Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-913
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1040
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
14.09.2010
Дата вступления в силу
14.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

14 սեպտեմբերի 2010 թ.


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 01.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ՀՀ Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, հետազոտելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2002 թվականի մայիսի 11-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 25-ից։

Օրենքի` սույն գործով վիճարկվող 7-րդ հոդվածը 2009 թվականի ապրիլի 6-ի ՀՕ-66-Ն օրենքով փոփոխվել է և լրացվել թվով 6 մասերով: «Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը» վերտառությամբ ներկայումս գործող այդ հոդվածը սահմանում է.

«Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:

Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա՝ որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ.

ա) ամուսինը,

բ) չափահաս երեխան,

գ) ծնողներից մեկը,

դ) հարազատ եղբայրը կամ քույրը,

ե) հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:

Միևնույն առաջնահերթությամբ մի քանի հարազատների առկայության դեպքում բավարար են նրանցից մեկի տեղեկացվածությունը և համաձայնությունը:

Յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում:

Անձի դիակային դոնոր հանդես գալու որոշման վերաբերյալ տեղեկությունը ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը լիազոր մարմնի հաստատած կարգով փոխանցում է օրգանների ու հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:

Փոխպատվաստման նպատակով մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Լիազոր մարմնի սահմանած կարգով բնակչության շրջանում իրականացվում է տեղեկատվության տրամադրում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման նշանակության, դոնորության նախապայմանների և փոխպատվաստմանն առնչվող այլ հարցերի շուրջ»:

Վերոհիշյալ օրենքի 3-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածների դրույթների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն իր` 26.04.2007թ. թիվ 502-Ն, 26.04.2007թ. թիվ 551-Ն, 07.02.2008թ. թիվ 131-Ն և 07.02.2008թ. թիվ 132-Ն որոշումներով սահմանել է փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը, դրանց ներմուծման կարգը, ինչպես նաև փոխպատվաստման, դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունների կարգավորման կարգը:

2. Դիմող կողմը գտնում է, որ մարդու արժանապատվության պաշտպանության կարևոր նախադրյալներից է նրա իրավունքների ազատ և անարգել իրագործումը: Մարդու կամքի ազատ արտահայտումը՝ որպես նրա արժանապատվության իրավունքի անբաժանելի մաս, պետք է պաշտպանվի և հարգվի ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո: Վերոնշյալը հավասարապես վերաբերում է նաև անձնական անձեռնմխելիության իրավունքին, որն անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում մարդու մահից հետո նրա մարմնի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի և մահացածի մարմնի իրավական պաշտպանության համար: Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում՝ որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո: Մինչդեռ, ինչպես գտնում է դիմող կողմը, վիճարկվող նորմը ելնում է այն տրամաբանությունից, համաձայն որի մարդն իր մահից հետո հանդիսանում է դիակային դոնոր, եթե չհրաժարվի որպես այդպիսին հանդես գալուց, այսինքն՝ մարդու մահից հետո նրա մարմնի ճակատագիրն արդեն որոշված է:

Ըստ դիմող կողմի` վիճարկվող նորմում նախատեսված են դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հետ կապված հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման երկու իրարամերժ՝ «համաձայնության» և «անհամաձայնության» նախապայմանի սկզբունքներ, որի պարագայում «ակներև է իրավական անորոշությունը և խառնաշփոթը»` պայմաններ ստեղծելով իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմի «կամայական մեկնաբանման, կիրառման և չարաշահման համար»:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ հետևյալ հիմնավորումներով:

Օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման համար անհրաժեշտ համաձայնությունը կամ թույլտվությունը կանոնակարգող` արտասահմանյան երկրների օրենսդրության, միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս առանձնացնել իրավակարգավորման երկու հիմնական մոդել: Պետությունների գերակշիռ մասը նախքան օրգանների փոխպատվաստումը պարտադիր է համարում դոնորի համաձայնությունը, սակայն տարբեր են համաձայնության արտահայտման եղանակները.

ա) ենթադրյալ համաձայնություն (անձի համաձայնությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չի հրաժարվել իր մահից հետո իր օրգաններն օգտագործելուց),

բ) պոզիտիվ համաձայնություն, երբ անձը կենդանության օրոք իր մահից հետո իր օրգաններն օգտագործելու հստակ համաձայնություն է տվել:

Ըստ պատասխանող կողմի եզրահանգման` մահացածի օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստումը մահացածի ենթադրյալ կամ նեգատիվ համաձայնության դեպքում եվրոպական և միջազգային չափանիշների տեսանկյունից չի դիտվում որպես նրա արժանապատվության և անձեռնմխելիության խախտում: «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, ըստ պատասխանողի, հիմնված է ենթադրյալ համաձայնության համակարգի կամ, այլ կերպ ասած՝ «համաձայնության կանխավարկածի» վրա, և նման կարգավորումը երաշխավորում է նաև կենդանության ժամանակ անձի անվտանգությունը: Հետևաբար, այդ օրենքը համապատասխանում է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով առաջադրվող պահանջներին և սկզբունքներին, այնպես էլ իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ հստակ սահմանում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ և բավարար են դիակային դոնորի օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար:

4. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատել.

ա) նախ` մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես բարձրագույն արժեքների, պաշտպանության և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան դրանց օրենսդրական երաշխավորման ապահովման համատեքստում` այնքանով, որքանով առնչվում են վիճարկվող նորմով կարգավորվող հարաբերություններին,

բ) երկրորդ` բժշկական օգնության և սպասարկման՝ անձի սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմ. 38-րդ հոդված) իրացման մատչելիության ապահովման տեսանկյունից, հաշվի առնելով նաև բնակչության առողջության պահպանման նպատակային ծրագրեր իրականացնելու և արդյունավետ ու մատչելի բժշկական սպասարկման պայմաններ ապահովելու վերաբերյալ պետության սահմանադրական պարտականության (ՀՀ Սահմ. 48-րդ հոդված և 89-րդ հոդվածի 5-րդ կետ) երաշխավորված կատարումն ապահովելու անհրաժեշտությունը:

Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք, որը ենթադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործունեություն միայն այդ իրավունքի և դրա անխախտելիության ապահովման շրջանակներում: ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք (ՀՀ Սահմ. 15, 38-րդ հոդվածներ): Սահմանադրորեն երաշխավորված է նաև մարդու անձնական անձեռնմխելիության իրավունքը (ՀՀ Սահմ. 16-րդ հոդված), որի իրավական բովանդակությունից է բխում անձի նկատմամբ անօրինական ամեն տեսակ ֆիզիկական և հոգեբանական ներգործության արգելքը` ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո` նրա դիակի նկատմամբ, այդ արգելքին համարժեք իրավական պաշտպանություն ապահովելու առումով, որպես նաև մարդու արժանապատվության իրավունքի առանձնահատուկ դրսևորում: Այդ իրավունքն օրենքով ենթակա է երաշխավորված պաշտպանության նաև ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում, համաձայն որի` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:

5. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը սահմանելով փոխպատվաստման իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի (բուժական նպատակներով փոխպատվաստման կարիք ունեցող ֆիզիկական անձի) և բժշկական հաստատությունների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, կոչված է նաև երաշխավորելու ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ 3, 14, 15, 16, 17 և 38-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորման սկզբունքների և մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործադրման անխախտելիությունը, որոնց սահմանադրաիրավական բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ հիշյալ օրենքի և վերջինիս սույն գործով վիճարկվող հոդվածի իրավակարգավորման հիմքում պետք է դրվեն.

- մի կողմից` մարդու արժանապատվության հարգման և պաշտպանության, մյուս կողմից՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նրա սահմանադրական իրավունքների ներդաշնակումը,

- անձի անձեռնմխելիության, ազատության և որպես վերջինիս դրսևորում՝ ազատ կամաարտահայտության երաշխավորված պաշտպանությունը,

- անհատի, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների` որպես բարձրագույն արժեքների, գերակայությունը հասարակական շահի նկատմամբ,

- արդյունավետ, մատչելի, պետության սահմանադրաիրավական պարտավորությունների շրջանակներում բժշկական սպասարկման, այդ թվում՝ մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու պայմանների ստեղծումը,

- փոխպատվաստման բնագավառում կոռուպցիոն հնարավոր դրսևորումների բացառումը:

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) և վիճարկվող նորմի համադրված վերլուծությունը վկայում է, որ սույն գործով քննության առարկա հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է հետևյալ հիմնական սկզբունքներով ու միջոցներով.

- կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել դրա անհրաժեշտության մասին բժշկական եզրակացության հիման վրա, համապատասխան լիցենզավորված բժշկական հաստատություններում, և միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը (օրենքի 2, 4 և 5-րդ հոդվածներ),

- փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի կամ վերջինիս ծնողների կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ (18 տարին չլրանալու դեպքում), և նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին, առանց այդպիսի համաձայնության փոխպատվաստում կարող է կատարվել այն դեպքում, երբ դրա հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին և համաձայնության ստացումն անհնար է (օրենքի 6-րդ հոդված),

- փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր (օրենքի 7-րդ հոդվածի առաջին մաս),

- յուրաքանչյուր ոք մահից հետո դոնոր հանդես գալու իր գրավոր անհամաձայնությունը լիազոր մարմնի հաստատած կարգով ներկայացնում է իր ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին, որը գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում (օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մաս),

- դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ՝ սահմանված առաջնահերթությամբ (օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս),

- արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանումը (օրենքի 2 և 10-րդ հոդվածներ):

Փոխպատվաստման հետ կապված հարաբերությունների կարգավորման վերոհիշյալ սկզբունքների ու միջոցների իրավական բովանդակությունից հետևում է, որ փոխպատվաստումն անձի կյանքի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու սահմանադրական իրավունքների երաշխավորման բացառիկ միջոց է: Այն կոչված է ոչ թե մարդուն ենթարկելու գիտական, բժշկական և այլ փորձերի, այլ վերականգնելու ռեցիպիենտի առողջությունը, փրկել կյանքը՝ նրա (կամ նրա օրինական ներկայացուցչի) կամքի հիման վրա, միաժամանակ ապահովելով այդ անձի անձեռնմխելիությունը, ազատ կամաարտահայտության նրա իրավունքը: Հետևաբար, փոխպատվաստման հարաբերությունները կարգավորող վերոնշյալ օրենքի նշված նորմերով սահմանված միջոցներն իրավակարգավորման նպատակի առումով համաչափ են և հետապնդում են սոցիալապես արդարացի, հետևաբար՝ սահմանադրաիրավական նպատակ: Հիմնական խնդիրն այն է, թե ինչպիսի իրավական երաշխիքներ են ստեղծվում այդ սկզբունքային մոտեցումները կյանքի կոչելու համար:

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հարաբերությունները վիճարկվող նորմում կարգավորվում են օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու վերաբերյալ դոնորի՝ իր կենդանության օրոք արտահայտած կամահայտնության՝ գրավոր արտահայտած անհամաձայնության, սկզբունքով: Մասնավորապես, օրենքի վիճարկվող 7-րդ հոդվածի առաջին մասում օրենսդիրն ամրագրել է, այսպես կոչված՝ «ենթադրյալ համաձայնության» սկզբունքը, համաձայն որի անձի օրգաններն ու հյուսվածքները նրա մահից հետո կարող են վերցվել փոխպատվաստման նպատակով, քանի դեռ կենդանության օրոք նա չի հայտնել իր անհամաձայնությունը: Իսկ նույն հոդվածի երկրորդ մասում, որոշակի սահմանափակմամբ, ամրագրված է, այսպես կոչված` «պոզիտիվ համաձայնության» սկզբունքը, համաձայն որի դիակի` որպես դոնոր հանդես գալը պայմանավորված է նրա հարազատների կամահայտնությամբ, եթե անձը կենդանության օրոք չի հստակեցրել մահից հետո դոնոր հանդես գալու իր որոշումը:

Այսպիսով, եթե մինչև օրենսդրական փոփոխությունը փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող էին վերցվել բացառապես նրա նախապես տված գրավոր համաձայնության պայմաններում, ապա օրենսդրական փոփոխություններից հետո նախատեսվում են երկու պայմաններ. դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել`

1) եթե անձն իր կենդանության օրոք գրավոր անհամաձայնություն չի հայտնել,

2) և եթե տվյալ անձի հարազատները (ազգականները) փոխպատվաստման վերաբերյալ որոշման բացակայության պայմաններում այդ անձի մահից հետո համաձայնություն են հայտնել:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր կարգը մինչև օրենսդրական փոփոխությունը գործող կարգի համեմատությամբ ավելի ռիսկային է և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում: Այդ նպատակով է, որ օրենսդիրը, ի փոփոխումն օրենքի երկրորդ հոդվածի նախկին շարադրանքի, հստակ նորմ է սահմանել, որ «Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը»:

Սակայն խնդիրն այն է, թե արդյո՞ք միայն առկա փոփոխությունները բավարար են փոփոխված սկզբունքի հիման վրա օրենքի գործողությունը ՀՀ Սահմանադրության արժեբանական մոտեցումներին համապատասխան երաշխավորելու համար:

6. Սույն գործով վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցը լուծելիս սահմանադրական դատարանը կարևորում է նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայում առկա սկզբունքային մոտեցումները:

Այսպես, ԵԽ Մարդու իրավունքների և բիոբժշկության վերաբերյալ կոնվենցիային կից Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ Լրացուցիչ արձանագրությունում առանձին կարգավորման են ենթարկված դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հարաբերությունները (15-19-րդ հոդվածներ): Նշված դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ դիակային դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը կարող է տեղի ունենալ միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) եթե առկա է համաձայնություն (լիազորում), ըստ որի` «Մահացած անձի մարմնից օրգաններն ու հյուսվածքները չեն կարող հեռացվել, եթե օրենքով պահանջվող համաձայնությունն ու լիազորությունը չեն ստացվել: Օրգանների և հյուսվածքների հեռացումը չի կարող տեղի ունենալ, եթե մահացած անձն առարկել է դրա դեմ»: Եվ ինչպես նշված է վերոհիշյալ արձանագրության բացատրական զեկույցում` եթե անձն իր կենդանության օրոք հայտնել է իր ցանկությունը, իր համաձայնությունը փոխպատվաստման նպատակով իր օրգանը (հյուսվածքը) տալու կամ չտալու վերաբերյալ, ապա այդ կամքը պետք է հարգվի,

2) եթե մահացած անձի համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ իր մահից հետո իր մարմնից փոխպատվաստման նպատակով օրգաններ և հյուսվածքներ հեռացնելու վերաբերյալ պարզ չէ, ապա պետությունները պետք է հնարավոր դարձնեն ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի հիման վրա այդ հարցի լուծումը: Եթե մահացած անձի կամքը բավարար չափով հստակ չէ, ապա օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար պարտականություն կրողները պետք է փորձեն ստանալ մահացած անձի հարազատների համաձայնությունը: Եթե ազգային օրենսդրությունն այլ բան չի նախատեսում, ապա մահացած անձի հարազատների կողմից տրվող համաձայնությունը պետք է հիմնվի ոչ թե նրանց անձնական նախընտրության, այլ մահացած անձի արտահայտած կամ ենթադրյալ ցանկության վրա:

ԵՄ Պառլամենտի և Խորհրդի կողմից 2004թ. մարտի 31-ին ընդունված` Մարդու օրգանների և հյուսվածքների նվիրաբերման, տրամադրման, թեսթավորման, պահպանման և փոխպատվաստման իրականացման որակի և անվտանգության չափանիշների վերաբերյալ թիվ 2004/23/ԵՄ ղեկավար որոշման 13-րդ հոդվածի համաձայն մարդու օրգանների և հյուսվածքների տրամադրումը պետք է թույլատրվի միայն այն բանից հետո, երբ բավարարվել են ԵՄ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջները համաձայնության և լիազորման վերաբերյալ: Եվ ինչպես նշված է այդ որոշման մեկնաբանություններում` մահացած անձի մարմնից օրգաններ հեռացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորման բնագավառում առաջադրվում է երկու սկզբունք.

1) «ակնհայտ համաձայնություն» («պոզիտիվ համաձայնություն»), որի դեպքում անձը մահից առաջ հստակ արտահայտել է իր համաձայնությունը նման հեռացման վերաբերյալ, կամ մահացած անձի ընտանիքի համապատասխան անդամը համաձայնություն է հայտնել, եթե մահացած անձը չի հստակեցրել իր որոշումը,

2) «ենթադրյալ համաձայնություն», համաձայն որի ենթադրվում է, որ մահացած անձի մարմնից փոխպատվաստման նպատակով օրգաններ (հյուսվածքներ) կարող են հեռացվել, եթե տվյալ անձն իր կենդանության օրոք չի հայտնել իր առարկությունը կամ անհամաձայնությունը, կամ նրա հարազատները չեն հայտնել, որ անձն առարկել է իր մարմնից օրգաններ հեռացնելու դեմ:

Փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ մահացած անձի մարմնից օրգաններ և (կամ) հյուսվածքներ հեռացնելու հետ կապված համաձայնության և լիազորման վերաբերյալ ընդհանուր առմամբ առկա են վերոհիշյալ մոտեցումները:

Իրավակարգավորման այդ սկզբունքներին համապատասխան է ձևավորվել նաև օտարերկրյա դատական պրակտիկան, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում, Շվեյցարիայում, համաձայն որոնց.

- մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելը հանդիսանում է քաղաքացու կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու միջոց և կարող է իրականացվել հումանիզմի այն սկզբունքներով, որպիսիք հռչակված են միջազգային հանրության կողմից, պայմանավորված չեն գիտության և հանրության շահերով (ՌԴ սահմանադրական դատարանի 2003թ. դեկտեմբերի 4-ի թիվ 459-0 որոշումից),

- եթե մահացած անձը չի հստակեցրել իր ցանկությունն օրգանների և հյուսվածքների հեռացման դեմ, ապա նրա մերձավոր ազգականը կարող է առարկել նման գործընթացի դեմ, հետևաբար` այդպիսի օրենքը ծառայում է հասարակության շահերին, խրախուսում է օրգանների նվիրաբերումը և կանխում ցանկացած չարաշահում, հաշվի առնելով այս բոլորը՝ օրենքը կարող է կիրառվել սահմանադրությանը համապատասխան ձևով (Ռոլֆ Հիմմերբերգերն ընդդեմ Ժնևի կանտոնի խորհրդի գործով Շվեյցարիայի դաշնային դատարանի 16.04.1997թ. IP.354/1996 գործով):

Միջազգային պրակտիկան ակնհայտ վկայում է, որ երկու նշված մոտեցումներն էլ կյանքի իրավունք ունեն, խնդիրն այն է, թե ինչպես են դրանք իրացվում և օրենսդրորեն երաշխավորվում` տվյալ իրավահարաբերություններում հնարավոր բացասական դրսևորումները կանխելու անհրաժեշտությունը նկատի ունենալով:

Հաշվի առնելով միջազգային առկա փորձը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի ներկա իրավակարգավորման պայմաններում Հայաստանում նույնպես անձը երաշխավորված հնարավորություն ունի անարգել արտահայտել իր կամքը՝ կապված իր մահից հետո դիակային դոնոր հանդես գալու խնդրի վերաբերյալ, որով երաշխավորվում է ՀՀ Սահմանադրության 3, 14, 16 և 17-րդ հոդվածներով նախատեսված նրա իրավունքների ու ազատությունների իրացվելիությունը, իսկ եթե այդպիսի որոշումը որևէ պատճառով առկա (հստակ) չէ, ապա օրենքի վիճարկվող նորմերն արգելում են դիակի օրգանների, հյուսվածքների փոխպատվաստում՝ առանց նրա հարազատների (ազգականների) համաձայնության, որը նույնպես հետապնդում է սոցիալապես արդարացի նպատակ:

Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեր երկրում օրենքով նախատեսված առկա լուծումները և ենթաօրենսդրական իրավակարգավորումները, որպես մեկ միասնական համակարգ, թերի են ու ոչ լիարժեք:

7. Անդրադառնալով վիճարկվող նորմի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի իրավակարգավորման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման՝ անձի սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմ. 38-րդ հոդված) իրացման ապահովման, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման ծրագրեր և արդյունավետ ու մատչելի բժշկական սպասարկման պայմաններ ապահովելու պետության պարտականության` որպես սահմանադրաիրավական նպատակի իրացվելիության խնդրին և գնահատելով այդ նորմերի կիրառման պրակտիկան` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

ա) չի ձևավորվել այդ հարաբերությունների իրավակարգավորման այնպիսի ամբողջական համակարգ (օրենքի և ենթաօրենսդրական ակտերի միջոցով), որը կերաշխավորի` առաջադրված նպատակի անթերի իրացումը և մարդու արժանապատվության և հիմնական իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, կբացառի կոռուպցիոն ռիսկը,

բ) օրենքն ուժի մեջ է մտել առանց դրա գործողության անհրաժեշտ ու բավարար իրավական երաշխիքների ապահովման,

գ) առողջապահական պետական նպատակային ծրագրերում մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ պատվաստելը չներառելու պարագայում շարունակում է առկա մնալ կոռուպցիոն մեծ ռիսկի գործոնը,

դ) դիակային դոնորներից փոխպատվաստման ենթակա օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հստակ կանոնների բացակայությունը, այդ գործողությունների թափանցիկ ու վերահսկելի կազմակերպման կառուցակարգերի բացակայությունը հասարակական անվստահության ու արդարացված մտահոգությունների պատճառ են դառնում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ կառավարությունը չկատարելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասի, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի` «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 541-Ն որոշման պահանջները, 2002 թվականի ապրիլի 16-ից մինչ օրս չի ընդունել քննության առարկա օրենքով իրեն պատվիրակված բոլոր որոշումները` օրենքի կիրարկումն ապահովելու համար: Անցած ութ տարիների ընթացքում տվյալ օրենքի գործողության համար անհրաժեշտ և բավարար ենթաօրենսդրական երաշխիքներ չեն ստեղծվել, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից դեռևս չեն սահմանվել.

- օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը (օրենքի 2.1-րդ հոդված), այդ թվում՝ ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 18-ի թիվ 397-Ն որոշումից բխող,

- արհեստական և կենդանիներից վերցված օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման կարգը, պայմանները և սահմանափակումները (օրենքի 3-րդ հոդված),

- փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները, ինչպես նաև փոխպատվաստումն իրականացնելու կարգը (օրենքի 4-րդ հոդված),

- դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները:

Օրենքով հստակեցված չեն նաև փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող և իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաև փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման, մատչելիության ապահովման տեսանկյունից այդ գործընթացը ֆինանսավորելու (փոխպատվաստման դիմաց հատուցելու, պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորելու) հիմնական պայմանները, բացառությամբ այն դեպքերի, որոնք առնչվում են վիրահատության հետ կապված բարդություններին (օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետ),

 «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2009թ. մարտի 19-ին ընդունված օրենքով նախատեսվեցին լրացուցիչ իրավապայմաններ` արգելելու կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը, ապահովելու փոխպատվաստման ոլորտում տեղեկատվական միասնական համակարգի ու դրա օգտագործման սկզբունքների ներդրումը, սակայն դրան համապատասխան իրավական և կառուցակարգային համակարգեր չստեղծվեցին ապահովելու անհրաժեշտ և երաշխավորված վերահսկողություն փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման ոլորտում պետության սահմանադրական խնդիրների կատարման ապահովման նկատմամբ, որոնց լուծումն օրենքի վերոհիշյալ փոփոխությունների ընդունման կապակցությամբ չի արտացոլվել նաև առողջապահական պետական նպատակային ծրագրերում:

ՀՀ-ում փոխպատվաստման պրակտիկայի ուսումնասիրությունը նաև վկայում է, որ այդ բնագավառի իրավակարգավորումը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի թիվ 502-Ն որոշմամբ հաստատված ցանկը, անհրաժեշտ է համապատասխանեցնել բժշկական կոնկրետ հաստատություններում փոխպատվաստման իրական գիտատեխնոլոգիական հնարավորություններին՝ ապահովելով այդ բնագավառում բնակչության բժշկական երաշխավորված սպասարկման կազմակերպումն այն ընդհանուր սկզբունքներով, որպիսիք, ի կատարումն ՀՀ Սահմանադրության 38-րդ, 48-րդ (4-րդ կետ) հոդվածների դրույթների, ամրագրված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում: Կառավարության հիշյալ որոշումը համահունչ չէ քննության առարկա օրենքի պահանջին: Այն դեպքում, երբ օրենքով արգելվում է Հայաստանից դոնորական օրգանների ու հյուսվածքների արտահանումը, կառավարությունն իր այդ որոշմամբ սահմանել է թվով տասնչորս օրգանների ցանկ, երբ դրանցից միայն երկուսի գծով է Հայաստանում փոխպատվաստում իրականացվում: Այս առումով ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի թիվ 502-Ն որոշմամբ հաստատված ցանկն օրենքի իրավակարգավորման սկզբունքներից չի բխում:

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա օրենքի և դրա կիրարկումն ապահովող իրավակարգավորման վերոհիշյալ պարտադիր պայմանների բացակայությամբ լիարժեք չեն կարող երաշխավորվել մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու և դրա հետ կապված բժշկական օգնության ու սպասարկման՝ անձի սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմ. 38-րդ հոդված) իրացման մատչելիությունը, հետևաբար՝ բնակչության առողջության պահպանման պետական ծրագրերի արդյունավետությունը:

Բացի դրանից, նկատի ունենալով, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված` oրենքը հրապարակումից հարյուր ութսուն oր հետո այն պաշտոնական ուժի մեջ մտնելու մասին դրույթը գործնականում որևէ իրավական հետևանք չի ունեցել և չի երաշխավորել օրենքի գործողության համար անհրաժեշտ իրավակարգավորում, ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, գտնում է, որ սույն օրենքը չի կարող կիրարկվել առանց դրանով իսկ նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ամբողջ փաթեթը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան մշակելու, նախկինում ընդունած որոշումները վերանայելու և գործողության մեջ դնելու:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին և 14-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա` վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-913