Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-909
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1036
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
10.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2010 թ.


2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մայիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2010 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մայիսի 17-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը երկու պետությունների համապատասխան տարածքների միջև ու դրանցից դուրս օդային հաղորդակցությունները զարգացնելն է:

Պայմանավորվող կողմերն ստանձնել են հետևյալ իրավունքները և պարտականությունները. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն կամ ավիաընկերություններ` տվյալ Պայմանավորվող կողմի կողմից համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով, և հետ վերցնելու ցանկացած ավիաընկերության նշանակումը կամ փոխարինելու նախկինում նշանակված ավիաընկերությունը մեկ այլ ավիաընկերությամբ: Նման նշանակումը կատարվում է դիվանագիտական ուղիներով` գրավոր ծանուցմամբ: Կողմերը միմյանց տրամադրում են համաձայնագրում սահմանված իրավունքները` համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածի համապատասխան բաժնում սահմանված երթուղիներով նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով:

 Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելիս օգտվում են, ի թիվս այլնի, հետևյալ իրավունքներից.

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

- մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` հավելվածում սահմանված կետերում առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետեր մեկնող կամ այդ կետերից ժամանող ուղևորներ, ուղեբեռ և բեռ, ներառյալ` փոստ, առանձին կամ համակցված ձևով, օդանավ վերցնելու և իջեցնելու իրավունք և այլն:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- ապահովել, որպեսզի ըստ համաձայնագրի նշանակման մասին ծանուցում ստացած ավիացիոն իշխանությունները, պահպանելով համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների դրույթները, անհապաղ անհրաժեշտ շահագործման թույլտվություն տրամադրեն Չեխիայի Հանրապետության նշանակած ավիաընկերությանը,

- ապահովել, որպեսզի Չեխիայի Հանրապետության տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս կամ տարածքից մեկնելիս օդանավերի շահագործմանը և օդագնացությանը վերաբերող` նրա տարածքում գործող օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը կատարվեն Հայաստանի Հանրապետության ավիաընկերությունների կողմից,

- իր մաքսային, միգրացիոն, համաճարակային և համանման կանոնակարգերը կիրարկելիս արտոնություն չտրամադրել համանման միջազգային օդային հաղորդակցությունների մեջ ներգրավված իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերության` մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության նկատմամբ,

- պաշտպանել, միջազգային իրավունքից բխող իր իրավունքներին և պարտավորություններին համապատասխան, անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը,

- Չեխիայի Հանրապետության կողմից հարցման դեպքում ցուցաբերել անհրաժեշտ օգնություն քաղաքացիական օդանավի անօրինական զավթման գործողությունները և այլ անօրինական գործողությունները կանխելու համար` ուղղված նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների թռիչքային անվտանգության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված որևէ այլ սպառնալիքի դեմ,

- ապահովել, որ համարժեք միջոցներ ձեռնարկվեն իր տարածքում` օդանավը պաշտպանելու և ուղևորների, նրանց ձեռքի իրերը զննելու և անձնակազմի, ուղեբեռի, բեռի ու օդանավի պահուստային մասի համապատասխան ստուգումներն իրականացնելու համար,

- դրական լուծում գտնել նաև բոլոր այն հարցումներին, որոնք ներկայացվել են մյուս Պայմանավորվող կողմի կողմից և վերաբերում են անվտանգության հիմնավորված միջոցների կիրառմանը` որոշակի սպառնալիք կանխելու համար,

- ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, անուղղակի հարկերից, տեսչական գանձումներից և այլ ազգային և տեղական տուրքերից և վճարումներից:

Համաձայնագրով հանգամանալից նախատեսված են նաև ավիաընկերության նշանակման և շահագործման թույլտվության, շահագործման թույլտվությունը չեղյալ հայտարարելու և կասեցնելու պայմաններն ու կարգը, թռիչքային պիտանիության սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման կարգը, թռիչքային անվտանգության ապահովման կարգն ու պայմանները, մաքսային դրույթները, տուրքերը և հարկերը, օդանավակայանների և ավիացիոն միջոցների օգտագործման, ինչպես նաև տարանցման կարգն ու պայմանները և այլն:

Համաձայնագիրն ունի հավելված, որը կազմում է համաձայնագրի անբաժանելի մասը: Հավելվածում նախատեսված են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի մայիսի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-909