Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-907
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1034
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
10.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2010 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 21.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. հուլիսի 23-ին:

2. Համաձայնագրի նպատակն է` Սկզբնական ծրագրին առնչվող միջոցառումների համար (կենսական նշանակության ավտոճանապարհների ցանցի ընտրված հատվածների բարելավում և ավտոճանապարհների կառուցման ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում) լրացուցիչ ֆինանսավորում:

3. Համաձայնագիրը բաղկացած է հինգ հոդվածից և անբաժանելի մաս կազմող երեք առդիրից և հավելվածից, որոնցով սահմանված են Ծրագրի նկարագրությունն ու իրականացման կարգը, մարման ժամանակացույցը և սահմանումները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 վարկի մայր գումարը վերադարձնել մարման ժամանակացույցի համաձայն,

 հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածության մասին, իրականացնել Ծրագիրը տրանսպորտի և կապի նախարարության միջոցով` փոփոխված Իրականացման ծրագրի, Գործառնական ձեռնարկի դրույթների և Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,

 պահպանել ԾԻԳ-ը (Ծրագրերի իրականացման գործակալություն) և ՀԱՃՏ-ն (Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն) մինչև Ծրագրի ավարտը` Բանկի պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և տեխնիկական առաջադրանքներով,

 ապահովել տարեկան բյուջեից համարժեք միջոցների տրամադրումը ճանապարհաշինական ոլորտին` միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար,

 Ծրագիրն իրականացնել Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,

 իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ,

 վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ, ինչպես նաև պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Բանկ ներկայացնել միջանկյալ աուդիտի չենթարկված Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ:

Համաձայնագրով սահմանված է նաև այն գործողության մեջ դնելու և դադարեցնելու ընթացակարգերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-907