Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման բնագավառում համագործակցության վերաբերյալ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով արտադրության էներգիայի ծախսի նվազեցման առաջընթաց տեմպերի անհրաժեշտությունը և տնտեսության անցումը դեպի էներգախնայող զարգացման,
դիտարկելով էներգախնայողությունը որպես բնապահպանական խնդիրների լուծման հիմնական գործոններից մեկը,
հաշվի առնելով էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման բնագավառում համագործակցության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների էներգիայի ծախսի մակարդակի նվազեցման մեջ ընդհանուր հետաքրքրվածությունը և դրա հիման վրա էներգետիկ անվտանգության ապահովումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակն է էներգախնայողության քաղաքականության իրականացումը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության, մարկետինգի, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, էներգախնայողության և էներգաարդյունավետության ապահովման բնագավառում առաջավոր տեխնոլոգիաների օգտագործման, տեղական վառելիքի տեսակների ներդրման, օրենսդրության համապատասխանեցման և ներդաշնակեցման, տեղեկատվության փոխանակման, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կայուն կրճատման, մասնագետների պատրաստման և համատեղ ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների մշակման բնագավառներում համաձայնեցված գործողությունների իրականացման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը համագործակցում են էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման միջպետական ծրագրերի մշակման բնագավառում, որոնք նախատեսում են արտադրության կառուցվածքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման փոփոխություն՝ հաշվի առնելով տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման արդյունքները:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը փոխշահավետ հիմունքներով զարգացնում են տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառում՝ ստեղծելով պայմաններ, որոնք թույլ կտան խնայողաբար և արդյունավետորեն օգտագործել վառելիքաէներգետիկ պաշարները` վերականգնվող էներգիայի աղբյուրների և վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման ծավալների մշտական ընդլայնմամբ:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը, ազգային օրենսդրությունների համաձայն, ապահովում են բարենպաստ պայմաններ գիտաարտադրական միավորումների, արտասահմանյան ներդրումներով արևտրային կազմակերպությունների, ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծման համար, որոնք կիրականացնեն հետազոտություններ, տեխնոլոգիաների, հսկման սարքավորումների և սարքերի մշակում ու ներդնում` էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման ծրագրի իրականացման նպատակով:
Հ ո դ վ ա ծ 5
Էներգախնայողության քաղաքականության իրականացման նպատակով Կողմերը կօգտագործեն տարբեր կազմակերպական ձևեր, այդ թվում նաև՝ Եվրամիության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային նախագծերի և ծրագրերի, մասնավորապես՝ «Էներգաարդյունավետություն – XXI» ծրագրի շրջանակներում իրականացվածների փորձը:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը միջոցներ են ձեռնարկում էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման բնագավառում ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման ուղղությամբ, այդ թվում նաև՝ ըստ հավաստագրման կանոնների ու ընթացակարգերի և չափագիտական հսկման ու վերահսկման պահանջների:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը, համաձայն պետական և առևտրային գաղտնիքի պահպանության վերաբերյալ ազգային օրենսդրության պահանջների, ապահովում են էներգախնայողության քաղաքականության իրականացման մասով արտադրության և վառելիքաէներգետիկ պաշարների օգտագործման զարգացման ներկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ տվյալների թափանցելիություն և մատչելիություն:
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական ռեսուրսները, ստեղծում են միացյալ տվյալների շտեմարան էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահավման բնագավառում:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը փոխադարձ հետաքրքրության դեպքում աջակցում են վառելիքաէներգետիկ պաշարների հաշվեկշիռների և նրանց արդյունավետ օգտագործման առաջարկությունների մշակման գործում:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը անցկացնում են աշխատանքային հանդիպումներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, իրականացնում են տեղեկատվության, առաջավոր տեխնոլոգիաների և տեխնիկական փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև աջակցում են էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների, սարքերի և նյութերի փոխշահավետ պայմաններով առաքման հարցում:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի իրագործման աշխատանքների համակարգումը իրականացնում են Կողմերի իրավասու մարմինները, ԱՊՀ Գործադիր կոմիտեն և ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհուրդը:
Սույն Համաձայնագիրն իրենց համար ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կողմերը տեղեկացնում են ԱՊՀ Գործադիր կոմիտեին իրենց իրավասու մարմինների մասին:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի դրույթները չեն առնչվում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներին և պարտավորություններին:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին Կողմերի՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտման վերաբերյալ երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Այդպիսի ընթացակարգն ուշացումով անցկացրած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան գրավոր ծանուցումն ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են արվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն համաձայն սույն Համաձայնագրի 12-րդ Հոդվածի:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու պահից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերը չեն ընդունի այլ որոշում:
Հ ո դ վ ա ծ 16
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ նախապես գրավոր իր մտադրության մասին ավանդապահին տեղեկացնելով ոչ ուշ, քան դուրս գալու ժամկետից մեկ տարի առաջ և կարգավորելով ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք գոյացել են սույն Համաձայնագրի գործողության ընթացքում:
Հ ո դ վ ա ծ 17
Սույն Համաձայնագիրը բաց է նրան միանալու համար Անկախ պետությունների համագործակցության մասնակից այլ պետությունների, ինչպես նաև երրորդ պետությունների համար, որոնք կիսում են նրա նպատակները և սկզբունքները, ավանդապահին այդպիսի միանալու վերաբերյալ փաստաթղթերի փոխանցման միջոցով:
Միացող երրորդ պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելուց երեք ամիս հետո, եթե այդ ընթացքում ոչ մի Կողմ չի հայտնում իր առարկության մասին:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա վավերացված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|