փողոցի միջև ընկած 6 մետր լայնությամբ և 91 մետր երկարությամբ տարածքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և ապօրինի զբաղեցրած տարածքն ազատելու պահանջների մասին, 06.02.2007 թվականի վճռով Քաղաքապետի հողհատկացման որոշումներն անվավեր ճանաչելու և ապօրինի զբաղեցրած տարածքն ազատելու պահանջների մասով հայցը մերժել է, իսկ Ընկերության և Արթիկի Բաղրամյան փողոցի միջև ընկած 6 մետր լայնությամբ և 91 մետր երկարությամբ տարածքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել է:
Նշված գործով Ընկերությունը վիճարկել է Քաղաքապետի հողհատկացման և առևտրի կրպակներ տեղադրելու մասին 26.01.1998 թվականի թիվ 15, 13.03.1998 թվականի թիվ 73, 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 302, 19.10.1998 թվականի թիվ 305, 04.03.1999 թվականի թիվ 47, 14.10.1999 թվականի թիվ 328, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62 և 11.10.2002 թվականի թիվ 533 որոշումները (հատ. 1, գ.թ. 109-112):
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 27.05.2007 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 06.02.2007 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատ. 1, գ.թ. 113):
3) ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը մերժելու մասին» որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 06.02.2007 թվականի վճռի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ Ընկերության դիմումը մերժվել է (հատ. 1, գ.թ. 115-117):
4) Քաղաքապետի 24.12.2004 թվականի թիվ 628 որոշմամբ առևտրի կրպակ տեղադրելու համար Համլետ Վարդանյանին վարձակալական հիմունքներով 20 տարի ժամանակով հատկացվել է 3x5=15քմ մակերեսով հողատարածք Արթիկի Բաղրամյան փողոցից արևելք` «տեքստիլ ֆաբրիկայից» արևմուտք, ընկած հատվածում (հատ. 2, գ.թ. 20):
5) Քաղաքապետի 04.10.2005 թվականի թիվ 1019 որոշմամբ Քաղաքապետի 24.12.2004 թվականի թիվ 628 որոշմամբ Արթիկի Բաղրամյան փողոցից արևելք ընկած հատվածում Համլետ Վարդանյանին հատկացված 18քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառվել է վերջինիս (հատ. 2, գ.թ. 95):
6) Քաղաքապետի 09.03.2005 թվականի թիվ 693 որոշմամբ ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով 09.03.2005 թվականին Քաղաքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների հիման վրա Վաղինակ Չարչյանին տաղավար տեղադրելու համար սեփականության իրավունքով հատկացվել է 25քմ մակերեսով հողատարածք Արթիկի Բաղրամյան փողոցից արևելք` թիվ 21 շենքից արևմուտք, ընկած հատվածում (հատ. 2, գ.թ. 94):
7) Քաղաքապետի 10.06.2005 թվականի թիվ 819 որոշմամբ Քաղաքապետի 11.10.2002 թվականի թիվ 533 որոշմամբ Վաղինակ Չարչյանին հատկացված 6քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառվել է վերջինիս (հատ. 2, գ.թ. 93):
8) Քաղաքապետի 01.08.2006 թվականի թիվ 363 որոշմամբ ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով 31.07.2006 թվականին Քաղաքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների հիման վրա օժանդակ կառույց կառուցելու համար Արթիկի Բաղրամյան թիվ 9 հասցեում գտնվող առևտրի տաղավարից հարավ ընկած 15քմ մակերեսով հողատարածքը վաճառվել է Հայկ Պապոյանին (հատ. 2, գ.թ. 96):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում ՀՀ վարչական դատարանը պարտավոր է կարճել այդպիսի գործի վարույթը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական դատարանի 06.02.2007 թվականի վճիռը կայացվել է այլ հիմքերով: Հետևաբար դրանում պարունակվող եզրահանգումները սահմանափակվում են միայն ՀՀ տնտեսական դատարանում քննված թիվ Տ1-18 գործով վերլուծված հիմքերի շրջանակներում:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշած պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ1-18 գործով և սույն գործով ինչպես կողմերը, այնպես էլ վեճի առարկան` Քաղաքապետի վիճարկվող որոշումների մի մասով, և հիմքերը նույնական են:
Այսպես, ինչպես ՀՀ տնտեսական դատարանի թիվ Տ1-18 գործով, այնպես էլ սույն գործով որպես հայցվոր նույնպես հանդես է եկել Ընկերությունը, որպես պատասխանող` Քաղաքապետարանը, իսկ որպես երրորդ անձինք` նաև Թաթոս Եգորյանը, Հայկ Պապոյանը, Գարեգին Գրիգորյանը, Վաղինակ Չարչյանը, Անթառամ Հայրապետյանը, Համլետ Վարդանյանը և Ռուզան Ասոյանը: Ինչպես նշված գործով, այնպես էլ սույն գործով Ընկերությունը նույնպես միևնույն իրավական հիմքերով պահանջել է (պահանջում է) անվավեր ճանաչել նաև Քաղաքապետի 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 305, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62 և 11.10.2002 թվականի թիվ 533 որոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Քաղաքապետի նշված որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասով պարտավոր էր կարճել սույն վարչական գործի վարույթը:
Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 305, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62 և 11.10.2002 թվականի թիվ 533 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասով սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ այդ մասով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 06.02.2007 թվականի վճիռը:
Ինչ վերաբերում է Քաղաքապետի 24.12.2004 թվականի թիվ 628, 09.03.2005 թվականի թիվ 693, 10.06.2005 թվականի թիվ 819, 04.10.2005 թվականի թիվ 1019 և 01.08.2006 թվականի թիվ 363 որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Ընկերության պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Դատարանի վճիռը նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետը վիճարկվող որոշումները կայացնելիս, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի` քաղաքաշինության ոլորտին վերաբերող նորմերը, խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանը, հաստատված համարելով Քաղաքապետի վիճարկվող որոշումների` օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը, որևէ կերպ չի պատճառաբանել նշված եզրահանգումը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` ըստ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու, և ըստ Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 09.03.2005 թվականի թիվ 693 և 01.08.2006 թվականի թիվ 363 որոշումներն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք առկա չէ, քանի որ դրանք կայացվել են համապատասխանաբար 09.03.2005 թվականին և 31.07.2006 թվականին կայացած աճուրդների արդյունքների հիման վրա, որոնք սույն գործով չեն վիճարկվում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող Քաղաքապետի որոշումների հիման վրա կատարված իրավունքի գրանցումների նկատմամբ անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ Ընկերության պահանջը` գործի վարույթը կարճելու և հայցը մերժելու մասերով, ենթակա է մերժման, քանի որ նշված մասերով պահանջը ներկայացվել է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված անվավերության հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որը չի կարող դառնալ ինքնուրույն քննության առարկա:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի, 240-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերի ուժով Դատարանի վճիռը բեկանելու և սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն կարճելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ այդ մասով սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև այդ մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 90-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2009 թվականի վճիռը և այն մասնակիորեն փոփոխել` Արթիկի քաղաքապետի 09.03.2005 թվականի թիվ 693 և 01.08.2006 թվականի թիվ 363 որոշումներն անվավեր ճանաչելու և Արթիկի քաղաքապետի 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 305, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62, 11.10.2002 թվականի թիվ 533, 09.03.2005 թվականի թիվ 693 և 01.08.2006 թվականի թիվ 363 որոշումների հիման վրա կատարված իրավունքի գրանցումների նկատմամբ անվավերության հետևանքները կիրառելու մասով «Արթիկի կարի ֆաբրիկա» ԲԲԸ-ի հայցը մերժել:
Արթիկի քաղաքապետի 15.05.1998 թվականի թիվ 138, 22.07.1998 թվականի թիվ 243, 19.10.1998 թվականի թիվ 305, 27.03.2000 թվականի թիվ 47, 24.05.2000 թվականի թիվ 62 և 11.10.2002 թվականի թիվ 533 որոշումներն անվավեր ճանաչելու մասով սույն վարչական գործի վարույթը կարճել:
Արթիկի քաղաքապետի 24.12.2004 թվականի թիվ 628, 10.06.2005 թվականի թիվ 819 և 04.10.2005 թվականի թիվ 1019 որոշումներն անվավեր ճանաչելու և նույն որոշումների հիման վրա կատարված իրավունքի գրանցումների նկատմամբ անվավերության հետևանքները կիրառելու մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. «Արթիկի կարի ֆաբրիկա» ԲԲԸ-ից հօգուտ Արթիկի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. «Արթիկի կարի ֆաբրիկա» ԲԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 28.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար պակաս վճարած պետական տուրք: Բեկանված հայցապահանջների մասով պետական տուրքի լուծման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|