Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.45
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3653/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3653/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ե. Խունդկարյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Ալվարդ Խալաթյանի հայցի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձանց` Սիրվարդ և Սամվել Խալաթյանների` Նոտարի կողմից ժառանգության ընդունումը մերժելու մասին 07.07.2009 թվականի գրությունն անվավեր ճանաչելու և ժառանգությունը փաստացի ընդունելու հիմքով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալվարդ Խալաթյանը պահանջել է անվավեր ճանաչել մոր` ժառանգատու Օլգա Գաբրիելի Սիմոնյանի, ժառանգության ընդունումը մերժելու մասին Նոտարի 07.07.2009 թվականի գրությունը և պարտավորեցնել Նոտարին տրամադրելու ժառանգությունը փաստացի ընդունելու հիմքով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր։

ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նոտարը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվարդ Խալաթյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի 3-րդ մասը, որի արդյունքում սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Նոտարի կողմից 07.07.2009 թվականին Ալվարդ Խալաթյանին ժառանգատու Օլգա Գաբրիելի Սիմոնյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր չի տրամադրվել Ալվարդ Խալաթյանի կողմից ժառանգությունն ընդունելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը բաց թողնելու և ժառանգատու Օլգա Գաբրիելի Սիմոնյանի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու հիմքով։

Բացի այդ, Դատարանը վճիռ կայացնելիս վճռում չի նշել այն նյութական կամ դատավարական նորմերը, որոնց հիման վրա անվավեր է ճանաչել Նոտարի 07.07.2009 թվականի գրությունը:

Ավելին, Ալվարդ Խալաթյանի ծննդյան վկայականում որպես մայր նշված է Քնարիկ Գաբրիելի Խալաթյան, իսկ որպես ժառանգատու մահվան վկայականում նշված է Օլգա Գաբրիելի Սիմոնյան: Մինչդեռ Դատարանը որպես ազգակցական կապը հաստատող փաստ հիմք է ընդունել Արագածի շրջանի ժողդատարանի` 18.09.1978 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ընդամենը հաստատվել է փաստաթղթերի պատկանելությունը, այն է` Քնարիկ Գաբրիելի Հարությունյանի անվամբ տրված աշխատանքային գրքույկը և աշխատանքային տեղեկանքը պատկանում է Օլգա Գաբրիելի Սիմոնյանին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Արագածի շրջանի ժողդատարանի` 18.09.1978 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Արագածի շրջանի ժողկրթբաժնի կողմից Քնարիկ Գաբրիելի Հարությունյանի անվամբ տրված աշխատանքային գրքույկը և աշխատանքային տեղեկանքը պատկանում է Օլգա Գաբրիելի Սիմոնյանին (գ.թ.21)։

2. Մամիկոն Արշակի Խալաթյանի և Քնարիկ Գաբրիելի Հարությունյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվելուց հետո ամուսինները կրել են Խալաթյան ազգանունը (գ.թ.20):

3. 02.12.1944 թվականի թիվ AP 217956 ծննդյան վկայականի համաձայն` Ալվարդ Մամիկոնի Խալաթյանի հայր նշված է Մամիկոն Արշակի Խալաթյան, իսկ մայր` Քնարիկ Գաբրիելի Խալաթյան (գ.թ.18)։

4. Օլգա Գաբրիելի Սիմոնյանը մահացել է 18.06.2002 թվականին (գ.թ.12):

5. Մալաթիա-Սեբաստիա թաղապետի 21.11.2003 թվականի թիվ 26/14-7946 արխիվային քաղվածքի համաձայն` Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 14.09.1995 թվականի թիվ 36/386 որոշմամբ Երևանի Հ/Ա Բ-2 թաղամասի 83 շենքի թիվ 22 բնակարանը սեփականաշնորհվել է Օլգա Գաբրիելի Սիմոնյանի անվամբ ընտանիքի 5 անձով: Սեփականաշնորհման ժամանակ նշված բնակարանում գրանցված բնակվել են Օլգա Սիմոնյանը, Անահիտ Մանուկյանը, Արմեն, Ստյոպա և Արմինե Թադևոսյանները (գ.թ. 8,10)։

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման 14.05.2009 թվականի թիվ 2/2093 գրության համաձայն` Երևանի Հ/Ա Բ-2 թաղամասի 83 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարված չէ (գ.թ.11)։

7. Ալվարդ Խալաթյանին հասցեագրված 07.07.2009 թվականի Նոտարի գրությամբ հայտնվել է, որ 18.06.2002 թվականին մահացած ժառանգատու Օլգա Գաբրիելի Սիմոնյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրամադրվել` ժառանգության ընդունման համար սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու և ազգակցական կապը հաստատող համապատասխան փաստաթուղթ չներկայացնելու հիմքով (գ.թ.17)։

8. Ալվարդ Խալաթյանին հասցեագրված 30.10.2009 թվականի Նոտարի գրության համաձայն` 18.06.2002 թվականին մահացած Օլգա Գաբրիելի Սիմոնյանի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին Ալվարդ Խալաթյանը 24.11.2003 թվականին դիմում է հանձնել ժառանգության բացման վայրի նոտարին, և մուտքագրվել է թիվ 6447 ժառանգական գործը (գ.թ.53)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում: Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տրված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը և պատճառաբանել, որ Ալվարդ Խալաթյանը փաստացի միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու, տիրապետելու, կառավարելու համար, այսինքն` ընդունել է ժառանգությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վճիռ կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով ժառանգատու Օլգա Գաբրիելի Սիմոնյանը մահացել է 18.06.2002 թվականին, իսկ Ալվարդ Խալաթյանն ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու համար դիմել է նոտարական գրասենյակ միայն 24.11.2003 թվականին։ Այսինքն` Օլգա Գաբրիելի Սիմոնյանի ժառանգությունն ընդունելու համար Ալվարդ Խալաթյանը դիմել է նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու պայմաններում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 Ինչ վերաբերում է Դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքին, որ Ալվարդ Խալաթյանը փաստացի միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու, տիրապետելու, կառավարելու համար, ապա Ալվարդ Խալաթյանի կողմից իր մոր ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը հաստատելու վերաբերյալ դիմում չներկայացնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը այդ փաստարկներին նույնպես չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան