Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.63
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.07.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.07.2010
Дата вступления в силу
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ4/0199/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ4/0199/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ե. Խունդկարյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդանիկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.04.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Էջմիածնի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Վարդանիկ Սահակյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Վարդանիկ Սահակյանից 624.842 ՀՀ դրամ գույքահարկը։

ՀՀ վարչական դատարանի 07.04.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդանիկ Սահակյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, 118-րդ հոդվածի 2-րդ կետը, 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Վարդանիկ Սահակյանի մոտ գույքահարկի գծով պարտքը ծագել է 1998 թվականից և մինչև 2009 թվականի դրությամբ կազմել է 624.842 ՀՀ դրամ, այսինքն` Վարդանիկ Սահակյանի կողմից գույքահարկը չվճարելու խախտումը Քաղաքապետարանը հայտնաբերել է 10.06.2009 թվականին` խախտումը կատարելու տարվան հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Հետևաբար, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի ուժով գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ հաշվարկված նախորդ ութ տարիների համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից վճիռը կայացվել է դատավարական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Քաղաքապետարանի 10.06.2009 թվականի տեղեկանքի համաձայն` 12.06.2009 թվականի դրությամբ Վարդանիկ Սահակյանի գույքահարկի գծով պարտավորությունը 1998 թվականից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար կազմել է 624.842 ՀՀ դրամ (գ.թ. 4)։

2. Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Վարդանիկ Սահակյանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացնելու վերաբերյալ, իսկ Քաղաքապետարանի 10.06.2009 թվականի հիշեցման թերթիկով Վարդանիկ Սահակյանը հիշեցվել է գույքահարկի վճարման վերաբերյալ, սակայն այն Վարդանիկ Սահակյանի կողմից ստանալու մասին հավաստագիր առկա չէ (գ.թ.2)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է։

 «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային oրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո։

 «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին։ Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր։ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը։ Գույքահարկի պարտքի առկայությունը 1999-2002 թվականների ժամանակաշրջանի համար օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը (տե՛ս, ըստ հայցի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի ընդդեմ Ենոք Ղազարյանի` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1772 (ՎԴ))։

 Սույն վարչական գործով Դատարանը հայցը բավարարելիս վճռի հիմքում դրել է Քաղաքապետարանի ներկայացրած Վարդանիկ Սահակյանի գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ 12.06.2009 թվականի տեղեկանքը, որով 1998 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար Վարդանիկ Սահակյանին առաջադրվել է 624.842 ՀՀ դրամ գույքահարկի գծով պարտավորություն։

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Վարդանիկ Սահակյանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացնելու վերաբերյալ, իսկ Քաղաքապետարանի 10.06.2009 թվականի հիշեցման թերթիկով Վարդանիկ Սահակյանը հիշեցվել է գույքահարկի վճարման վերաբերյալ, սակայն այն Վարդանիկ Սահակյանի կողմից ստանալու մասին հավաստագիր առկա չէ։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդանիկ Սահակյանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ Մինչդեռ Վարդանիկ Սահակյանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտման հանգամանքը Քաղաքապետարանը հայտնաբերել է 2009 թվականին, հետևաբար Վարդանիկ Սահակյանի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություն կարող էր առաջանալ 2009 թվականին անմիջապես նախորդող երեք տարիների համար։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան